Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2001թ. սեպտեմբերի 28-ի՝ վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ձգտելով կատարելագործել միջպետական խորհրդի գործունեությունը արդյունաբերական անվտանգության ուղղությամբ և համագործակցության համաձայնեցման մեջ բարձրացնելով նրա դերը արդյունաբերական անվտանգության ոլորտում,
ի կատարումն Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների Ղեկավարների խորհրդի՝ 2009թ. հոկտեմբերի 9-ի Որոշման՝ Անկախ Պետությունների Համագործակցության Ճյուղային համագործակցության մարմինների մասին ընդհանուր դրույթների,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի մասին Կարգում, որը Համաձայնագրի անքակտելի մասն է՝
ա) առաջին բաժնի առաջին կետի «ստորև՝ Համաձայնագիր» բառերից հետո ավելացնել «և հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմին» բառերը,
բ) առաջին բաժնի երկրորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ. «Խորհուրդը կոչված է իր իրավասության շրջանակներում կազմակերպելու և համաձայնեցնելու որոշումների կատարումը՝ ընդունված ԱՊՀ պետությունների Ղեկավարների խորհրդի կողմից, կառավարությունների Ղեկավարների խորհրդի կողմից, Արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից և տնտեսական խորհրդի կողմից»,
գ) առաջին բաժնի երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է համընդհանուր սկզբունքներով և միջազգային իրավունքի նորմերով, Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով, պետությունների Ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի որոշումներով, Համաձայնագրով և սույն Կարգով:
Խորհուրդն իր գործունեության համար հաշվետու է ԱՊՀ կառավարությունների Ղեկավարների խորհրդին:
Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա տեղեկատվություն է ներկայացնում ԱՊՀ Գործադիր կոմիտեին»,
դ) առաջին բաժնի չորրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհուրդը փոխգործակցում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համագործակցության այլ մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում՝ միջազգային այլ կազմակերպությունների քարտուղարությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների իշխանության պետական մարմինների հետ»,
ե) առաջին բաժնի հինգերորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդի անդամներ են հանդիսանում պետական հսկողության մարմինների ղեկավարները կամ Համաձայնագրի մասնակից պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմինների ղեկավարները:
Խորհրդի անդամների փոխարեն Խորհրդի նիստին ուղարկվող անձանց լիազորությունները պետք է հաստատվեն:
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:
Խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմի մեջ են մտնում Խորհրդի քարտուղարն ու ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը»,
զ) չորրորդ բաժինը՝ »Խորհրդի աշխատանքի կազմակերպումն ու կարգը», շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Խորհրդի աշխատանքներն իրականացվում են Խորհրդի նիստերի անցկացման ճանապարհով, որպես կանոն, Համաձայնագրի մասնակից պետություններում՝ հերթականությամբ:
9. Խորհրդի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ քիչ, քան տարին մեկ անգամ: Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի նախորդ նիստում:
Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Համաձայնագրի մասնակից պետություններից ցանկացածի նախաձեռնությամբ՝ Խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ: Խորհրդի արտահերթ նիստ նախաձեռնող՝ Համաձայնագրի մասնակից պետությունն ինքն է կազմակերպում և ապահովում նիստի անցկացումը:
Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա են Խորհրդի անդամների կամ լիազորված անձանց կեսից ավելին:
10. Խորհրդի նախագահությունն իրականացվում է հերթականությամբ` յուրաքանչյուր պետության Խորհրդի անդամ ներկայացուցչի կողմից, ռոտացիոն սկզբունքով, Համաձայնագրի մասնակից պետության անունով, ռուսաց լեզվի այբբենական կարգով, մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե Խորհրդի կողմից այլ բան չի սահմանվում:
Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները համարվում են Խորհրդի համանախագահներ:
11. Խորհրդի նախագահը՝
իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը,
անց է կացնում Խորհրդի նիստեր,
սահմանված կարգով Խորհուրդը ներկայացնում է ԱՊՀ մարմիններում,
նպաստում է ԱՊՀ մասնակից պետությունների արդյունաբերական անվտանգությունն ապահովող մարմինների փոխգործողությունների ապահովմանը,
իրականացնում է Խորհրդի գործունեության հետ կապված այլ գործողություններ:
12. Խորհրդի անդամն իրավունք ունի ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն աշխատանքային խմբերի գործունեության, ընդունված որոշումների մասին, ինչպես նաև քննարկման համար առաջադրելու ցանկացած հարց` Խորհրդի իրավասության սահմաններում:
13. Խորհրդի նիստին կարող են մասնակցել՝
խորհրդակցական ձայնի իրավունքով՝ համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ,
դիտորդի կարգավիճակով՝ Համաձայնագրի մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Համաձայնագրի անդամ չհանդիսացող այլ պետությունների ներկայացուցիչներ, միջպետական միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք Խորհրդի անդամների համաձայնությամբ մասնակցում են նիստերին:
14. Խորհրդի յուրաքանչյուր հաջորդ նիստի ժամանակն ու նախնական լսման օրակարգը որոշվում են հերթական նիստի ժամանակ:
Համաձայնագրի մասնակից պետությունների արդյունաբերական անվտանգության և այլ պետական մարմիններ պատրաստում են առաջարկություններ` Խորհրդի նիստերում քննարկվելու համար:
Առաջարկությունները մտցվում են փաստաթղթերի սկզբնական նախագծերի կամ նրանց հայեցակարգերի տեսքով:
Հարցն օրակարգում ընդգրկելու վերջնական որոշումն ընդունում է Խորհուրդը:
15. Խորհրդի որոշումը, բացառությամբ ընթացակարգային հարցերի որոշումների, ընդունվում է փոխհամաձայնությամբ: Խորհրդի որոշումը ընթացակարգային հարցերի մասին ընդունվում է Խորհրդի ներկա անդամների մեծամասնությամբ»,
է) Կարգը լրացնել «Խորհրդի Քարտուղարություն» հինգերորդ բաժնով հետևյալ բովանդակությամբ.
«16. Խորհրդի կազմակերպական-տեխնիկական և տեղեկատվական գործունեությունն իրականացնում է նրա Քարտուղարությունը:
Խորհրդի Քարտուղարության գործառույթները դրվում են արդյունաբերական անվտանգության մարմնի ապարատի վրա՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ, որի ղեկավարը Խորհրդի նախագահն է:
Խորհրդի Քարտուղարությունը կատարում է հետևյալ գործառույթները.
ընդունող կողմի հետ միասին` Խորհրդի նիստերի անցկացման կազմակերպում և ապահովում,
Խորհրդի անդամների գործունեության կազմակերպական, փաստաթղթային և տեղեկատվական ապահովման իրականացում,
Խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա Խորհրդի նիստերի օրակարգի ձևավորում և կից աշխատանքային նյութերի նախապատրաստում,
Խորհրդի նիստերի փաստաթղթերի նախագծերի նախապատրաստում և համաձայնեցում,
ստացվող նյութերի ընդհանրացում և դրանց առաքում Խորհրդի անդամներին,
Խորհրդի անդամների միջև իրենց գործունեության վերաբերյալ գրագրության ապահովում,
Խորհրդի որոշումների կատարման աստիճանը արտացոլող տվյալների ընդհանրացում,
Արդյունաբերական անվտանգության ոլորտում ԱՊՀ մյուս մարմինների և այլ միջազգային կազմակերպությունների գործունեության մասին Խորհրդին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում:
17. Խորհրդի քարտուղարը նշանակվում է Խորհրդի նախագահի կողմից և հանդիսանում է արդյունաբերական անվտանգության բնագավառի պետական հսկողության մարմնի ներկայացուցիչ, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում: Քարտուղարի տեղակալ է հանդիսանում ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
18. Խորհրդի քարտուղարության մասին Կանոնադրությունը հաստատվում է Խորհրդի կողմից:
19. Խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումն իրականացնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեն»,
ը) Կարգը լրացնել «Ֆինանսավորում» վեցերորդ բաժնով հետևյալ բովանդակությամբ.
«20. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ֆինանսական ծախսերը իրականացվում են Համաձայնագրի` ընդունող մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմնի հաշվին:
21. Խորհրդի անդամների և փորձագետների նիստերի մասնակցության ծախսերը ուղարկող պետական իշխանության մարմինը և կազմակերպությունները կրում են ինքնուրույն»:
2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրված Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011թ. հոկտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահպանվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 22-ին