ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 325-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի 6-6դ հասցեում գտնվող` ընկերության հաշվեկշռում որպես անավարտ շինարարության օբյեկտ հաշվառվող` 22937,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի շենքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին որպես բնակելի տարածք անհատույց օտարելու պայմանով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով այն իրականացնել նշված համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 7 Երևան |
|