Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.09.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
05.09.2007
Дата вступления в силу
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-2262/2006

Քաղաքացիական գործ թիվ 3-662 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան
դատավորներ՝ Կ. Հակոբյան
Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Կոլյա Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.06.2006 թվականի թիվ 06-2262 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ կոոպերատիվ) հայցի ընդդեմ Կոլյա Հայրապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Կոլյա Հայրապետյանից հօգուտ կոոպերատիվի բռնագանձել 1.040.000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա՝ պատասխանողից գանձել տույժ ու տուգանք մինչև պարտավորությունների կատարման ավարտման օրը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 03.05.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ վճռվել է Կոլյա Հայրապետյանից հօգուտ կոոպերատիվի բռնագանձել 1.152.000 ՀՀ դրամ: Հայցը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոլյա Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Առկա է սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ 15061-30 քրեական գործով (ըստ մեղադրանքի Անուշ Համբարյանի) 27.12.2006 թվականին կայացվել է դատավճիռ, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Անուշ Համբարյանը խաբեությամբ չարաշահելով Ս.Խաչատրյանի վստահությունը՝ Կոլյա Հայրապետյանի միջոցով ստացել և հափշտակել է 5760 կգ կարտոֆիլի տնկանյութ՝ կոոպերատիվին պատճառելով խոշոր չափի՝ 1.125.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Այսինքն, քրեական գործով կայացված դատավճռով հիմնավորվել է այն հանգամանքը, որ հայցվոր կոոպերատիվին նյութական վնաս պատճառվել է ոչ թե պատասխանող Կոլյա Հայրապետյանի գործողությամբ կամ անգործությամբ, այլ ամբաստանյալ Անուշ Համբարյանի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու հետևանքով: Դատավճռով վճռվել է Անուշ Համբարյանից հօգուտ տուժող «Գագարին» ՍՍԿ-ի նախագահ Սամվել Խաչատրյանի բռնագանձել 2.192.000 ՀՀ դրամ, որից 1.152.000 ՀՀ դրամն այն գումարն է, որը բողոքարկվող վճռով վճռվել է բռնագանձել Կոլյա Հայրապետյանից:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռն ըստ մեղադրանքի Անուշ Համբարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Նշված դատավճռով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքներ են և հանդիսանում են ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.06.2006 թվականի թիվ 06-2262 վճռի վերանայման հիմք, քանի որ դրանք գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են, որպիսիք հայտնի չէին և հայտնի լինել չէին կարող բողոք բերող անձին օբյեկտիվ պատճառներով (այդպիսի փաստի ժամանակագրական առումով ավելի ուշ ի հայտ գալու պատճառով):

Բողոք բերող անձը պահանջել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կոլյա Հայրապետյանը 2004 թվականին հայցվոր կազմակերպությունից ստացել է 5760 կգ կարտոֆիլի առաջին վերարտադրության տնկանյութ, սակայն որի համար վճարում չի կատարել: Տնկանյութը ստանալու հանգամանքը Կոլյա Հայրապետյանն ընդունում է:

2) ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճռով ամբաստանյալ Անուշ Համբարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել 600.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Քաղաքացիական հայցի կարգով ամբաստանյալ Ա.Համբարյանից հօգուտ տուժողներ Ս.Խաչատրյանի և Կ.Հայրապետյանի վճռվել է բռնագանձել համապատասխանաբար 2.192.000 ՀՀ դրամ և 481.800 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

3) ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքներն՝ առանց բավարարման: Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճռով հաստատված է համարվել այն փաստը, որ Անուշ Համբարյանը 18.06.2004 թվականին, չարաշահելով Սևանի «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի նախագահ, գործով տուժող Սամվել Խաչատրյանի վստահությունը, երկշաբաթյա ժամկետում վճարելու պայմանով Ռուբեն Ավետիսյանի միջոցով ստացել է 1 կգ-ը 200 ՀՀ դրամ արժողության 5200 կգ կարտոֆիլի տնկանյութ, սակայն հետագայում հրաժարվել է վճարել ստացված 1.040.000 ՀՀ դրամ կազմող սերմնացուի արժեքը:

20.06.2004 թվականին նույն եղանակով՝ խաբեությամբ, չարաշահելով Ս.Խաչատրյանի վստահությունը, այս անգամ Կոլյա Հայրապետյանի միջոցով ստացել և հափշտակել է 5760 կգ կարտոֆիլի տնկանյութ՝ կոոպերատիվին պատճառելով խոշոր չափի՝ 1.152.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Նշված գումարը Անուշ Համբարյանը Ս.Խաչատրյանին խորհուրդ է տվել ստանալ Ռ.Ավետիսյանից և Կ.Հայրապետյանից՝ պատճառաբանելով, որ ինքն անձամբ չի ստացել տնկանյութը, այլ իր երաշխավորությամբ՝ ստացականներով, այն ստացել ու Գավառ են տեղափոխել Ռ.Ավետիսյանը և Կ.Հայրապետյանը:

Այսինքն՝ Անուշ Համբարյանը խաբեությամբ, չարաշահելով Ս.Խաչատրյանի վստահությունը, կոոպերատիվին պատճառել է խոշոր չափի՝ 2.192.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճռով ամբաստանյալ Անուշ Համբարյանը ճանաչվել է հանցավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել տուգանքի 600.000 ՀՀ դրամի չափով: Քաղ. հայցի կարգով ամբաստանյալ Համբարյանից հօգուտ տուժողներ Ս.Խաչատրյանի և Կ.Հայրապետյանի բռնագանձվել է համապատասխանաբար 2.192.000 ՀՀ դրամ և 481.800 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մաuնակցող անձանց:

Սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջի բավարարման հիմքում վերաքննիչ դատարանը դրել է այն, որ կողմերի միջև տեղի է ունեցել գործարք, համաձայն որի՝ հայցվոր կողմը պատասխանողին է տրամադրել 5760 կգ տնկանյութ՝ մեկ կիլոգրամը 200 ՀՀ դրամ արժեքով: Դատարանը գտել է, որ սույն գործով կողմերը իրականում կնքել են ապառիկ առուվաճառքի գործարք, ինչի արդյունքում պատասխանողի մոտ հայցվորի հանդեպ ծագել է քաղաքացիաիրավական պարտավորություն` վճարելու ստացված տնկանյութի դիմաց, որպիսի պարտավորությունը պատասխանողը չի կատարել:

Սակայն, վերը հիշատակված քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է այն հանգամանքը, որ հայցվոր կոոպերատիվին վնասը պատճառվել է ոչ թե պատասխանող Կոլյա Հայրապետյանի կողմից, այլ ամբաստանյալ Անուշ Համբարյանի կողմից հանրորեն վտանգավոր արարք (հանցագործություն) կատարելու հետևանքով: Դեռ ավելին, պատասխանող Կոլյա Հայրապետյանը քրեական գործով ճանաչվել է տուժող և դատավճռով հօգուտ վերջինիս վճռվել է Անուշ Համբարյանից բռնագանձել 481.800 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

Հետևաբար, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավճռով հաստատված վերը նշված հանգամանքները Վճռաբեկ դատարանը սույն գործով դիտում է որպես գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք, քանի որ այդ հանգամանքներն անհայտ են եղել գործին մասնակցող անձանց և դրանց հայտնի լինելու և դատարան ներկայացվելու պարագայում դատարանը կկայացներ ըստ էության այլ վճիռ:

Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.06.2006 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
  Վ. Աբելյան
  Ս. Գյուրջյան
 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան