041.0415.01.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 1997 թ. N 415
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեի (Հայկական ՍՍՀ պետպլանի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 585 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 21 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 233 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ապրանքների և ծառայությունների ներքին շուկայի կարգավորման, արտաքին տնտեսական կապերի և արդյունաբերության զարգացման, ինտելեկտուալ սեփականության ոլորտի կարգավորման, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային համակարգերի կատարելագործման, արդյունաբերական տեխնոլոգիաների ներդրման, ձեռնարկատիրության զարգացման և օժանդակման, ներդրումների ներգրավման, արտահանման խթանման, զբոսաշրջիկության զարգացման, ինչպես նաև համակարգի պետական կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունն իր իրավասության շրջանակներում պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:
3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`
ա) ներքին և արտաքին շուկաներում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների մրցունակության խթանումը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ ձեռնարկատիրական գործունեության միջավայրի ապահովումը.
բ) իր իրավասությանը վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական քաղաքականության և արտաքին առևտրատնտեսական կապերի զարգացման հիմնական սկզբունքների մշակումն ու իրագործումը, միջազգային առևտրատնտեսական կազմակերպությունների և միությունների, այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ աշխատանքների համակարգումը.
դ) Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների ներգրավման քաղաքականության և ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելն ու դրանց իրագործմանը մասնակցելը.
ե) տնտեսության ճյուղերի և ենթաճյուղերի զարգացման քաղաքականության և արդյունաբերության զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելն ու դրանց իրականացմանը մասնակցելը.
զ) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների և ծառայությունների ներքին շուկայի զարգացման, ինչպես նաև ազատ մրցակցության, հակամենաշնորհային ու սպառողների շահերի պաշտպանության քաղաքականության սկզբունքների մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելն ու դրանց իրականացմանը մասնակցելը.
է) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության զարգացման, տարածքային տնտեսական քաղաքականության մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելն ու դրանց իրագործման գործընթացին մասնակցելը.
ը) նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների կառավարումը, համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացումը.
թ) իր ենթակայության ձեռնարկությունների և դրանց արտադրանքի սպառման շուկաների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը, ստացված տեղեկատվության համակարգումն ու վերլուծումը.
ժ) արդյունաբերության ճյուղերի և առանձին արտադրությունների կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակումն ու իրականացումը, նոր շուկաների որոնման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին այդ շուկաների ներգրավման գործում աջակցելը.
ժա) Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում մոբիլիզացիոն աշխատանքների կազմակերպումն ու ձևավորումը, Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) զարգացման համար անհրաժեշտ գիտատեխնիկական ռազմավարության ապահովումը, Հայաստանի Հանրապետության ՌԱՀ-ին պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ժբ) տեխնոլոգիաների զարգացման և ներդրման աշխատանքների համակարգման ու կոորդինացման ապահովումը.
ժգ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման, ինտելեկտուալ սեփականության ոլորտներում քաղաքականության մշակումը, այդ ոլորտներում տարվող աշխատանքների կոորդինացումը և համակարգումը, իր ենթակայության` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության ու Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ազգային գործակալության պետական կառավարման իրականացումը.
ժդ) Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների և գերատեսչությունների կողմից առաջարկվող առևտրատնտեսական ոլորտին վերաբերող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը մասնակցելը.
ժե) Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական բնույթի միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների կատարման վերաբերյալ վերլուծություն ու առաջարկություններ ներկայացնելը.
ժզ) Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների ստեղծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ առաջարկություններ ներկայացնելը, այդ ներկայացուցչությունների աշխատանքի կազմակերպմանը մասնակցելը.
ժէ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնվող միջազգային վարկային ծրագրերի քննարկմանն իր իրավասության սահմաններում մասնակցելը.
ժը) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ապրանքային վիճակագրության` ապրանքային կազմի և ծավալի, համամասնությունների փոփոխության վերաբերյալ տեղեկատվական բանկի կազմավորման աշխատանքների կազմակերպումը, ստացված տեղեկատվության վերլուծության իրականացումը, անհրաժեշտ տեղեկատվական ծառայությունների մատուցումը, օրինաչափությունների կարգավորումն ու բացահայտումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանման և ներմուծման թույլտվություններ, եզրակացություններ տալը և տեղեկատվության տրամադրումը.
ի) տարիֆային և ոչ տարիֆային քաղաքականության մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը և այդ քաղաքականության իրականացման գործին մասնակցելը.
իա) շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ զարգացման և ներդրումների աջակցման ծրագրերի մշակումն ու իրագործումը.
իբ) ներդրումները և արտահանումը խթանող ու կարգավորող նպատակային միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստման ու այդ պայմանագրերից (համաձայնագրերից) բխող պարտավորությունների կատարման հետ առնչվող գործընթացներին, ինչպես նաև միջազգային հանձնաժողովների, միությունների, խմբերի և այլ միավորումների, այդ թվում` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների աշխատանքներին մասնակցելը.
իգ) արտահանման խթանման պետական քաղաքականության մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը և այդ քաղաքականության իրականացման գործին մասնակցելը.
իդ) ներդրումների խթանման համար անհրաժեշտ մեթոդիկայի մշակումն ու կիրարկումը, ներդրումային փաստաթղթերի, այդ թվում` ներդրումային ծրագրերի օրինակելի ձևերի մշակումը, դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
իե) Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագրերի մշակմանն օժանդակումը և այդ գործընթացի կոորդինացումը.
իզ) փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման տարածքային տնտեսական քաղաքականության մշակումը.
իէ) փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանը խթանող և օժանդակող համակարգի ստեղծումն ու կոորդինացումը.
իը) օտարերկրյա պետություններից ստացված օգնության գծով նախատեսված ծրագրերի հիման վրա ֆինանսական միջոցների տեղաբաշխմանը, ըստ հայտերի, և միջազգային դոնոր կազմակերպություններին դրանց ներկայացման գործընթացին մասնակցելը.
իթ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցումը, նախարարության իրավասության սահմաններում դրանց աշխատանքի համակարգումն ու վերահսկումը.
լ) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների և ծառայությունների ներքին շուկայի գործունեությանն առնչվող` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների կողմից մշակվող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և համապատասխան եզրակացություններ ներկայացնելը.
լա) պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ապրանքների ու ծառայությունների ներքին շուկայում իրականացվող առևտրատնտեսական գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակմանը համագործակցելը.
լբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ տալը.
լգ) Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքների և ծառայությունների իրացման ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների մշակման և իրագործման գործընթացներին մասնակցելը.
լդ) ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների, նրանց շահերը ներկայացնող միավորումների, ասոցիացիաների և այլ կազմակերպությունների հետ համագործակցելը.
լե) Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության զարգացման քաղաքականության, զբոսաշրջիկության ոլորտի զարգացման հեռանկարային ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, անհրաժեշտ տեղեկատվական և գովազդային գործունեության համակարգումը, միջազգային և տարածաշրջանային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլ միջոցառումներին մասնակցելը, զբոսաշրջիկության շուկան վերլուծելը.
լզ) զբոսաշրջիկության ոլորտի աշխատողների ուսուցման և վերապատրաստման գործընթացը համակարգելն ու վերահսկելը.
լէ) միջազգային զբոսաշրջիկության կազմակերպությունների, այդ թվում` Զբոսաշրջիկության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) հետ կապերը համակարգելն ու զարգացնելը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Նախարարության համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը, Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ազգային գործակալությունը, ինչպես նաև իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը բոլոր հարցերը լուծում է իր իրավասության սահմաններում` չխախտելով Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության ու Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ազգային գործակալության, ինչպես նաև ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
8. Նախարարությունը`
ա) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ` միջգերատեսչական հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները.
գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է բոլոր ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների համար` ոլորտին վերաբերող գործունեության սահմաններում.
դ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, այդ թվում` իր համակարգի պետական կառավարման մարմինների միջոցով.
ե) կնքում է իր իրավասության սահմաններում միջպետական պայմանագրեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.
զ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ:
է) կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.
ը) կազմակերպում է կառավարման ոլորտի բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը և որոշակի առաջադրանքների չկատարման համար պատասխանատվության ենթարկում պաշտոնատար անձանց.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.
ժ) մշակում և իրականացնում է նախարարության կենտրոնական ապարատի, նախարարության համակարգի այլ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.
ժա) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին դուստր ձեռնարկություններ հիմնադրելու, լուծարելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.
ժբ) վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական հիմնական և շրջանառու միջոցների օգտագործումը, դրանց օտարումը և վարձակալության հանձնումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժգ) իրականացնում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
ժդ) իրականացնում է կենտրոնական ապարատի ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցների հաշվին.
ժե) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը և այնտեղ բերված փաստերի վերլուծությունը, միջոցներ ձեռնարկում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման համար:
9. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը (այսուհետև` նախարար), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
10. Նախարարը`
ա) ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ.
բ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
գ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության գործառույթների սահմաններում.
դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
զ) հաստատում է նախարարության համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է) հաստատում է նախարարության ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը.
ը) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անհատական կազմը.
թ) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
ժ) կնքում է աշխատանքային կոնտրակտներ նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների հետ.
ժա) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.
ժգ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկում նախարարության աշխատողներին.
ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ժե) նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ նախարարի տեղակալներից մեկը:
11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի ղեկավար աշխատողներ:
12. Նախարարության կոլեգիան`
ա) իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում նախարարության ոլորտի պետական կառավարման, քաղաքականության մշակման և ներդրման կարևորագույն հարցերը, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.
բ) արձակում է որոշումներ, ապահովում դրանց կենսագործումը` նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
գ) կոլեգիայի նիստերին մշտական հրավիրվածի կարգավիճակով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատողը, կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, մամուլի ու զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: