«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007472
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 նոյեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 383-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել Կարգի հավելված 3.1-ը:
2. Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Վարկային ռեգիստրը վարկատուներին տեղեկատվություն է տրամադրում սույն կարգի թիվ 3 և թիվ 4 հավելվածներով սահմանված ձևերով, կամ վարկառուի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որն առկա է վարկային ռեգիստրում: Վարկային ռեգիստրը վարկառուներին տեղեկատվություն է տրամադրում սույն կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով, ինչպես նաև վարկառուի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որն առկա է վարկային ռեգիստրում:»:
3. Կարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկատվությունը բաժանվում է երկու մասի՝ ընթացիկ (հավելված 3), որը ներառում է տեղեկատվություն տվյալ վարկատուին վարկ ստանալու համար դիմած կամ արդեն իսկ վարկ ստացած առանձին անձի մասին և պարբերական (հավելված 4)՝ վարկատուի բոլոր վարկառուների մասին ամսվա վերջի դրությամբ, որը վարկատուներին է տրամադրվում մինչև հաջորդ ամսվա 6-րդ աշխատանքային օրը:»:
3. Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Ընթացիկ տեղեկատվությունը բաժանվում է երկու խմբի՝
ա) ստանդարտացված ֆորմատով տեղեկատվություն (հավելված 3),
բ) վարկային ռեգիստրում առկա այլ, չստանդարտացված տեղեկատվություն վարկառուի վերաբերյալ:»:
4. Կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Ընթացիկ տեղեկատվություն ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով հարցմանը պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ՝ սույն կարգով սահմանված լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Այն դեպքում, երբ վարկատուին կամ վարկառուին հարկավոր է իմանալ վարկառուի հետ փոխկապակցված անձանց, երաշխավորողների կամ սեփականատերերի պարտավորությունները, նա լրացուցիչ տեղեկատվության ցանկում պետք է նշի նրանց տվյալները և ունենա նրանց կողմից տրված գրավոր թույլտվություն` վարկային ռեգիստրից տվյալներ ստանալու համար: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է օֆշորային երկրում, չունի հարկային կոդ կամ գրանցման համար, տեղեկատվությունը վարկային ռեգիստրից վարկատուին տրամադրվում է հավելված 5.1-ով սահմանված հայտի հիման վրա: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկատվությունը ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը:»:
5. Կարգը լրացնել 17.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«17.1. Փոխկապակցված անձանց, երաշխավորողների և սեփականատերերի կողմից տրված գրավոր թույլտվության առկայության պատասխանատուն վարկատուն է: Վարկային ռեգիստրն իրավունք ունի վարկատուներից պահանջել և ստուգել գրավոր թույլտվության առկայությունը:»:
6. Հավելված 4-ից (վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային պարբերական տեղեկատվություն) հանել 21, 22, 23, 24, 25, 26, 27 սյուները:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. նոյեմբերի 30 Երևան |