ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ2-202 |
Քաղաքացիական գործ թիվ 3-74(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Վ. Ասլանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ժորա Վելիքյանի և Ֆրիդա Կարոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ղազար Ենգիբարյանի ընդդեմ «Կինոտեսավարձույթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և երրորդ անձինք Ժորա Վելիքյանի և Ֆրիդա Կարոյանի՝ Ընկերության 221 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 19.09.1997 թվականից հետո ընդունված բոլոր որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ղազար Ենգիբարյանը պահանջել է Ընկերության 221 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 19.09.1997 թվականից հետո ընդունված բոլոր որոշումներն անվավեր ճանաչել:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 13.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ժորա Վելիքյանը և Ֆրիդա Կարոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հայցապահանջը պետք է մերժվեր, քանի որ լրացել է իրավունքների դատական պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը, ինչը կիրառելու և հայցապահանջը մերժելու մասին դատաքննության ընթացքում միջնորդություն է արվել:
2. Տնտեսական դատարանը չի կիրառել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և նույն օրենքի 70-րդ հոդվածը, ինչով խախտվել է Ընկերության վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը և Ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ժորա Վելիքյանը, հանդիսանալով Ընկերության բաժնետեր, ունեցել է Ընկերության բաժնետոմսերը գնելու նախապատվության իրավունք, ինչի պայմաններում վերջինս պետք է ծանուցվեր կնքվելիք առուվաճառքի պայմանագրի մասին: Մինչդեռ, բաժնետոմսերը վաճառելու մասին նրան ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Անհիմն է նաև Ընկերության որոշումները 19.09.1997 թվականից ի վեր անվավեր ճանաչելու պահանջը, քանի որ Ժորա Վելիքյանը Ընկերության 222 բաժնետոմսի սեփականատերն է, որը մեկ հատով ավելի է քան Ղազար Ենգիբարյանին վաճառված 221 բաժնետոմսը: Հետևաբար, Ընկերության որոշումները կարող էին ընդունվել նաև Ղազար Ենգիբարյանի համաձայնության բացակայության դեպքում:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 13.12.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 19.09.1997 թվականին Ֆրիդա Կարոյանի և Ղազար Ենգիբարյանի միջև կնքվել է Ընկերության 221 հատ հասարակ բաժնետոմսի առուվաճառքի պայմանագիր (ասուհետ՝ Պայմանագիր):
2) Սույն քաղաքացիական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 26.10.2007 թվականին:
3) Հայցադիմումի պատասխանում առկա է հայցային վաղեմության ժամկետը լրացված լինելու հիմքով հայցապահանջը մերժելու միջնորդություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմություն կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
Սույն քաղաքացիական գործով Ֆրիդա Կարոյանի և Ղազար Ենգիբարյանի միջև բաժնետոմսի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 19.09.1997 թվականին: Հետևաբար, սույն քաղաքացիական գործով Ղազար Ենգիբարյանի կողմից հայցադիմում ներկայացնելու պահին՝ 26.10.2007 թվականին, հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացած է եղել, ինչի հիմքով այն ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս Տնտեսական դատարանը թույլ է տվել նյութական օրենքի նորմի խախտում` չի անդրադարձել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով հայցը մերժելու պահանջին:
2) Ինչ վերաբերում է Ժորա Վելիքյանի՝ Ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության, ինչպես նաև Ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքի խախտման վճռաբեկ բողոքի հիմքերին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք գնահատման առարկա չի դարձնում՝ հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով հայցապահանջը մերժման ենթակա լինելու պատճառաբանությամբ:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. Ղազար Ենգիբարյանի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |