ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-575(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան |
Դատավորներ՝ |
Վ. Թորոսյան |
|
Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
քննարկելով Մնացական Վարդևանյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արսեն և Մարգարիտ Վարդևանյանների ընդդեմ Մնացական Վարդևանյանի, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Ա.Ցականյանի՝ փաստացի տիրապետելու եղանակով ժառանգությունն ընդունած ճանաչելու և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան՝ Արսեն և Մարգարիտ Վարդևանյանները պահանջել են ճանաչել փաստացի տիրապետելու եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով մասնակիորեն անվավեր ճանաչել Մնացական Վարդևանյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի 03.05.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մնացական Վարդևանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը և 1227-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:
Մասնավորապես, գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Մարգարիտ Վարդևանյանը մոր մահից հետո տիրապետել է ժառանգական գույքը: Բացի այդ, գործում առկա Վարդաշենի գյուղապետարանի 15.08.2005 թվականի տեղեկանքով հիմնավորվում է, որ 17.05.2005 թվականից Արսեն Վարդևանյանը բնակվել է քրոջ՝ Մարգարիտ Վարդևանյանի հետ Երևան քաղաքում գտնվող նրա բնակարանում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսելով վերոնշյալ հանգամանքը, եկել է այն եզրահանգման, որ Մարգարիտ Վարդևանյանը մոր մահից հետո բնակվել է գյուղում և տիրապետել ժառանգական գույքը:
Վերոգրյալի հիման վրա՝ վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի որոշումը՝ Մարգարիտ Վարդևանյանի մասով և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Գործում բացակայում է որևէ ապացույց վեճի առարկա ժառանգական գույքը Մարգարիտ Վարդևանյանի կողմից փաստացի տիրապետելու վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել և կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը՝ միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Նույն օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՜ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով ժառանգական գույքի Մարգարիտ Վարդևանյանի կողմից փաստացի տիրապետման հանգամանքը, չի պատճառաբանել, թե ինչ ապացույցների գնահատման և նյութական իրավունքի ինչպիսի նորմի (նորմերի) կիրառման արդյունքում է հանգել նման հետևության:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մարգարիտ Վարդևանյանը, ներկայացնելով փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչվելու վերաբերյալ պահանջ, այդ հանգամանքները հիմնավորող որևէ ապացույց դատարան չի ներկայացրել:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարգարիտ Վարդևանյանի կողմից վեճի առարկա ժառանգական գույքը փաստացի տիրապետելու վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում վերջինս չի կարող համարվել այդ հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2402-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի որոշումը Մարգարիտ Վարդևանյանի հայցի մասով և այն փոփոխել. Մարգարիտ Վարդևանյանի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |