«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1491-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված կարգով` հետևյալ չափերով`
օդերևութաբանական կայանի, այդ թվում` դիտահրապարակի համար` 0.5-1.0 հեկտար,
ջրաչափական դիտակետի համար` 0.10-0.15 հեկտար (առանց ջրային տարածքի),
բնակավայրերում օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանի համար` 30-50 քառ. մետր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
1. Սույնով կանոնակարգվում են`
ա) շրջակա միջավայրի օդերևութաբանական, հիդրոլոգիական, կլիմայական, աերոլոգիական, երկրաֆիզիկական, ագրոօդերևութաբանական, ակտինոմետրական, օզոնոմետրական և մթնոլորտի, հողի, ջրերի, ձնածածկույթի ֆիզիկական, քիմիական (այդ թվում՝ ռադիոակտիվ) քանակաորակական բնութագրերի դիտարկումների (այսուհետ` շրջակա միջավայրի դիտարկումներ) պետական ցանցի օբյեկտների պահպանությունը.
բ) շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանական գոտիների ստեղծումը.
գ) շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ ստեղծված պահպանական գոտիներում տնտեսական և այլ գործունեության սահմանափակումները:
2. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտը համակարգ է, որն ընդգրկում է կայանի շենքը, դիտահրապարակը կամ դիտակետերի զբաղեցրած տարածքը, որտեղ տեղադրված են շրջակա միջավայրի որակական և քանակական բնութագրերի որոշման համապատասխան սարքեր և սարքավորումներ, այլ օժանդակ շինություններ, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները:
3. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունը դրանց գոյության պահպանվածությունն է և բխում է այդ օբյեկտներում ստացվող շրջակա միջավայրի մասին հավաստի տվյալների բազմամյա շարքերի պահպանության և շարունակելիության անհրաժեշտությունից:
4. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի կազմակերպումը, դիտարկումների պետական ցանցի օբյեկտների տեղադրման ընտրությունը կատարվում է և հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի գործունեության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) որոշման հիման վրա:
5. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների տեղադրումը, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը և դրանց նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Բնական երևույթների մասին հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի դիտարկումներ իրականացնող անշարժ օբյեկտների շուրջ ստեղծվում են պահպանական գոտիներ` դրանցում տնտեսական և այլ գործունեության սահմանափակմամբ, որպես կանոն, ոչ պակաս, քան 150 մետր շառավղով հողատարածքների տեսքով` հաշվարկված օբյեկտի սահմաններից: Պահպանական գոտիների չափերը և սահմանները կարող են փոփոխվել` կախված տեղանքի ռելիեֆից և այլ պայմաններից:
7. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտները (այսուհետ` հենակետային օբյեկտներ) այն օբյեկտներն են, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատև և ամբողջական շարքեր: Դիտարկման տվյալների կարճատև և ոչ ամբողջական շարքեր ունեցող օբյեկտները ոչ հենակետային օբյեկտներ են: Հենակետային և ոչ հենակետային օբյեկտների ցանկը հաստատում է լիազորված մարմինը:
8. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանման գոտիների սահմանանշումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության դրույթները:
9. Դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտները տեղափոխման ենթակա չեն: Դրանց շուրջ ստեղծված պահպանական գոտիներում տնտեսական և այլ գործունեության սահմանափակումներն են`
ա) շենքերի և շինությունների կառուցումը,
բ) ոռոգման և չորացման համակարգերի կառուցումը,
գ) լեռնային, շինմոնտաժային, պայթեցման և հողահարթեցման աշխատանքների իրականացումը,
դ) անտառահիմնումը,
ե) պարարտանյութերի կուտակումը,
զ) թափոնների տեղադրումը,
է) թթուների, աղերի և ալկալիների լուծույթների թափումը,
ը) ավտոմոբիլային և ջրային տրանսպորտի, տրակտորների և այլ մեքենաների ու մեխանիզմների կուտակումը, կայանատեղերի հիմնումը:
10. Ոչ հենակետային օբյեկտների շուրջ ստեղծված պահպանական գոտիներում սույն կարգի 9-րդ կետով սահմանված աշխատանքները կարող են իրականացվել լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
11. Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանական գոտիներ մուտք գործող ճանապարհներին տեղադրվում են համապատասխան տեղեկություններ պարունակող ցուցանակներ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |