ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
29 հունվարի 2008 թ. |
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-519-Ն) 47 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝
դիմող` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,
հրավիրված` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 68 հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519-Ն) 47 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` սահմանադրական դատարանում 02.10.2007 թ. մուտքագրված դիմումն է:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող կողմի և պատասխանող կողմի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, սահմանադրական դատարանում ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչների վերլուծությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականի նոյեմբերի 19-ին և ուժի մեջ մտել 2003 թվականի ապրիլի 10-ից:
Օրենքի 47 հոդվածը` հաշվի առնելով 2007 թ. նոյեմբերի 19-ի ՀՕ-247-Ն օրենքով կատարված փոփոխությունը, սահմանում է. «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումն ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:
Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի»:
ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
Դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, 2006 թ. հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 (կետ 6), 2006 թ. նոյեմբերի 16-ի ՍԴՈ-665 (կետ 5), 2007 թ. հունվարի 16-ի ՍԴՈ-673 (կետեր 8-9), 2007 թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշումներում:
2. Դիմող կողմը գտնում է, որ իր կողմից վիճարկվող դրույթը, համաձայն որի`
«Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:
Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի», հակասում է ՀՀ Սահմանադրությանը` հետևյալ պատճառով:
ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Սոցիալական իրավունքների շարքում առանձնակիորեն կարևորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը, որն իր կարգավորումն է ստանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքով սահմանվում են կենսաթոշակի նշանակման համար կիրառվող գործակիցները, որտեղ կարևոր նշանակություն է տրվում ապահովագրական ստաժին: Հետևաբար, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանվող՝ ստաժի հաստատմանը վերաբերող ժամկետի սահմանափակումը և պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում դրա հաստատման արգելքը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից յուրաքանչյուրի օգտվելու սահմանադրական իրավունքը:
3. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի հարցադրումները հիմնավոր են և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Սահմանադրության առանձին դրույթների անհամապատասխանության խնդրի առկայությունն ակնհայտ է հետևյալ պատճառաբանությամբ: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները..., ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»: Նույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում` սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»: Իսկ ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: Փաստորեն, օրենքով սահմանափակվել է քաղաքացիների` կենսաթոշակային իրավունքների պաշտպանության նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը:
4. Օրենքը՝ որպես պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունք, ի թիվս այլոց, ամրագրում է պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիրության սկզբունքը և անհատական (անձնավորված) ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա կենսաթոշակների նշանակման և վճարման ապահովման սկզբունքը: Այս սկզբունքներին համապատասխան՝ օրենքը, կենսաթոշակի չափը պայմանավորելով կատարված ապահովագրական վճարումներով և ապահովագրական ստաժի տևողությամբ (հոդված 40), ապահովագրական կենսաթոշակի (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) իրավունք է վերապահում միայն այն անձանց, ովքեր կատարել են պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ: Մասնավորապես, ապահովագրական տարիքային կենսաթոշակի իրավունքը վերապահվում է 63 տարին լրացած անձանց` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում:
Ըստ օրենքի տրամաբանության` կատարված ապահովագրական վճարումներով և ապահովագրական ստաժի տևողությամբ է պայմանավորվում կենսաթոշակի չափը: Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է օրենքի 40 հոդվածից և անուղղակիորեն՝ օրենքով ամրագրված առանձին սկզբունքներից և դրույթներից (մասնավորապես` օրենքի 2, 9 հոդվածներ):
Այն դեպքում, երբ անձը զրկված է փաստացի ապահովագրական ստաժը հաստատելու հնարավորությունից, այս տրամաբանությունը խախտվում է, քանզի հնարավոր է, որ անձը փաստացիորեն կատարել է ապահովագրական վճարումներ, սակայն համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով զրկվում է այդ վճարումների կատարմամբ պայմանավորված չափով կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:
5. Օրենքի հիման վրա ձևավորվում է կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների միասնական բազա: Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի տվյալներն օգտագործվում են կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), վճարելու համար: Օրենքի ուժի մեջ մտնելուց և նշված անհատական հաշվառման բազայի ձևավորումից հետո ապահովագրված անձի ձեռք բերած ապահովագրական ստաժը հաշվարկվում է անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների հիման վրա: Իսկ մինչ այդ ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաշվառվում է ապահովագրական ստաժում համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Համաձայն օրենքի 47 հոդվածի՝ այդ փաստաթղթերն են՝ աշխատանքային գրքույկը, իսկ 1992 թ. հունվարից սկսած` նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշումը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք հաստատում են ապահովագրական ստաժը՝ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում:
Ինչպես օրենքի վիճարկվող, այնպես էլ մյուս դրույթների վերլուծությունը վկայում է, որ ապահովագրական ստաժի հաստատման խնդիր կարող է առաջանալ միայն մինչև վիճարկվող օրենքի դրույթի հիման վրա կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների միասնական բազայի ստեղծումը ձեռք բերված ապահովագրական ստաժի կապակցությամբ:
6. Համաձայն օրենքի 12 հոդվածի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու նախապայման է հանդիսանում 25 տարվա ապահովագրական ստաժի (պահանջվող ստաժ) առկայությունը: Օրենքի 16 հոդվածի համաձայն՝ կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի հիմնական և ապահովագրական մասերի գումարից: Կենսաթոշակի ապահովագրական մասը հաշվարկվում է մինչև անձնավորված հաշվառման ներդրումը ձեռք բերված ապահովագրական ստաժի և անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա: Օրենքի 16 հոդվածում տրվում է կենսաթոշակը հաշվարկելու բանաձևը:
Նշված բանաձևի վերլուծությունը վկայում է, որ կենսաթոշակի չափը որոշելիս էական նշանակություն ունի ոչ միայն պահանջվող ապահովագրական ստաժը, այլև՝ փաստացի ապահովագրական ստաժը:
7. Գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը կապված է որոշակի հանգամանքների հետ, որոնց օրենքը տալիս է իրավական նշանակություն (իրավաբանական փաստեր): Ապահովագրական ստաժը հանդիսանում է այն իրավաբանական փաստը, որի հիման վրա ծագում է ապահովագրական կենսաթոշակի իրավունքը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ գլուխը նվիրված է իրավաբանական փաստերի հաստատման վերաբերյալ գործերի քննության կարգին: Նշված օրենսգրքի 189 հոդվածը սահմանում է այն իրավաբանական փաստերի ոչ սպառիչ ցանկը, որոնք ենթակա են դատարանի կողմից հաստատման: Այդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր: Ըստ քննության առարկա հանդիսացող նորմերի` օրենսդիրն աշխատանքային ստաժը հաստատելու իրավասությունը վերապահել է դատարանին, սակայն, միաժամանակ, վիճարկվող դրույթով այդ իրավասության իրականացումը ենթարկել է ձևական հիմքով սահմանափակումների՝ անձին զրկելով իր իրավունքի ծագման համար անհրաժեշտ իրավաբանական փաստը հաստատելու նպատակով դատարան դիմելու և դատարանին՝ իրեն օրենքով վերապահված իրավասությունն արդյունավետորեն և լիարժեքորեն իրականացնելու հնարավորությունից:
8. Օրենսդրությամբ թույլատրված է իրավաբանական փաստերը հաստատել ոչ միայն դատական կարգով, այլ նաև` վարչական, նոտարական կարգով և այլ մարմինների կողմից:
Վիճարկվող օրենքի 48 հոդվածը ևս նախատեսում է ապահովագրական ստաժի հաստատման վարչական կարգ: Այդ հոդվածի 5-րդ կետը, մասնավորապես, սահմանում է, որ պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործադիր իշխանությունների, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների կողմից լիազորված այլ ներկայացուցիչներ: Նման հանձնաժողով ստեղծվել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի թիվ 820-Ն՝ «1988 թվականի երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշմամբ:
Օրենքի 48 հոդվածի 5-րդ կետի գործողության շրջանակը, սակայն, որոշակիորեն սահմանափակ է, այն է՝ այս դրույթն առնչվում է միայն այն դեպքերին, երբ փաստաթղթերը չեն պահպանվել այդ հոդվածում նշված արտակարգ (ֆորսմաժորային) հանգամանքների պատճառով:
Սակայն, նույնիսկ ապահովագրական ստաժի վերոհիշյալ վարչական կարգով հաստատման հնարավորության առկայությունը չպետք է անձանց զրկի իրավաբանական փաստերի հաստատման խնդրով դատարան դիմելու իրավունքից, քանզի ՀՀ Սահմանադրության 18 հոդվածը երաշխավորում է քաղաքացիների իրավունքների դատական պաշտպանության չսահմանափակվող հնարավորություն:
Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ, ի տարբերություն ապահովագրական ստաժի դատական կարգով հաստատման, ապահովագրական ստաժի՝ վարչական կարգով հաստատման դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում ապահովագրական ստաժի որևէ ժամկետային սահմանափակում, ինչը ոչ միայն չի ապահովում միևնույն հասարակական հարաբերության կարգավորման միասնականությունը, այլև անձի շահերի տեսանկյունից անիմաստ է դարձնում արտակարգ իրավիճակների հետևանքով ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի կորստի դեպքում դատական պաշտպանության իրավունքից օգտվելը:
9. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` օրենքի այլ հոդվածների ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներն առնչվում են ոչ միայն Սահմանադրության 18 հոդվածին, այլ նաև Սահմանադրության այլ հոդվածների պահանջներին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 37 հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով»:
Այս հոդվածի բովանդակությունից բխում է, որ ՀՀ Ազգային ժողովին է պատկանում կենսաթոշակների ծավալները և ձևերը, դրանց նշանակման պայմանները և կարգը սահմանելու լիազորությունը: Կենսաթոշակի նշանակման պայմանները բավարարելու դեպքում անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք, իսկ պետության վրա դրվում է այդ իրավունքի իրականացումն ապահովելու պարտականություն: Անձին զրկելով իր ունեցած փաստացի ապահովագրական ստաժը հաստատելու հնարավորությունից, օրենսդիրն ուղղակիորեն սահմանափակում է անձի սոցիալական ապահովության իրավունքի մաս կազմող կենսաթոշակի իրավունքը: Այդ սահմանափակումը, մասնավորապես, կարող է դրսևորվել նրանում, որ հնարավորություն չունենալով ապացուցել պահանջվող ստաժը (25 տարի) գերազանցող ապահովագրական ստաժի առկայությունը՝ անձը զրկվում է ավելի շատ կենսաթոշակ ստանալու հնարավորությունից, քանզի ապահովագրական ստաժի՝ պահանջվող ստաժը գերազանցող տարիներն էական նշանակություն ունեն կենսաթոշակի չափը որոշելիս:
10. ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածն ամրագրում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը:
Այս հոդվածի պահանջներին համապատասխան պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները: Պետության հայեցողությունն է սահմանել կենսաթոշակի ձևերը, դրանց նշանակման կարգը և պայմանները, սակայն այդ հայեցողությունն իրականացնելիս պետությունը պարտավոր է պահպանել վերոնշյալ սկզբունքները: Մինչդեռ վիճարկվող նորմերը հնարավորություն չեն տալիս այն անձանց, որոնց ապահովագրական ստաժի վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են, հավասարապես օգտվել այն իրավունքից, որից օգտվում են ապահովագրական ստաժի վերաբերյալ փաստաթուղթ ունեցող անձինք: Վիճարկվող դրույթի կիրառմամբ ձևական հիմքով (ստաժը հիմնավորող փաստաթղթերի բացակայություն) անհավասար դրություն է ստեղծվում փաստացիորեն միևնույն ապահովագրական ստաժն ունեցող անձանց միջև:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 37 հոդվածներին հակասող և անվավեր:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ մասի հիման վրա սույն որոշումը տարածել դրա ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|