ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ
1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:
2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն)՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում:
3. Երդման արարողության օրը նշանակում է վարչությունը:
4. Երդման արարողությունն իրականացվում է վարչությունում:
5. Երդման արարողության օրվանից 10 օր առաջ վարչությունն անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն ձևի, որում շարադրվում է երդման տեքստը, երդման արարողության անցկացման օրը, ժամը և վայրը, ինչպես նաև երդման նշանակության մասին պարզաբանում ստանալու ցանկություն ունենալու դեպքում՝ վարչություն ներկայանալու օրը, ժամը և պարզաբանում տվող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը:
6. Երդման արարողությունն անց է կացվում հանդիսավոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:
7. Անձը երդում տալիս է մեկ անգամ և անհատապես:
8. Երդման արարողությունն սկսվում է վարչության պետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրը:
9. Երդում տվող անձը բարձրաձայն և հանդիսավոր ընթերցում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված երդման տեքստը և ստորագրում այն:
10. Վարչության պետը շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
11. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:
12. Երդում տալուց հետո անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը և հանձնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Գ Ր Ա Վ Ո Ր Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Հարգելի ________________________________________________________
(ծանուցվողի անունը, ազգանունը)
Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդման տեքստը:
«Ես` _______________________________________ , դառնալով Հայաստանի
(անունը, ազգանունը)
Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:
Տեղեկացնում ենք, որ ________________________ -ին, ժամը _________ -ին
(տարեթիվը, ամիսը, օրը)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, __________
________________________________________________________________ ,
(հասցեն)
իրականացվելու է Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդման արարողությունը:
Երդման նշանակության մասին պարզաբանում ստանալու ցանկություն ունենալու դեպքում խնդրվում է
________________________ -ին, ժամը _________ -ին
(տարեթիվը, ամիսը, օրը)
ներկայանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն________ սենյակ, ___________________________________________ մոտ:
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
_____ __________________ 200 թ.