ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-3307 |
Քաղաքացիական գործ թիվ 3-29(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմենուհի Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Նշան Ղազարյանի ընդդեմ Արմենուհի Խաչատրյանի, Երևանի առաջին նոտարական գրասենյակի նոտար Ե. Սարգսյանի, երրորդ անձինք Աշոտ Խաչատրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման՝ կտակը, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և տիրապետման փաստով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Նշան Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Հակոբ Ղազարյանի 27.08.2002 թվականի կտակը, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա՝ Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի նկատմամբ Արմենուհի Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և տիրապետման փաստով իրեն ճանաչել նշված հասցեի Արմենուհի Խաչատրյանին պատկանող մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմենուհի Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նշան Ղազարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, 304-րդ և 311-րդ հոդվածները, 1203-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 1204-րդ հոդվածը, 1205-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել 1211-րդ հոդվածի 4-րդ կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն քաղաքացիական գործով կտակը կազմվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի, 1203-րդ հոդվածի 1-ին մասի, 1204-րդ հոդվածի և 1205-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ՝ այն կազմվել է գրավոր, կտակում նշվել են այն կազմելու վայրը և ժամանակը, կտակն ստորագրել են անձամբ կտակարարը և վկան, այն վավերացված է նոտարի կողմից: Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ կտակը կազմելիս կտակարարը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք:
Նոտարը կտակը վավերացնելիս ստուգել է կտակարարի և վկայի ինքնությունը, գործունակությունը, հաստատել է ստորագրության իսկությունը: Թեև կտակում վկայի բնակության հասցեն չի նշել, սակայն կտակին կցել է նրա անձնագրի՝ բնակության հասցեի նշումով պատճենը: Տվյալ դեպքում վկայի հասցեն չնշելը պետք է դիտել կտակը կազմելու կարգի աննշան խախտում, որը չի ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա և կտակն անվավեր ճանաչելու հիմք չէ:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի տան ժառանգատուին պատկանող 1/2-րդ մասը և նրա կնոջը՝ Մարգարիտ Ղազարյանին պատկանող տան մյուս մասը փաստացի տիրապետել և կառավարել են Արմենուհի Խաչատրյանը և երրորդ անձ Աշոտ Խաչատրյանը, կատարել են տան պահպանման և այլ ծախսերը, դիմել են նոտարական գրասենյակ, ստացել սեփականության իրավունքի վկայականներ:
Սույն գործով կտակարարը հայցվորին վտարել էր վիճելի տանից և դատարանի վճռով է ճանաչվել հայցվորի՝ նշված տան նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը, իսկ այդ տան միայն մեկ սենյակում հայցվորը փաստացի բնակվել է միայն կտակարարի մահից հետո, կտակառու Ա. Խաչատրյանի հետ կնքված հաշտության համաձայնությամբ:
3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ և 335-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դեռևս 2002 թվականին կտակարարի մահից հետո Արմենուհի Խաչատրյանի հետ հաշտության համաձայնություն կնքելիս Նշան Ղազարյանը գիտեր կտակի առկայության մասին, սակայն դատական պաշտպանության է դիմել միայն 2007 թվականին, որով բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, որը հայցը մերժելու հիմք է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կիրառել հայցային վաղեմություն, հայցը մերժել և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.
Կտակարարը կտակը կազմելով՝ առանց պատճառների և բացատրության, ըստ օրենքի ժառանգներին զրկել է ժառանգությունից: Կտակը կազմվել է կտակարարի բնակության վայրում, կտակը կազմելիս օգտագործվել է համակարգիչ, այն դեպքում, երբ նշված հասցեում համակարգիչ չի եղել: Հակոբ Ղազարյանը կտակն անձամբ իր ձեռքով չի գրել, այն նրա բառերով նոտարը գրի չի առել, կտակը համակարգչով կազմվել է անհայտ վայրում և նոտարը վավերացրել է ընդամենը տպագրված տեքստը: Կտակում չի նշվել և առկա չէ որևէ ապացույց, որ կտակարարը անձամբ ընթերցել է կտակի բովանդակությունը, կամ նրա համար այն ընթերցվել է նոտարի կողմից: Կտակում առկա չէ նաև կտակը ստորագրած վկայի անձնագրային տվյալները և բնակության վայրը: Կտակում առկա խախտումները չեն կարող աննշան դիտվել և գործով ապացուցված չէ, որ այդ խախտումները չէին կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության վրա:
Արմենուհի Խաչատրյանի կողմից առաջին ատյանի դատարանում բանավոր միջնորդություն է արվել հայցային վաղեմություն կիրառելու մասին՝ պարտավորվելով այն ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ գրավոր հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ոչ առաջին ատյանի և ոչ էլ Վերաքննիչ դատարաններում չեն ներկայացվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 18.03.2002 թվականի արձանագրության համաձայն՝ դատարանի վճռի հիման վրա Նշան Ղազարյանին և նրա ընտանիքի անդամներին Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա տան սեփականատեր Հակոբ Ղազարյանի ընտանիքի անդամ ճանաչելու, այդ բնակարանից օգտվելու նրանց իրավունքը ճանաչելու և նրանց այդտեղ բնակեցնելու ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության աշխատակիցների գործողության ժամանակ Հակոբ Ղազարյանը խոչընդոտել է, որդուն սպառնացել, արգելել է նրանց իր տանը բնակեցնելուն:
2) 27.08.2002 թվականին նոտարական կարգով վավերացված կտակով Հակոբ Ղազարյանը իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեում գտնվող, անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տունը կից հողամասի հետ միասին ամբողջությամբ կտակել է Արմենուհի Խաչատրյանին: Կտակարար Հակոբ Ղազարյանի հիվանդության պատճառով կտակը վավերացվել է տանը: Կտակը ստորագրված է Համլետ Ստեփանյանի կողմից, սակայն կտակում վկայի բնակության վայրը չի նշվել: Նոտարի կողմից արձանագրվել է, որ Համլետ Ստեփանյանը «ստորագրել է Հակոբ Ղազարյանի հանձնարարությամբ, ձեռքի թուլության պատճառով»: (գ.թ.5)
3) Հակոբ Ղազարյանի կտակը վավերացնելիս նոտարական գործին կցվել է ինչպես Հակոբ Ղազարյանի, այնպես էլ վկա Համլետ Ստեփանյանի անձնագրերի՝ բնակության վայրի նշումով պատճենները:
4) 03.09.2002 թվականին Հակոբ Ղազարյանը մահացել է:
5) 12.03.2003 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի, Երևանի քաղաքապետի 09.07.2004 թվականի թիվ 1245-Ա որոշման և 19.01.2005 թվականի անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի 1/2-ական մասերի նկատմամբ գրանցվել է Արմենուհի Խաչատրյանի և Աշոտ Խաչատրյանի սեփականության իրավունքը (գ.թ.6,18-21):
6) Թիվ 20 պոլիկլինիկայի 09.04.2007 թվականի գրության համաձայն՝ Հակոբ Ղազարյանը 2002 թվականի ընթացքում տնային կանչով և ակտիվ այցերի ձևով դիմել է թաղամասային թերապևտին, որոնց արդյունքում ախտորոշվել է սիրտ-թոքային անբավարարություն, աթերոսկլերոզ, խրոնիկ բրոնխիտ և նշանակվել է համապատասխան բուժում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1203-րդ հոդվածի համաձայն՝ կտակը պետք է կազմվի գրավոր՝ նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Նշված կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության: Նույն օրենսգրքի 1204-րդ հոդվածի համաձայն՝ եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ oրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը: Կտակում պետք է նշվեն այդ քաղաքացու անունը եւ նրա բնակության վայրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակ գրելիս կամ գրի առնելիս կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ (համակարգիչ, գրամեքենա և այլն): Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացնելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է: Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 27.08.2002 թվականին Հակոբ Ղազարյանի կտակը կազմվել է գրավոր, Հ.Ղազարյանը կտակով արտահայտել է գործարքի բովանդակությունը՝ կտակել է իր գույքը, հիվանդության պատճառով կտակարարի հանձնարարությամբ այն ստորագրել է վկան՝ Համլետ Ստեփանյանը և, այն վավերացվել է նրա տանը: Կտակում նշվել է այն կազմելու վայրը և ժամանակը: Նոտարի կողմից գործարքը վավերացնելիս նշվել է վկայի անունը, հայրանունը և ազգանունը, այն, որ նա ստորագրել է կտակարար Հակոբ Ղազարյանի հանձնարարությամբ: Կտակը վավերացնելիս նոտարի կողմից ստուգվել է վկայի և կտակարարի ինքնությունը և գործունակությունը, որից հետո վավերացվել է վկայի ստորագրության իսկությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ կտակը կազմվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ, 304-րդ, 311-րդ, 1203-րդ, 1204-րդ և 1205-րդ հոդվածների խախտմամբ:
Բացի այդ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ կտակը կազմելու կամ նոտարի կողմից վավերացնելու ժամանակ Հակոբ Ղազարյանն ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, քանի որ գործում բացակայում է այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց: Ավելին, թիվ 20 պոլիկլինիկայի 09.04.2007 թվականի գրությամբ ախտորոշված հիվանդությունների առկայությունն ինքնին բավարար չէ փաստելու համար անձի կողմից իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ ղեկավարելու անհնարինությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ կտակում վկայի բնակության վայրը նշված չէ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կտակում վկայի բնակության վայրի չնշելը սույն քաղաքացիական գործով կտակը կազմելու աննշան խախտում է և չէր կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության վրա: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում այն հանգամանքը, որ նոտարական գործում առկա է վկայի անձնագրի պատճենը, որը հնարավորություն է տալիս պարզելու վկայի բնակության վայրի հասցեն: Հետևաբար, կտակում վկայի բնակության վայրի մասին նշում չկատարելը կտակն անվավեր ճանաչելու հիմք չէ:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Նշան Ղազարյանը և նրա ընտանիքի անդամները Հակոբ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի տանը բնակեցվել են դատարանի վճռի հիման վրա՝ 2001 թվականի նոյեմբերին, սակայն նույն օրը Հակոբ Ղազարյանը նրանց դուրս է հանել տանից: 18.03.2002 թվականի արձանագրության համաձայն՝ դատարանի վճռի հիման վրա Նշան Ղազարյանին և նրա ընտանիքի անդամներին Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա տան սեփականատեր Հակոբ Ղազարյանի ընտանիքի անդամ ճանաչելու, այդ բնակարանից օգտվելու նրանց իրավունքը ճանաչելու և նրանց այդտեղ բնակեցնելու ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության աշխատակիցների գործողության ժամանակ Հակոբ Ղազարյանը խոչընդոտել է, որդուն սպառնացել, արգելել է նրանց իր տանը բնակեցնելուն (գ.թ.8-9):
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հակոբ Ղազարյանի մահից հետո նրա գույքը փաստացի տիրապետել կամ կառավարել է Նշան Ղազարյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործի քննության ժամանակ գործող 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վճռում պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Հակոբ Ղազարյանի մահից հետո Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի Հ.Ղազարյանին պատկանող 1/2-րդ մասում բնակվել է Նշան Ղազարյանը և փաստացի տիրապետմամբ ընդունել է հոր ժառանգությունը, առանց այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց նշելու:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
3) Բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետը երեք տարի է, իսկ նույն օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանում դատաքննության ընթացքում Արմենուհի Խաչատրյանի կամ նրա ներկայացուցչի կողմից հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով հայցը մերժելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Սույն քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի թիվ 2-813 վճռին օրինական ուժ տալու համար, որը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի թիվ 2-813 վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |