«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 հունիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մայիսի 2002 թ. |
N ՔԾԽՈ-11 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Սահմանել մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Բադալյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ ու քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:
2. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը, իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարը` համապատասխան մարմինների աշխատակազմերը: Յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ հարցաշարերը ներկայացվում են Խորհուրդ:
(2-րդ կետը փոփ. 31.05.03 N 192-Ն)
3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:
31. Կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)
Կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)
Առանձնացված ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) առանձնացված ստորաբաժանման ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ):
(31 կետը լրաց. 31.05.04 N 427-Ն, խմբ. 10.09.04 N 823-Ն, փոփ., լրաց. 13.03.07 N 226-Ն, խմբ. 22.11.07 N 1115-Ն)
32. Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված տոկոսի եռապատիկից:
(32 կետը լրաց. 10.09.04 N 823-Ն)
4. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:
5. Մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհրդի, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար` համապատասխան մարմնի կողմից:
Ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են համապատասխան մարմնի կողմից:
(5-րդ կետը խմբ. 31.05.03 N 192-Ն, փոփ., լրաց. 20.08.03 N 361-Ն)
6. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
7. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:
8. Թեստերը կազմում են.
- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` Խորհրդի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները.
- քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` համապատասխան մարմնի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները:
9. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:
10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:
11. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ քաղաքացիական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:
12. (12-րդ կետը լրաց. 10.09.04 N 823-Ն, փոփ. 05.09.05 N 833-Ն, ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)