ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2007 թվականի N 894-Ն
«ԱՎՏՈԲՈՒՍ» ԵՎ «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 645-652-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ և 61-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել`
1) «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը 50 միավոր «ՊԱԶ 32054», 127 միավոր «ԲՈԳԴԱՆ Ա092» և 40 միավոր «ԲՈԳԴԱՆ Ա09201» մակնիշների, ընդամենը 2.076.057.700 դրամ հաշվեկշռային արժեքով, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոբուսները վարձակալության պայմանագրերով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխանող կազմակերպություններին` տարեկան վարձավճարի չափը սահմանելով ըստ տարիների հաշվեկշռային արժեքի 8 տոկոսից ոչ պակաս.
2) «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը` սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող` Թևոսյան փողոցի N 5 հասցեում գտնվող` 45421 քառ. մետր մակերեսով հողամասը` տարեկան կադաստրային արժեքի մեկ տոկոսից ոչ պակաս վարձավճարով, և 14184 քառ. մետր մակերեսով շենքերն ու շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված ամսական վարձավճարով, վարձակալության պայմանագրերով տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների օգտագործմանը` հաշվի առնելով կազմակերպությունների ավտոբուսների թիվը և սպասարկման տեխնիկական հնարավորությունները։
3) «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Շիրակի փողոցի N 9 հասցեում գտնվող` 13775 քառ. մետր մակերեսով հողամասը` տարեկան կադաստրային արժեքի 1%-ից ոչ պակաս վարձավճարով, և 4443 քառ. մետր մակերեսով շենքերն ու շինությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված ամսական վարձավճարով, վարձակալության պայմանագրերով տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների օգտագործմանը՝ հաշվի առնելով կազմակերպությունների ավտոբուսների թիվը և սպասարկման տեխնիկական հնարավորությունները։
(1-ին կետը լրաց. 23.08.07 N 1141-Ն)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ավտոբուսների վարձակալության պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ պարտադիր պայմանները`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված ավտոբուսների հաշվեկշռային արժեքները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) հավասարաչափ` վեց տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանն ամբողջությամբ վճարվելու դեպքում դրանք սեփականության իրավունքով փոխանցվում են համապատասխան կազմակերպություններին.
2) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացում` բացառապես Երևանի ներքաղաքային երթուղիներում` պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման պահանջների շրջանակներում առանձին խմբերի քաղաքացիների տրանսպորտային սպասարկում։
(2-րդ կետը լրաց., փոփ. 23.08.07 N 1141-Ն)
3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խոշոր գործարքների արդյունքում «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացվող գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|