«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 1045-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի
N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի «Շահագործման տեխնիկական վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումը «Էներգետիկայի պետական տեսչություն» առանձնացված ստորաբաժանման վերակազմակերպելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում`
ա) «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերից առաջ լրացնել «I.» թվով.
բ) հանել «3. Շահագործման տեխնիկական վերահսկողության վարչություն» բառերը.
գ) լրացնել «II. Առանձնացված ստորաբաժանում
1. Էներգետիկայի պետական տեսչություն» բառերով:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության Էներգետիկայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի աշխատողների թվի փոփոխության վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 23.03.06 N 366-Ն)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքներով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը,
բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
(7-րդ կետը խմբ. 23.03.06 N 366-Ն)
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների կատարում, բայց ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ՝
էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.
բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշման ընդունում.
գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, նոր կառուցվող և վերակառուցող 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի էներգատեղակայանքների գործարկման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եզրակացություններ տալը՝ թույլատրելով դրանց գործարկումը.
դ) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումները բացահայտելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.
ե) էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերլուծության կատարում և դրանց վերաբերյալ վիճակագրության վարում.
զ) նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
(8-րդ կետը խմբ. 23.03.06 N 366-Ն, խմբ., փոփ. 02.08.07 N 876-Ն)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը (այսուհետ՝ նախարար): Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ՝ տեղակալ):
Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
(10-րդ կետը փոփ. 23.03.06 N 366-Ն)
11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը՝
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,
բ) նախարարին (տեղակալին) ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ,
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին,
է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները,
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները,
ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները,
ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ,
ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,
ժդ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին` դրանց կիրառման օրվանից 10 օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավասու մարմիններ ներկայացնում է հաղորդում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավախախտումներ թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու մասին,
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
(12-րդ կետը փոփ. 23.03.06 N 366-Ն)
13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և (կամ) նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Էլեկտրաէներգետիկական վերահսկողության բաժին
Գազամատակարարման և ջերմամատակարարման վերահսկողության բաժին
Վերլուծության, վիճակագրության և շահագործման համակարգման բաժին
(1-ին բաժինը լրաց. 23.03.06 N 366-Ն)
II. Տարածքային մարմիններ
Երևանի քաղաքային բաժին
Կենտրոնական միջմարզային բաժին
Հյուսիսային միջմարզային բաժին
Հարավային միջմարզային բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |