«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1906-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդներից գոյացող ֆինանսական միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի (այսուհետ` համարանիշեր) հատկացման աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացը:
2. Աճուրդով տրվող համարանիշերի ցանկը և դրանց մեկնարկային գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ աճուրդը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը (այսուհետ` կազմակերպիչ):
3. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը:
4. Լոտն իրացվում է սակարկությունների միջոցով: Սակարկություններն անցկացվում են աճուրդի ձևով: Աճուրդներն անցկացվում են բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ:
Աճուրդները կարող են անցկացվել նաև էլեկտրոնային եղանակով:
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է համարանիշերի տրամադրման պետական տուրքի վճարի 10-ապատիկի, 20-ապատիկի, 50-ապատիկի և 100-ապատիկի չափով:
Նվազագույն հավելման չափը սահմանվում է տվյալ լոտի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
(4-րդ կետը փոփ.,խմբ. 11.10.07 N 1179-Ն)
5. Աճուրդների իրականացման նպատակով, կազմակերպչի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի 5 անձից:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
6. Աճուրդով հատկացված համարանիշերը տրվում են մինչև տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելը կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ համարանիշը փոխելը:
7. Նախկինում առանց աճուրդի հատկացված` մեծ պահանջարկ ունեցող համարանիշ կրող տրանսպորտային միջոցներն առաջին անգամ հաշվառումից հանելուց հետո համարանիշերն ի պահ են հանձնվում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Նույն անձի այլ տրանսպորտային միջոցին նույն համարանիշերն առանց աճուրդի հատկացվում են երկու ամսվա ընթացքում` պետական տուրքի և աճուրդի մեկնարկային գնի վճարմամբ:
Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված` մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերն ի պահ են հանձնվում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Նույն անձի այլ տրանսպորտային միջոցին նույն համարանիշերն առանց աճուրդի հատկացվում են երկու ամսվա ընթացքում` համարանիշերի հատկացման համար սահմանված պետական տուրքի վճարմամբ:
Սույն կետում նշված ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:
8. Աճուրդով հատկացված համարանիշերից անգամ մեկի կորստի դեպքում դրանք համարվում են անվավեր, և դրանց կրկնօրինակներ չեն տրվում: Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք համարվում են վավերական, կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել:
Եթե կորած համարանիշի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` կորստյան օրվանից 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո հայտնաբերված համարանիշերը դրվում են աճուրդի:
9. Աճուրդով հատկացված` մաշված, դեֆորմացված, անընթեռնելի համարանիշերի փոխարեն տառերի և թվանշանների նույն հավաքածուն պարունակող համարանիշերը տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համարանիշերի հատկացման կարգին համապատասխան:
10. Աճուրդների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
II. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
11. Յուրաքանչյուր տարվա աճուրդի դրվող համարանիշերի ցանկը, յուրաքանչյուրը` որպես առանձին լոտ, կազմակերպչի կողմից հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով կամ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ` ոչ ուշ, քան նախորդ տարվա դեկտեմբերի 15-ըզ, իսկ 2007 թվականին աճուրդի դրվող համարանիշերի ցանկը հրապարակվում է ոչ ուշ, քան 2007 թվականի հոկտեմբերի 20-ը:
(11-րդ կետը լրաց. 11.10.07 N 1179-Ն)
12. Աճուրդներն անցկացվում են յուրաքանչյուր քսան օրը մեկ անգամ:
13. Յուրաքանչյուր աճուրդից հետո, մասնակիցների ու մասնակից չհամարվող անձանց ներկայությամբ, վիճակահանության միջոցով որոշվում է սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկից, ինչպես նաև 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում աճուրդի դրվող նոր համարանիշերից հաջորդ աճուրդին դրվող լոտերի խմբաքանակը:
14. Կազմակերպիչն աճուրդի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով և էլեկտրոնային միջոցների օգնությամբ կատարում է հրապարակային ծանուցում` աճուրդի օրվանից առնվազն 15 օր առաջ:
Կազմակերպիչն աճուրդի անցկացման վայրում ցուցատախտակի վրա աճուրդի մասին հրապարակային ծանուցում է աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
15. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
բ) աճուրդի անցկացման ժամանակը և վայրը (հասցեն).
գ) աճուրդի մասին հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.
դ) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
ե) աճուրդի ներկայացված լոտերը և դրանցից յուրաքանչյուրի մեկնարկային գինը.
զ) աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
է) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
ը) աճուրդին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները:
16. Աճուրդն սկսվում է 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում և ավարտվում հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:
17. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր: Դիտորդների համար, ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը, վաճառվում են տոմսեր` հաստատված սակագնով, որը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
18. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք չպետք է խոչընդոտեն աճուրդի անցկացմանն ու պետք է հետևեն աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:
III. ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
19. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
20. Մինչև աճուրդն սկսելը մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու աճուրդի մասին ծանուցման մեջ նշված լոտերին (համարանիշերին):
21. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք, աճուրդի հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը, ժամը 18.00, դիմում են կազմակերպչին` ներկայացնելով տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքը հաստատող փաստաթուղթ և լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման անդորրագիրը, որի համար դիմել են:
22. Նախավճարի մուծման դեպքում աճուրդի կազմակերպիչը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական (N 1 ձև):
23. Մեկից ավելի համարանիշերի հատկացման համար դիմած անձը պետք է ունենա համապատասխան թվով տրանսպորտային միջոցներ: Աճուրդի մասնակիցը յուրաքանչյուր համարանիշի հատկացման համար մուծում է համապատասխան թվով նախավճարներ և ստանում նույն թվով վկայական:
24. Մինչև աճուրդն սկսվելը կազմակերպիչը գրանցում է մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, աճուրդին մասնակցելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մյուս փաստաթղթերը, և յուրաքանչյուր մասնակցին, ներկայացված մասնակցի վկայականի համարին համապատասխան, տրամադրվում են քարտեր (անվանաքարտեր):
25. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
IV. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
26. Աճուրդն սկսվում է հայտարարությամբ: Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, համարանիշը կամ դրա գրաֆիկական պատկերը, մեկնարկային գինը, նվազագույն հավելման չափը:
27. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր վկայականին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին:
Յուրաքանչյուր գնորդ իրավունք ունի գինն ավելացնելու մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ նվազագույն հավելման չափից ոչ պակաս գումարով:
28. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:
29. Հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս` գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:
Աճուրդի ժամանակ մի քանի մասնակիցների կողմից միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացվելու դեպքում, եթե ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվում, աճուրդավարն աճուրդում հաղթող համարված մասնակցին որոշում է վիճակահանությամբ:
Վիճակահանությամբ հավասար չափով գնային հայտ ներկայացրած մասնակիցների վկայականներին համապատասխան համարներ պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարն աճուրդավարն առաջինն է հանում արկղից:
30. Աճուրդում հաղթող ճանաչված անձը և կազմակերպիչը լոտի վաճառքից հետո աճուրդի անցկացման օրն ստորագրում են արդյունքների մասին արձանագրությունը (N 2 ձև)` երեք օրինակից, որի մեկ օրինակը տրվում է հաթողին:
Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում:
31. Աճուրդին մասնակցած և չհաղթած անձանց մուծած նախավճարը վերադարձվում է մեկ բանկային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման` նաև աճուրդը չկայանալու դեպքում:
32. Լոտի աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի մասնակից,
բ) աճուրդում հաղթող անձը չի մուծել լոտի ձեռքբերման գումարը,
գ) աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց:
Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:
Տվյալ լոտի աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն կետի առաջին պարբերությունում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
V. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
33. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում (այսուհետ` կայք), որը պարունակում է սույն կարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկությունները:
34. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով կամ վճարում է կազմակերպչի դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:
35. Աճուրդի մասնակցի գրանցումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` կայքում նշված կարգով ներմուծելով տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):
36. Կազմակերպչի դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած աճուրդի մասնակցին կազմակերպչի կողմից տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որում նշվում են քարտը տալու օրը, կազմակերպչի ինտերնետային կայքի հասցեն, մասնակցի անունը, ազգանունը, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):
VI. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ
37. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի մասին ծանուցման հրապարակման 15-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 13.00-ն:
Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե` հաշված առաջարկի ստացման պահից:
38. Էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների ներկայացրած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով:
Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված չափով:
39. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգչի միջոցով:
40. Էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի դեպոզիտ հաշվին:
41. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:
42. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի մասնակցել որևէ մեկը,
բ) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել,
գ) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի ձեռքբերման գինը:
VII. ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ
43. Աճուրդում հաղթող ճանաչված անձն աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ` աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ սահմանված ժամկետում կազմակերպչի հաշվին մուծում է ձեռք բերած լոտի գումարը` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում գործարքը համարվում է չկայացած, իսկ նախավճարը չի վերադարձվում:
44. Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից ձեռքբերման գումարը կազմակերպչին մուծվելուց հետո արձանագրության օրինակների վրա կատարվում է կազմակերպչի կնիքով և աճուրդային հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ հաստատված «Գումարը մուծված է» գրառումը, և դրա երկու օրինակը տրվում է հաղթողին: Երրորդ օրինակը ներկայացվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանում` համարանիշերի հատկացման համար:
Աճուրդով ձեռք բերված համարանիշը հատկացվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման անդորրագրի առկայության, իսկ հաշվառված տրանսպորտային միջոցներին` նաև նախկին համարանիշերի հանձնման դեպքում:
45. Սակարկությունների կազմակերպման ու անցկացման, փոստային, հեռագրային, գրասենյակային, տրանսպորտային միջոցների և այլ հիմնական միջոցների շահագործման ու ամորտիզացիոն և մյուս ծախսերը կատարվում են աճուրդների ընթացքում իրացված լոտերի գնից:
46. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք բանկային օրվա ընթացքում կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցել կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:
Հաղթողի կողմից գնման գնի չվճարման դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է կազմակերպչի դեպոզիտ հաշվում:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
47. Աճուրդի մասին արձանագրությունները կարվում են առանձին գրքերում և պահպանվում կազմակերպչի արխիվում` 3 տարի ժամկետով:
48. Դատարանը սույն կարգի խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, կարող է ճանաչել անվավեր:
49. Աճուրդները բաց հրապարակային եղանակով անցկացվում են` մինչև աճուրդների էլեկտրոնային եղանակը գործողության մեջ դնելը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________
____ __________ 200 թ.
Կ. Տ |
Ձև N 2
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N---- Ա Ճ ՈՒ Ր Դ Ի Ա Ր Դ Յ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ի Մ Ա Ս Ի Ն
Ճանաչվել է հաղթող:
_____________ ._____________.____________.______________._________ _______________________________________________________________
____ __________ 200 թ.
Կ. Տ |