ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 06-1779 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2397/02 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎՃԻՌԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Մարինե Մանուկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու, շուկայական միջինացված արժեքով երկուսենյականոց տան համար դրամական փոխհատուցում տալու, նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործով Մարինե Մանուկյանի բողոքը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.07.2006 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մարինե Մանուկյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 21.05.2003 թվականի որոշումն ու դրա հիման վրա կնքված՝ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիրը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին կնքել շուկայական միջինացված արժեքով երկուսենյականոց տան համար դրամական փոխհատուցում տալու նոր պայմանագիր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.05.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վճռաբեկ դատարանի 27.05.2005 թվականի որոշմամբ Դատարանի 26.05.2004 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.07.2006 թվականի վճռով Մարինե Մանուկյանի հայցը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի 11.08.2006 թվականի, 18.09.2006 թվականի, 25.12.2006 թվականի, 15.02.2007 թվականի, 26.06.2007 թվականի և 11.09.2007 թվականի որոշումներով Մարինե Մանուկյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:
Վերաքննիչ դատարանի 20.07.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1779 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Մարինե Մանուկյանը:
Դատարանի 25.08.2008 թվականի որոշմամբ Մարինե Մանուկյանի բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2008 թվականի որոշմամբ վերացվել է Դատարանի 25.08.2008 թվականի որոշումը:
Դատարանի 10.11.2008 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ:
Դատարանի 13.01.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:
Բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:
Հայկական ԽՍՀ Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 08.02.1990 թվականի թիվ 4 արձանագրությամբ կոմիտեն որոշել է՝ Կոնդի փողոց 142 տան բնակիչ Ռիմա Մանուկյանի ընտանիքի 2 անձին՝ Արթուր Հենրիկի Մանուկյանին և Մարինե Հենրիկի Մանուկյանին թույլատրել կնքել Կոնդ թաղամասում 2-սենյականոց բնակարանի պայմանագիր:
Նշված արձանագրությունը գործի քննության ժամանակ առկա լինելու պարագայում, դատարանը կփաստեր, որ մեկսենյականոց բնակարանի դիմաց տրված դրամական փոխհատուցման պայմանագիրն անվավեր է, ինչպես նաև կփաստեր, որ վերը նշված արձանագրությամբ Մարինե և Արթուր Մանուկյաններին պետք է հատկացվեր երկուսենյականոց բնակարան, իսկ ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 683 որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու դեպքում փոխհատուցման չափը պետք է հաշվարկվեր՝ հիմք ընդունելով գործադիր կոմիտեների կողմից կնքված պայմանագրով կամ ընդունված որոշմամբ ամրագրված հասանելիք բնակարանի սենյակների թիվը:
Երևանի քաղաքապետարանի 08.07.2008 թվականի թիվ 03/Մ-3363 գրությամբ, հաստատվում է, որ գոյություն չունի պայմանագիր, որով Մարինե Մանուկյանին հատկացված լինի մեկսենյականոց բնակարան, ինչից էլ հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի և Մարինե Մանուկյանի միջև կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիրը կնքվել է գոյություն չունեցող պայմանագրի հիման վրա: Հետևաբար՝ գործի քննության ժամանակ, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին Երևանի քաղաքապետարանի կողմից նման գրություն ներկայացնելու պարագայում, դատարանը չէր հանգի ոչ ճիշտ հետևության:
Երևանի քաղաքապետարանի 31.07.2008 թվականի թիվ 20/1-16269 գրությունից հետևում է, որ Արթուր Մանուկյանի և նրա ընտանիքին Երևանի քաղաքապետի 12.12.1998 թվականի թիվ 1075 որոշմամբ հատկացված բնակարանը տրվել է հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի հողի, գույքի և կադաստրի վարչության պետի 24.11.1998 թվականի 20/1-Մ-1864 զեկուցագիրը և Նոր Նորքի թաղապետարանի միջնորդությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն իր վճռում նշել է, որ Երևանի քաղաքապետն ընդունելով 12.12.1998 թվականի թիվ 1075 որոշումը, Արթուր Մանուկյանի մասով կատարել է իր պարտականությունները:
Երևանի քաղաքապետարանի 15.08.2008 թվականի թիվ 03/6-19380 գրությամբ տրամադրվել է Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 220 որոշումը, որով թույլատրվել է Նոր Նորքի թաղապետարանի կողմից ներկայացված 28 բնակարանների անհատույց սեփականաշնորհումը, այսինքն՝ «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի քաղաքապետի թիվ 220 որոշմամբ, Արթուր Մանուկյանին բնակարանը տրվել է անհատույց, այլ ոչ թե որպես փոխհատուցում:
Նոր երևան եկած հանգամանք է նաև Նոր Նորքի թաղապետարանի 19.08.2008 թվականին տրված գրությունը, ըստ որի Նոր Նորքի թաղապետարանը Արթուր Մանուկյանի և Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի միջև կնքված պայմանագրի մասին տեղեկություններ չունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հագամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 20.07.2006 թվականի վճիռը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 08.02.1990 թվականի թիվ 4 արձանագրությունը նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ գործի քննության ժամանակ Մարինե Մանուկյանին հայտնի է եղել, որ 26.06.1990 թվականին կնքված պայմանագրով Արթուր և Մարինե Մանուկյաններին պետք է հատկացվեր 2-սենյականոց քոթեջատիպ բնակարան:
Երևանի քաղաքապետարանի 08.07.2008 թվականի թիվ 03/Մ-3363 գրությունը հիմք չէ դատական ակտը վերանայելու համար, քանի որ Երևանի քաղաքապետարանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.04.2003 թվականի թիվ 2-2849, 2-2937, 2-3115 քաղաքացիական գործով հանդես է եկել որպես պատասխանող, հետևաբար այդ հանգամանքների մասին տեղյակ չլինելու կամ դրանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվ հանձնված չլինելու պատճառաբանությունն անհիմն է:
Երևանի քաղաքապետարանի 31.07.2008 թվականի թիվ 20/1-16269 գրությունը հիմք չէ բողոքում վկայակոչված վճիռը վերանայելու համար, քանի որ այն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանք չի պարունակում:
Դատական ակտը վերանայելու համար Նոր Նորքի թաղապետարանի 19.08.2008 թվականի գրությունը որպես նոր երևան եկած հանգամանք նշելը նույնպես անհիմն է, քանի որ թաղապետարանի գրությամբ նշված տվյալները Դատարանում գործի քննության մասնակից անձանց հայտնի են եղել և այդ հանգամանքները քննվել են նաև դատարանի կողմից, որի արդյունքում կայացվել է դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերը՝
1. 26.06.1990 թվականի պայմանագրի 3-րդ կետի համաձայն՝ Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմը պարտավորվել է Կոնդի 11 թաղամասի համար 32 բնակելի շենքի շինարարության ավարտից հետո Արթուր ու Մարինե Մանուկյաններին տրամադրել երկուսենյականոց բնակարան: Նշված պայմանագրի հիմք է արձանագրված իրացման հանձնաժողովի Կ-58 ակտը և շրջգործկոմի 08.02.1990թ. հ. 4/8 որոշումը (գ.թ. 8):
2. Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 08.02.1990 թվականի թիվ 4 արձանագրության համաձայն՝ Արթուր Հենրիկի Մանուկյանին և Մարինե Հենրիկի Մանուկյանին թույլատրվել է Կոնդ թաղամասում կնքել երկուսենյականոց բնակարանի պայմանագիր (գ.թ. 67):
3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 30.04.2003 թվականի վճռով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվել է Մարինե Մանուկյանի հետ կնքել դրամական փոխհատուցում տրամադրելու կամ նոր բնակարան հատկացնելու վերաբերյալ պայմանագիր (գ.թ. 15):
4. Դրամական փոխհատուցում տրամադրելու մասին 2003 թվականի պայմանագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը Մարինե Մանուկյանին 26.06.1990 թվականին կնքված պայմանագրով հատկացված մեկսենյականոց բնակարանի փոխարեն վճարել է 6439.1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար (գ.թ. 10):
5. Երևանի քաղաքապետարանի 08.07.2008 թվականի գրության համաձայն՝ մեկսենյականոց բնակարան հատկացնելու մասին 1990 թվականի պայմանագիրը և 30.04.2003 թվականի վճիռը, որում նշված է սենյակների թիվը, չեն հանձնվել պահպանման Երևանի քաղաքապետարանի արխիվ (գ.թ. 72):
6. Երևանի քաղաքապետարանի 31.07.2008 թվականի գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի 20.06.2008 թվականի թիվ 03/20-12732-Ն գրությամբ տրամադրվել են Արթուր և Մարինե Մանուկյանների Կոնդի 11 թաղամասի թիվ 142 հասցեում գտնվող իրացված տան և նոր բնակարանի տրամադրման հիմքում ընկած համապատասխան փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև տեղեկատվություն՝ Մարինե Մանուկյանին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի համապատասխան որոշման կայացման և պայմանագրի կնքման ժամկետների մասին (գ.թ. 68):
7. Երևանի քաղաքապետարանի 15.08.2008 թվականի գրությամբ տրամադրվել է Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 220 որոշումը, որով թույլատրվել է Նոր Նորքի թաղապետարանի կողմից ներկայացված 28 բնակարանների անհատույց սեփականաշնորհումը՝ որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն (գ.թ. 79):
8. Նոր Նորքի 19.08.2008 թվականի գրության համաձայն՝ Նոր Նորքի թաղապետարանը Արթուր Մանուկյանի և Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի հետ 08.02.1990 թվականի թիվ 4 որոշմամբ կնքված պայմանագրի մասին տեղեկություն չունի (գ.թ. 64):
9. Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 20.06.2006 թվականի վճռով հաստատվել է, որ Երևանի քաղաքապետի 12.12.1998 թվականի թիվ 1075 որոշման ընդունման հիմքում ընկած է Երևանի քաղաքապետարանի հողի, գույքի և կադաստրի վարչության պետի 24.11.1998 թվականի 20/1-Մ-1864 զեկուցագիրը (գ.թ. 211-213):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 20.07.2006 թվականի վճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ բողոքը՝ առանց բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը դրամական փոխհատուցում տրամադրելու մասին 2003 թվականի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու հիմքում դրել է Մարինե և Արթուր Մանուկյաններին երկուսենյականոց բնակարան հատկացնելու մասին 26.06.1990 թվականի պայմանագիրը, Դատարանի օրինական ուժի մեջ մտած 30.04.2003 թվականի վճիռը, Մարինե Մանուկյանին մեկսենյականոց բնակարանի համար դրամական փոխհատուցում տրամադրելու մասին 2003 թվականի պայմանագիրը, Արթուր Մանուկյանին Երևանի քաղաքապետի 12.12.1998 թվականի որոշմամբ երկուսենյականոց բնակարան հատկացնելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի ապացուցել իր կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը:
Մասնավորապես, սույն գործով բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 08.02.1990 թվականի թիվ 4 արձանագրությամբ հաստատվում է, որ Արթուր Հենրիկի Մանուկյանին և Մարինե Հենրիկի Մանուկյանին թույլատրվել է Կոնդ թաղամասում կնքել երկուսենյականոց բնակարանի պայմանագիր:
Մինչդեռ սույն գործում առկա 26.06.1990 թվականի պայմանագրի համաձայն` Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմը պարտավորվել է Կոնդ 11 թաղամասում Արթուր ու Մարինե Մանուկյաններին տրամադրել երկուսենյականոց բնակարան: Նշված պայմանագրի կնքման հիմքում դրվել է շրջգործկոմի 08.02.1990թ. հ. 4/8 որոշումը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 08.02.1990 թվականի թիվ 4 արձանագրությունը նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ դրանով նշված փաստը հաստատված է նաև գործում առկա 26.06.1990 թվականի պայմանագրով:
Սույն գործով, որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված Երևանի քաղաքապետարանի 08.07.2008 թվականի գրությամբ հիմնավորվում է, որ 26.06.1990 թվականի պայմանագիրը և 30.04.2003 թվականի վճիռը Երևանի քաղաքապետարանի արխիվի պահպանմանը չեն հանձնվել:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի 08.07.2008 թվականի գրությունը նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ դրանով նշված Դատարանի օրինական ուժի մեջ մտած 30.04.2003 թվականի վճիռը առկա է սույն գործում:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 26.06.1990 թվականի պայմանագիրը և 30.04.2003 թվականի վճիռը Երևանի քաղաքապետարանի արխիվին հանձնած չլինելու հանգամանքը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն չունեն նաև Մարինե Մանուկյանի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված Նոր Նորքի 19.08.2008 թվականի և Երևանի քաղաքապետարանի 15.08.2008 թվականի գրությունները, քանի որ Արթուր Մանուկյանի և Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի հետ 08.02.1990 թվականի թիվ 4 որոշմամբ կնքված պայմանագրի մասին Նոր Նորքի թաղապետարանի տեղեկություն չունենալու հանգամանքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 220 որոշումը սույն գործով էական չեն:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ Երևանի քաղաքապետարանի 31.07.2008 թվականի թիվ 20/1-16269 գրությունից հետևում է, որ Երևանի քաղաքապետի 12.12.1998 թվականի թիվ 1075 որոշմամբ հատկացված բնակարանը տրվել է հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի հողի, գույքի և կադաստրի վարչության պետի 24.11.1998 թվականի 20/1-Մ-1864 զեկուցագիրը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն սույն գործով նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ Վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 12.12.1998 թվականի թիվ 1075 որոշման ընդունման հիմքում դրված է Երևանի քաղաքապետարանի հողի, գույքի և կադաստրի վարչության պետի 24.11.1998 թվականի 20/1-Մ-1864 զեկուցագիրը:
Ավելին, Երևանի քաղաքապետարանի 31.07.2008 թվականի գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի 20.06.2008 թվականի թիվ 03/20-12732-Ն գրությամբ տրամադրվել են Արթուր և Մարինե Մանուկյանների Կոնդի 11 թաղամասի թիվ 142 հասցեում գտնվող իրացված տան և նոր բնակարանի տրամադրման հիմքում ընկած համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.07.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |