ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 1996 թ. N 536
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.08.98 N 501)
3. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրագործող արխիվների համակարգը (կցվում է):
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության մասին» N 291 որոշման 2-6-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Վարչությունը պատասխանատվություն է կրում համակարգում տիրող վիճակի և հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, ճյուղում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Վարչության խնդիրներն ու գործառույթները
2. Վարչության գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են`
ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, համալրման և օգտագործման աշխատանքների պետական կառավարումը.
բ) Հայաստանի Հանրապետության արխիվների (անկախ դրանց կարգավիճակից) պետական գրանցումը և համապատասխան վկայականի հանձնումը.
գ) Հայաստանի Հանրապետության պետական ու գերատեսչական արխիվներում, ինչպես նաև ոչ պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պահպանման կարգի սահմանումը.
դ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման, հաշվառման կարգի սահմանումը.
ե) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանումն իրականացնող արխիվների ներկայացմամբ` նրանց մոտ պահվող առանձին փաստաթղթերի և պետական սեփականություն հանդիսացող ֆոնդերի (հավաքածուների) փոխանակմանը կամ մեկ արխիվից մյուսը տեղափոխելուն համաձայնություն տալը.
զ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգի սահմանումը.
է) պետական սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերի և դրանց պատճենների օգտագործման կարգի հաստատումը.
ը) պետական արխիվների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցուցակի հաստատումը և վճարման ընդհանուր կարգի սահմանումը.
թ) «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` իր իրավասության սահմաններում մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ հսկողության իրականացումը:
3. Վարչությունն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`
ա) կազմակերպում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի համալրումը:
Պետական պահպանության է ընդունում նաև ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների և առանձին քաղաքացիների սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը` պայմանագրային հիմունքներով.
բ) լուծում է փաստաթղթերը հանրապետական և տեղական նշանակության արխիվային ֆոնդերի կազմում ներառելու հարցերը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասության սահմաններում մշակում է նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար արխիվային գործի և գործավարության վերաբերյալ չափորոշիչ (նորմատիվ) փաստաթղթեր.
դ) կազմակերպում է փաստաթղթերի պահպանման կոնսերվացման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգերի և մեթոդների արմատավորումն արխիվների գործնական աշխատանքում.
ե) նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակում է արխիվային գործի և գործավարության կազմակերպման, գործավարական և արխիվային ծառայությունների աշխատանքների բարելավման միջոցառումներ, իրականացնում նախարարություններում, գերատեսչություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում արխիվային գործի և գործավարության բարելավման, ինչպես նաև կադրերի վերապատրաստման համար վճարովի ծառայություններ.
զ) սահմանված կարգով հրապարակում է պետական ու գերատեսչական արխիվներում պահվող Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը և հրատարակում դրանց կազմի վերաբերյալ տեղեկատու-լրատվական գրականություն, վարչության իրավասությանը վերաբերող տեղեկագրեր, գիտահանրամատչելի գրականություն, ուսումնական և գործնական ձեռնարկներ, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը.
է) օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողություն.
ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա արխիվային հիմնարկների և միջազգային կազմակերպությունների հետ` Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանը վերաբերող փաստաթղթերի հայտնաբերման, դրանց պատճենների և արխիվագիտական գրականության փոխանակման նպատակով.
թ) կազմում է նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ցուցակը, որոնցից փաստաթղթերը վերցվում են պահպանման, և որոշում է պետական արխիվներում պահպանման ենթակա փաստաթղթերի կազմը.
ժ) նախարարություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից ստանում է գերատեսչական արխիվների և գործավարության կազմակերպման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր կամ տվյալներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ գերատեսչական արխիվների աշխատանքներում և գործավարության կազմակերպման մեջ տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.
ժա) արխիվային գործին ու գործավարությանը վերաբերող հարցերի քննարկման համար ստեղծում է մշտական կամ ժամանակավոր գործող միջգերատեսչական հանձնաժողովներ.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ և գործառույթներ:
III. Վարչության աշխատանքի կազմակերպումը
4. Վարչության համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական արխիվներն ու մարզերի պետական արխիվները և դրանք սպասարկող ձեռնարկությունների ու հիմնարկների ամբողջությունը:
5. Վարչությունը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա հիմնարկների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Վարչությունը նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
6. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Վարչությունը համակարգի հիմնարկներում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
7. Վարչությունը`
ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրապարակում հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի հիմնարկների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում հրապարակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ընդհանրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան համակարգում, առաջարկություններ է մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:
8. Վարչությունը համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
9. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:
10. Վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) սահմանում է պետի տեղակալի, բաժինների պետերի իրավասության շրջանակները.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
դ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի բաժինների և համակարգի ձեռնարկությունների ու հիմնարկների կանոնադրությունները.
ե) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.
զ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը:
11. Վարչության պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը:
12. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում է պետը (նախագահ), տեղակալը` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:
13. Վարչության խորհուրդն իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում համակարգի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի ձեռնարկությունների և հիմնարկների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և համակարգի ձեռնարկությունների ու հիմնարկների հաշվետվությունները:
Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով: Պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
14. Վարչությունը համակարգում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումն ու տարածումը, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ:
15. Արխիվային գործի և գործավարության զարգացման հիմնահարցերի քննարկման նպատակով վարչությանը կից ստեղծվում է գիտական խորհուրդ բաղկացած մասնագետներից, ինչպես նաև արխիվային գործին առնչվող գիտամշակութային հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներից:
16. Վարչությունը սահմանում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրությունն ու բաշխումը և կազմակերպում ճյուղի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման գործը:
17. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համակարգի հիմնարկների բյուջետային հատկացումների բաշխումը և վերահսկում դրանց ֆինանսատնտեսական գործունեությունը:
18. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին` պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
19. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին` իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:
20. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների և հիմնարկների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
21. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների և հիմնարկների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
22. Վարչության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
23. Վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
24. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների և հիմնարկների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Փաստաթղթերի պահպանության ապահովման, հաշվառման և կազմակերպական-մեթոդական աշխատանքների բաժին
Փաստաթղթերի համալրման, գերատեսչական արխիվների և գործավարության բաժին
Գիտական լրատվության, հրատարակչական աշխատանքների և արտաքին կապերի բաժին
Գլխավոր հաշվապահ
Հաստատված է |
Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾՈՂ ԱՐԽԻՎՆԵՐԻ
(Համակարգն ուժը կորցրել է 13.08.98 N 501)
Հաստատված է |
Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾՈՂ ԱՐԽԻՎՆԵՐԻ
Համայնքի (թաղի) գերատեսչական արխիվ
Ճյուղային կենտրոնական գերատեսչական արխիվ
Կենտրոնական գերատեսչական արխիվ
Միացյալ գերատեսչական արխիվ
Գերատեսչական արխիվ