ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
31 մարտի 2009 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻճԱԿԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 13-ին Աստանայում ստորագրված` «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 11.03.2009 թ. ՀՀ ՍԴ մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին արձանագրությունն ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին` Աստանայում:
Արձանագրությունն ստորագրվել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրում և դրա տեխնիկական հավելվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակով:
2. Արձանագրությանը համաձայն Կողմերը Հիմնական համաձայնագրում և դրա տեխնիկական հավելվածում համաձայնել են կատարել փոփոխություններ, մասնավորապես.
արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվից Բուլղարիայի Հանրապետությունը և Ռումինիան չեն կիրառելու հետևյալ դրույթները.
«Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության 2-րդ և 3-րդ կետերը, 4-րդ կետը,
Հիմնական համաձայնագրի «Միջազգային ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումների մասին» տեխնիկական հավելվածի 8-րդ հոդվածը,
Հիմնական համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածը,
Հիմնական համաձայնագրի «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» տեխնիկական հավելվածի 2-րդ հավելումը:
Կողմերը համաձայնել են կատարել նաև հետևյալ լրացումները.
1) Հիմնական համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել նոր կետով, որը շարադրված է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի անդամակցությունը ԵՄ-ին` այս դրույթները չեն կիրառվում նրանց կողմից Եվրոպական միության անդամ պետություններին կամ որևէ այլ երրորդ երկրի տրվող արտոնությունների նկատմամբ»,
2) Հիմնական համաձայնագրի «Միջազգային առևտրային ծովագնացության մասին» տեխնիկական հավելվածի 9-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ պարբերությամբ, որը շարադրված է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով Ռումինիայի և Բուլղարիայի Հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին` սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում նրանց կողմից Եվրոպական միության անդամ պետություններին կամ որևէ այլ երրորդ երկրի տրվող արտոնությունների նկատմամբ»:
3. Արձանագրության շրջանակներում Կողմերը համաձայնել են նաև, որ Հիմնական համաձայնագրի այն Կողմերը, որոնք Եվրոպական միության անդամներ են, մասնակցեն Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի հետագա զարգացմանը միայն այն դեպքում, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական իրավունքին (կետ IV):
Քննարկվող արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|