ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1655(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության (այսուհետ` ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2007 թվականի թիվ Տ-2346 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ ընկերության դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) և ՀՀ բնապահպանության նախարարության՝ բնապահպանական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) ստուգման ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ծառայության և տեսչության ստուգման ակտերը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.08.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է ընկերությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենքի 46-րդ հոդվածը, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների, ինչպես նաև «Բնապահպանման և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 17.10.2001 թվականի թիվ 986 որոշման պահանջները, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գտել է, որ ծառայության ստուգման ակտի հիմքում ընկած տեսչության ստուգման ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ շահագրգիռ կողմը բաց է թողել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի (դ) ենթակետով սահմանված բողոքարկման ժամկետը:
Ըստ բողոք բերող անձի՝ տեսչության ստուգման ակտը ընկերության համար որևէ իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն ուղղված չէ, որպիսի պահանջը վարչական ակտի հիմնական հատկանիշն է:
Հետևաբար, ծառայության ստուգման ակտը վիճարկելիս անձը իրավունք և հնարավորություն պետք է ունենա անդրադառնալու տեսչության ակտի իրավական հիմնավորվածությանը, ինչպիսի իրավունքից դատարանը զրկել է ընկերությանը:
Տեսչության ակտի հրապարակումից հետո ծառայության ակտը հրապարակվել է 564 օր հետո, այսինքն՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 17.10.2001 թվականի թիվ 986 որոշման 8-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ծառայության ստուգման ակտով ընկերությանը առաջադրվել է պետական բյուջե վճարվելիք պարտավորություն` 30.483.000 ՀՀ դրամի չափով:
2) Ծառայության ակտի հիմքում դրվել է տեսչության ստուգման ակտը:
3) Տեսչության ստուգման ակտով արձանագրվել են 2004 թվականի երկրորդ կիսամյակում և 2005 թվականի 9 ամիսների ընթացքում ջրի ծախսի ցուցանիշները և ընկերությանը որևէ պարտավորություն չի առաջադրվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ և 55-րդ հոդվածները սահմանում են վարչական ակտի հասկացությունը, տեսակները և գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները, իսկ 71-րդ հոդվածը՝ վարչական բողոք բերելու ժամկետները:
Սույն գործի փաստերի համաձայն՝ տեսչությունը կազմել է ակտ, որով կատարել է ջրի օգտագործված ծավալի հաշվարկ: Նշված ակտն ըստ էության ամրագրել է բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ջրի օգտագործված ծավալի հաշվարկ և տեղեկություններ ծախսված ծավալի վերաբերյալ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական ակտ ընդունելուն ուղղված գործողությունն է: Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց հետ փոխկապակցված՝ հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:
Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված՝ սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Հետևաբար, վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են մեկ նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 17.10.2001 թվականի թիվ 986 որոշման 9-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով չվճարված գումարների վճարումը ապահովվում է դատական կարգով` հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:
Նույն որոշման 10-րդ կետի համաձայն՝ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման ճշտությունը ստուգելու նպատակով բնապահպանական և հարկային մարմինները կարող են վճար վճարողների մոտ կատարել համատեղ թեմատիկ ստուգումներ:
Սույն քաղաքացիական գործով ծառայության ստուգման ակտով ընկերության նկատմամբ առաջադրված պարտավորությունների հիմքում դրված է տեսչության տրամադրած տեղեկությունները: Մինչդեռ, տեսչության ստուգման ակտով ընկերությանը որևէ պարտավորություն չի առաջադրվել և որևէ իրավունք չի սահմանափակվել:
Հետևաբար, տեսչության ստուգման ակտում բացակայում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ և 55-րդ հոդվածներով սահմանված՝ վարչական ակտին բնորոշ հատկանիշները, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ նշված օրենքի 71-րդ հոդվածը կիրառելի չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ ՀՀ կառավարության 17.10.2001 թվականի թիվ 986 որոշման 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետները չեն կարող նույնացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված ժամկետի հետ:
Տեսչության ստուգման ակտը վարչական վարույթի ընթացքում ընդունված և կոնկրետ իրավիճակ արձանագրող (տվյալ դեպքում` բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ստորերկրյա ջրի պակաս հաշվարկված ծավալ) փաստաթուղթ է, այլ ոչ թե վարչական ակտ, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտը բնորոշող հատկանիշ է համարվում արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը, և այդ ակտը պետք է ուղղված լինի անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն փոփոխելուն, վերականգնելուն կամ ճանաչելուն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսչության ստուգման ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող գնահատվել որպես վարչական ակտ, քանի որ այն անմիջականորեն ուղղված չէ անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն փոփոխելուն, վերականգնելուն կամ ճանաչելուն:
Այսպիսով, բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Դատարանի 14.08.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |