ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-825(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-424 | |
Նախագահող դատավոր՝ | Ն. Հովսեփյան |
դատավորներ՝ |
Ա. Թումանյան |
Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում քննելով Ջեմմա Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արթուր Սմբատյանի ընդդեմ Ջեմմա Խաչատրյանի՝ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորը դիմելով դատարան՝ պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Գ. Արծրունու փողոցի 10 շենքի թիվ 42 բնակարանի 1/2 մասի նկատմամբ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 28.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող Ջեմմա Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը և չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վճիռ կայացնելիս դատարանը բազմակողմանի չի ուսումնասիրել և հաշվի չի առել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է: Սակայն անվիճելի է, որ «ամուսնության ընթացք» արտահայտությունն իր մեջ նախ և առաջ ընդգրկում է համատեղ տնտեսության վարման, ծնողական և այլ ընտանեկան իրավունքների և պարտականությունների համատեղ վարման համակարգ, որը սույն գործի պարագայում սկսած 1998 թվականից բացակայում է: Դատարանը ամուսնության ընթացքը համարել է սոսկ ամուսնության և ամուսնալուծության փաստացի գրանցումների միջև ընկած ժամանակահատվածը:
Սկսած 1998 թվականից հայցվորի բնակության վայրի մասին ոչ ոք տեղեկություն չի ունեցել, պատասխանողը և հայցվորը համատեղ ամուսնական կյանք, համատեղ տնտեսություն չեն վարել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք» բառակապակցությունը ձևավորելիս` օրենսդիրը ելել է այն կանխավարկածից, որ ամուսինները համատեղ տնտեսություն են վարում, երեխաների դաստիարակության, խնամքի, երեխաների ապրուստը հոգալու պարտականություններ են կատարում, ինչը լիովին բացակայում է անհայտ բացակայողի դեպքում: Անհամատեղելի է անհայտ բացակայողի հետ ամուսնության ընթացքում գտնվելու և համատեղ գույք ձեռք բերելու գաղափարը, քանի որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 13.06.2005 թվականի վճռով Արթուր Սմբատյանը ճանաչվել է անհայտ բացակայող:
Արթուր Սմբատյանը չի կատարել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ հոդվածներով սահմանված իր պարտականությունները, թողնելով ողջ հոգսը Ջեմմա Խաչատրյանի ուսերին:
Նշված պատճառաբանությամբ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 19.05.2005 թվականի վճռով վավեր է ճանաչվել Հակոբ Թևոսյանի և Ջեմմա Խաչատրյանի միջև կնքված Երևան քաղաքի Գ.Արծրունու փողոցի 10 շենքի թիվ 42 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը:
2) Արթուր Սմբատյանը 1999 թվականի օգոստոս ամսից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:
3) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.06.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արթուր Սմբատյանը ճանաչվել է անհայտ բացակայող:
4) Համաձայն թիվ 009776 ամուսնալուծության վկայականի` 17.04.2006 թվականին գրանցվել է Արթուր Սմբատյանի և Ջեմմա Խաչատրյանի ամուսնալուծությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության կնքման, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև և այլ հարաբերություններ:
Սույն գործով ամուսնությունը կնքվել է մինչև ընտանեկան օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հետևաբար ամուսնության ծագման իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է 1969 թվականի ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը, իսկ ամուսնալուծության իրավահարաբերության նկատմամբ՝ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը:
1969 թվականի ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու պահից: Իսկ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած՝ ամուսնալուծության պետական գրանցման պահից:
Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորը և պատասխանողը 1988 թվականից մինչև 17.04.2006 թվականը գտնվել են գրանցված ամուսնության մեջ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքի անդամների միջև նույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված և ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այնքանով, որքանով դա չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.05.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վավեր է ճանաչվել Հակոբ Թևոսյանի և Ջեմմա Խաչատրյանի միջև կնքված Երևան քաղաքի Գ. Արծրունու փողոցի 10 շենքի թիվ 42 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Իսկ հայցվորի և պատասխանողի ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցվել է 17.04.2006 թվականին, այսինքն՝ Հակոբ Թևոսյանի և Ջեմմա Խաչատրյանի միջև կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրի վավեր ճանաչումից հետո: Փաստորեն, գրանցված ամուսնության ընթացքում Ջեմմա Խաչատրյանը ձեռք է բերել անշարժ գույք: Հետևաբար Արթուր Սմբատյան, Ջեմմա Խաչատրյան ամուսինների միջև պայմանագրի բացակայության պայմաններում վերը նշված գործարքով ձեռք բերված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով համարվում է Արթուր Սմբատյանի և Ջեմմա Խաչատրյանի համատեղ սեփականությունը:
Այն հանգամանքը, որ հայցվորը և պատասխանողը 1999 թվականից ի վեր համատեղ տնտեսություն չեն վարել, ապրել են առանձին, որ հայցվոր Արթուր Սմբատյանը չի կատարել երեխաների դաստիարակության, խնամքի, երեխաների ապրուստը հոգալու պարտականություններ, ինչպես նաև որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.06.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արթուր Սմբատյանը ճանաչվել է անհայտ բացակայող, հիմք չէ ամուսնությունը դադարած ճանաչելու համար, քանի որ այդ հանգամանքները սոսկ հիմք են ենթադրելու, որ ամուսինների միջև անձնական հարաբերությունները ինչ-որ ժամանակահատվածում բացակայել են, իսկ անհայտ բացակայող ճանաչված լինելու հանգամանքը որևէ ձևով չի սահմանափակում Արթուր Սմբատյանի գույքային իրավունքները: Ամուսնությունը որպես քաղաքացիաիրավական ինստիտուտ, կնքված համարվելով, պետական գրանցման պահից ամուսինների համար ստեղծում է օրենսդրությամբ նախատեսված որոշակի անձնական գույքային և ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ՝ անկախ ամուսինների միջև առկա անձնական հարաբերությունների բնույթից:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորի և պատասխանողի միջև կնքված ամուսնությունը վիճելի գործարքի կնքման պահի դրությամբ դադարած չի եղել, այսինքն՝ վիճելի գործարքը կնքվել է ամուսնության ընթացքում, հետևաբար ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը հայցվորի և պատասխանողի համատեղ սեփականությունն է:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ հոդվածները չկիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանություններին, ապա նշված հոդվածներով սահմանված են ծնողների իրավունքներն ու պարտականությունները՝ իրենց երեխաների դաստիարակության, առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական զարգացման, կրթության տալու խնդիրների լուծման հարցում: Դրանք որևէ ձևով չեն վերաբերում ամուսինների գույքային իրավունքներին և այդ պարտականությունների չկատարումը չի սահմանափակում ամուսինների գույքային իրավունքները:
Այսպիսով՝ վերը նշված պատճառաբանությամբ հիմնավոր չեն դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ հոդվածները չկիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|