«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 245-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման ծրագրեր իրականացնելու համար լաբորատորիաների, կաբինետների, ուսումնական ավտոհրապարակի (կամ ավտոդրոմի) տեխնիկական հագեցվածության պահանջները` համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման գործընթացը, և կարգավորվում են լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման համար լիցենզիան (այսուհետ՝ լիցենզիա) տալիս է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված՝ տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացության հիման վրա:
3. Լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի ու 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն նախարարություն է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտը` նշելով իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, կրթական գործունեությամբ սովորողների սահմանային թիվը և տրանսպորտային միջոցների կարգը (կարգերը), որի (որոնց) համար իրականացվում է ուսուցում.
2) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի պատճենը կամ տեղեկանք սոցիալական քարտի բացակայության մասին.
3) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
4) լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագիրը.
5) հայտատուի կողմից հաստատված՝
ա. տեղեկանք դասավանդող կազմի մասին, որում նշվում են դասավանդողների անունները, ազգանունները, անձնագրերի տվյալները, աշխատանքային ստաժը, մասնագիտական որակավորումը,
բ. տեղեկանք զբաղեցրած ուսումնական տարածքի մակերեսի մասին, որում նշվում են տեղեկություններ դասասենյակների (լսարանների), գործնական ուսուցման տարածքների մասին,
գ. տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը,
դ. տեղեկանք տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին, որի պատճենը նախարարությունը` ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկանքի պատճենն ստանալուն հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացություն:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները հայտատուի կողմից համարվում են ապահովված, եթե՝
1) դասավանդող կազմում ներառված են առնվազն միջին մասնագիտական կրթությամբ և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձինք.
2) ուսումնական տարածքները (դասասենյակներ, լսարաններ) համապատասխանում են ուսումնական տարածքի համար սահմանված նորմերին, տրանսպորտային միջոցներ վարելու գործնական ուսուցման համար առկա է 1.5 հեկտար մակերես ունեցող ավտոհրապարակ (կամ ավտոդրոմ), ներկայացվել են ուսումնական տարածքների, այդ թվում՝ ավտոհրապարակի (կամ ավտոդրոմի) տնօրինման իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերը: Ավտոհրապարակի (կամ ավտոդրոմի) բացակայության դեպքում պահանջը համարվում է բավարարված, եթե ապահովված են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջները` սույն ենթակետին համապատասխան՝ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում.
3) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով` ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, ուսումնական պլանով նախատեսված դասընթացները և դրանց տևողությունը համապատասխանում են նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանին.
4) տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովվածության պահանջների մասով` լաբորատորիաները, կաբինետները, ուսումնական ավտոհրապարակը (կամ ավտոդրոմը) բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 245-Ն որոշման N 3 հավելվածի պահանջները:
5. Լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 0 0 0 0
ՍԵՐԻԱ Ա
Սույնով վավերացվում է, որ՝ |
___________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը) |
___________________________________________________ (իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը) |
իրավունք ունի իրականացնելու ______________________________ (գործունեության տեսակի անվանումը) |
___________________________________________________ |
Լիցենզիան տրվում է անժամկետ: |
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
______________ |
______________ |
|
____ _________________ ____ թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՎՏՈՀՐԱՊԱՐԱԿԻ (ԿԱՄ ԱՎՏՈԴՐՈՄԻ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
Տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները տեխնիկական հագեցվածության պահանջների մասով համարվում են ապահովված, եթե առկա են նշված լաբորատորիաները, կաբինետները, ուսումնական ավտոհրապարակը (կամ ավտոդրոմը)՝ հետևյալ հագեցվածությամբ՝
1. Լաբորատորիաներ`
ա. տրանսպորտային միջոցների կառուցվածքի`
ուսումնասիրվող մակնիշների լրակազմային մեխանիզմներ, մասեր և սարքեր,
քանդման-հավաքման աշխատանքներ անցկացնելու համար գործիքների, հարմարանքների և հանիչների լրակազմեր,
աշխատանքային սեղաններ (փականագործական դազգահներ),
ուսումնական փաստաթղթեր,
բժշկական դեղարկղիկ, հակահրդեհային միջոցներ,
բ. տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման`
ուսումնասիրվող մակնիշների ագրեգատների ու հանգույցների լրակազմեր,
տաք կարգավորման համար ուսումնասիրվող մակնիշների շարժիչներ` պատվանդանների վրա,
վահանակներ` կարգավորման տվյալների աղյուսակներով, տեխնիկական սպասարկման գծով աշխատանքների ցանկերով,
ուսումնասիրվող մակնիշի յուղման սխեմաներ,
տեխնիկական սպասարկման գծով աշխատանքներ անցկացնելու համար շահագործական նյութերի հավաքածու,
ախտորոշման սարքեր, գործիքների և հարմարանքների, տեխնիկական սպասարկման գծով աշխատանքների անցկացման համար հանիչների լրակազմեր,
աշխատանքային սեղաններ (փականագործական դազգահներ),
ուսումնական փաստաթղթեր,
բժշկական դեղարկղիկ,
հակահրդեհային միջոցներ:
2. Կաբինետներ`
ա. ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հիմունքների և անվտանգության տեխնիկայի՝
ավտոմոբիլային փոխադրումների զարգացումը բնութագրող դիագրամներ,
ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կառուցվածքների, գարաժներում և շարժիչը տաքացնելու տարբեր միջոցներ ունեցող բացօթյա կայանատեղերում շարժական կազմի տեղաբաշխման, ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման տեխնոլոգիական պրոցեսների, ավտոմոբիլային փոխադրումների կենտրոնացված կառուցման սխեմաներ,
ավտոմոբիլի ընդունման-հանձնման ակտի, ուղեթերթի, ապրանքատրանսպորտային ապրանքագրի, ավտոմոբիլի ընթացիկ վերանորոգման մասին հայտի, պահեստամասերի և նյութերի պահանջագրերի, ավտոմոբիլի պարապուրդի ակտերի, բեռը չափելու (կշռելու), բեռի պակասորդի (փչացման), ձևակերպման ավտոմոբիլային տրանսպորտի պաշտպանության ու անվտանգության և բեռնման աշխատանքների մասին պլակատների լրակազմեր,
աղյուսակներ` «Վառելաքսայուղային նյութերի ծախսի նորմաներ», «Շարժական կազմի աշխատանքի տեխնիկաշահագործական ցուցանիշներ»,
հարմարանքներ և գործիքներ` ուսումնասիրվող մակնիշների տեխնիկական սպասարկման հարցերը բացատրելիս` դրանց ակնառու ցուցադրման համար,
ուսումնադիտողական պարագաներ ավտոմոբիլի վարման հոգեբանաֆիզիոլոգիական հիմունքների մասին,
ուսումնադիտողական պարագաներ` տարբեր՝ ճանապարհային և հիդրոօդերևութաբանական պայմաններում անվտանգ երթևեկության տեխնիկական հնարներին վերաբերող,
ուսումնասիրվող մակնիշի սխեմա` երթևեկության անվտանգության վրա ազդող մեխանիզմների ու սարքերի նշմամբ,
ուսումնադիտողական պարագաներ` ավտոտրանսպորտային միջոցների վարորդի աշխատանքի հիգիենայի, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ տուժածներին առաջին բուժօգնություն ցույց տալուն, վարորդի բժշկական արկղիկի պարունակությանը վերաբերող,
ստենդ՝ մարզում (քաղաքում) տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներին և դրանց պատճառներին վերաբերող ֆոտոնյութերով.
բ. ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության հիմունքների`
ճանապարհային նշաններ և տեղեկատվության լրացուցիչ միջոցներ,
լրակազմեր (դասավանդողի համար)` մետաղյա հիմքով` տարբեր խաչմերուկների և օղակաձև երթևեկությամբ հրապարակի պատկերով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բաժանման մասին խնդիրներ կազմելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և ճանապարհային նշանների մագնիսական մակետներ,
խաչմերուկների և հրապարակի սխեմաների, տրանսպորտի բաժանման մասին խնդիրների լուծման համար նախատեսված տրանսպորտային միջոցների մակետներ,
ուսումնադիտողական պարագաներ՝ ճանապարհային նշագծման ու ճանապարհներին, կամուրջներին, ուղեկամուրջներին և մյուս տեղերում դրանց կիրառմանը վերաբերող,
լուսացույցների (բոլոր տեսակների) էլեկտրիֆիկացված մոդելներ,
ուսումնադիտողական պարագաներ՝ կարգավորողի ազդանշանների, բնակավայրի, որտեղ տեղավորված են ուսումնական կազմակերպության, կարգավորման միջոցների (կարգավորողների, լուսացույցների, ճանապարհային նշանների, նշագծումների) տեղադրման վայրերը պատկերող ուսումնական երթուղիների, վթարային և վտանգավոր տեղամասերի և ուրիշ սխեմաներ,
ուսումնադիտողական պարագաներ` երթևեկելի մասում տրանսպորտային միջոցների տեղաբաշխմանը, մանևրելուն, վազանցին, երթուղային գծանցներով անցմանը, մարդկանց և բեռների փոխադրմանը, շարասյունով երթևեկելուն, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին ու կահավորմանը, համարային, տարբերիչ և նախազգուշացնող նշաններին, գրառումներին ու նշումներին վերաբերող:
3. Ուսումնական ավտոհրապարակ (կամ ավտոդրոմ)`
հրապարակ և օղակաձև երթուղի` կահավորված վարման ուսուցման սկզբնական խնդիրների լուծման համար,
եզրաչափքային (գաբարիտային)՝ «Թունել», «Բակ», «Ութնյակ», «Ոլորապտույտ անցում» (կամ «Օձաշար»),
երկաթուղային հարթակներ և գծանցներ, էստակադ,
բլուր և սարալանջեր,
կարգավորող խաչմերուկ,
ճանապարհային նշաններ, լուսացույցներ, երթևեկելի մասեր, գծանշումներ, կողմնորոշիչներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |