ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0423/02/08/370/ |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0423/02/08/370/ 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդուշ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդուշ Ղազարյանի ընդդեմ Գևորգ Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վարդուշ Ղազարյանը պահանջել է բռնագանձել Գևորգ Ղազարյանից 1898,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 1799,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար, 99 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ, ինչպես նաև 175.560 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.08.2008 թվականի վճռով Վարդուշ Ղազարյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` 1799,33 ԱՄՆ դոլար անհիմն հարստացման գումարի և 100.000 ՀՀ դրամ փաստաբանական ծառայության գումարի պահանջի մասով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդուշ Ղազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Ղազարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը և 219-րդ հոդվածի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ապացույցների բաշխման սկզբունքը, գտել է, որ հայցվորը պետք է ապացուցի պարտապանից գումար չստանալու փաստը:
Բացի այդ, Գևորգ Ղազարյանն ընդունել է, որ գումարը հանձնել է մասնակի: Տվյալ դեպքում Գևորգ Ղազարյանը պետք է կրեր գումարը «հանձնած» մասով ապացուցման բեռը, իսկ գումարը չհանձնած մասով դատարանն իրավասություն չուներ ապացուցման ենթակա փաստ համարել, քանի որ դրա վերաբերյալ վեճ չկա:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքում պատասխանողը չի վիճարկել այն փաստը, որ ինքը չի վերադարձրել հայցվորի անձնական հաշվից ստացած գումարը: Ընդհակառակը` առաջին ատյանի դատարանում նշել է, որ ինքն ստացել է գումարը և հայցվորին չի տրամադրել այն պատճառով, որ ինքն է տվյալ գումարի մի մասի սեփականատերը ժառանգության իրավունքի հիման վրա:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը` խախտելով նույն օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը և 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը չի պարզել, թե արդյոք տվյալ գումարը ժառանգության իրավունքով պատկանում է նաև պատասխանողին, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քանի որ ժառանգության իրավունքի վերաբերյալ հայց սույն գործով չի ներկայացվել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, որպես խախտում նշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սակայն չի հիմնավորել, թե առաջին ատյանի դատարանը հատկապես որ ապացույցն օբյեկտիվ չի գնահատել կամ գործի որ մասը չի քննել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2008 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատաքննությամբ հաստատվել է, որ Գևորգ Խաչատուրի Ղազարյանի ժառանգությունից հասանելիք 1800 ԱՄՆ դոլարի ժառանգներ են Վարդուշ Ղազարյանը, Գևորգ Ղազարյանը և Սուսաննա Շահբազյանը: Բոլոր ժառանգների ընդհանուր համաձայնությամբ ժառանգական գումարի ստացման գործողությունների կատարումը ստանձնել է Գևորգ Ղազարյանը: Ժառանգությունն ստանալուց հետո գումարի կեսը` 900 ԱՄՆ դոլարը, տրվել է Վարդուշ Ղազարյանին, իսկ մյուս կեսը հավասարաչափ բաժանվել է Գևորգ Ղազարյանի և Սուսաննա Շահբազյանի միջև:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վարդուշ Ղազարյանը 28.02.2005 թվականի նոտարական կարգով վավերացված լիազորագրով Գևորգ Ղազարյանին լիազորել է ստանալու իր հոր կողմից ապահովագրության դիմաց հասանելիք գումարները (գ.թ. 19):
2) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 22.02.2008 թվականի տեղեկանքի համաձայն՝ 04.12.2007 թվականին Հայկական ապահովագրական հիմնադրամի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գտնվող Վարդուշ Ղազարյանի անձնական հաշվին փոխանցվել է 1.808,33 ԱՄՆ դոլար: Նույն օրը Գևորգ Ղազարյանը բանկից ստացել է 1.799,33 ԱՄՆ դոլար, իսկ 9 ԱՄՆ դոլարը պահվել է բանկի կողմից, որպես ստացված անկանխիկ գումարը կանխիկացնելու վճար (գ.թ. 41):
3) Բանկից ստացված գումարը Գևորգ Ղազարյանի կողմից Վարդուշ Ղազարյանին հանձնելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտավորությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքով նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ լիազորագիրն ըստ էության լինելով միակողմանի գործարք լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք՝ լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը): Ընդ որում, միայն լիազորագրով ստանձնած հանձնարարությունը կատարված լինելու դեպքում է պարտավորությունը դիտվում պատշաճ կատարված, իսկ պարտավորությունը՝ դադարած:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Սույն գործի փաստերի համաձայն` 28.02.2005 թվականի լիազորագրով Վարդուշ Ղազարյանը լիազորել է Գևորգ Ղազարյանին ստանալու ապահովագրության դիմաց հասանելիք գումարները և այն վերադարձնել Վարդուշ Ղազարյանին: 04.12.2007 թվականին Գևորգ Ղազարյանը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից ստացել է Վարդուշ Ղազարյանի անձնական հաշվին փոխանցված գումարը:
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ դատաքննության արդյունքում վիճելի է մնացել բանկից ստացված գումարը Վարդուշ Ղազարյանին հանձնված լինելու փաստը, նշված գումարը չստանալու փաստի ապացուցման պարտականությունը դրել է Վարդուշ Ղազարյանի վրա:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրում է Գևորգ Ղազարյանը, այսինքն՝ այն կողմը, որի վրա լիազորագրի ուժով դրված է փոխանցված գումարը ստանալու և այն Վարդուշ Ղազարյանին հանձնելու պարտականությունը և միայն այդ փաստի առկայության դեպքում լիազորագրով ստանձնած պարտավորության կատարումը կարող է համարվել պատշաճ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գումարը հանձնելու ապացուցման պարտականությունը դրել է Գևորգ Ղազարյանի վրա, իսկ Վերաքննիչ դատարանը սխալ է բաշխել ապացուցման բեռը:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հաստատած փաստերը կարող է որպես հիմք չընդունել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը, իսկ վերաքննիչ դատարանն էլ հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
Մինչդեռ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Գևորգ Ղազարյանը չի վիճարկել այն փաստը, որ նա չի վերադարձրել Վարդուշ Ղազարյանի անձնական հաշվից ստացած գումարը: Ընդհակառակը` առաջին ատյանի դատարանում նշել է, որ ինքն ստացել է գումարը և Վարդուշ Ղազարյանին չի տրամադրել այն պատճառով, որ ինքն է տվյալ գումարի մի մասի սեփականատերը.
2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն, վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը վերլուծելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Ղազարյանի՝ վիճելի գումարի նկատմամբ ժառանգ լինելու փաստը առաջին ատյանի դատարանում չի վիճարկվել, և նման փաստ սույն գործով չի հաստատվել, հետևաբար, այն վերաքննիչ վարույթի քննության առարկա չէ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված փաստն առաջին ատյանի դատարանում չվիճարկվելու պայմաններում հանգել է այն եզրակացության, որ այդ փաստը չպարզելու հետևանքով առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններից, դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաuտերը, ինչպեu նաև այն oրենքը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիu:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՜ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08): Ուստի սույն գործով Վճռաբեկ դատարանն աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում չի նշել, թե ինչ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում է եզրակացություն արել վիճելի գումարի նկատմամբ այլ անձանց, ինչպես նաև Գևորգ Ղազարյանի ժառանգ լինելու փաստի առկայության մասին: Ավելին, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու հատկապես պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.08.2008 թվականի վճռին:
2. Գևորգ Ղազարյանից բռնագանձել 16.470 (տասնվեց հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Ե. Սողոմոնյան |