«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2006 թվականի N 685-Ա
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2006 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել 150.0 մլն խոր. մետր:
(1-ին կետը փոփ. 18.08.06 N 1175-Ա)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խոր. մետր/վրկ և 2 ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը` տարեկան` 0.65 մլն խոր. մետր:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման և Ապարանի ջրամբարից Արզնի-Շամիրամ ջրանցքին նախատեսված դոտացիայի անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սույն որոշման 1-ին կետով սահմանված` Սևանա լճից 2006 թվականի ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը համապատասխան փոփոխության ենթարկելու համար:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 5 |