Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի
Երկրորդ արձանագրություն
(Հաագա, 1999 թ. մարտի 26)
Սույն Արձանագրության Կողմերը,
գիտակցելով զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության բարելավման և հատուկ առանձնացված մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը,
վերահաստատելով 1954 թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի դրույթների կարևորությունը և ընդգծելով այդ դրույթները դրանց իրականացմանն ուղղված միջոցներով լրացնելու անհրաժեշտությունը,
Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին տրամադրել միջոցներ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանությանն ավելի սերտորեն ներգրավվելու համար` այդ նպատակով պատշաճ ընթացակարգեր ստեղծելու ճանապարհով,
համարելով, որ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող նորմերը պետք է արտացոլեն միջազգային իրավունքի զարգացումները,
հաստատելով, որ միջազգային հանրային իրավունքի նորմերն այսուհետ ևս կկանոնակարգեն սույն Արձանագրության դրույթներով չկարգավորվող հարցերը,
համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.
Գ լ ու խ 1
Ներածություն
Հոդված 1 | Սահմանումներ |
Սույն Արձանագրության նպատակների համար.
ա) «Կողմ» նշանակում է՝ սույն Արձանագրության Մասնակից պետություն,
բ) «մշակութային արժեքներ» նշանակում է՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված մշակութային արժեքներ,
գ) «Կոնվենցիա» նշանակում է՝ 1954 թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիա,
դ) «Բարձր պայմանավորվող կողմ» նշանակում է` Կոնվենցիայի Մասնակից պետություն,
ե) «ուժեղացված պաշտպանություն» նշանակում է՝ 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն հաստատված ուժեղացված պաշտպանության համակարգ,
զ) «ռազմական օբյեկտ» նշանակում է՝ օբյեկտ, որն իր բնույթով, տեղակայությամբ, նշանակությամբ կամ օգտագործմամբ էականորեն նպաստում է ռազմական գործողություններին, և որի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, բռնազավթումը կամ չեզոքացումը տվյալ հանգամանքներում տալիս են բացահայտ ռազմական առավելություն,
է) «ապօրինի» նշանակում է՝ հարկադրաբար կամ զավթած տարածքների ազգային կամ միջազգային իրավունքի նորմերի կիրառումների այլ խախտումներով,
ը) «Ցուցակ» նշանակում է՝ 27-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն հաստատված ուժեղացված պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների Միջազգային ցուցակ,
թ) «Գլխավոր տնօրեն» նշանակում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն,
ժ) «ՅՈՒՆԵՍԿՕ» նշանակում է՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն,
ժա) «Առաջին Արձանագրություն» նշանակում է՝ 1954 թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Արձանագրություն:
Հոդված 2 | Կապը Կոնվենցիայի հետ |
1. Սույն Արձանագրությունը լրացնում է Կոնվենցիան Կողմերի միջև հարաբերություններում:
Հոդված 3 | Կիրառման շրջանակը |
1. Ի լրումն խաղաղ ժամանակ կիրառվող դրույթների՝ սույն Արձանագրությունը կիրառվում է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերում և 22-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված իրավիճակներում:
2. Եթե զինված հակամարտության կողմերից մեկի համար սույն Արձանագրությունը պարտադիր չէ, սույն Արձանագրության Կողմերի համար այն շարունակում է պարտադիր մնալ նրանց փոխադարձ հարաբերություններում: Բացի դրանից՝ նրանց համար սույն Արձանագրությունը պարտադիր է հակամարտության կողմ հանդիսացող այն պետության հետ հարաբերություններում, որի համար այն պարտադիր չէ, այն դեպքում, եթե վերջինս ընդունում է սույն Արձանագրության դրույթները, և` այնքան ժամանակ, որքան կիրառում է դրանք:
Հոդված 4 | Կապը 3-րդ գլխի և Կոնվենցիայի ու սույն Արձանագրության այլ դրույթների միջև |
Սույն Արձանագրության 3-րդ գլխի դրույթների կիրառումը չի ազդում.
ա) Կոնվենցիայի 1-ին գլխի և սույն Արձանագրության 2-րդ գլխի դրույթների կիրառման վրա,
բ) Կոնվենցիայի 2-րդ գլխի դրույթների կիրառման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Արձանագրության Կողմերի միջև կամ Կողմի և այն պետության միջև, որը 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ընդունում և կիրառում է սույն Արձանագրությունը, մշակութային արժեքներին շնորհված է հատուկ պաշտպանություն, ինչպես նաև ուժեղացված պաշտպանություն, որի ժամանակ կիրառվում են միայն ուժեղացված պաշտպանության վերաբերյալ դրույթները:
Գ լ ու խ 2
Պաշտպանության մասին ընդհանուր դրույթներ
Հոդված 5 | Մշակութային արժեքների պաշտպանություն |
Նախապատրաստական միջոցները, որոնք կիրառվում են խաղաղ ժամանակ մշակութային արժեքները, Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան, զինված հակամարտության հնարավոր հետևանքներից պաշտպանելու համար, ներառում են համապատասխան գույքացուցակների նախապատրաստումը, շինությունները հրդեհից և ավերածություններից պաշտպանելու ուղղությամբ արտակարգ միջոցառումների պլանավորումը, շարժական մշակութային արժեքները դուրս բերելու համար նախապատրաստումը կամ տեղերում այդ արժեքների անհրաժեշտ պաշտպանության ապահովումը և մշակութային արժեքները պաշտպանելու համար պատասխանատու իրավասու իշխանությունների նշանակումը:
Հոդված 6 | Հարգանք մշակութային արժեքների նկատմամբ |
Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան մշակութային արժեքների նկատմամբ հարգանքն ապահովելու նպատակով.
ա) Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված ծայրահեղ ռազմական անհրաժեշտության վրա հղում կատարելով՝ մշակութային արժեքների նկատմամբ թշնամական գործողությունից ձեռնպահ մնալու պարտավորության խախտումը թույլատրվում է միայն այն ժամանակ և այնքան ժամանակով, երբ.
(i) այդ մշակութային արժեքներն իրենց գործառույթներով վերածված են ռազմական օբյեկտների, և
(ii) գործնականում գոյություն չունի ռազմական առավելություն ստանալու համար ոչ մի հավասարազոր այլընտրանք, քան այն, որը կարելի է ստանալ այդ օբյեկտի դեմ թշնամական ակտ իրականացնելու արդյունքում,
բ) Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված ծայրահեղ ռազմական անհրաժեշտության վրա հղում կատարելով՝ մշակութային արժեքները այնպիսի նպատակների համար օգտագործելը, որոնք կարող են դրանք ավերման կամ վնասվելու վտանգի ենթարկել, կարող է թույլատրվել միայն այն ժամանակ, երբ հնարավորություն չկա հավասարազոր ռազմական առավելության հասնելու համար ընտրություն կատարել այդպիսի օգտագործման և այլ հնարավոր միջոցի միջև,
գ) ծայրահեղ ռազմական անհրաժեշտության հղման վերաբերյալ որոշումը կայացվում է գումարտակին հավասարազոր մեծության կամ իր չափով ավելի մեծ ուժերի հրամանատարի կողմից կամ չափով ավելի փոքր ուժերի հրամանատարի կողմից, եթե հանգամանքները չեն թույլատրում գործել այլ կերպ,
դ) «ա» ենթակետին համապատասխան ընդունված որոշման հիման վրա հարձակման դեպքում կատարվում է արդյունավետ նախնական զգուշացում, եթե հանգամանքները դա թույլատրում են:
Հոդված 7 | Նախազգուշական միջոցները հարձակման ժամանակ |
Առանց վնասելու ռազմական գործողությունների իրականացման ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքով պահանջվող նախազգուշական այլ միջոցները, հակամարտության յուրաքանչյուր Կողմ.
ա) անում է հնարավոր ամեն բան` համոզվելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտները չեն հանդիսանում Կոնվենցիայի 4-րդ կետին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներ,
բ) ձեռնարկում է հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները հարձակման միջոցների և մեթոդների ընտրության ժամանակ` Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներին պատահականորեն վնաս պատճառելուց խուսափելու և ամեն դեպքում նվազագույնի հասցնելու համար,
գ) ձեռնպահ է մնում ցանկացած այնպիսի հարձակման վերաբերյալ որոշում ընդունելուց, որը կարող է պատահականորեն վնաս պատճառել Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներին, և որը անհամաչափ կլինի ակնկալվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելություն ստանալու տեսանկյունից, և
դ) ընդհատում կամ դադարեցնում է հարձակումը, եթե ակնհայտ է դառնում.
(i) որ օբյեկտը հանդիսանում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեք,
(ii) որ այդ հարձակումը կարող է պատահականորեն վնաս հասցնել Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային օբյեկտներին և անհամաչափ կլինի ակնկալվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելություն ստանալու տեսանկյունից:
Հոդված 8 | Ռազմական գործողությունների հետևանքները կանխելու նախազգուշական միջոցները |
Հակամարտությանը մասնակցող Կողմերը առավելագույն հնարավոր չափով.
ա) ռազմական օբյեկտների մոտակայքում գտնվող վայրերից հեռացնում են շարժական մշակութային արժեքները կամ տեղերում ապահովում են դրանց համարժեք պաշտպանությունը,
բ) խուսափում են մշակութային արժեքները ռազմական օբյեկտների մոտակայքում տեղակայելուց:
Հոդված 9 | Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում |
1. Առանց վնասելու Կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները` մի Կողմի տարածքն ամբողջովին կամ մասնակիորեն բռնազավթած Կողմը բռնազավթված տարածքի առնչությամբ արգելում կամ կանխում է.
ա) մշակութային արժեքի ցանկացած անօրինական արտահանումը, այլ տեղափոխումը կամ սեփականության իրավունքի փոխանցումը,
բ) բոլոր հնագիտական պեղումները, եթե դրանք խստորեն չեն պահանջվում մշակութային արժեքի պաշտպանության, հաշվառման կամ պահպանման համար,
գ) մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:
2. Բռնազավթված տարածքում մշակութային արժեքների ցանկացած հնագիտական պեղումը, դրանց վերափոխումը կամ օգտագործման ձևի փոփոխությունն իրականացվում են բռնազավթված տարածքների ազգային իրավասու իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ, եթե հանգամանքները դա թույլ են տալիս:
Գ լ ու խ 3
Ուժեղացված պաշտպանություն
Հոդված 10 | Ուժեղացված պաշտպանություն |
Մշակութային արժեքները կարող են վերցվել ուժեղացված պաշտպանության տակ, եթե դրանք համապատասխանում են հետևյալ երեք պայմաններին.
ա) հանդիսանում են մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգություն,
բ) պաշտպանվում են ազգային համապատասխան օրենսդրական և վարչական միջոցներով, որոնք ճանաչում են դրանց մշակութային և պատմական արժեք լինելը և երաշխավորում են դրանց պաշտպանության ամենաբարձր մակարդակը,
գ) չեն օգտագործվում ռազմական նպատակների կամ ռազմական դիրքերի պաշտպանության համար, և մշակութային արժեքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող Կողմը հայտարարություն է արել՝ ի հաստատումն այն բանի, որ դրանք չեն օգտագործվի նման ձևով:
Հոդված 11 | Ուժեղացված պաշտպանության տրամադրումը |
1. Յուրաքանչյուր Կողմ Կոմիտեին ներկայացնում է այն մշակութային արժեքների Ցուցակը, որոնց վերաբերյալ ինքը մտադիր է հայց ներկայացնել ուժեղացված պաշտպանության տրամադրման նպատակով:
2. Այն Կողմը, որը մշակութային արժեքների նկատմամբ իրավազորություն կամ վերահսկողություն ունի, կարող է հայց ներկայացնել` դրանք 27-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն նախապատրաստված Ցուցակում ընդգրկելու համար: Այդ հայցը պարունակում է 10-րդ հոդվածում նշված չափանիշների հետ կապված ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Կոմիտեն կարող է Կողմին հայց ներկայացնելու առաջարկ անել` այդ մշակութային արժեքները Ցուցակում ներառելու համար:
3. Մյուս Կողմերը, «Երկնագույն վահան» միջազգային կոմիտեն և համապատասխան փորձ ունեցող այլ ոչ կառավարական կազմակերպությունները կարող են Կոմիտեի ուշադրությանը ներկայացնել կոնկրետ մշակութային արժեքներ: Այդպիսի դեպքերում Կոմիտեն կարող է որոշում ընդունել, որ այդ մշակութային արժեքը Ցուցակում ընդգրկելու համար հայց ներկայացնելու առաջարկ արվի Կողմին:
4. Այն տարածքներում տեղակայված մշակութային արժեքների ընդգրկման մասին հայցը, որոնց ինքնիշխանության կամ իրավասության հետ կապված հարցերը վիճարկվում են մեկից ավելի պետությունների կողմից կամ նրանց ընդգրկումը ոչ մի կերպ չեն վնասում Կողմերի վիճարկման իրավունքը:
5. Ցուցակի մեջ ընդգրկելու մասին հայցը ստանալուց հետո Կոմիտեն այդ խնդրանքի մասին տեղեկացնում է բոլոր Կողմերին: Կողմերը 60 օրվա ընթացքում կարող են այդպիսի հայցի վերաբերյալ իրենց առարկության մասին հայտնել Կոմիտեին: Առարկությունները կատարվում են միայն 10-րդ հոդվածում նշված չափանիշների հիման վրա: Դրանք պետք է լինեն կոնկրետ և փաստարկված: Կոմիտեն քննարկում է առարկությունները՝ հնարավորություն տալով հայց ներկայացրած Կողմին պատասխանել մինչև որոշում ընդունելը: Եթե այդպիսի առարկությունները ներկայացված են Կոմիտեի քննարկմանը, ապա Ցուցակի մեջ ընդգրկելու որոշումը, չնայած 26-րդ հոդվածի դրույթներին, ընդունվում է քվեարկությանը ներկա և քվեարկող մասնակիցների թվի չորս հինգերորդի մեծամասնությամբ:
6. Հայցի վերաբերյալ որոշում ընդունելու ընթացքում Կոմիտեն կարող է խորհրդակցել կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին փորձագետների հետ:
7. Ուժեղացված պաշտպանության տրամադրման կամ մերժման մասին որոշումը կարող է ընդունվել միայն 10-րդ հոդվածում նշված չափանիշների հիման վրա:
8. Բացառիկ դեպքերում, երբ Կոմիտեն եզրակացնում է, որ մշակութային արժեքները Ցուցակի մեջ ընդգրկելու մասին հայց ներկայացնող Կողմը չի կարող կատարել 10-րդ հոդվածի «բ» ենթակետի չափանիշները, Կոմիտեն կարող է որոշում ընդունել ուժեղացված պաշտպանություն տրամադրելու մասին՝ այն պայմանով, որ հայց ներկայացնող Կողմը դիմում ներկայացնի միջազգային օգնություն տրամադրելու վերաբերյալ` 32-րդ հոդվածին համաձայն:
9. Ռազմական գործողություններ սկսվելու դեպքում հակամարտության Կողմը կարող է շտապ կարգով հայց ներկայացնել իր իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող մշակութային արժեքների համար ուժեղացված պաշտպանություն ստանալու վերաբերյալ՝ նման հայց ուղարկելով Կոմիտեին: Կոմիտեն այդ հայցի մասին անմիջապես հաղորդում է հակամարտության բոլոր Կողմերին: Այդպիսի դեպքերում Կոմիտեն անհապաղ քննարկում է շահագրգիռ Կողմերի առարկությունները: Ժամանակավոր ուժեղացված պաշտպանություն տրամադրելու մասին որոշումն ընդունվում է հնարավորինս արագ և, չնայած 26-րդ հոդվածի դրույթներին, քվեարկությանը ներկա և քվեարկող մասնակիցների թվի չորս հինգերորդի մեծամասնությամբ: Կոմիտեն կարող է ժամանակավոր ուժեղացված պաշտպանություն տրամադրել ուժեղացված պաշտպանության տրամադրման կանոնավոր ընթացակարգերի արդյունքների սպասելիքներից ելնելով՝ 10-րդ հոդվածի «ա» և «գ» ենթակետերի դրույթները պահպանելու պայմանով:
10. Կոմիտեի կողմից մշակութային արժեքներին ուժեղացված պաշտպանություն է տրամադրվում դրանք Ցուցակի մեջ ընդգրկելու պահից:
11. Գլխավոր տնօրենը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և բոլոր Կողմերին առանց ուշացման ծանուցում է ուղարկում մշակութային արժեքը Ցուցակի մեջ ընդգրկելու վերաբերյալ ցանկացած որոշման մասին:
Հոդված 12 | Ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիություն |
Հակամարտության Կողմերն ապահովում են ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման օբյեկտ դարձնելուց կամ նշված արժեքները կամ դրանց անմիջական հարակից տարածքները ռազմական գործողություններին օժանդակելու համար օգտագործելուց:
Հոդված 13 | Ուժեղացված պաշտպանության կորուստը |
1. Ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքները կորցնում են այդ պաշտպանությունը միայն հետևյալ դեպքերում.
ա) եթե այդպիսի պաշտպանությունը դադարեցված կամ վերացված է 14-րդ հոդվածին համաձայն, կամ
բ) եթե, կամ այնքան ժամանակով, քանի դեռ այդպիսի արժեքներն իրենց օգտագործմամբ վերածվում են ռազմական օբյեկտների:
2. 1-ին կետի «բ» ենթակետում նշված հանգամանքներում այդպիսի արժեքները կարող են դառնալ հարձակման թիրախներ միայն այն դեպքերում, եթե.
ա) հարձակումը միակ հնարավոր միջոցն է 1-ին կետի «բ» ենթակետում նշված արժեքների օգտագործումը դադարեցնելու համար,
բ) հարձակման եղանակի և ձևերի ընտրության առումով ձեռնարկվել են բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները նման օգտագործումը դադարեցնելու և մշակութային արժեքին վնաս հասցնելուց խուսափելու կամ, ծայրահեղ դեպքում, այն նվազագույնի հասցնելու համար,
գ) եթե հանգամանքները թույլ չեն տալիս, անհապաղ ինքնապաշտպանության անհրաժեշտությունից ելնելով.
(i) հարձակման հրամանը տրվում է հրամանատարական բարձրագույն մակարդակով,
(ii) հակառակորդի ուժերը արդյունավետ միջոցներով նախազգուշացվում են տվյալ արժեքը 1-ին կետի «բ» ենթակետի նպատակով օգտագործելը դադարեցնելու մասին, և
(iii) հակառակորդին տրվում է բավարար ժամանակ` իրադրությունը շտկելու համար:
Հոդված 14 | Ուժեղացված պաշտպանության կասեցումը կամ դադարեցումը |
1. Եթե մշակութային արժեքն այլևս չհամապատասխանի սույն Արձանագրության 10-րդ հոդվածում նշված չափանիշներից մեկին, Կոմիտեն կարող է կասեցնել դրա ուժեղացված պաշտպանության կարգավիճակը կամ վերացնել այդ կարգավիճակը՝ մշակութային արժեքը հանելով Ցուցակից:
2. 12-րդ հոդվածի լուրջ խախտման դեպքում, կապված ռազմական գործողություններին օժանդակելու նպատակով ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքն օգտագործելու հետ, Կոմիտեն կարող է կասեցնել դրա ուժեղացված պաշտպանության կարգավիճակը: Եթե այդ խախտումները շարունակական են, Կոմիտեն կարող է բացառության կարգով դադարեցնել ուժեղացված պաշտպանության կարգավիճակը՝ տվյալ մշակութային արժեքը Ցուցակից հանելով:
3. Գլխավոր տնօրենն առանց ուշացման Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և սույն Արձանագրության բոլոր Կողմերին տեղեկացնում է մշակութային արժեքի ուժեղացված պաշտպանությունը կասեցնելու կամ վերացնելու` Կոմիտեի որոշման մասին:
4. Մինչև այդպիսի որոշում ընդունելը Կոմիտեն Կողմերին հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց տեսակետները:
Գ լ ու խ 4
Քրեական պատասխանատվություն ԵՎ իրավասություն
Հոդված 15 | Սույն Արձանագրության լուրջ խախտումներ |
1. Ցանկացած անձ համարվում է հանցանք կատարած սույն Արձանագրության բովանդակության իմաստով, եթե միտումնավոր և խախտելով Կոնվենցիան և սույն Արձանագրությունը` իրականացնում է հետևյալ գործողությունները.
ա) հարձակման օբյեկտ է դարձնում ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքը,
բ) ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքները կամ նրանց անմիջական հարակից տարածքներն օգտագործում է ռազմական գործողություններին օժանդակելու համար,
գ) զանգվածաբար ոչնչացնում կամ յուրացնում է Կոնվենցիայի և սույն Արձանագրության դրույթների համաձայն պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքը,
դ) Կոնվենցիայի և սույն Արձանագրության դրույթների համաձայն պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքը դարձնում է հարձակման օբյեկտ,
ե) գողության, թալանի և ապօրինի յուրացման գործողություններ է իրականացնում Կոնվենցիայի պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների նկատմամբ:
2. Յուրաքանչյուր Կողմ, իր ներքին օրենսդրության համաձայն, ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն հոդվածում նախատեսված գործողությունները քրեական հանցագործություններ ճանաչելու և այդպիսի հանցագործությունների համար համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար: Կատարելով այդ խնդիրները` Կողմերը պահպանում են իրավունքի և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները` ներառելով այն նորմերը, որոնք անհատական քրեական պատասխանատվություն են տարածում ոչ միայն այդ գործողությունները անմիջականորեն կատարած անձանց վրա:
Հոդված 16 | Իրավասություն |
1. Յուրաքանչյուր Կողմ, առանց խախտելու 2-րդ կետը, ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական միջոցներ 15-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը սահմանելու համար` հետևյալ դեպքերում.
ա) եթե այդպիսի հանցագործությունը կատարվել է իր տարածքում,
բ) եթե ենթադրյալ հանցագործը իր պետության քաղաքացի է,
գ) 15-րդ հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների դեպքում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում:
2. Իրավասության իրականացման առումով և առանց վնասելու Կոնվենցիայի 28-րդ հոդվածը.
ա) սույն Արձանագրությունը չի արգելում անհատական քրեական պատասխանատվության կիրառումը կամ ազգային կամ միջազգային իրավունքին համապատասխան իրավասության իրականացումը, որը կարող է կիրառելի լինել, և չի ազդում միջազգային սովորութային իրավունքով իրավասության իրականացման վրա,
բ) բացառությամբ այն դեպքերի, երբ այն պետությունը, որը չի հանդիսանում սույն Արձանագրության Կողմ, ճանաչում և կիրառում է 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները, սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող որևէ պետության զինծառայողները և քաղաքացիները, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք ծառայում են սույն Արձանագրության Կողմ հանդիսացող պետության զինված ուժերում և, սույն Արձանագրության դրույթների համաձայն, անհատական քրեական պատասխանատվություն չեն կրում, սույն Արձանագրությունը պարտականություններ չի նախատեսում այդ անձանց նկատմամբ կամ նրանց հանձնելու ուղղությամբ իրավասություն սահմանելու համար:
Հոդված 17 | Դատական հետապնդում |
1. Այն Կողմը, որի տարածքում բացահայտվել է 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերով նշված հանցագործություն կատարած ենթադրյալ հանցագործի ներկայությունը, եթե հանձնման չի ենթարկում այդ անձին, առանց որևէ բացառության և անհիմն ուշացման` գործը հանձնում է իր իրավասու իշխանությունների քննությանը` այդ անձի նկատմամբ, իր ազգային և, եթե կիրառելի է, միջազգային իրավունքի համապատասխան կանոնների համաձայն, դատական հետապնդում իրականացնելու համար:
2. Առանց վնասելու, եթե կիրառելի է, միջազգային իրավունքի համապատասխան կանոնները և ցանկացած անձի, ում նկատմամբ հետապնդում է իրականացվում Կոնվենցիայի և սույն Արձանագրության շրջանակներում, ազգային և միջազգային իրավունքին համապատասխան` հետաքննության բոլոր փուլերում երաշխավորվում է արդարացի վերաբերմունք ու արդար հետաքննություն, և այդպիսի անձանց ոչ մի դեպքում չեն երաշխավորվում ավելի պակաս բարենպաստ երաշխիքներ, քան այն երաշխիքներն են, որոնք նախատեսված են միջազգային իրավունքով:
Հոդված 18 | Հանձնում |
1. 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները պետք է ներառվեն որպես հանձնման ենթակա հանցագործություններ մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը Կողմերի միջև հանձնման վերաբերյալ կնքված ցանկացած պայմանագրում: Կողմերը պարտավորվում են այդպիսի հանցագործությունները ներառել հանձնման մասին բոլոր այն պայմանագրերում, որոնք հետագայում կնքվելու են իրենց միջև:
2. Երբ Կողմը, որը հանձնումը կատարում է` պայմանավորելով պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին հայց է ստանում մյուս Կողմից, որի հետ չունի հանձնման վերաբերյալ պայմանագիր, հայց ստացող Կողմը, իր հայեցողությամբ, կարող է սույն Արձանագրությունը համարել որպես իրավական հիմք հանձնման համար` 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերով նշված հանցագործությունների առումով:
3. Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները ճանաչում են որպես հանձնման ենթակա հանցագործություններ՝ պահպանելով հարցվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմանները:
4. Անհրաժեշտության դեպքում 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները Կողմերի միջև հանձնման նպատակներով դիտվում են այնպես, կարծես դրանք կատարվել են ոչ միայն դրանց կատարման վայրում, այլ նաև այն Կողմերի տարածքներում, որոնք սահմանել են իրենց իրավասությունը` 16-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:
Հոդված 19 | Փոխօգնությունն օրենսդրական հարցերում |
1. Կողմերն առավելագույն չափով օգնություն են ցուցաբերում միմյանց` կապված 15-րդ հոդվածում նշված հանցագործությունների քննությունների, քրեական դատավարության կամ հանձնման ընթացակարգերի հետ` ներառյալ դրանց համար անհրաժեշտ՝ իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցների տրամադրումը:
2. Կողմերը կատարում են 1-ին ենթակետում նշված իրենց պարտականությունները` համաձայն փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրերի կամ այլ համաձայնությունների, որոնք կարող են գոյություն ունենալ իրենց միջև: Այդպիսի պայմանագրերի կամ համաձայնությունների բացակայության դեպքում Կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում իրենց ներպետական օրենսդրության համաձայն:
Հոդված 20 | Հրաժարման հիմքեր |
1. Հանձնման նպատակներով` 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները և փոխադարձ իրավական օգնության նպատակներով` 15-րդ հոդվածում նշված հանցագործությունները չեն դիտվում որպես քաղաքական հանցագործություններ կամ քաղաքական հանցագործությունների հետ կապված հանցագործություններ կամ քաղաքական շարժառիթներով դրդված հանցագործություններ: Համապատասխանաբար, այդպիսի հանցագործությունների հետ կապված հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին հայցը չի կարող մերժվել միայն այն պատճառով, որ վերաբերում է քաղաքական հանցագործությանը կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործությանը կամ քաղաքական շարժառիթներով դրդված հանցագործությանը:
2. Ոչինչ սույն Արձանագրության մեջ չի կարող մեկնաբանվել որպես հանձնում կամ փոխադարձ իրավական օգնություն տրամադրել պարտադրող, եթե հայց ստացող Կողմը ծանրակշիռ հիմքեր ունի ենթադրելու, որ 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունների հետ կապված հանձնման մասին և 15-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու մասին հայցը նպատակ ունի հետապնդելու կամ պատժելու այդ անձին` ելնելով նրա ռասայից, դավանանքից, քաղաքացիությունից, էթնիկական ծագումից, քաղաքական համոզմունքներից, կամ որ այդ հայցի բավարարումը վնաս կհասցնի այդ անձի դրությանը նշված պատճառներից ցանկացածի առումով:
Հոդված 21 | Միջոցներ՝ կապված այլ խախտումների հետ |
Առանց վնասելու Կոնվենցիայի 28-րդ հոդվածը` յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական, վարչական կամ կարգապահական միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հետևյալ գործողությունները ճնշելու համար, եթե դրանք կատարվել են կանխամտածված.
ա) Կոնվենցիայի կամ սույն Արձանագրության խախտմամբ` մշակութային արժեքի ցանկացած օգտագործում,
բ) Կոնվենցիայի կամ սույն Արձանագրության խախտմամբ` մշակութային արժեքի` գրավված տարածքից անօրինական արտահանում, այլ տեղաշարժեր կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում:
Գ լ ու խ 5
Մշակութային արժեքների պաշտպանությունը ոչ միջազգային բնույթի զինված հակամարտությունների դեպքում
Հոդված 22 | Ոչ միջազգային բնույթի զինված հակամարտություններ |
1. Սույն Արձանագրությունը կիրառվում է ոչ միջազգային բնույթ կրող զինված հակամարտությունների դեպքում, որոնք ծագել են Կողմերից մեկի տարածքում:
2. Սույն Արձանագրությունը չի կիրառվում այնպիսի ներքին անկարգությունների և լարվածությունների դեպքում, ինչպիսիք են խռովությունները, առանձին և եզակի բռնության դեպքերը և նման բնույթի այլ գործողությունները:
3. Սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի օգտագործվում բոլոր օրինական միջոցներով պետությունում օրենքը և կարգը հաստատելուն կամ վերահաստատելուն կամ ազգային միասնությունը և պետության տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված` որևէ պետության ինքնիշխանության կամ կառավարության պատասխանատվության վրա ազդելու նպատակով:
4. Սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի վնասում այն Կողմի` 15-րդ հոդվածով նախատեսված խախտումների նկատմամբ հիմնական իրավասությանը, որի տարածքում ծագել է ոչ միջազգային բնույթի զինված հակամարտություն:
5. Սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի օգտագործվում Կողմի զինված հակամարտության կամ ներքին կամ արտաքին գործերին ցանկացած պատճառաբանությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջամտելու արդարացման համար:
6. 1-ին կետում նշված իրավիճակներում սույն Արձանագրության կիրառումը չի շոշափում հակամարտության իրավական կարգավիճակը:
7. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է իր ծառայություններն առաջարկել հակամարտության կողմերին:
Գ լ ու խ 6
Ինստիտուցիոնալ հարցեր
Հոդված 23 | Կողմերի հանդիպումը |
1. Կողմերի Հանդիպումը գումարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի հետ միաժամանակ և Բարձր պայմանավորվող կողմերի Հանդիպման համադրմամբ, եթե այդպիսի խորհրդակցություն հրավիրվում է Գլխավոր տնօրենի կողմից:
2. Կողմերի Հանդիպումն ընդունում է իր Ընթացակարգի կանոնները:
3. Կողմերի Հանդիպումն ունենում է հետևյալ գործառույթները.
ա) ընտրում է Կոմիտեի անդամներ` 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն,
բ) հաստատում է Կոմիտեի` 27-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն նախապատրաստած Ղեկավար ցուցումները,
գ) ցուցումներ է տալիս և հետևում է Կոմիտեի կողմից Հիմնադրամի միջոցների օգտագործմանը,
դ) քննարկում է Կոմիտեի` 27-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացրած զեկույցը,
ե) քննարկում է սույն Արձանագրության կիրառման հետ կապված ցանկացած խնդիր և համապատասխան դեպքերում ներկայացնում է առաջարկություններ:
4. Կողմերի առնվազն մեկ հինգերորդի խնդրանքով՝ Գլխավոր տնօրենը հրավիրում է Կողմերի Արտակարգ Հանդիպում:
Հոդված 24 | Զինված հակամարտությունների դեպքում Մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտե |
1. Սույնով հաստատվում է Զինված հակամարտությունների դեպքում Մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեն: Այն կազմված է տասներկու Կողմերից, որոնք ընտրվում են Կողմերի Հանդիպման ժամանակ:
2. Կոմիտեն հանդիպում է տարին մեկ` հերթական նիստի ժամանակ, և անհրաժեշտության դեպքում` արտակարգ նիստերի:
3. Կոմիտեի կազմը որոշելիս Կողմերը ձգտում են ապահովել աշխարհի տարբեր տարածաշրջանների և մշակույթների անաչառ ներկայացուցչությունը:
4. Կոմիտեի անդամ Կողմերը որպես իրենց ներկայացուցիչների, ընտրում են մշակութային ժառանգության, պաշտպանության կամ միջազգային իրավունքի բնագավառներում որակավորված անձանց, և նրանք ձգտում են, միմյանց հետ խորհրդակցելով, երաշխավորել, որ Կոմիտեն ընդհանուր առմամբ փորձ ունի այդ ոլորտներում:
Հոդված 25 | Լիազորությունների ժամկետը |
1. Կողմը Կոմիտեում ընտրվում է չորս տարով և ունի միայն մեկ անգամ անմիջապես վերընտրվելու իրավունք:
2. Չնայած 1-ին կետի դրույթին՝ առաջին ընտրությունների ընթացքում ընտրված անդամների կեսի լիազորություններն ավարտվում են նրանց ընտրությանը հաջորդած՝ Կողմերի առաջին հերթական Հանդիպման ավարտին: Այդ անդամներն ընտրվում են առաջին ընտրություններից հետո կայացած Հանդիպման Նախագահի վիճակահանությամբ:
Հոդված 26 | Ընթացակարգերի կանոնները |
1. Կոմիտեն ընդունում է իր Ընթացակարգերի կանոնները:
2. Անդամների մեծամասնությունն ապահովում է քվորումը: Կոմիտեի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող անդամների երկու երրորդի մեծամասնությամբ:
3. Կոմիտեի անդամները չեն մասնակցում այն մշակութային արժեքների վերաբերյալ որոշումների քվեարկությանը, որոնք վնասվել են այն զինված հակամարտությունների ժամանակ, որոնց կողմ են նրանք:
Հոդված 27 | Գործառույթները |
1. Կոմիտեի վրա դրվում են հետևյալ գործառույթները.
ա) Սույն Արձանագրության իրականացման համար Ղեկավար ցուցումների մշակում,
բ) մշակութային արժեքների նկատմամբ ուժեղացված պաշտպանության տրամադրում, դադարեցում կամ վերացում և ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների Ցուցակի կազմում, նորացում և տարածում,
գ) Սույն Արձանագրության իրականացման հսկում ու վերահսկում և ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների հայտնաբերման նպաստում,
դ) Կողմերի զեկույցների քննարկում և դիտողությունների ներկայացում, անհրաժեշտության դեպքում` բացատրությունների պահանջում և Արձանագրության իրականացման մասին Կողմերի Հանդիպման համար սեփական զեկույցի նախապատրաստում,
ե) 32-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային օգնության մասին հայցերի ստացում և քննարկում,
զ) Հիմնադրամի միջոցների օգտագործման հաստատում,
է) ցանկացած այլ գործառույթի կատարում, որը կարող է նրան հանձնարարել Կողմերի Հանդիպումը:
2. Կոմիտեի գործառույթները կատարում են Գլխավոր տնօրենի հետ համագործակցությամբ:
3. Կոմիտեն համագործակցում է Կոնվենցիայի, դրա Առաջին Արձանագրության և սույն Արձանագրության նպատակներին համանման նպատակներ հետապնդող՝ միջազգային և ազգային կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Կոմիտեն իր գործառույթների իրականացմանն աջակցելու համար կարող է իր նիստերին խորհրդատվական կարգավիճակով հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող հայտնի մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում՝ «Երկնագույն վահան» միջազգային կոմիտեին (ԵՎՄԿ) և դրա մարմիններին: Խորհրդատվական կարգավիճակով նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև Մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման հարցերի ուսումնասիրման ուղղությամբ միջազգային կենտրոնի (Հռոմի կենտրոն), (ՄԱՊՎՀՈՒՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները:
Հոդված 28 | Քարտուղարություն |
Կոմիտեին աջակցություն է ցուցաբերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը, որը պատրաստում է Կոմիտեի փաստաթղթերն ու նիստերի օրակարգը և պատասխանատու է նրա որոշումների կատարման համար:
Հոդված 29 | Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության Հիմնադրամ |
1. Սույնով հաստատվում է Հիմնադրամը՝ հետևյալ նպատակների համար.
ա) խաղաղ ժամանակ, մասնավորապես 5-րդ հոդվածի «բ» ենթակետին, 10-րդ հոդվածին և 30-րդ հոդվածին համապատասխան կիրառվող՝ նախապատրաստական և այլ միջոցների աջակցման համար ֆինանսական և այլ օգնության ցուցաբերում, և
բ) զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության համար կիրառվող` արտակարգ, ժամանակավոր կամ այլ միջոցների հետ կապված ֆինանսական և այլ օգնության ցուցաբերում կամ զինված գործողություններից հետո դրանց անհապաղ վերականգնում, մասնավորապես 8-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան:
2. Հիմնադրամը նպատակային Հիմնադրամ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական կանոնակարգերի դրույթներին համապատասխան:
3. Հիմնադրամի հատկացումներն օգտագործվում են միայն այնպիսի նպատակներով, որոնք որոշվում են Կոմիտեի կողմից` համապատասխան 23-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետում սահմանված Ղեկավար ցուցումների: Կոմիտեն կարող է ընդունել, որ ավանդներն օգտագործվեն կոնկրետ ծրագրի կամ նախագծի համար` պայմանով, որ այդպիսի ծրագրի կամ նախագծի իրականացման մասին որոշումն ընդունի Կոմիտեն:
4. Հիմնադրամի միջոցները կազմվում են.
ա) Կողմերի կամավոր ավանդներից,
բ) ավանդներից, նվիրատվություններից և ժառանգություններից, որոնք արվել են.
(i) այլ պետությունների կողմից,
(ii) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի այլ կազմակերպությունների կողմից,
(iii) այլ միջկառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, և
(iv) պետական կամ մասնավոր մարմինների կամ անհատների կողմից,
գ) Հիմնադրամի միջոցների հաշվին ցանկացած տոկոսային հավելումից,
դ) Հիմնադրամի օգտին կազմակերպվող միջոցառումներից հավաքված և ստացված միջոցներից, և
ե) Հիմնադրամի ղեկավար սկզբունքներով որոշվող` ընդունելի բոլոր այլ միջոցներից:
Գ լ ու խ 7
Տեղեկատվության տարածում ԵՎ միջազգային օգնություն
Հոդված 30 | Տարածում |
1. Կողմերը ձգտում են համապատասխան միջոցների և, մասնավորապես, կրթական և տեղեկատվական ծրագրերի օգնությամբ ուժեղացնել իրենց բնակչության կողմից մշակութային արժեքների գնահատումը և նրանց նկատմամբ հարգանքը:
2. Կողմերը հնարավորինս լայնորեն տարածում են սույն Արձանագրությունն ինչպես խաղաղ, այնպես էլ զինված հակամարտության ժամանակ:
3. Ցանկացած ռազմական կամ քաղաքացիական իշխանություն, որը զինված հակամարտությունների ժամանակ պատասխանատվություն է կրում սույն Արձանագրության իրականացման համար, պետք է կատարելապես ծանոթ լինի դրա տեքստին: Այդ նպատակով Կողմերը.
ա) իրենց զինված ուժերի Կանոնադրության մեջ ընդգրկում են մշակութային արժեքների պաշտպանությանն առնչվող ղեկավար ցուցումները և հրահանգները,
բ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի և համապատասխան կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ խաղաղ ժամանակ մշակում և իրականացնում են նախապատրաստման և ուսուցողական ծրագրեր,
գ) Գլխավոր տնօրենի միջոցով միմյանց փոխանցում են օրենքների, վարչական կանոնակարգերի և «ա» ու «բ» ենթակետերին համապատասխան կիրառվող միջոցների մասին տեղեկատվությունը,
դ) Գլխավոր տնօրենի միջոցով հնարավորինս կարճ ժամկետում միմյանց փոխանցում են այն օրենքները և վարչական կանոնակարգերը, որոնք իրենք կարող են ընդունել սույն Արձանագրության կիրառումն ապահովելու համար:
Հոդված 31 | Միջազգային համագործակցություն |
Սույն Արձանագրության լուրջ խախտումների դեպքում Կողմերը ձեռնարկում են համատեղ գործողություն Կոմիտեի միջոցով կամ անհատական կարգով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցությամբ կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան:
Հոդված 32 | Միջազգային օգնություն |
1. Կողմը կարող է միջազգային օգնության հայց ներկայացնել Կոմիտեին ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների համար, ինչպես նաև օգնություն` 10-րդ հոդվածում նշված օրենքների, վարչական կանոնակարգերի և միջոցների նախապատրաստման, մշակման և իրագործման համար:
2. Հակամարտության մասնակիցը, որը սույն Արձանագրության Կողմ չէ, սակայն 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ընդունում և կատարում է սույն Արձանագրության դրույթները, կարող է համապատասխան միջազգային օգնության հայց ներկայացնել Կոմիտե:
3. Կոմիտեն ընդունում է միջազգային օգնության հայցերի ներկայացման կանոնները և սահմանում է միջազգային օգնության ձևերը:
4. Խրախուսվում է Կողմերի կողմից Կոմիտեի միջոցով ցանկացած տեսակի տեխնիկական օգնություն ցուցաբերել հայց ներկայացրած Կողմերին կամ հակամարտության մասնակիցներին:
Հոդված 33 | ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնություն |
1. Կողմերը կարող են դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենց մշակութային արժեքների պաշտպանության կազմակերպմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար, այդ թվում` մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ նախապատրաստական միջոցների, արտակարգ իրավիճակների դեպքում կանխարգելիչ կամ կազմակերպչական միջոցների կամ մշակութային արժեքների ազգային Ցանկը կազմելու համար կամ սույն Արձանագրության կիրառման հետ կապված ցանկացած այլ ծագող հարցում օգնություն ցուցաբերելու մասին խնդրանքով: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օգնությունը տրամադրում է իր ծրագրերով և հնարավորություններով սահմանված շրջանակներում:
2. Խրախուսվում է Կողմերի կողմից տեխնիկական օգնություն ցուցաբերել երկկողմ կամ բազմակողմ մակարդակով:
3. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրավասու է սեփական նախաձեռնությամբ Կողմերին առաջարկություններ անելու այդ հարցերի վերաբերյալ:
Գ լ ու խ 8
Սույն Արձանագրության կատարումը
Հոդված 34 | Հովանավոր ուժեր |
Սույն Արձանագրությունը կիրառվում է Հովանավոր ուժերի հետ համագործակցությամբ, որոնք պատասխանատու են հակամարտության Կողմերի շահերը պաշտպանելու համար:
Հոդված 35 | Հաշտեցման ընթացակարգեր |
1. Հովանավոր ուժերն իրենց բարի ծառայություններն են մատուցում բոլոր դեպքերում, երբ օգտակար են համարում դա մշակութային արժեքների պաշտպանության համար, մասնավորապես, եթե հակամարտության Կողմերի միջև առկա է տարաձայնություն` կապված սույն Արձանագրության կիրառման ու մեկնաբանման հետ:
2. Այդ նպատակով Հովանավոր ուժերից յուրաքանչյուրը կարող է Կողմերից մեկի, Գլխավոր տնօրենի կամ իր նախաձեռնությամբ առաջարկել հակամարտության Կողմերին հանդիպման հրավիրել իրենց ներկայացուցիչներին, մասնավորապես, եթե տեղին է համարում, մշակութային արժեքների պաշտպանության համար պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչներին` հակամարտության մասնակից չհանդիսացող պետության տարածքում: Հակամարտության Կողմերը պարտավոր են իրականացնել հանդիպում հրավիրելու մասին իրենց արված առաջարկությունը: Այդ հանդիպմանը քարտուղարի կարգավիճակով մասնակցելու համար Հովանավոր ուժերը հակամարտության Կողմերի հավանությանն են ներկայացնում հակամարտությունների չմասնակցող պետության քաղաքացի հանդիսացող անձի կամ Գլխավոր տնօրենի կողմից առաջարկված անձի:
Հոդված 36 | Հաշտություն Հովանավոր տերությունների բացակայությամբ |
1. Այնպիսի հակամարտության պայմաններում, երբ Հովանավոր ուժեր նշանակված չեն, Գլխավոր տնօրենը կարող է իր բարի ծառայությունները մատուցել կամ կատարել հաշտեցման կամ միջնորդական ցանկացած գործողություն` տարաձայնությունները կարգավորելու նպատակով:
2. Կողմերից մեկի կամ Գլխավոր տնօրենի առաջարկությամբ Կոմիտեի նախագահը կարող է առաջարկել հակամարտության Կողմերին հանդիպման հրավիրել իրենց ներկայացուցիչներին, մասնավորապես, եթե տեղին է համարում, մշակութային արժեքների պաշտպանության համար պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչներին` հակամարտության մասնակից չհանդիսացող պետության տարածքում:
Հոդված 37 | Թարգմանություններ և զեկույցներ |
1. Կողմերը թարգմանում են սույն Արձանագրությունն իրենց պաշտոնական լեզուներով և այդ թարգմանությունների պաշտոնական տեքստերը փոխանցում են Գլխավոր տնօրենին:
2. Կողմերը չորս տարին մեկ անգամ սույն Արձանագրության իրականացման մասին զեկույց են ներկայացնում Կոմիտե:
Հոդված 38 | Պետության պատասխանատվությունը |
Քրեական պատասխանատվությանն առնչվող` սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի ազդում պետությունների` միջազգային իրավունքով նախատեսված պատասխանատվության վրա, այդ թվում՝ փոխհատուցում տրամադրելու պարտավորությունների վրա:
Գ լ ու խ 9
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 39 | Լեզուները |
Սույն Արձանագրությունը կազմված է արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն. ընդ որում՝ բոլոր վեց տեքստերը հավասարազոր են:
Հոդված 40 | Ստորագրում |
Սույն Արձանագրությունը կազմվել է 1999 թվականի մարտի 26-ին: Այն բաց է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի ստորագրման համար՝ Հաագայում, 1999 թվականի մայիսի 17-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հոդված 41 | Վավերացում, ընդունում կամ հաստատում |
1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած Բարձր պայմանավորվող կողմերի կողմից` համաձայն նրանց համապատասխան սահմանադրական ընթացակարգերի:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Գլխավոր տնօրենին:
Հոդված 42 | Միանալը |
1. Սույն Արձանագրությունը բաց է Բարձր պայմանավորվող կողմերի միանալու համար 2000 թվականի հունվարի 1-ից:
2. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Գլխավոր տնօրենին ի պահ տալու միջոցով:
Հոդված 43 | Ուժի մեջ մտնելը |
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում քսան վավերագրեր, ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթղթեր ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:
2. Հետագայում յուրաքանչյուր Կողմի համար այն ուժի մեջ է մտնում այդ Կողմի կողմից իր վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:
Հոդված 44 | Զինված հակամարտության ժամանակ ուժի մեջ մտնելը |
Կոնվենցիայի 18-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված իրավիճակներն անմիջապես գործողության մեջ են դնում հակամարտող Կողմերի` սույն Արձանագրության ի պահ հանձնված վավերագրերը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը մինչև զինված գործողությունները կամ բռնազավթումն սկսելը կամ դրանց սկսվելուց հետո: Այդ դեպքերում Գլխավոր տնօրենը ամենասեղմ ժամկետներում սույն Արձանագրության 46-րդ հոդվածով նախատեսված ծանուցումներ է ուղարկում:
Հոդված 45 | Չեղյալ հայտարարումը |
1. Կողմը կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը:
2. Չեղյալ հայտարարման մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որը ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին:
3. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթը ստանալուց մեկ տարի հետո: Սակայն եթե այդ ժամկետը լրանալու պահին չեղյալ հայտարարող Կողմը ներգրավված է զինված հակամարտության մեջ, չեղյալ հայտարարումն ուժի մեջ չի մտնում մինչև ռազմական գործողությունների ավարտը կամ մինչև մշակութային արժեքները երկիր վերադարձնելու գործողությունների ավարտը` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի ուշ:
Հոդված 46 | Ծանուցումներ |
Գլխավոր տնօրենը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը հայտնում է 41-րդ և 42-րդ հոդվածներով նախատեսված բոլոր վավերագրերի կամ ընդունման, հաստատման կամ միանալու և 45-րդ հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարելու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին:
Հոդված 47 | Գրանցում Միավորված ազգերի կազմակերպությունում |
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ սույն Արձանագրությունը, Գլխավոր տնօրենի դիմումի համաձայն, գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Հաագա քաղաքում 1999 թվականի մարտի քսանվեցին, մեկ բնօրինակով, որը կպահվի Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվներում, և որի հաստատված պատճենները կուղարկվեն բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. օգոստոսին 18-ից: