«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1399-Ն
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի 108, 155, 168 և 188-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է համաձայն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և նպատակ ունի էներգաարդյունավետության փաստացի և Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատության ճանապարհով, իսկ նման ստանդարտների բացակայության դեպքում` ստացված ցուցանիշների վերլուծության միջոցով, եզրակացություն տալ կազմակերպության կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ պաշարների (այսուհետ` ՎԷՊ) խնայողաբար օգտագործման վերաբերյալ և գնահատել ՎԷՊ-ի քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները:
2. Սույն կարգի համաձայն իրականացվում է էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների, դրանցում կիրառվող կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ և հերմետիկացնող նյութերի ու շինվածքների, արդյունաբերության, այդ թվում` գյուղմթերքների վերամշակման ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների, էներգակիր սպառող ճարտարագիտատեխնիկական համալիրների (լուսավորության, ջերմամատակարարման, օդի լավորակման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման), դրանց նախագծերի և արտադրության էներգետիկ փորձաքննություն:
3. Էներգետիկ փորձաքննությունն ուղղված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը`
ա) կազմակերպության կողմից օգտագործվող ՎԷՊ-ի քանակի և որակի ցուցանիշների փաստագրում,
բ) ՎԷՊ-ի կորուստների պատճառների բացահայտում,
գ) ՎԷՊ-ի կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկի մշակում,
դ) ՎԷՊ-ի էներգախնայողության ներուժի գնահատում,
ե) տեխնոլոգիական պրոցեսներում և սարքավորումներում էներգասպառման ռացիոնալ չափաքանակների որոշում,
զ) կազմակերպությունների համար էներգակիրների ծախսի հաշվառման և հսկողության կատարելագործման առաջարկությունների մշակում,
է) նոր սարքավորումների, տեխնոլոգիաների ստեղծման համար ելակետային տվյալների հավաքագրում և մշակում, կազմակերպության էներգետիկ հաշվեկշռի համապատասխանեցում ստանդարտներին` ներգրավելով երկրորդային (վերականգնվող) էներգապաշարներ:
II. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Էներգետիկ փորձաքննության իրականացումը կամավոր է և կատարվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ ու հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող նախագծերի էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
6. Էներգետիկ փորձաքննությամբ նախատեսված էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրումն իրականացնում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները:
7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար փորձարկման լաբորատորիաները պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները`
ա) հագեցված լինեն անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, մեթոդականներով և դրանցով սահմանված չափիչ սարքերի բազայով.
բ) համալրված լինեն անհրաժեշտ որակավորման մասնագետներով:
8. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորվում է փորձաքննություն իրականացնող անձի կողմից:
9. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության և էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:
10. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթեր են: Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:
11. Էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացը բաղկացած է հետևյալ մակարդակներից`
ա) առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննություն` հաշվարկվում են ՎԷՊ-ի ծախսերն ընդհանուր ծախսերի մեջ.
բ) երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննություն` էներգատեխնոլոգիական համակարգերի և կազմակերպությունների խորացված ուսումնասիրություն՝ ընդհանուր առմամբ էներգետիկ հոսքերի որոշում:
Էներգետիկ փորձաքննության մակարդակը որոշվում է պատվիրատուի կողմից:
Նախագծերի համար իրականացվում է առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննություն:
12. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության նպատակներն են`
ա) որոշել ՎԷՊ-ի օգտագործման և ծախսերի կառուցվածքները.
բ) որոշել կազմակերպության էներգախնայողության ներուժը.
գ) առանձնացնել այն հանգույցներն ու տեղամասերը, որտեղ ոչ ռացիոնալ են օգտագործվում ՎԷՊ-երը.
դ) որոշել էներգախնայողության հետ կապված հետագա աշխատանքների առաջնահերթությունները.
ե) բացահայտել երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննություն կատարելու անհրաժեշտությունը:
13. Երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննության նպատակներն են`
ա) գտնել և առաջարկել էներգախնայողություն ապահովող նախագծերի ներդրման հնարավորությունները.
բ) գնահատել այդ նախագծերի տեխնիկատնտեսական արդյունավետությունը.
գ) համակարգել և առաջարկել տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն էներգաարդյունավետություն և էներգախնայողություն.
դ) ստեղծել նախադրյալներ կազմակերպությունում էներգախնայողության համալիր և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար:
III. ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
14. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության համար նախատեսվող աշխատանքներն են` ծանոթություն կազմակերպության հետ, փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և կազմակերպությունում էներգախնայողության հնարավոր ներուժի գնահատում:
15. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության հիմնական փուլերն են`
ա) ակնադիտական ծանոթություն կազմակերպության հետ.
բ) նախնական տվյալների հավաքագրում (կազմակերպության հաշվապահության ձևակերպումների մեջ ներառված տվյալներ).
գ) էներգիական անձնագրի լրացում` կազմակերպության տրամադրության տակ եղած տվյալների հիման վրա.
դ) կազմակերպության էներգատնտեսագիտական ցուցանիշների վերլուծություն.
ե) փորձաքննության օբյեկտների ընտրություն.
զ) առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության հաշվետվության և եզրակացության կազմում:
16. Տեղեկատվության հավաքագրումը կատարվում է փորձաքննություն կատարողի կողմից, նախօրոք կազմված փորձաքննության ծրագրի շրջանակներում, ներգրավելով կազմակերպության համապատասխան աշխատողներին, և տվյալները գրանցվում են այդ նպատակով մշակված ձևաթղթերում:
17. Տեղեկատվության աղբյուրներ են հանդիսանում՝
ա) կազմակերպության ղեկավարների և տեխնիկական անձնակազմի հետ տարվող հարցազրույցը.
բ) էներգամատակարարման և ՎԷՊ-ի հաշվառման գործող սխեմաները.
գ) էներգապաշարների տեխնիկական և առևտրային հաշվառման վերաբերյալ հաշվետվությունները և ՎԷՊ-ի մատակարարների կողմից ներկայացված հաշիվները.
դ) օրական, շաբաթական և ամսական ջերմային և էլեկտրական էներգիաների բեռների գրաֆիկները.
ե) թողարկվող արտադրանքի ծավալի և նրանց գների ու սակագների վերաբերյալ տվյալները.
զ) տեխնոլոգիական և օժանդակ սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը (ռեժիմային քարտեր, այդ սարքերն արտադրող կազմակերպության դասակարգիչներ, կանոնակարգեր և այլն).
է) նորոգումների, կարգաբերումների, փորձարկումների և էներգախնայողության վերաբերյալ հաշվետվությունները.
ը) հեռանկարային ծրագրերը, տեխնիկատնտեսական հիմնավորումները, կազմակերպության զարգացման բիզնես-ծրագրով նախատեսված ցանկացած տեխնոլոգիական վերակառուցման ու կազմակերպչական բարեփոխումների նախագծային փաստաթղթերը:
Թվարկված տեղեկատվությունը ներկայացվում է փորձաքննությունն իրականացնողին առնվազն վերջին երկու տարվա կտրվածքով:
18. Նախնական տվյալների կազմը հետևյալն է`
ա) կազմակերպության վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները.
բ) բազային և ընթացիկ տարիների էներգասպառման և թողարկված արտադրանքի վերաբերյալ փաստացի հաշվետվությունների տվյալները.
գ) հիմնական էներգատեխնոլոգիական սարքավորումների ցանկը և դրանց տեխնիկական ու էներգետիկական բնութագրերը.
դ) կազմակերպության կողմից օգտագործվող ՎԷՊ-ի տեխնիկատնտեսական բնութագրերը.
ե) էլեկտրական ենթակայանների, սեղմված օդի, ջերմամատակարարման և ջրամատակարարման աղբյուրների մասին տեղեկություններ:
19. Կազմակերպության էներգատնտեսագիտական ցուցանիշների վերլուծությունը ներառում է`
ա) վերջին 2-3 տարվա համար թողարկված արտադրանքի քանակական բնութագրերը.
բ) փորձաքննության իրականացման պահին թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, այդ թվում` վառելիքի, էլեկտրական և ջերմային էներգիաների վրա կատարված ծախսերը.
գ) արտադրանքի էներգատարությունը.
դ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում թողարկված արտադրանքի տեսակարար էներգատարությունը և արտադրանքի հիմնական տեսականու վրա էներգապաշարների տեսակարար ծախսերը.
ե) աշխատողների միջին տարեկան թիվը, այդ թվում` առանձնացված էներգածառայության վարչական և արտադրական աշխատողների թիվը:
Անհրաժեշտ է պարզել, թե էներգիայի ընդհանուր ծախսի մեջ ՎԷՊ-ի որ տեսակների ծախսն ավելի զգալի է և որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի առաջին հերթին: Էներգասպառման մասին տեղեկատվությունը պետք է ներառի ՎԷՊ-ի յուրաքանչյուր տեսակի մասնաբաժինը էներգասպառման ամբողջ ծավալի մեջ` դրանց վրա կատարվող ծախսերով հանդերձ:
Գների մասին տեղեկանքում պետք է ներառել վառելիքի միավորի գինը և (կամ) սակագինը:
20. Էլեկտրաէներգիայի սպառման խնայողության ներուժի գնահատման նպատակով անհրաժեշտ է ստանալ հետևյալ տեղեկատվությունը`
ա) էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր սնուցման հզորությունը.
բ) միացված բեռի լրիվ հզորությունը.
գ) տարեկան և օրական բեռի գրաֆիկները.
դ) հզորության գործակցի միջինացված արժեքը.
ե) ռեակտիվ հզորության կոմպենսացման առկայությունը.
զ) էլեկտրասպառման ընդհանուր կառուցվածքը (շարժիչներ, լուսավորություն, տեխնոլոգիական պրոցես և այլն):
21. ՎԷՊ-ի օգտագործման խնայողության հնարավորությունը գնահատելու և ներկայացվող արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով անհրաժեշտության դեպքում կարող են հաշվարկվել հետևյալ տեսակարար ծախսերը` ՎԷՊ-ի և էներգիայի միջին արժեքը, էներգակրի մեջ էներգիայի միավորի սահմանային արժեքը, օգտակար էներգիայի միավորի արժեքը և այլն:
22. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության ավարտին սպառիչ պատկերացում է կազմվում կազմակերպության և նրա տեխնոլոգիական պրոցեսների մասին, ներառյալ`
ա) կազմակերպության կողմից ՎԷՊ-ի համար կատարված ընդհանուր ծախսերը.
բ) էներգակիրների ծախսերի կառուցվածքը.
գ) ՎԷՊ-ի սպառման և ծախսերի սեզոնային փոփոխությունը.
դ) յուրաքանչյուր էներգակրի գնի կառուցվածքը:
IV. ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
23. Երկրորդ մակարդակի փորձաքննության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է`
ա) կատարել կազմակերպության ՎԷՊ օգտագործող սարքավորումների և տեխնոլոգիական պրոցեսների հետազոտություն.
բ) կազմել տեխնոլոգիական պրոցեսների ուրվակները.
գ) կազմել էներգիայի հիմնական սպառիչների ցանկը.
դ) կատարել յուրաքանչյուր հիմնական սպառիչի համար էներգիայի ծախսի հաշվարկ.
ե) կատարել հիմնական սպառիչների աշխատանքի վերլուծություն:
24. Կազմակերպության հետազոտության փուլում կատարվում է վիճակագրական տվյալների և նախնական տեղեկատվության հավաքագրում, որը ներառում է`
ա) ընթացիկ և անցած տարվա ընթացքում ամենամսյա և տարեկան հիմնական և լրացուցիչ արտադրանքի թողարկումը.
բ) ՎԷՊ-ի ամենամսյա և տարեկան սպառումը և ծախսը.
գ) միավոր արտադրանքի թողարկման տեսակարար ՎԷՊ-ի նորմերը.
դ) աշխատաժամերի քանակը և հերթայնությունը.
ե) ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և սեղմված օդի մատակարարման աղբյուրները.
զ) կազմակերպության ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և սեղմված օդի մատակարարման համակարգերի սխեմաները.
է) վերջին 1-2 տարվա ընթացքում էներգասպառման ցուցանիշները և էներգաօգտագործման արդյունավետության բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ գոյություն ունեցող վիճակագրական և կազմակերպության ներքին հաշվետվությունների տվյալները.
ը) ջերմային և էլեկտրական էներգիաների հաշվառքի և ծախսի նորմավորման վիճակը.
թ) էներգատար սարքավորումների և ինժեներական համակարգերի անձնագրերի առկայությունը.
ժ) երկրորդային էներգապաշարների, այդ թվում` ցածր պոտենցիալ ունեցող, ելքն արտադրությունից և նրանց օգտագործումը.
ժա) կազմակերպության էներգիական անձնագրի առկայությունը:
25. Կազմակերպության հետազոտության համար անհրաժեշտ է`
ա) որոշել տեխնոլոգիական պրոցեսների մուտքում և ելքում էներգետիկական հոսքերը.
բ) որոշել հումքի և արտադրանքի հոսքերը.
գ) սահմանել ՎԷՊ-ի կորուստների և թափոնների հոսքերը.
դ) սահմանել արտադրության աշխատանքային ռեժիմները և հանգուցային անձանց (հանգուցային անձինք կազմակերպությունում հանդիսանում են տեխնոլոգիական տեղակայանքների օպերատորները, վարպետները, տեխնոլոգները և թողարկվող արտադրանքի կառավարիչները):
26. Տեխնոլոգիական պրոցեսի ուրվակն իրենից ներկայացնում է դիագրամ, որը ցույց է տալիս հումքի և նյութերի շարժի հիմնական փուլերի հերթականությունը` մինչև պատրաստի արտադրանքի վերածվելը: Ուրվակի վրա նշվում են այն տեղերը, որտեղ տրվում և օգտագործվում են էներգապաշարները, ինչպես նաև տեխնոլոգիական պրոցեսում իրականացվում է հումքի վերամշակում և թափոնների օգտահանում:
27. Կազմակերպությունում էներգիայի հիմնական սպառիչները հայտնաբերվում են աշխատողների հետ զրույցի, տեխնոլոգիական պրոցեսների ուրվակների ուսումնասիրման և կազմակերպության շրջայցի միջոցով: Վառելիքի խոշոր սպառողները սովորաբար լինում են շոգեկաթսաները և ջրատաքացուցիչ կաթսաները, տարբեր նշանակության վառարանները և հեղուկների տաքացուցիչները, ջերմամատակարարման համակարգը:
28. Էներգասպառման հաշվարկ կատարելու համար հիմնական էներգասպառիչների ցանկից առավել խոշոր սպառիչներին առանձնացնելու և նրանց մանրակրկիտ ուսումնասիրության առաջնայնությունը կազմելու նպատակով անհրաժեշտ է իմանալ նրանց էներգասպառման մասը ընդհանուր էներգասպառման մեջ:
29. Առանձին սպառողների էներգասպառման չափը գնահատելու համար պետք է հաշվի առնել`
ա) էներգասպառման սեզոնային փոփոխությունները.
բ) կատարված չափումների արդյունքները.
գ) կատարված հաշվարկների արդյունքները:
30. Էներգասպառման սեզոնային փոփոխությունների հաշվառումը հնարավորություն կտա առանձնացնելու ջեռուցման վրա ծախսված ՎԷՊ-ը տեխնոլոգիական պրոցեսում ծախսված ՎԷՊ-ից: Սպառման հաշվարկները հաճախ իրականացվում են չափումների, գնահատման և մաթեմատիկական հաշվարկների կատարման համադրմամբ: Սույն փուլում կարևոր է ունենալ էներգասպառման ընդհանուր պատկերը:
31. ՎԷՊ-ի սպառման հաշվեկշռի հաշվարկային տվյալների ճշգրտման նպատակով կատարվում է կազմակերպության էներգետիկ հոսքերի գնահատում: Այդպիսի գնահատում կարելի է կատարել հետևյալ եղանակներով`
ա) տեղադրված ցանկացած հաշվառքային սարքերի օգտագործմամբ,
բ) հատուկ փոխադրելի չափիչ-հսկիչ սարքերի կիրառմամբ,
գ) տեղակայված սարքավորումների նախագծային տվյալների կիրառմամբ,
դ) էներգակիրներ տեղափոխող խողովակաշարերի տրամագծերի չափերով պայմանավորված առավելագույն հոսքերի գնահատմամբ:
32. Էներգասպառման հաշվեկշիռը մշակվում է կազմակերպության կառուցվածքին համապատասխան, որտեղ առանձնացվում են էներգասպառման հետևյալ խմբերը`
ա) ընդհանուր գործարանային ծախսեր,
բ) ընդհանուր արտադրամասային ծախսեր` յուրաքանչյուր արտադրատեսակի համար,
գ) տեխնոլոգիական ծախսեր` յուրաքանչյուր արտադրատեսակի համար:
33. Կազմակերպության էներգետիկական հաշվեկշռի վերլուծության հիմնական խնդիրներն են`
ա) էներգաօգտագործման փաստացի վիճակի գնահատականը,
բ) տեխնոլոգիական և էներգետիկական սարքավորումների աշխատանքի բարելավումը և ՎԷՊ-ի կորուստների ի հայտ բերումն ու գնահատումը,
գ) տեխնոլոգիական պրոցեսներում և արդյունաբերական տեղակայանքներում ՎԷՊ-ի սպառման արդյունավետ չափերի որոշումը,
դ) նորմավորման մեթոդիկայի կատարելագործումը և արտադրվող ապրանքի համար ՎԷՊ-ի նորմերի մշակումը,
ե) սպառվող ՎԷՊ-ի յուրաքանչյուր տեսակի համար չափիչ-հսկիչ սարքերի նկատմամբ պահանջների մշակումը և հաշվառման համակարգի կատարելագործումը:
Փորձաքննություն իրականացնողի գործելակերպը պետք է համապատասխանի, բայց ոչ սահմանափակվի հետևյալ ալգորիթմով`
ա) կազմել էներգամատակարարման կառուցվածքային ուրվակը` նշելով առևտրային և տեխնիկական հաշվառքի սարքերի տեղերը,
բ) որոշել էներգասպառման վերլուծության համար անհրաժեշտ դիագնոստիկական լրացուցիչ սարքերի քանակը և տեսակը,
գ) վերլուծել էներգաբաշխման համակարգը և դրա վրա կատարվող ծախսերը, որի համար անհրաժեշտ է ունենալ ծախսված էներգիայի վճարման հաշիվը, սպառված էներգիայի սակագների մեծությունը, առևտրային հաշվիչների ցուցմունքները, ինչպես նաև բեռի տիպային օրական գրաֆիկները` ձմեռային և ամառային առավելագույն հզորություններով,
դ) որոշել կազմակերպության առանձին տեղամասերում էներգասպառման ծախսերը և ստանալ նախորդ տարվա էներգաբաշխման կառուցվածքը,
ե) հաշվարկել էներգիայի առանձին տեսակների ծախսերը` յուրաքանչյուր տեղամասի և ընդհանրապես կազմակերպության համար,
զ) կազմել կազմակերպության էներգետիկ հաշվեկշիռը,
է) վերլուծել հետևյալ ցուցանիշները`
մատակարարների կողմից ներկայացված հաշիվների համաձայն ՎԷՊ-ի համար կատարված վճարումների համապատասխանությունը հաշվարկի արդյունքում ստացված մեծություններին,
նախօրոք սահմանված ակտիվ հզորությունների առավելագույն արժեքների հարաբերությունը փորձաքննության ընթացքում նույն օրերի առավելագույն հզորություններին` ամառային և ձմեռային օրերի համար:
V. ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ
34. Սարքերի կիրառմամբ հետազոտություն կատարվում է այն դեպքում, երբ բացակայող տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է էներգասպառման արդյունավետությունը գնահատելու համար, հաշվետվություններում ընդգրկված չէ կամ արժանահավատություն չի հարուցում: Սարքերի կիրառմամբ հետազոտության ժամանակ օգտագործվում են տեղադրված կամ փոխադրվող հատուկ չափիչ-հսկիչ սարքեր` առաջնայնությունը տալով տեղադրված առևտրային և տեխնիկական հաշվառքի սարքերին: Սույն հետազոտությունների դեպքում կազմակերպությունը բաժանվում է առանձին համակարգերի կամ օբյեկտների, որոնք ենթակա են հնարավոր համալիր հետազոտության:
35. Սարքերի կիրառմամբ հետազոտության ժամանակ չափումները բաժանվում են հետևյալ խմբերի`
ա) միանգամյա չափումներ, որոնք հանդիսանում են առավել պարզ չափում և կիրառվում են առանձին օբյեկտի որոշակի ռեժիմում աշխատանքի պայմաններում էներգաարդյունավետության ուսումնասիրության ժամանակ: Որպես օրինակ կարող են հանդիսանալ կաթսայական ագրեգատի օգտակար գործողության գործակցի չափումը, պոմպերի, օդամուղների, կոմպրեսորների հետազոտությունները և այլն: Միանգամյա չափման համար բավարար է սարքերի նվազագույն թիվը և դրանց վրա չի դրվում հիշողության կամ դիագրամի վրա գրանցման պարտադիր պայմանը.
բ) հաշվեկշռային չափումներ, որոնք կիրառվում են առանձին սպառիչների, տեղամասերի, կազմակերպության համար որևիցե մեկ տեսակի էներգակրի բաշխման հաշվեկշռի կազմման ժամանակ: Հաշվեկշռային չափումները կատարվում են ունենալով էներգակրի բաշխման ստույգ ուրվակը, համաձայն որի պետք է կատարվեն չափումներ` հաշվեկշռի ստացման համար: Սույն խմբին դասվող չափումների ժամանակ ցանկալի է ունենալ տարբեր կետերում միաժամանակյա չափման համար տեղադրված չափիչ սարքեր: Խորհուրդ է տրվում օգտագործել հիմնականում առևտրային և տեխնիկական հաշվառքի չափիչ սարքերը: Համապատասխան քանակի չափիչ սարքերի բացակայության դեպքում պետք է ապահովել էներգակրի բաշխման ցանցին միացված բոլոր սարքավորումների համար կայունացված ռեժիմ և չափումների ընթացքում բացառել անհարկի միջամտությունը կայունացված ռեժիմի ընթացքին: Հաշվեկշռային չափումների արդյունքում ստացված տվյալները կարող են հիմք հանդիսանալ էներգամատակարարման ուրվակների ճշգրտման համար.
գ) ցուցանիշների գրանցում, կատարվում է, երբ անհրաժեշտ է որոշել այս կամ այն ցուցանիշի փոփոխությունը ժամանակի ընթացքում: Որպես օրինակ կարող է հանդիսանալ օրական բեռի գրաֆիկի ստացումը, սպառվող ջերմության կախվածությունը ջերմաստիճանից և այլն: Այս չափումների ժամանակ սարքերը պետք է կահավորված լինեն ներքին կամ արտաքին հիշողության սարքվածքներով և ունենան հնարավորություն տեղեկատվությունը փոխանցելու համակարգչին: Որոշ դեպքերում թույատրվում է օգտագործել տեղադրված չափիչ սարքերն առանց հիշողության, պայմանով, որ նրանց ցուցմունքները կվերցվեն հավասար ժամանակահատվածներում:
VI. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
36. Այս փուլի նպատակը նախորդ փուլերում հավաքված տեղեկատվությունների խորը վերլուծության արդյունքում կազմակերպությունում էներգախնայողության ուղիներ առաջարկելն է, որոնք սովորաբար լինում են`
ա) անարդյունավետ էներգասպառման բացառումը,
բ) կորուստների նվազեցումը,
գ) էներգիայի փոխակերպումների արդյունավետության բարձրացումը:
37. Էներգապաշարների կորուստները և դրանց անարդյունավետ օգտագործման տեղամասերն ի հայտ բերելուց հետո մշակվում են միջոցառումների ցանկ և կազմակերպության էներգասպառման արդյունավետության բարձրացման մասին նախագծեր:
38. Անհրաժեշտ է որոշել էներգահոսքերի արդյունավետությունը` ըստ իրենց ուղղությունների և մեծությունների: Այս նպատակով համեմատություն է կատարվում նմանատիպ կազմակերպությունների հետ, որպես չափորոշիչներ են վերցվում Ազգային ստանդարտներով սահմանված, իսկ դրանց բացակայության դեպքում` զարգացած երկրների նույնատիպ արտադրատեսակների համար էներգասպառման տեսակարար ցուցանիշները:
39. Կազմակերպության էներգասպառման արդյունավետության բարձրացման լավագույն լուծումներն առաջարկվում են տեխնոլոգիական պրոցեսների խորը ուսումնասիրման արդյունքում` ներգրավելով կազմակերպության բանիմաց մասնագետներին:
40. Ամբողջ տեղեկատվությունը, որը հավաքագրվում է փաստաթղթերից և գործիքային հետազոտությունների ընթացքում, հանդիսանում է էներգասպառման արդյունավետության որոշման համար ծառայող սկզբնանյութ: Հիմք ընդունելով հավաքագրված սկզբնանյութը և կախված սարքավորումների տեսակներից` ընտրվում է էներգաարդյունավետության վերլուծության մեթոդը:
41. Վերլուծության մեթոդները լինում են ֆիզիկական և ֆինանսատնտեսագիտական:
42. Ֆիզիկական մեթոդն առնչվում է տեխնոլոգիական պրոցեսը բնութագրող ֆիզիկական (բնական) մեծությունների հետ և նպատակ ունի որոշելու էներգասպառման բնութագրերը:
Այս մեթոդը ներառում է`
էներգասպառող օբյեկտների կազմի որոշումը, որոնցում պետք է իրականացվի վերլուծությունը (որպես օբյեկտ կարող են ծառայել առանձին սպառիչներ, համակարգեր, տեխնոլոգիական գծեր, շենքեր, ստորաբաժանումներ, ինչպես նաև կազմակերպությունն ամբողջությամբ).
օբյեկտների կողմից օգտագործվող ամբողջ էներգիայի բաշխման որոշումը` ըստ էներգապաշարների և էներգակիրների առանձին տեսակների: Այս նպատակով տվյալներն ամբողջությամբ բերվում են չափողականությունների նույն համակարգի, որոշվում է յուրաքանչյուր օբյեկտի համար բնութագրիչ մեծությունը, որն առավել մեծ ազդեցություն է ունենում էներգասպառման վրա: Օրինակ` տեխնոլոգիական սարքավորումների համար այդպիսի մեծություն է հանդիսանում թողարկվող արտադրանքը, ջեռուցման համակարգի համար` արտաքին օդի ջերմաստիճանը, էներգիայի տեղափոխման և կերպափոխման համար` ելքի օգտակար էներգիան և այլն:
Այնուհետև բոլոր օբյեկտների համար հաշվարկվում է էներգապաշարների առանձին տեսակների տեսակարար էներգասպառումը, որն իրենից ներկայացնում է էներգասպառման հարաբերությունը բնութագրիչ մեծության վրա: Ստացված տեսակարար ծախսը համեմատվում է բազային համանուն ցուցանիշների հետ և կատարվում է համապատասխան եզրահանգում յուրաքանչյուր օբյեկտի էներգասպառման արդյունավետության վերաբերյալ: Բազային ցուցանիշներ կարող են հանդիսանալ տվյալ ոլորտի համար Ազգային ստանդարտներով սահմանված նորմերը, օբյեկտի նախագծային նորմերը, ինչպես նաև զարգացած երկրների համապատասխան օբյեկտների համար կիրառվող ցուցանիշները:
Պրոցեսների ֆիզիկական մոդելավորման միջոցով կամ փորձագիտական գնահատմամբ որոշվում են էներգիայի ուղղակի կորուստները` էներգակիրների արտահոսքերի միջոցով, մեկուսացման խախտմամբ, սարքավորման ոչ ճիշտ շահագործմամբ, հարկադիր պարապուրդի արդյունքում ի հայտ են բերվում առավել անբարենպաստ օբյեկտները` էներգաարդյունավետության տեսանկյունից:
43. Ֆինանսատնտեսագիտական վերլուծությունը կատարվում է ֆիզիկականին զուգընթաց` դրանում բերված եզրակացություններին տնտեսագիտական հիմնավորում տալու նպատակով: Այս փուլում հաշվարկվում են առանձին էներգապաշարների վրա կատարվող ծախսերը` յուրաքանչյուր էներգասպառող օբյեկտի համար: Ուղղակի կորուստները գնահատվում են դրամական արտահայտությամբ: Էներգախնայողության միջոցառումների և նախագծերի վերլուծության ժամանակ որոշիչ դեր ունեն ֆինանսատնտեսագիտական չափորոշիչները:
VII. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
44. Այս փուլի նպատակն է`
ա) որոշել հնարավոր առաջարկներից այն առաջարկները, որոնք կարող են դառնալ իրական նախագծեր,
բ) համեմատել այլընտրանքային մտահղացումները և ընտրել լավագույնը,
գ) մշակել նախագծերի ընդհանուր ցանկ:
45. Էներգախնայողության միջոցառումների մշակման հիմքում դրվում է էներգախնայողության հայտնի տիպարային մեթոդների կիրառումը` վերլուծության փուլում ի հայտ բերված անարդյունավետ էներգասպառում ունեցող օբյեկտների համար:
46. Էներգախնայողության միջոցառումների ցանկը մշակելիս անհրաժեշտ է`
ա) որոշել առաջարկվող կատարելագործման տեխնիկական էությունը և տնտեսման սկզբունքը,
բ) հաշվել տարեկան կտրվածքով հնարավոր տնտեսման չափը` ֆիզիկական ծավալով և դրամային մեծությամբ,
գ) որոշել սարքավորումների կազմը, որն անհրաժեշտ է առաջարկության իրականացման համար, դրանց մոտավոր արժեքը` հիմք ընդունելով նմանատիպ սարքավորումների միջազգային գները, փոխադրման, տեղադրման և շահագործման հանձնելու հետ կապված ծախսերը,
դ) դիտարկել կազմակերպության ուժերով աշխատանքների կատարման հնարավորությունը` ծախսերի նվազեցման նպատակով,
ե) որոշել առաջարկության հնարավոր կողմնակի ազդեցությունը կազմակերպության իրական տնտեսական արդյունավետության վրա,
զ) գնահատել առաջարկվող կատարելագործման ընդհանուր տնտեսական արդյունավետությունը` հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները:
47. Եթե տրվում են միմյանցից կախված երկու և ավելի միջոցառումներ, ապա հաշվարկվում է արդյունավետության որոշման առնվազն երկու ցուցանիշ`
ա) արդյունավետության ցուցանիշ` միայն տվյալ միջոցառման ներդրման հետևանքով,
բ) արդյունավետության ցուցանիշ` բոլոր միջոցառումների ներդրման հետևանքով:
48. Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներից ստացված տնտեսական արդյունքը սովորաբար գնահատվում է ներդրումների հետգնման ժամանակամիջոցի հաշվարկի միջոցով: Պատվիրատուի պահանջով կարող են կիրառվել տնտեսական արդյունավետության հաշվարկի առավել բարդ մեթոդներ:
49. Տնտեսական արդյունավետությունը գնահատելուց հետո առաջարկված բոլոր միջոցառումները դասակարգվում են երեք խմբի`
ա) միջոցառումներ, որոնց իրականացման համար ծախսեր չեն պահանջվում կամ պահանջվում են քիչ ծախսեր: Այսպիսի միջոցառումներն իրականացվում են կազմակերպության ընթացիկ գործունեության ժամանակ,
բ) միջին ծախսատարություն պահանջող միջոցառումներ: Այսպիսի միջոցառումները կարող են իրականացվել կազմակերպության սեփական միջոցների հաշվին,
գ) բարձր ծախսատարություն պահանջող միջոցառումներ: Այսպիսի միջոցառումները սովորաբար իրականացվում են վարկային միջոցների ներգրավման շնորհիվ:
Առաջարկված միջոցառումները լրացվում են նշված խմբերը պարունակող աղյուսակի տեսքով` արդյունավետության չափի նվազման հաջորդականությամբ, որն էլ կարող է հանդիսանալ դրանց իրականացման հաջորդականություն:
VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
50. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունն էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որտեղ արտահայտվում է կարծիք էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ և համապատասխանում է պատվիրատուի և փորձաքննություն իրականացնող անձի միջև կազմված էներգետիկ փորձաքննության առաջադրանքին:
51. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի մոտ:
52. Եզրակացությունը բաղկացած է երեք հիմնական մասից` ներածական, վերլուծական և եզրափակիչ:
53. Ներածական մասում նշվում են`
ա) կազմակերպության անվանումը, որը ենթարկվել է էներգետիկ փորձաքննության և այն ժամանակահատվածը, որի համար իրականացվել է փորձաքննությունը,
բ) էներգասպառման և էներգետիկ հաշվեկշիռների մասին հիմնական տեղեկությունները,
գ) պայմանական վառելիքի, ջերմության և էլեկտրական էներգիայի գումարային ծախսը` վերագրված թողարկվող հիմնական ապրանքատեսակներին և կազմակերպությանն ընդհանրապես,
դ) կազմակերպությունում օգտագործված էներգակիրների տեսակները, դրանց քանակությունը և տեխնոլոգիական պրոցեսների խոշորացված խմբերի միջև բաշխվածությունը,
ե) թողարկված ապրանքների քանակությունը` առանձնացնելով դրանցից առավել էներգատար ապրանքները,
զ) թողարկված հիմնական ապրանքների վրա վառելիքի, ջերմության և էլեկտրական էներգիայի պլանային և փաստացի տեսակարար ծախսերը,
է) կազմակերպության էներգետիկ հաշվեկշիռը` ըստ տեխնոլոգիական պրոցեսների խոշորացված խմբերի և օգտագործված էներգակիրների տեսակների և էներգետիկական սարքավորումների կազմը:
54. Վերլուծական մասը պարունակում է`
ա) էներգասպառման փաստացի մակարդակի գնահատումը և այդ մակարդակի նվազեցման հնարավորությունները,
բ) էներգատնտեսության տարրերում կորուստների հիմնական պատճառների և դրանց քանակության որոշումը,
գ) վառելիքի և էներգիայի տնտեսման արտադրական պաշարները,
դ) երկրորդային էներգապաշարների ելքը և դրանց օգտագործումը,
ե) էներգակիրների տարբեր պարամետրերի օգտագործման արդյունավետության գնահատականը առանձին սարքավորումներում և պրոցեսներում,
զ) նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ազդեցությունը կազմակերպության էներգասպառման մակարդակի վրա,
է) էներգատնտեսության արդյունավետության բարձրացման ընթացիկ և հեռանկարային (5-10 տարի) պլանները,
ը) սարքավորումների էներգետիկ ռեժիմների ինտենսիվացման հնարավորությունները և էներգասպառման նորմավորման և պլանավորման կատարելագործումը:
55. Էներգախնայողության ընթացիկ պաշարները գնահատվում են` ելնելով կազմակերպության փաստացի և տեխնիկական նորմատիվների հիման վրա կազմված էներգետիկ հաշվեկշիռների համեմատությունից:
Տեխնիկական նորմատիվներով հաշվեկշռի կազմման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի միջոցառումներ, որոնք չեն պահանջում հատուկ նախագծային և կոնստրուկտորային աշխատանքներ կամ երկարատև և մեծ ծախսեր պահանջող սարքավորումների ձեռքբերում: Էներգախնայողության հեռանկարային պաշարները գնահատվում են` ելնելով տեխնիկական նորմատիվների և տնտեսագիտական հիմնավորմամբ կազմված էներգետիկ հաշվեկշիռների համեմատությունից:
56. Էներգետիկ փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասում նշվում են` ՎԷՊ-ի արդյունավետ օգտագործման համառոտ գնահատականը, վառելիքի ծախսի և էներգամատակարարման ծախսերի կրճատմանն ուղղված առաջարկությունները: Եզրակացությանը կցվում են կազմակերպության էներգիական անձնագիրը, ՎԷՊ-ի սպառման օպտիմալ ռեժիմները, էներգախնայողության առաջարկվող նախագծերը` իրենց հիմնավորումներով, այդ թվում` ներդրումների չափը և դրանց հետգնման ժամանակամիջոցը և դրանց համեմատությունն Ազգային ստանդարտների հետ:
57. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում փորձաքննողի ու ստորագրվում և կնքվում էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի ղեկավարի կողմից:
58. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում ներառվում են տեղեկություններ փորձաքննության ընթացքի, փորձաքննողի կողմից կիրառված մեթոդների, սարքերի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման մասին, ինչպես նաև հակիրճ տեղեկատվություն էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
IX. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
59. Սարքերի կիրառմամբ հետազոտման մասով էներգետիկ փորձաքննությունը պետք է իրականացվի ստացիոնար և դյուրատար սարքերի միջոցով: Ստացիոնար սարքերին, որոնք օգտագործվում են էներգետիկ փորձաքննության ժամանակ, վերաբերում են սարքեր` էներգապաշարների առևտրային հաշվառման համար, վերահսկիչ-չափիչ և ինքնակարգավորիչ ապարատներ (սարքեր), սարքեր` նախատեսված օդերևութաբանական դիտարկումների համար և այլ սարքեր, որոնք տեղադրված են էներգետիկ փորձաքննության ենթարկվող օբյեկտում: Բոլոր չափող սարքերը պետք է համապատասխան ձևով ստուգված լինեն: Դյուրատար սարքերը կարող են լինել էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի սեփականությունը, ստուգվող կազմակերպության սեփականությունը կամ կարող են վերցված լինել ժամանակավոր օգտագործման համար: Սարքերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սերտիֆիկատ և լինեն ստուգաչափված:
60. Էներգետիկ փորձաքննության համար օգտագործվող դյուրատար սարքերը, անկախ ցուցասարքի կամ սանդղակի վրա դուրս բերված ցուցմունքից, պետք է ունենան ստանդարտ անալոգային կամ թվային ելքի տեղ, որտեղից հնարավար կլինի միացնել հաշվառման սարքեր, համակարգիչներ և այլ արտաքին սարքավորումներ: Դյուրատար սարքերը պետք է ունենան ավտոնոմ սնուցում, լինեն կոմպակտ և սպասարկվեն մեկ մարդու կողմից:
61. Էներգետիկ փորձաքննության անցկացման համար նախատեսված դյուրատար սարքերի կազմում նվազագույնը պետք է ներառված լինեն`
ա) հեղուկի ուլտրաձայնային ծախսաչափ (ներդրվող), որը թույլ է տալիս չափել հեղուկի արագությունը, ծախսը, որը հոսում է խողովակաշարում, առանց խողովակաշարի ամբողջականության խախտման,
բ) էլեկտրաքիմիական գազանալիզարար` թթվածնի և ածխածնի օքսիդի քանակի և այրման արգասիքների ջերմաստիճանի որոշման համար,
գ) էլեկտրաանալիզարար, որը գրանցում և չափում է եռաֆազ հոսանքը և լարումը, ակտիվ և ռեակտիվ հզորությունը, օգտագործված ակտիվ և ռեակտիվ էլեկտրաէներգիան,
դ) ինֆրակարմիր ջերմաչափ` 0-600C չափման տիրույթով,
ե) ջերմաչափերի հավաքածու` տարբեր տվիչներով` օդային, հեղուկային և մակերեսային,
զ) լյուքսմետր,
է) անեմոմետր,
ը) գիգրոմետր,
թ) տվյալների կուտակիչ` փոփոխական ազդանշանների գրանցման համար: Կուտակիչը պետք է ունենա երկուսից ոչ պակաս ջերմաստիճանային տվիչների անմիջական միացման համար նախատեսված ուղի, նաև երկուսից ոչ պակաս հոսանքի կամ պոտենցիալի ուղիներ` ստանդարտ անալոգային ազդանշանների գրանցման համար:
62. Էներգետիկ փորձաքննության անցկացման համար նախատեսված դյուրատար սարքավորումների նվազագույն կազմն անհրաժեշտ է ընդլայնել լրացուցիչ սարքավորումներով:
63. Առաջին հերթին վերը նշված հավաքածուի մեջ ուլտրաձայնային ծախսաչափերը պետք է լինեն երկուսից ոչ պակաս հիդրավլիկական ցանցում` հաշվեկշռի կազմման համար: Դրանցից գոնե մեկը պետք է ունենա բարձր ջերմաստիճանային տվիչ, որն աշխատում է ջերմատարի 2000C աստիճանի դեպքում: Էլեկտրաքիմիական գազանալիզատորները պետք է կահավորված լինեն ծխագազերում` ազոտի և ծծմբի օքսիդների քանակի որոշման տվիչներով, ինչպես նաև փոշեչափիչներով:
64. Լրացուցիչ պետք է ներառել`
ա) էլեկտրաէներգիայի որակի վերլուծիչ (ներդաշնակ աղավաղումների),
բ) էլեկտրամեկուսչի փորձասարք,
գ) հողանցումի փորձասարք,
դ) միկրոօմմետր` հպումային դիմադրությունների ստուգման համար,
ե) տարբեր հոսաորոնիչներ և գազերի դրսևորիչներ,
զ) ջերմացույց,
է) բարձրաստիճանային ինֆրակարմիր ջերմաչափ,
ը) հաստաչափ` խողովակաշարերի և պահեստարանների պատերի հաստությունը որոշելու համար,
թ) ծախսաչափ` հոսարանների համար,
ժ) մանոմետրեր և դիֆմանոմետրեր` չափումների տարբեր սահմանների համար,
ժա) ջրի որակի որոշիչ (աղապարունակում, pH, լուծված թթվածին),
ժբ) տախոմետր,
ժգ) դինամոմետրեր` ճկման և պտտվող մոմենտի չափման համար,
ժդ) դյուրատար համակարգիչ:
X. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
65. Էներգախնայողություն ապահովող նախագծերը
Էներգախնայողություն ապահովող նախագծերի փորձաքննության իրականացման նպատակն է`
ա) համոզվել, որ նախագծերն իրականացվելի են,
բ) համոզվել նախագծերի իրականացման նպատակահարմարության մեջ,
գ) ուսումնասիրել նախագծերի ազդեցությունը միմյանց վրա,
դ) որոշել նախագծի իրականացման արժեքը և արդյունավետությունը,
ե) համեմատել այլընտրանքային նախագծերը և սահմանել առաջնայնությունները,
զ) կատարել հետևություններ:
Նախագծերի տեխնիկական փորձաքննության հիմնական խնդիրն է` համոզվել, որ նախագիծը տեխնիկապես իրագործելի է և ընդունելի: Անհրաժեշտ է նախատեսել և գնահատել առաջարկվող նախագծի տեխնիկական ռիսկերը: Բացի տեխնիկական ռիսկերից և դրանց կողմնակի ազդեցությունից անհրաժեշտ է գնահատել նախագծի համապատասխանությունը բնապահպանական օրենքներին և նորմատիվներին, արդյոք առաջարկվող լուծումն արդյունավետ է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Ելնելով կազմակերպության կողմից տվյալ նպատակի համար նախատեսված բյուջեից` կազմել սարքավորումների մատակարարման և տեղադրման օպտիմալ գրաֆիկները:
Նախատեսվող աշխատանքների գնի հաշվարկը հարմար է ներկայացնել հետևյալ ձևով`
գնագոյացման բաղադրիչների ցանկը, որն իր մեջ ընդգրկում է սարքավորումների ձեռքբերմանը, մոնտաժմանը և կարգաբերմանն ուղղված կապիտալ ծախսերը, սարքավորումների սպասարկմանն ուղղված ծախսերը, հնարավոր այլ ծախսեր.
նախագծից բոլոր հնարավոր օգուտների ցանկը, այդ թվում` էներգասպառման նվազեցում, թողարկվող ապրանքի որակի բարելավում և արտադրողականության ավելացում, շրջակա միջավայր արտանետումների և արտադրական այլ թափոնների կրճատում, շահագործման ծախսերի կրճատում, աշխատանքային պայմանների բարելավում, կազմակերպության անձնակազմի կրճատում և այլ օգուտներ:
Նախագծի արժեքի գնահատումը ճշգրտվում է սարքավորումների ձեռքբերման պայմանագրերի հիման վրա: Ներդրումային նախագծերի տնտեսական արդյունավետությունը որոշվում է համեմատելով այլ նմանատիպ նախագծերի հետ` ներդրված միջոցների հետգնման ժամանակամիջոցների համեմատման միջոցով:
Փոխհատուցվելիության մեթոդը գնահատվում է տարվա լրացուցիչ շահույթով, որն ստացվում է նախագծի իրականացման արդյունքում: «Փոխհատուցվելիության ժամանակահատված»-ը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում առաջանում է լրացուցիչ շահույթի կուտակում և, որը հավասար է առաջնային ներդրումների գումարին: Անկախ այն գործոններից, որոնք ազդում են նախագծի տնտեսական արդյունավետության վրա, պետք է ներկայացված լինեն այն գործոնները, որոնք տալիս են ոչ ֆինանսական օգուտ, ինչպես նաև ռիսկերը, որոնք կախված են էներգապաշարների գների, հուսալիության և այլ փոփոխությունների հետ:
66. Կազմակերպությունների էլեկտրամատակարարումը, բաշխիչ կետերը և փոխակերպիչները
Կազմակերպությունների էլեկտրամատակարարման համակարգի մեջ մտնում են ցածրացնող փոխակերպիչներ և էլեկտրական ցանցեր` 0,4կՎ կամ 10կՎ լարման:
Էներգետիկ փորձաքննության խնդիրն է`
կազմել էլեկտրասպառման հաշվեկշիռ ինչպես բոլոր ստորաբաժանումներով, այնպես էլ բեռի տեսակներով,
անցկացնել էլեկտրասպառման վերլուծություն և առաջարկել էներգախնայողության միջոցառումներ:
Էներգետիկ փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է կազմել կազմակերպության էլեկտրամատակարարման սխեման (եթե այդպիսին չկա): Սխեման կազմվում է էներգահամակարգի բաժանման կետից մինչև էներգաընդունիչները: Էլեկտրամատակարարման սխեմայի վրա նշվում են կետեր, որոնցում պետք է անցկացվեն գործիքային հետազոտումներ:
Էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմելու և էներգասպառման ընդհանուր պատկեր ստանալու համար անցկացվում են յուրաքանչյուր ենթակայանի և առավել մեծ սպառողների հետազոտումներ` օգտագործելով էլեկտրասպառման վերլուծիչ և չափող միկրոպրոցեսորային աքցան: Հաշվեկշիռ կազմելու դեպքում միշտ պետք է համադրել էլեկտրասպառման այն արժեքները, որոնք ստացվել են առանձին ենթակայանների և էլեկտրասպառողների մոտ կատարված չափումների գումարումով և ստացվել են ընդհանուր էլեկտրամատակարարման առևտրային հաշվիչներից: Դա կհաստատի ստացված տեղեկությունների պատշաճությունը և թույլ կտա համոզվել, որ ամբողջ հիմնական բեռնվածությունը հաշվի է առնվել:
Ցածրացնող փոխակերպիչների (իջեցնող տրանսֆորմատորների) համար ամբողջ օրվա ընթացքում գրի են առնվում ակտիվ և ռեակտիվ էներգիայի հաշվիչների ցուցմունքները, յուրաքանչյուր ժամը մեկ, և լարման որակի ցուցմունքները (շեղումները, տատանումները, ոչ-սիմետրիկությունը և ոչ-սինուսոիդությունը):
Մինչև 1000Վ և ավելի ցանցերի համար որոշվում են նրանց ցուցանիշները (տեսակը, հատույթը, երկարությունը, տեղադրման միջոցը) և բեռի մաքսիմումի ժամանակ մեկ ժամվա ընթացքում գրանցվում են հոսանքի գծանկարները: Չափվում են առանձին փոխակերպիչների և ֆիդերների ակտիվ ու ռեակտիվ հզորության հոսանքի, լարման օրական և շաբաթական գծանկարները, հպումների ու հաղորդիչների ջերմաստիճանը: Վերլուծվում է պիկային հզորությունը, տրանսֆորմատորների և մալուխների բեռնման գործակիցը, ֆազերի կոսինուսի ասիմետրիան, լարման անկայունությունը, հարմոնիկ շեղումները:
Էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
ա) բեռի գծանկարի (գրաֆիկի) հավասարեցումը,
բ) տրանսֆորմատորի առավել լրիվ բեռնվածությունը,
գ) կայունարարի զտիչի և ռեակտիվ հզորության կոմպենսատորի տեղադրումը,
դ) կարգավարական համակարգի տեղադրումը,
ե) ֆազերի սիմետրիկացումը,
զ) արտաքին և ներքին ցանցերի անցկացումն ավելի բարձր լարման և ցանցերի վերակառուցումը,
է) էլեկտրահաղորդման պահուստային գծերի բեռնավորումը:
68. Էլեկտրաշարժաբերը
Տվյալ էլեկտրաընդունիչների համար անհրաժեշտ է որոշել նրանց անձնագրային տվյալները (տեսակը, նոմինալ լարումը և նոմինալ հզորությունը, օգտակար գործողության գործակիցը, հզորության գործակիցը, աշխատանքի ռեժիմը):
Չափումներն անցկացվում են աշխատանքի ռեժիմի փաստացի ցուցանիշները որոշելու համար (բեռնման գործակիցները, միացման գործակիցները և հզորության գործակիցները):
Չափվում են լարման և հոսանքի, ակտիվ ու ռեակտիվ հզորության օրական և շաբաթական գծանկարները, պտույտի արագության գործակիցները, պտտող մոմենտը: Չափումները կարելի է անցկացնել հոսանքի գծանկարի գրանցման կամ մաքսիմալ բեռի ռեժիմում` ակտիվ և ռեակտիվ էներգիայի հաշվիչների ցուցմունքների գրանցման ճանապարհով: Գրանցման միջակայքը` մեկ ժամ: Անհրաժեշտ է նաև մեկ օրվա ընթացքում որոշել պարապ ընթացքի ժամանակը:
Վերլուծվում է պիկային հզորությունը, կոսինուսը, բեռի և շարժիչի հզորության համապատասխանությունը, պարապ ընթացքի ժամանակը:
Էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
ա) աշխատող մեքենաների բեռնվածության ավելացումը,
բ) համապատասխան հզորության շարժիչների և բարձր խնայողականության շարժիչների տեղակայումը,
գ) փափուկ գործարկման սարքերի, հաճախականությամբ կարգավորվող շարժաբերի, պարապ ընթացքի ժամանակակարգավորչի, ռեակտիվ հզորության և զտիչների ստատիկ փոխհատուցիչների օգտագործումը:
69. Կաթսաները
ա) կաթսայի ընդհանուր ջերմային հաշվեկշռի կազմման համար անհրաժեշտ չափվող ցուցանիշներն են`
վառելիքի ծախսը,
գոլորշու (տաք ջրի) ծախսը, ճնշումը և ջերմաստիճանը,
ջրի (սնող և լրասնող) ծախսը, ճնշումը և ջերմաստիճանը,
արտաքին օդի և տաք օդի ջերմաստիճանները,
սնող և արտափչվող ջրի որակը,
արտաքին մակերեսների ջերմաստիճանները` ամբողջ ծխաօդատար ուղով,
ռեժիմային պարամետրերը` ծխագազերի բաղադրությունը և ջերմաստիճանները տարբեր հատվածներում, օդի ավելցուկի գործակիցը և ներծծումների չափերը նույն հատվածներում, գոլորշու (ջրի) պարամետրերը,
պոմպերի, օդամղիչների և ծխաքարշերի էլեկտրաշարժաբերների բնութագրիչ մեծությունները,
ճնշումը` կաթսայի հնոցում և ծխաօդատար ուղիներում.
բ) կաթսայի համար կազմում են ջերմային հաշվեկշիռ` ներառելով հետևյալ մեծությունները`
կաթսայի ջերմության կորուստները (հեռացող ծխագազերի հետ, թերայրումների. շրջակա միջավայր և կարծր վառելիքի դեպքում նաև մոխրի ու խարամի հետ տարվող),
արտադրվող ջերմության ճշգրիտ քանակը և գազի ծախսը,
բաշխման ցանցերում ջերմության կորուստը,
տեխնոլոգիայի վրա օգտագործվող ջերմության քանակը,
ջեռուցման վրա օգտագործվող ջերմության քանակը,
տաք ջրամատակարարման համար օգտագործվող ջերմության քանակը:
Անհրաժեշտ գործողություններից է կաթսայատան տեխնոլոգիական սխեմայի կազմումը` նշելով այն կետերը, որտեղ պետք է անցկացվեն չափումները.
գ) անցկացվում է ջերմության կորստի վերլուծություն`
կորուստներ` հեռացող ծխագազերի հետ,
կորուստներ` կաթսաների պատերից շրջակա միջավայր,
կորուստներ` փչամաքրման ժամանակ,
ջերմության ծախսը` ջրապատրաստման համար,
կորուստներ` բաշխիչ ջերմային ցանցերում,
կորուստներ` թերայրումների հետևանքով.
դ) ծխագազերի հետ կորուստները որոշվում են` ըստ ծխագազերի գազաանարարով որոշված բաղադրության և ջերմաստիճանի արժեքների.
ե) կորուստները պատերի միջով հաշվում են որպես կոնվեկտիվ և ճառագայթիչ կորուստների գումար` հիմք ընդունելով պատերի արտաքին մակերևույթների ջերմաստիճանները.
զ) փչամաքրումով կորուստները որոշվում են միայն անընդհատ փչամաքրման համար` ըստ ծախսի և ջերմաստիճանի.
է) ջրապատրաստման համար ջերմության ծախսը որոշվում է սնող ջրի հոսքով (հաշվիչի օգնությամբ) և ջերմաստիճանով` հաշվի առնելով օդազերծիչում ջերմության կորուստը.
ը) բաշխիչ ջերմային ցանցում կորուստները որոշվում են շոգետարի երկարությամբ և տրամագծով` հաշվի առնելով ջերմամեկուսացման վիճակը.
թ) կաթսայատանն արտադրվող գոլոշու ճշտված քանակը որոշվում է գազի այրումից ստացված ջերմության և կաթսայի բոլոր կորուստների գումարային արժեքի քանորդով.
ժ) բաշխիչ ցանցերում ջերմության կորուստները հաշվարկվում են փորձարկումների հիման վրա` ըստ խողովակաշարի երկարության ու տրամագծի, ջերմակրի ջերմաստիճանի, օգտագործվող ջերմամեկուսիչ նյութի հաստության և ջերմահաղորդականության: Խողովակաշարերի պարամետրերը որոշվում են գծագրերով, եթե այդպիսիք կան, կամ չափումներով: Արտաքին զննմամբ որոշվում է ջերմամեկուսչի վիճակը (ավերվածություն, խոնավության ներթափանցում), և ջերմային կորուստները հաշվարկելիս ներմուծվում են ուղղիչ գործակիցներ.
ժա) տաք ջրամատակարարման ցանցում ջերմության օգտագործումը որոշվում է հեղուկի երկու ուլտրաձայնային ծախսաչափով, որոնք տեղադրված են ցանցի ուղիղ և հակառակ գծի վրա անմիջապես ջրատաքացուցչի մոտ, և ջերմաստիճանի երեք տվիչով, ցանց տրվող սառը ջրի, տաք ջրամատակարարման ցանցում ուղիղ և հետադարձ ջրի ջերմաստիճանը չափելու համար: Ջերմաստիճանի տվիչները և ծախսաչափերը միացվում են տվյալների բազմուղի կուտակչին և ցուցմունքները գրանցվում են որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Այս տվյալներով որոշվում է տաք ջրամատակարարման ցանցում օգտագործվող ջերմության քանակը.
ժբ) տեխնոլոգիական նպատակներով և ջերմամատակարարման ցանցում օգտագործվող ջերմության քանակներն իրարից բաժանվում են` ելնելով էներգասպառման սեզոնային փոփոխությունից.
ժգ) կորուստները թերայրումների հետևանքով որոշվում են այրման արգասիքների անալիզի միջոցով` պարզելով դրանց բաղադրության մեջ մեխանիկական մասնիկների (մեխանիկական թերայրում կարծր վառելիքի դեպքում) առկայությունն ու քանակությունը, ինչպես նաև ածխաջրածինների ոչ լրիվ այրման հետևանքով (քիմիական թերայրում) առաջացած ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազ) առկայությունն ու քանակությունը.
ժդ) վերլուծության են ենթարկվում`
հնոցում օդի ավելցուկի գործակիցը և օդի ներծծումները` ամբողջ ծխատար ուղիներում,
կաթսաների և ջերմատարերի մեկուսացման վիճակը,
ջերմության կորուստը շրջակա միջավայր,
կորուստներ հեռացող ծխագազերի հետ,
ընդհանուր ջերմային հաշվեկշիռը,
փաստացի օգտակար գործողության գործակիցը,
մթնոլորտ վնասակար արտանետումների մակարդակը.
ժե) էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
կաթսայի ռեժիմների կարգաբերումը, ռեժիմային քարտերի մշակումը և ներդրումը,
ավտոմատ կարգավորիչների օգտագործումը,
արտաքին մակերեսների ջերմամեկուսացումը,
ծխաօդատար ուղիների և փականների կիպացումը,
ավտոմատ անընդհատ փչամաքրման ներդրումը,
ծխագազերի և արտափչվող ջրի ջերմության օգտահանումը,
պոմպերի, օդամղիչների և ծխաքարշերի էլեկտրաշարժաբերների աշխատանքի կարգաբերումը և արդիականացումը,
կաթսայատան կաթսաների աշխատանքի գրաֆիկի օպտիմալացումը.
ժզ) հետազոտման են ենթակա վառելիքի այրման և կաթսայատան աշխատանքային ռեժիմների ավտոմատ կառավարման համակարգերը:
70. Տուրբինները
Տուրբինների էներգետիկ փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է մշակել փորձարկումների իրականացման ծրագիր, որտեղ մանրամասն պետք է նշվեն չափումների սխեման և ծավալը, որոնք կապահովեն տուրբինի էլեկտրական հզորության և ջերմության տեսակարար ծախսերի որոշումը բնութագրիչ ռեժիմներում, ինչպես նաև հիմնական և օժանդակ սարքավորումների բնութագրերը, որոնք կարող են ազդել տուրբոտեղակայանքի շահավետության վրա:
Փորձարկումների իրականացման ծրագիրը, կատարման կարգը, ինչպես նաև անհրաժեշտ աշխատանքային ռեժիմների ապահովումը կազմվում և համաձայնեցվում են պատվիրատուի և շահագրգիռ կողմերի հետ: Ծրագիրը կազմվում է յուրաքանչյուր տեսակի տուրբինի համար (շոգետուրբիններ, հիդրավլիկական տուրբիններ և գազային տուրբիններ)` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, որոնք բնութագրում են տվյալ տեսակի տուրբոտեղակայանքի շահավետությունը:
71. Վառարանները
ա) գազային վառարանների համար չափվում են ռեժիմային բնութագրերը, տարբեր կետերում ծխագազերի կազմը, վառարանի ծխաօդատար ուղիներում և հնոցում ճնշումը: Էլեկտրական վառարանների համար չափվում է ակտիվ բեռի գրաֆիկը, ունակային և աղեղային վառարանների համար նաև չափվում են ռեակտիվ բեռը և էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները.
բ) նաև չափվում են վառարան բեռնվող հումքի զանգվածը, ջերմունակությունը, բեռնավորման արագությունը կամ հաճախությունը, ամբողջ ծխաօդատար ուղու երկայնքով արտաքին մակերեսների ջերմաստիճանը, ելքում և մուտքում հովացնող ջրի ծախսը և ջերմաստիճանը, ծխաքարշերի և օդափոխիչների էլեկտրաշարժաբերների բնութագրիչ պարամետրերը.
գ) վերլուծության են ենթարկվում օդի ավելցուկը, օգտակար գործողության գործակիցը, մեկուսացման վիճակը և կորուստները` ճառագայթման հետևանքով, կորուստները` ծխագազերի միջոցով, ընդհանուր ջերմային հաշվեկշիռը, օդի ներծծումն ամբողջ ծխաօդատար ուղու երկայնքով, մթնոլորտային արտանետումների քանակը.
դ) էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
հնոցային ռեժիմների կարգաբերումը,
ավտոմատ կարգավորիչների օգտագործումը,
ծխաօդատար ուղիների և սահափականի կիպացումը,
արտաքին մակերևույթների մեկուսացումը,
արտադրամասի տարածքից օդառի իրականացումը` ամառվա ամիսների ընթացքում,
ծխագազերի ջերմության օգտահանումը,
ռեգեներատորային հրածորանի և ռեգեներատորի տեղադրումը.
ե) դիմադրության էլեկտրավառարաններում ջերմամշակման վրա ծախսվող էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսի նվազեցման ճանապարհներն են`
ջերմային կորուստների նվազեցումը և վառարանների ջերմամեկուսացման լավացումը,
վառարանի արտադրողականության բարձրացումը (վառարանի հզորության ավելացում, վառարանի ռացիոնալ բեռնավորում),
արտադրանքի նախնական տաքացումը և ջերմության կուտակման ժամանակ կորուստների նվազեցումը (թեթև և էֆեկտիվ հրակայուն և ջերմամեկուսիչ նյութերի օգտագործում պարբերական գործողության վառարաններում),
վառարանների անընդհատ աշխատանքի ռեժիմի կազմակերպումը,
վառարանների էլեկտրական և տեխնոլոգիական աշխատանքային ռեժիմների ռացիոնալիզացումը (վառարանների կառավարման ռեժիմի ավտոմատացում, տեխնոլոգիական պրոցեսի կրճատում, ինդուկտիվ տաքացման օգտագործում),
հովացնող ջրի ծախսի կրճատումը,
կարգավորող սարքի տեղադրումը, օդաքարշերի և ծխաքարշերի էլեկտրաշարժաբերների արդիականացումը:
72. Բոյլերները, ջերմափոխանակիչները
ա) բոյլերների և ջերմափոխանակիչների չափվող բնութագրիչ մեծությունները և պատասխանատու տեղերն են`
ջերմատարերի մուտքի և ելքի ջերմաստիճանը,
ճնշման անկումը և ծախսը,
մակերեսի արտաքին ջերմաստիճանը, մեկուսացման վիճակը, օգտակար գործողության գործակիցը,
ջերմության կորուստները.
բ) էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
ջերմափոխանակչի լվացումը,
խողովակաշարերի և արտաքին մակերեսի մեկուսացումը,
թիթեղավոր ջերմափոխանակիչների տեղադրումը:
73. Շոգու համակարգերը
ա) շոգու համակարգերի համար չափվող բնութագրիչ մեծությունները և պատասխանատու տեղերն են`
գոլորշու ճնշումը և ջերմաստիճանը,
խտուցքահեռացուցչի առկայությունը և վիճակը,
արտահոսքերի մեկուսացման վիճակը,
օդի և չկոնդենսացվող գազերի առկայությունը,
«չվող» գոլորշին,
խտուցքի վերադարձը.
բ) էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
ջերմամեկուսացումը և արտահոսքերի վերացումը,
խտուցքահեռացուցիչների տեղադրումը,
սուր գոլորշու բացառումը,
խտուցքի հավաքումը և վերադարձումը,
խտուցքի ջերմության օգտահանումը,
գոլորշու փոխարինումը ջրով:
74. Օդամատակարարման համակարգերը
ա) էներգետիկ փորձաքննության անցկացման նպատակով անհրաժեշտ է կազմել սեղմված օդի բաշխման սխեման` նշելով գծերի չափերը և ճնշման մեծությունները, սեղմված օդի սպառողների ցուցակը, աշխատանքային գրաֆիկները և որոշել սպառման ծավալները, սեղմված օդի կորուստների տեղերը և ծավալները.
բ) չափվող բնութագրերը և պատասխանատու տեղերն են`
էլեկտրաշարժաբերի բնութագրերը,
կոմպրեսորի բեռնավորումը,
ճնշման կարգավորման համակարգերը,
օդի խողովակաշարի տրամագծի համապատասխանությունն օդի ծախսին,
խտուցքի առկայությունը,
սպառողի մոտ ճնշման կորուստները,
հովացման համակարգը,
հովացնող ջրի ծախսը և ջերմաստիճանը մուտքում և ելքում,
հովարանի վիճակը,
լրասնուցման ծավալը,
արտահոսքերը.
գ) էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, որը պահանջվում է կազմակերպությանը սեղմված օդ մատակարարելու համար, հնարավոր է հետևյալ ուղղություններով`
կոմպրեսորի աշխատանքի լավացում` սեղմված օդի ծախսի տատանումների ժամանակ արտադրողականության կարգավորման արդյունքում,
ներծծող փականների բացման ավտոմատացում,
ավելորդ կոմպրեսորների անջատում սեղմված օդի պահանջվող ծախսի նվազման ժամանակ,
կոմպրեսորային տեղակայանքի նոմինալ աշխատանքային ճնշման նվազեցում,
մխոցային կոմպրեսորներում ուղղահոս փականների ներդրում,
ռեզոնանսային ներփչման իրականացում` մխոցային կոմպրեսորներում,
սեղմված օդի տաքացում մինչև ճնշակաընդունիչ,
հին կոմպրեսորների փոխարինում նոր ավելի բարձր օգտակար գործողության գործակից ունեցող կոմպրեսորներով,
սեղմված օդի կորուստների նկատմամբ առանձին տեղերում հսկողության սահմանում,
խողովակաշարերի խցուկներում, միացնող և փակիչ ամրաններում անկիպությունների սիստեմատիկ վերացում,
առանձին տեղամասերի կամ սեղմված օդի ցանցի անջատում ոչ աշխատանքային ժամերին,
սեղմված օդի փոխարինում, այնտեղ որտեղ նպատակահարմար է, այլ էներգակիրներով,
պնևմագործիքի փոխարինում էլեկտրագործիքով,
արտահոսքերի վերացում, օդի չորացում, օդի բաշխման համակարգի օպտիմալացում,
ճնշման կարգավորման համակարգի տեղադրում,
կոմպրեսորների հատվածավորում,
միջաստիճանային հովացում,
հովացնող ջրի ծախսի սահմանափակում,
ջերմային պոմպերի օգտագործում,
էլեկտրաշարժաբերի արդիականացում,
արդյունավետ կոմպրեսորների օգտագործում:
75. Օդափոխությունը, օդի լավորակումը
ա) էներգետիկ փորձաքննության անցկացման նպատակով անհրաժեշտ է, օգտվելով շենքի նախագծից, որոշել օդափոխության և լավորակման համակարգի բոլոր մասերի ցուցանիշները և դրանց հաշվարկային բնութագրերը.
բ) հիմնական բնութագրերը, որոնք պետք է որոշվեն օդափոխության համակարգի հետազոտման ընթացքում, դա միացման և բեռնավորման փաստացի գործակիցներն են, տեղակայանքի աշխատանքային ժամերի թիվն է օրվա ընթացքում, օդի ջերմաստիճանն է շինության ներսում, դրսի օդի միջին ջերմաստիճանն է, օդափոխության բազմապատիկությունը.
գ) օդափոխության տեղակայանքի հաշվարկային բեռը որոշվում է կազմակերպության նախագծից: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում հաշվարկային բեռը կարելի է որոշել անալիտիկ եղանակով` հաշվի առնելով համապատասխան շինարարական նորմերի պահանջները, շենքի արտաքին և ներքին ծավալները, տեսակարար օդափոխության բնութագիրը և օդի ջերմաստիճանը շենքի ներսում և դրսում.
դ) անհրաժեշտ է նաև որոշել փաստացի աշխատանքային ռեժիմը և լավորակման ընտրված համակարգի համապատասխանությունը շենքի բնութագրերին.
ե) չափվող պարամետրերը և պատասխանատու տեղերն են`
շինության չափերը,
օդի ջերմաստիճանը,
օդի հարաբերական խոնավությունը,
օդի շարժի արագությունը,
տրվող օդի ջերմաստիճանը` ամռանը և ձմռանը,
դրսի օդի ջերմաստիճանը,
օդափոխությունը և օդի մաքրման աստիճանը.
զ) էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
խողովակաշարերի, ջերմափոխանակիչների և ամրանների ջերմամեկուսացումը, կորուստների վերացումը,
կենտրոնական և անհատական կարգավորիչների ներդրումը,
օդափոխության ջերմության վերադարձումը,
գերտաքացման և գերհովացման բացառումը,
միացնել այն ժամանակ, երբ շինությունում գտնվում են մարդիկ կամ ընթանում են տեխնոլոգիական պրոցեսները,
ներհոսող և օգտագործված օդի ծավալի նվազեցումը,
օդափոխության տեղակայանքներում էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը,
հին օդափոխիչների փոխարինումն ավելի արդյունավետ օդափոխիչներով,
օդափոխիչների արտադրողականության կարգավորման տնտեսող եղանակների ներդրումը,
օդափոխության կայանքների անջատումն ընդմիջումների, հերթափոխության և այլ ժամանակ,
շահագործման անսարքությունների և նախագծից շեղումների վերացումը,
օդափոխության համակարգի ավտոմատ կառավարման ներդրումը:
76. Լուսավորությունը
Չափվող պարամետրերը և պատասխանատու տեղերն են լուսավորության մակարդակի համապատասխանությունը շինության կարգին և աշխատատեղին ներկայացվող պահանջներին, պատուհանները և լուսավորող սարքերը:
Էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
բնական և տեղային լուսավորության առավելագույն օգտագործումը` համատեղելով ավտոմատ կառավարման և արհեստական լուսավորության հետ,
շիկացման լամպերի փոխարինումը տնտեսող լամպերով,
կարգավորման համակարգերի ներդրումը,
ներկայության դետեկտորների ներդրումը,
ժամանակակարգավորիչների օգտագործումը,
լուսավորության ցանցի հատվածավորումը,
շինության ներկումը բաց երանգներով,
պատուհանների և լուսամփոփների պարբերաբար մաքրումը:
77. Ջրամատակարարումը, պոմպային կայանքները
ա) չափվող պարամետրերը և պատասխանատու տեղերն են` կորուստները և ոչ արտադրական կորուստները, ջրի որակի համապատասխանությունը տեխնոլոգիական պահանջներին, պոմպի էլեկտրաշարժաբերի բնութագրերը.
բ) էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են`
կորուստների վերացումը,
էներգախնայողություն ապահովող ամրանների` կարգավորիչ փականների, շարժաբերների կարգավորիչների և այլնի օգտագործումը,
ջրի չոր հովացուցիչների օգտագործումը.
գ) էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցմանը պոմպային կայանքներում կարելի է հասնել հետևյալ միջոցառումների հաշվին`
պոմպերի օգտակար գործողության գործակցի բարձրացում (հին պոմպերի փոխարինում բարձր օգտակար գործողության գործակից ունեցող
պոմպերով, պոմպերի օգտակար գործողության գործակցի բարձրացում մինչև անձնագրային արժեքը),
պոմպերի բեռնավորման լավացում և նրանց աշխատանքի կարգավորման կատարելագործում (պոմպի առավելագույն մատուցման ապահովվում, պոմպի աշխատանքի կարգավորում` ճնշման կամ ընդունման փականով, աշխատող պոմպերի քանակի փոփոխում, էլեկտրաշարժիչի պտտման հաճախականության փոփոխում),
խողովակաշարերի հիդրավլիկական դիմադրության փոքրացում (կտրուկ շրջադարձերի, փականների անսարքությունների, ներծծող սարքավորումների խցանման վերացում),
ջրի կորստի և անարդյունավետ ծախսի կրճատում,
շրջանառու ջրամատակարարման ներդրում,
ջրի ծախսի կրճատում` հովացման համակարգի կատարելագործման հաշվին,
գրաֆիկով հաստատված ջերմաստիճանի անկման պահպանում` ցանցային ջրի ուղիղ և հետադարձ հոսքերի միջև,
պոմպի էլեկտրաշարժաբերի արդիականացում:
78. Սառնարանային կայանքները
Անհրաժեշտ է ուսումնասիրել սառնարանային կայանքների բնութագրերը, դրանց աշխատանքային ռեժիմը և բեռնվածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սառնարանային կայանքները պետք է աշխատեն միայն այն ժամանակ, երբ դրանք բեռնավորված են:
Չափվող պարամետրերը և պատասխանատու տեղերն են`
կոմպրեսորների էլեկտրաշարժաբերների բնութագրերը,
սպառողի մոտ ջերմաստիճանի կարգավորման համակարգի օդափոխիչները և պոմպերը,
սառնարանային ցիկլի պարամետրերի պահպանումը (դրոսելների կարգավորումը),
հեղուկի մակարդակը խտուցիչում և գոլորշացուցիչում,
օդի առկայությունը սառնարանային շրջանակում,
սառը մակերեսների սառցակալումը,
խողովակաշարերի և սառնախցերի ջերմամեկուսացման վիճակը,
հովացնող ջրի ծախսը և ջերմաստիճանը մուտքի և ելքի վրա, հովարանների և հետադարձ ցիկլի խողովակաշարերի վիճակը, լրասնուցման մեծությունը:
Էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են` օդի հեռացումը սառնատարից և համակարգի լիցքավորումը մինչև համապատասխան մակարդակը, սառը մակերեսների մաքրումը, ջերմաստիճանի կարգավորման համակարգի տեղադրումը, սառնախցերի և խողովակաշարերի ջերմամեկուսացումը, պլաստիկ վարագույրի տեղադրումը, հովացման ջրի ծախսի և լրասնուցման մեծության նվազեցումը, կոմպրեսորի էլեկտրաշարժաբերի արդիականացումը, կայանքների անջատումը սառեցման կարիք չլինելու դեպքում, արտադրվող ջերմության օգտագործումը, միաժամանակ աշխատող կոմպրեսորների քանակի ճիշտ ընտրությունը:
79. Շենքերը, շինությունները
ա) անհրաժեշտ է կազմել շենքի և շինության էներգիական անձնագիրը: Շինության տիպային էներգիական անձնագիրը պետք է ներառի`
տվյալներ շինության ֆունկցիոնալ նշանակության, երկրաչափության և կողմնորոշվածության, հարկայնության և ծավալի, ջեռուցվող սրահների արտաքին պատող կառույցների և հատակի մակերեսի մասին, շրջանի կլիմայական բնութագիրը, ինչպես նաև ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունը և ներքին ու արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանը, ջեռուցման ժամանակաշրջանի ջերմաստիճան-օրերը,
տվյալներ շինության միկրոկլիմայի ապահովման համակարգի և դրանց կարգավորման եղանակների մասին, տեղեկություններ շենքի ջերմապաշտպանության և նրա էներգիական բնութագրի վերաբերյալ` ներառյալ առանձին պատերի և ամբողջ շենքի նորմատիվ, նախագծային և փաստացի ջերմահաղորդականության բերված դիմադրությունը, էներգիայի տեսակարար, փաստացի միջին և առավելագույն ծախսերը շինության ջեռուցման համար` վերագրած ջեռուցման 1 աստիճան-օրվան, շինության էներգետիկ պարամետրերի և ջերմապաշտպանության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին, տվյալներ շենքի լուսավորության համակարգի և ջրամատակարարման համակարգի մասին.
բ) չափվող պարամետրերը և պատասխանատու տեղերն են` պատերի, ծածկի, պատուհանային որմնանցքերի ջերմահաղորդման գործակիցները: Չափվում է պատուհանների մակերեսը, օդափոխության միջին բազմապատիկը ջեռուցման ժամանակահատվածում, արտաքին օդի և սենյակների փաստացի ջերմաստիճանը, օրվա ընթացքում ջեռուցման և լուսավորության նպատակով էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի, տաք և սառը ջրի ծախսը: Ստուգվում է պատող կառույցների, պատուհանային որմնանցքերի, դռների ջերմամեկուսացման որակը: Համալիր հետազոտվում են ջեռուցման, օդափոխության և լավորակման, լուսավորության և ջրամատակարարման համակարգերը.
գ) շենքի և շինության էներգիական անձնագիրը (եթե անձնագիրը առկա է) ներկայացվում է փորձաքննություն իրականացնող անձին, որն էլ ստուգում է անձնագրում ներառված տվյալների արժանահավատությունը և տալիս համապատասխան առաջարկություններ.
դ) էներգախնայողության վերաբերյալ հնարավոր առաջարկություններն են` պատերի և ծածկի լրացուցիչ ջերմամեկուսացումը, եռապատիկ և վակուումային ապակեպատումը, ջեռուցման, օդափոխության և լավորակման, լուսավորության և ջրամատակարարման համակարգերի արդիականացումը, շենքի սարքավորումների կառավարման ինտեգրացված համակարգի տեղադրումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |