«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2006 թ. |
N 663-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 30-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված | |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 30
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը կարգավորում է ապահովագրական ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների (այսուհետ` նորմատիվ) սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները`
2.1. համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը,
2.2. վճարունակության նորմատիվները՝
2.2.1. ընդհանուր կապիտալի նվազագույն չափը (Ն11 նորմատիվ),
2.2.2. վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12 նորմատիվ),
2.3. իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ),
2.4. ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվը (Ն3 նորմատիվ),
2.5. առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվը (Ն4 նորմատիվ):
3. Համալրված կանոնադրական կապիտալի ու ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը սահմանվում են`
ա) 2007 թվականի ապրիլի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը՝ երեք հարյուր հիսուն միլիոն (350.000.000) դրամ գումար,
բ) 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ հինգ հարյուր միլիոն (500.000.000) դրամ գումար:
4. Վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի մեծությունը:
5. Իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ)՝ ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը, սահմանվում է 1:
6. Ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվը (Ն3 նորմատիվ) չի կարող գերազանցել ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի միջին օրական մեծության 10%-ը:
7. Առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվը (Ն4 նորմատիվ) սահմանվում է գլուխ 7-ում՝ ըստ ակտիվների առանձին տեսակների:
8. Ն11, Ն12, Ն4 նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, Ն2 նորմատիվը՝ շաբաթական կտրվածքով, Ն3 նորմատիվը` օրական, ամսական կտրվածքով և յուրաքանչյուր նոր ապահովագրական պայմանագիր կնքելու պահին:
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
9. Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալը (Ն11 նորմատիվ) նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առնելով) առավելագույնը 50%-ի չափով:
10. Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է`
ա) վճարված կանոնադրական կապիտալ, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճարը,
բ) գլխավոր պահուստ,
գ) չբաշխված շահույթ (եկամուտների պահուստ):
11. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են`
ա) ապահովագրական ընկերության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի կամ փայամասնակցության գումարը.
բ) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքը, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների հաշվեկշռային արժեքի.
գ) այլ կազմակերպությունների կապիտալում իրականացված ներդրումների գումարը.
դ) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման կամ սուբրոգացիայի արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո.
ե) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ՝ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց.
զ) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը, այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքը՝ հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով.
է) ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման պայմանագրով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը.
ը) ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունները և ցանկացած այլ գումարներ, նրանց նկատմամբ այլ պահանջներ, բացառությամբ՝ նրանց նկատմամբ ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերի, փոխկապակցված բանկերում բանկային հաշիվների և ավանդների.
թ) ցանկացած անձի տրամադրված փոխառություններ և այլ գումարներ, ինչպես նաև երաշխիքներ և այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցներ, որոնք չունեն գրավային ապահովվածություն և չեն հանդիսանում ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերից բխող դեբիտորական պարտքեր, բացառությամբ՝ հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի ու բանկերին, վարկային կազմակերպություններին տրամադրված միջոցների.
ժ) աշխատակիցներին տրված առհաշիվ գումարներ, կանխավճարներ և ցանկացած այլ գումարներ, որոնք գերազանցում են կանոնադրական կապիտալի 1 տոկոսը.
ժա) 30 օրից ավելի ժամկետանց, վերանայված պայմաններով կամ վերաֆինանսավորված ստացվելիք ցանկացած գումարները, որոնք չեն հանդիսանում ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերից բխող դեբիտորական պարտավորություններ: Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են, կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ պայմանները վերանայվել են այլ կերպ: Վերաֆինանսավորված ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարումն իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների աղբյուրների հաշվին:
12. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է`
ա) ապահովագրական ընկերության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների (անշարժ գույքի) վերագնահատման պահուստից: Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական ընկերության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ ապահովագրական ընկերությունը և նրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնությունները:
բ) Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի «Կապիտալ» կարգում հաշվառվող այլ պահուստներից (բացառությամբ՝ ապահովագրական ընկերության գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստների):
13. Ապահովագրական ընկերությունը սույն կանոնակարգի 3-րդ կետում սահմանված ժամանակացույցի առաջին օրերին, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովում է ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
14. Երեք տարուց ավելի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12) ապահովագրավճարների մեթոդով և հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծություններից առավելագույնն է:
15. Մինչև երեք տարի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափ (Ն12) է համարվում ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը:
16. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12) ապահովագրական պահուստների մեթոդով և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունների հանրագումարն է:
17. Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն համատեղության կարգով իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12) սույն կանոնակարգի համաձայն կյանքի ապահովագրություն իրականացնողի և ոչ կյանքի ապահովագրություն իրականացնողի համար առանձին հաշվարկված վճարունակության պահանջվող սահմանաչափերի հանրագումարն է:
18. Ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՄ=Ա*ԳՎ*0.2,
որտեղ՝
ԱՄ-ն ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
Ա-ն ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների հանրագումարն է` նվազեցված հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսներին դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով:
Եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն մինչև մեկ տարի տևողությամբ, ապա հաշվարկն իրականացվում է գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար:
ԳՎ - վերաապահովագրության գործակից՝ հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների (ապահովագրական գումարների) և այդ հատուցումների (ապահովագրական գումարների) մեջ օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումներին (ապահովագրական գումարներին): Եթե ԳՎ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:
19. Հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՀՄ=Պ*ԳՎ*0.3,
որտեղ՝
ՀՄ-ն հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
Պ-ն պահանջների ընդհանուր ծավալն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Պ= (Հ-Ս+ՊՊհ-ՊՊն)/3,
որտեղ`
Հ-ն հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսներին ապահովագրական ընկերության կողմից ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ապահովագրական հատուցումների (ապահովագրական գումարների) հանրագումարն է,
Ս-ն հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսներին սուբրոգացիայի (վնասի պահանջի) իրավունքով ապահովագրական ընկերությանն անցած միջոցների հանրագումարն է,
ՊՊհ-ն հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված՝ ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների և տեղի ունեցած, սակայն ապահովագրական ընկերությանը դեռևս չներկայացված պահանջների պահուստների և ապահովագրության պայմանագրերով հատուցումների գծով ձևավորված կրեդիտորական պարտավորությունների հանրագումարն է,
ՊՊն-ն հաշվետու ամսվան նախորդող երեսունվեցերորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների և տեղի ունեցած, սակայն ապահովագրական ընկերությանը դեռևս չներկայացված պահանջների պահուստների և ապահովագրության պայմանագրերի հատուցումների գծով ձևավորված կրեդիտորական պարտավորությունների հանրագումարն է:
ԳՎ - վերաապահովագրության գործակից՝ հաշվետու ամսում և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների (ապահովագրական գումարների) և այդ հատուցումների (ապահովագրական գումարների) մեջ օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսում և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումներին (ապահովագրական գումարներին): Եթե ԳՎ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:
20. Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՊՄ=ՄՊ*ԳՊ*0.04,
որտեղ՝
ԱՊՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
ՄՊ-մաթեմատիկական պահուստներ, որը հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծությունն է (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը):
ԳՊ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների (առանց օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) հարաբերությունն է հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծությանը (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը): Եթե ԳՊ-ն փոքր է 0,85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,85 մեծությամբ:
21. Կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՌԿՄ=ՌԿ*ԳՌ*0.003,
որտեղ՝
ՌԿՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
ՌԿ - ռիսկային կապիտալ՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) և կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծության (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությունն է:
ԳՌ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (առանց օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) ու կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծության (առանց օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) տարբերության հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) ու կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծության (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությանը: Եթե ԳՌ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:
22. Եթե ռիսկային կապիտալը (ՌԿ-ն) բացասական մեծություն է, ապա ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը վերցվում է 0 արժեքով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
23. Ապահովագրական ընկերության համար, որպես իրացվելիության նորմատիվ (Ն2 նորմատիվ), սահմանվում է ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ն2=ԱԲԻ/ԸՊ,
որտեղ՝
ԱԲԻ-ն ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունն է,
ԸՊ-ն ապահովագրական ընկերության վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծությունն է:
24. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների գծով հաշվեգրված տոկոսների), որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման`
ա) կանխիկ դրամական միջոցներ,
բ) Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, բացառությամբ` գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի,
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնություններում,
դ) Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր ու Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսեր,
ե) ընթացիկ հաշիվների մնացորդ և ցպահանջ ավանդների գումարներ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում:
25. Բարձր իրացվելի ակտիվների գումարը հաշվարկվում է միջին օրական հաշվարկով (հաշվետու շաբաթվա ընթացքում բարձր իրացվելի ակտիվների օրական մեծությունների հանրագումարը հարաբերվում է 7-ի):
26. Վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված պարտավորությունները`
ա) ապահովագրական հատուցման (ապահովագրական գումարների վճարման) հետ չառնչվող բոլոր պարտավորությունները, որոնց մարումը կատարվելու է Ն2 նորմատիվի հաշվարկման օրը և հաշվարկման օրվան հաջորդող վեց օրվա ընթացքում,
բ) մինչև Ն2 նորմատիվի հաշվարկման օրը ապահովագրական ընկերությանը ներկայացված և ապահովագրական ընկերության կողմից դեռևս չկարգավորված պահանջների մեծությունը,
գ) ապահովագրական պայմանագրերի գծով ձևավորված կրեդիտորական պարտավորությունների մեծությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
27. Ստանձնած ապահովագրական ռիսկերի առավելագույն չափի նորմատիվը (Ն3) հաշվարկվում է հետևյալ բանաձևով
Ն3=Պ/ԸԿ,
որտեղ՝
Պ-ն մեկ ապահովագրության օբյեկտը ծածկող ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով ապահովագրական ընկերության կողմից ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափն է՝ նվազեցված այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի պարտավորության չափով,
ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:
28. Ն3 նորմատիվի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում Ն3 նորմատիվը հաշվարկվում է տվյալ օրվա վերջի դրությամբ ընդհանուր կապիտալի նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
29. Ապահովագրական ընկերության ակտիվներն ապահովագրական ընկերության կողմից ձևավորված ապահովագրական պահուստների մեծության չափով (ապահովագրական պահուստների համարժեք ակտիվներ) տեղաբաշխվում են հետևյալ ուղղություններով`
Ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվները |
Առավելագույն սահմանաչափը ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ բոլոր սուբյեկտներով (փոխառուներով) |
Առավելագույն սահմանաչափը ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ մեկ սուբյեկտով(փոխառուով) |
(1) | (2) | (3) |
1. Կանխիկ դրամարկղ |
3% |
3% |
2. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր | 100 % | 100 % |
3. Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների տրամադրած ԲԲ-(Բա2) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր և ԲԲ-(Բա2) ու բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսեր | 40 % | 5 % |
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» կամ «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների պարտատոմսեր | 40 % | 5 % |
5. Բանկային հաշիվներ, ցպահանջ և ժամկետային ավանդներ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրված փոխառություններ, նրանց կողմից թողարկված պարտատոմսեր | 100 % | 20% |
30. Ապահովագրական ընկերությունը չի կարող ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխել ածանցյալ արժեթղթերում:
31. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվարկում է ապահովագրական պահուստներն օրական կտրվածքով, ապա Ն4 նորմատիվի հաշվարկում ապահովագրական պահուստներն ընդգրկվում են միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ապահովագրական պահուստների օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին): Եթե ապահովագրական պահուստները չեն հաշվարկվում օրական կտրվածքով, ապա Ն4 նորմատիվի հաշվարկում ապահովագրական պահուստներն ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:
32. Ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվները Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվների օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին):