ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 07-2377 |
Քաղաքացիական գործ թիվ 3-47(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Լ. Սոսյան Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ և Վասիլ Խանաղյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Անահիտ Խանաղյանի ընդդեմ Վեներա Ավետիսյանի՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և նրան ընտանիքով իր սեփականությունը համարվող տարածքից վտարելու պահանջների մասին, Վեներա Ավետիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Անահիտ Խանաղյանի, Վասիլ Խանաղյանի, Դաշտավանի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան) և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման՝ աճուրդն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության իրավունքով Արարատի մարզի Դաշտավան գյուղում գտնվող հին դպրոցի շենքի՝ իր կողմից զբաղեցրած տարածքի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Անահիտ Խանաղյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումը, վտարել Վեներա Ավետիսյանին և նրա ընտանիքին Արարատի մարզի Դաշտավան գյուղում գտնվող և իրեն պատկանող հին լաբորատորիայի շենքից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վեներա Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գտնվող հին լաբորատորիայի շենքի 28.02.1996 թվականի աճուրդը և ձեռքբերման վաղեմության հիմքով նշված շենքի իր կողմից զբաղեցրած տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 15.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ և Վասիլ Խանաղյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն փաստը, որ Վեներա Ավետիսյանը գիտակցել է, որ վիճելի գույքը Գյուղապետարանի սեփականությունն է, այն տիրապետել է Գյուղապետարանի թույլտվությամբ և ոչ որպես իր սեփականություն:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Վեներա Ավետիսյանի ամուսին Մայիս Դանիելյանի իրավունքների վերաբերյալ, որը գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.08.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 15.02.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 28.02.1996 թվականի աճուրդով և գույքի օտարման պայմանագրով Դաշտավան գյուղում գտնվող հին լաբորատորիայի շենքի նկատմամբ Անահիտ Խանաղյանը ձեռք է բերել սեփականության իրավունք:
2) 07.11.2006 թվականին Անահիտ Խանաղյանին տրվել է Արարատի մարզի Դաշտավան գյուղի հին լաբորատորիայի շենքի և հողամասի նկատմամբ թիվ 2175690 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
3) Վեներա Ավետիսյանի ընտանիքը Դաշտավան գյուղի հին լաբորատորիայի շենքում բնակվում է 1995 թվականից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ, 10.10.2007, քաղ. գործ թիվ 3-1435/ՎԴ (ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջ)):
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վեներա Ավետիսյանը Գյուղապետի թույլտվությամբ 12 տարի բնակվել է վեճի առարկա շենքում, հաստատված է համարել, որ վերջինս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նույնիսկ Գյուղապետի կողմից Վեներա Ավետիսյանին տրված բնակության թույլտվության առկայությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով չի կարող որակվել որպես վեճի առարկա գույքի բարեխիղճ տիրապետում:
Այսինքն՝ սույն քաղաքացիական գործում բացակայում է որևէ ապացույց, որով կարող էր հաստատվել Վեներա Ավետիսյանի կողմից վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը, գործով հիմնավորված չէ, որ այդ գույքի տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը:
Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող Վեներա Ավետիսյանը բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք չի տիրապետել վեճի առարկա անշարժ գույքը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով ձեռք չի բերել սեփականության իրավունք:
2) Բողոքի երկրորդ հիմքը այն մասին, որ Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած Մայիս Դանիելյանի իրավունքների վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը քննության չի առնում, քանի որ բողոք բերած անձը` Անահիտ Խանաղյանը իրավասու չէ վճռաբեկ բողոք ներկայացնել Մայիս Դանիելյանի անունից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Սույն քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելու համար, որը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.08.2007 թվականի վճիռը և փոփոխել: Անահիտ Խանաղյանի հայցը բավարարել, Վեներա Ավետիսյանի հակընդդեմ հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |