Գլխավոր տեղեկություն
Номер
N 1026-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2007-02.12.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.16/44(499) Հոդ.935
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.2006
Дата вступления в силу
16.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.12.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 20 հուլիսի 2006 թվականի N 1026-Ն

ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 419-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 26
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1026-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն   Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանում է հողի բերրի շերտի հանման նորմերը և հանված բերրի շերտի պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը ներկայացվող պահանջները` հողային աշխատանքներ կատարելիս հողերի պահպանությունն ապահովելու, ցածր արդյունավետություն ունեցող հանդակների բերրիությունը բարձրացնելու և ռեկուլտիվացվող հողերի բերրիությունը վերականգնելու համար:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող հողածածկույթի խախտումների հետ կապ ունեցող բոլոր տեսակի հողային աշխատանքների կատարման վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ.

հողի տիպ` դասակարգման հիմնական միավոր, որը բնութագրվում է հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների ամբողջությամբ և հիմնական գենետիկական հորիզոնների միասնական համակարգով.

հողի ենթատիպ` տիպի սահմաններում դասակարգման միավոր, որը բնութագրվում է գենետիկական հորիզոնների համակարգի որակական տարբերություններով և մեկ այլ տիպի փոխարկումը բնութագրող վերադիր գործընթացների դրսևորմամբ.

հողի ընտանիք` ենթատիպի սահմաններում դասակարգման միավոր, որը որոշվում է հողակլանիչ համալիրի կազմի առանձնահատկություններով, աղային պրոֆիլի բնույթով, նորագոյացությունների հիմնական ձևերով.

հողի տեսակ` ընտանիքի սահմաններում դասակարգման միավոր, որը բնութագրում է հողի ընտանիքը, տեսակը և ենթատիպը որոշող հողագոյացնող գործընթացների արտահայտվածության աստիճանը.

հողի տարատեսակ` դասակարգման միավոր, որը հաշվի է առնում հողերի բաժանումն ըստ ամբողջ հողային պրոֆիլի գրանուլամետրիկ կազմի.

հողային հորիզոն` հողագոյացնող գործընթացի ազդեցության արդյունքում առաջացած հողային պրոֆիլի յուրահատուկ շերտ.

հողային պրոֆիլ` հողագոյացման գործընթացում օրինաչափորեն փոփոխվող և գենետիկորեն կապակցված հողային հորիզոնների ամբողջություն.

հողի խտություն` առանց բնական կազմությունը խախտելու վերցված հողի չոր զանգվածի հարաբերությունն է վերցված հողի ծավալին (տ/մ3).

հողի բերրիություն` սնուցման տարրերի, խոնավության ու օդի նկատմամբ բույսերի պահանջը բավարարող և դրանց բնականոն կենսագործունեության պայմաններն ապահովող հողի ունակություն.

հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.

հողի պոտենցիալ բերրի շերտ` հողային պրոֆիլի ստորին մասը, որն իր հատկություններով համընկնում է պոտենցիալ բերրի ապարների (բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական կամ ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ) հատկություններին.

հումուս` հողի օրգանական նյութ, որը բնական միացությունների բարդ խառնուրդ է և գոյանում է բուսական ու կենդանական մնացորդների, ինչպես նաև օրգանիզմների կենսագործունեության արգասիքների քայքայման արդյունքում.

ռեկուլտիվացում` խախտված հողերի վերականգնմանն ուղղված (օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների համալիր, որը կատարվում է 2 փուլով` տեխնիկական և կենսաբանական.

խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր.

հողածածկույթ` երկրի կամ դրա ցանկացած տարածքի մակերևույթը ծածկող հողերի ամբողջությունն է.

հողածածկույթի կառուցվածք` տարբեր աստիճաններով գենետիկորեն իրար կապակցված և որոշակի տարածական պատկեր ստեղծող տարրական հողային արեալների դասավորություն.

հողերի քարտեզագրում` հողային քարտեզների կամ դրանց առանձին հատկությունների քարտեզ-սխեմաների կազմում.

հողի կատիոնային փոխանակության ունակություն` կատիոնների առավելագույն քանակն է, որը հողում կարող է գտնվել փոխանակվող վիճակում.

հողի բերրի շերտի հանման նորմեր` հողի հանվող բերրի շերտի խորությունը (սմ), ծավալը (մ3), զանգվածը (տ).

հողի բերրի շերտի խառնուրդ` հողի մեկ կամ մի քանի տարատեսակների հանման ընթացքում միախառնված գենետիկ հորիզոններ, որոնք բնութագրվում են հողի հատկանիշների ընդհանրացված ցուցանիշներով.

քարքարոտ և խճացված հող` հող, որի մեկ հեկտարի 30 մետրանոց շերտում պարունակվում է 50 մ3-ից ավելի քար և խիճ.

խիստ քարքարոտ և խճացված հող` հող, որի մեկ հեկտարի 30 մետրանոց շերտում պարունակվում է 500 մ3-ից ավելի քար և խիճ.

ողողվածության աստիճան (թույլ, միջին, խիստ)` որոշվում է հողային պրոֆիլում էրոզիայի արդյունքում չքայքայված գենետիկ հորիզոնների առկայությամբ:

 

III. ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՈՒ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հողի բերրի շերտի հանման նորմերին ներկայացվող պահանջներն են`

Հողի բերրի շերտի հանման նորմերը որոշվում են` ելնելով հողի բերրի շերտի բաղադրությունից և հատկություններից` սույն տեխնիկական պահանջներին համապատասխան: Հողի բերրի շերտի հանումը պետք է կատարվի հողային խոշորամասշտաբ քարտեզների և լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա:

5. Հողի բերրի շերտի բաղադրությանը ներկայացվող պահանջներն են`

Հողի բերրի շերտի բաղադրության ցուցանիշներն են հողի բերրի շերտի և պոտենցիալ բերրի շերտի հումուսի զանգվածային մասը, հողի ջրային մզվածքի pH-ը, փոխանակային նատրիումի զանգվածային մասը, ջրում լուծվող թունավոր աղերի զանգվածային մասը և հողի բերրի շերտի (0,1 մմ-ից փոքր) հողային մասնիկների զանգվածային մասը, որոնց նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները`

ա) հումուսի զանգվածային մասը (%) հողի բերրի շերտի ստորին սահմաններում` ըստ բնական գոտիների պետք է համապատասխանի N 1 աղյուսակում ներկայացված նորմերին`

 

Աղյուսակ N 1

Գոտու անվանումը

Հողերի տիպերը

Հումուսի
զանգվածային
բաժինը
(%)

Կիսաանապատային

կիսաանապատային գորշ 1-ից ոչ պակաս
ոռոգելի մարգագետնային գորշ 1-ից ոչ պակաս
պալեոհիդրոմորֆ 1-ից ոչ պակաս
կապակցված 1-ից ոչ պակաս
ալկալիացած 1-ից ոչ պակաս
աղուտ-ալկալի 1-ից ոչ պակաս

Չոր տափաստանային

շագանակագույն 2-ից ոչ պակաս

Տափաստանային

սևահողեր 2-ից ոչ պակաս
մարգագետնասևահողային 2-ից ոչ պակաս
գետնահովտադարավանդային 2-ից ոչ պակաս
հողագրունտաներ 1-ից ոչ պակաս

Անտառային

անտառային գորշ 2-ից ոչ պակաս
ճմակարբոնատային 2-ից ոչ պակաս
դարչնագույն 2-ից ոչ պակաս

Լեռնամարգագետնային

լեռնամարգագետնային 2-ից ոչ պակաս
մարգագետնատափաստանային 2-ից ոչ պակաս

 

բ) հումուսի զանգվածային մասը (%) հողի պոտենցիալ բերրի շերտում պետք է լինի`

անտառատափաստանային և տափաստանային գոտիներում` 1-2 %,

չորատափաստանային և անապատային գոտիներում՝ 0,5-1%.

գ) հողի բերրի շերտի`

 աղային մզվածքի pH-ի մեծությունը պետք է լինի 5,5-8,2,

լեռնային գոտիների հողերում ջրային մզվածքի pH-ը պետք է լինի 4,0-ից ոչ պակաս,

ճմաենթամոխրային հողերի բերրի շերտի աղային մզվածքի pH-ի մեծությունը պետք է լինի 4,5-ից ոչ պակաս,

հողի տորֆային շերտում աղային մզվածքի pH-ի մեծությունը պետք է լինի 3,0-8,2.

դ) փոխանակային նատրիումի զանգվածային մասը (%) հողի կատիոնային փոխանակման ունակության կազմում պետք է համապատախանի N 2 աղյուսակում ներկայացված նորմերին`

 

Աղյուսակ N 2

Հողերի և դրանց խառնուրդների տիպերը

Փոխանակային
նատրիումի
զանգվածային
մասը
(%)

Սևահողեր

5-ից ոչ ավելի

Մուգ շագանակագույն հողեր

5-ից ոչ ավելի

Շագանակագույն հողեր

5-ից ոչ ավելի

Մոխրագույն հողերի աղուտների հետ առաջացող խառնուրդներ

5-ից ոչ ավելի

Անտառատափաստանային և անապատային գոտիների հիդրոմորֆ հողերի թույլ և միջին աղուտային տարատեսակներ

15-ից ոչ ավելի

Պակաս հումուսացված սևահողերի թույլ և միջին աղուտացված տարատեսակներ

10-ից ոչ ավելի

Գորշ հողեր

10-ից ոչ ավելի

Չոր տափաստանային և կիսաանապատային գոտիների հիդրոմորֆ, կիսահիդրոմորֆ հողեր

10-ից ոչ ավելի

 

ե) ջրում լուծվող թունավոր աղերի զանգվածային մասը (%) հողի բերրի շերտում չպետք է գերազանցի հողի զանգվածի 0,25%-ը: Ոռոգվող տարածքների հողի բերրի շերտում ջրում լուծվող թունավոր աղերի պարունակության թույլատրելի սահմանը կարող է մեծացվել մինչև 0,5%.

զ) հողի բերրի շերտի 0,1 մմ-ից փոքր հողային մասնիկների զանգվածային մասը պետք է լինի 10-75%, իսկ ողողադաշտային, հնահունային, գետաբերանային ավազաններում և մերձջրանցքային ավազային նստվածքներում պետք է լինի 5-10%-ի տիրույթում:

6. Հողերի տիպային, ենթատիպային և տեսակային պատկանելությունը որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել հողերի խոշորամասշտաբ քարտեզագրում կամ հողերի առանձին հատկությունների (հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների և հիմնական գենետիկական հորիզոնների) քարտեզ-սխեմաների կազմում:

7. Կավային և ավազակավային մեխանիկական կազմ ունեցող հողերի հիմնական տիպերի և ենթատիպերի բերրի շերտի հանման նորմը (խորությունը, սմ) պետք է համապատասխանի N 3 աղյուսակում ներկայացված նորմերին`

 

Աղյուսակ N 3

Հողային գոտիները Հողերի տիպերը և
ենթատիպերը
Բերրի շերտի հանման
խորությունը
(սմ)

Կիսաանապատային

կիսաանապատային գորշ մինչև 30
ոռոգելի մարգագետնային գորշ

30-80

պալեոհիդրոմորֆ կապակցված ալկալիացած

-

հիդրոմորֆ աղուտ-ալկալի

-

Չոր տափաստանային

շագանակագույն

30-40

Տափաստանային

սևահողեր

50-120

մարգագետնասևահողային

60-100

գետնահովտադարավանդային

40-120

Անտառային

անտառային գորշ

20-80

ճմակարբոնատային

20-40

դարչնագույն

20-80

Լեռնամարգագետնային

լեռնամարգագետնային

30-80

մարգագետնատափաստանային

20-70

 

8. Հողի բերրի շերտի հանման նորմա չի սահմանվում`

ա) խիստ խճացված, խիստ և շատ խիստ քարքարոտ, թույլ, միջին և խիստ ողողված ճմամոխրահողային, գորշ անտառային, մոխրագույն և անտառային բաց մոխրագույն հողերի համար,

բ) միջին և խիստ ողողված անտառային մուգ մոխրագույն, մուգ շագանակագույն, ճմակարբոնատային և մոխրագույն հողերի համար:

9. Հողի բերրի և պոտենցիալ բերրի շերտի հանման նորմերի հաշվարկը`

1) Հողի բերրի և պոտենցիալ բերրի շերտի հանման նորմը (Ն)` արտահայտված մ3-ով`

ա) մեկ հողային կոնտուրի դեպքում հաշվարկվում է 1-ին բանաձևով՝

Ն = Խ Մ (1),

որտեղ`

Խ-ն հողի բերրի շերտի հանման խորությունն է (մ),

Մ-ն հողի հանվող բերրի շերտի հողային կոնտուրի մակերեսն է (մ2),

բ) հողային կոնտուրների խմբի դեպքում` հաշվարկվում է 2-րդ բանաձևով՝

Ն i = Խ1  Մ1 + Խ2  Մ2 + .... + Խi  Մi (2),

որտեղ`

Խ1, Խ2... Խi -ն հողի բերրի շերտի հանման խորություններն են (մ),

Մ1, Մ2... Մi-ն հողի հանվող բերրի շերտի կոնտուրների մակերեսներն են (մ2).

2) Հողի բերրի և պոտենցիալ բերրի շերտերի հանման նորմը (Ն)` արտահայտված տոննայով`

ա) մեկ հողային կոնտուրի դեպքում հաշվարկվում է 3-րդ բանաձևով՝

Ն = Խ  Մ Դ (3),

որտեղ՝

Խ-ն բերրի շերտի հանման խորությունն է (մ),

Մ-ն հողի հանվող բերրի շերտի հողային կոնտուրի մակերեսն է (մ2),

Դ-ն հողի բերրի շերտի խտությունն է (տ/մ3),

բ) հողային կոնտուրների խմբի դեպքում հաշվարկվում է 4-րդ բանաձևով՝

 

Նi = Խ1 Մ1  Դ1 + Խ2  Մ2  Դ2 +.... + Խi  Մi Դi

(4),

որտեղ՝

Խ1, Խ2... Խi-ն հողի բերրի շերտի հանման խորություններն են (մ),

Մ1, Մ2... Մi-ն հողի հանվող բերրի շերտի կոնտուրների մակերեսներն են (մ2),

Դ1, Դ2 ....Դi-ն հողի բերրի շերտի խտություններն են (տ/մ3):

 

IV. ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Հողի բերրի շերտի հանումը և արդյունավետ օգտագործումը հողային աշխատանքներ կատարելիս իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված բոլոր կատեգորիաների հողերի համար:

11. Գծային կառույցների, մելիորացիայի համար նախատեսվող օբյեկտների շինարարության դեպքում` հանված հողի բերրի շերտը պետք է օգտագործվի առանց դրա պահեստավորման և պահման՝ շինարարության հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացման և դրանց հարող ցածր բերրիություն ունեցող հանդակների բարելավման համար:

12. Հողի բերրի շերտի, պոտենցիալ բերրի շերտի և դրանց խառնուրդների հանման նպատակահարմարությունը որոշվում է ըստ տվյալ տարածաշրջանի հողածածկույթի բերրիության մակարդակի, բնական գոտու, հողի տիպերի և ենթատիպերի ու հողի հատկությունների հիմնական ցուցանիշների՝ սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված պահանջների համաձայն:

13. Կավային, ավազակավային, կավաավազային հողերի բերրի և պոտենցիալ բերրի շերտերը հանվում են ցածր արդյունավետություն ունեցող հանդակների հողայնացման և հողերի կենսաբանական ռեկուլտիվացման նպատակով:

Ավազային մեխանիկական կազմ ունեցող հողերից բերրի շերտը հանվում է միայն մշակովի կամ մշակովի դարձված տարածքներից:

14. Անտառներով զբաղեցված տարածքներում 10 սմ-ից պակաս հզորություն ունեցող հողի բերրի շերտը հանման ենթակա չէ:

15. Հողի բերրի և պոտենցիալ բերրի շերտը հանվում է ընտրողաբար: Հողի հանված բերրի շերտն օգտագործվում է փոքր արդյունավետություն ունեցող հանդակները հողայնացնելու և հողերի կենսաբանական ռեկուլտիվացման համար, իսկ պոտենցիալ բերրի շերտը հիմնականում օգտագործվում է հողերի կենսաբանական ռեկուլտիվացիայի համար:

16. Հողային աշխատանքներ կատարելիս հողի պոտենցիալ բերրի շերտն անհրաժեշտ է հանել պոտենցիալ բերրի ապարներից առանձին:

17. Հողի բերրի շերտը հանվում է տարվա տաք և չոր ժամանակաշրջանում: Նախքան բերրի շերտը հանելը` կատարվում են հողի մակերեսից կոճղերի, թփերի և խոշոր քարերի մաքրման նախապատրաստական աշխատանքներ:

 

V. ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ԵՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԲԵՐՐԻ ՀԱՆՎՈՂ ՇԵՐՏԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Հողի բերրի և պոտենցիալ բերրի հանվող շերտերի հզորությունը որոշվում է հողի բերրիության մակարդակի և հողածածկույթի կառուցվածքի, հողերի հիմնական տիպերի ու ենթատիպերի և հողային պրոֆիլի առանձին գենետիկական հորիզոնների բերրիության գնահատումների հիման վրա:

19. Հողերի բերրիության մակարդակը գնահատվում է դրանց հատկությունների մասին տվյալներն ուսումնասիրելու հիման վրա՝ հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վերաբերյալ բազմամյա տվյալների առկայության դեպքում:

20. Հանվող հողի շերտերի խառնուրդների բերրիության մակարդակը պետք է ավելի բարձր լինի տվյալ տարածաշրջանում հողայնացման ենթակա ցածր արդյունավետություն ունեցող հանդակների բերրիության մակարդակից:

21. Հանվող հողի ստորին հորիզոնի կամ դրա մասերի բերրիությունը պետք է ավելի բարձր լինի տվյալ տարածաշրջանում ցածր արդյունավետություն ունեցող հանդակների բերրիության մակարդակից:

22. Կախված տարբեր գոտիների հողերի տիպերից ու ենթատիպերից, հողագոյացման ու հողային պրոֆիլի փոփոխության վրա ազդեցություն ունեցող այլ գործոններից` անհրաժեշտ է տարբերակել հողերի հատկությունների այն ցուցանիշները, որոնցով որոշվում է հողերի բերրի և պոտենցիալ բերրի հանվող շերտերի հզորությունը:

 

VI. ՀՈՂԻ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Հողային աշխատանքների կատարման ընթացքում չօգտագործված հողի հանված բերրի շերտն անմիջապես պետք է դարսվի լայնակույտերով:

24. Լայնակույտերի բարձրությունը և ձևը պետք է բացառի հողատարման գործընթացների զարգացումը:

25. Եթե հողի հանված բերրի շերտը նախատեսվում է պահել 2 տարին գերազանցող ժամկետով, ապա, ողողումը և հողմատարումը կանխելու համար, լայնակույտերի մակերևույթն ու թեքությունները պետք է ամրացվեն խոտացանքով կամ այլ եղանակներով:

Թույլատրվում է լայնակույտի թեքությունների վրա ցանքսը կատարել հիդրոեղանակներով:

26. Հողի հանված բերրի շերտը լայնակույտերում կարող է պահվել մինչև 20 տարի:

27. Լայնակույտերը տեղադրվում են գյուղատնտեսության համար ոչ պիտանի տեղամասերում կամ ցածր արդյունավետություն ունեցող հանդակներում և պետք է բացառվի լայնակույտերի ջրածածկումը, աղակալումը, արդյունաբերական թափոններով և կոշտ առարկաներով, քարերով, խճով, ճալաքարով ու շինարարական աղբով աղտոտումը:

 

VII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Հողի բերրի շերտը չպետք է պարունակի ռադիոակտիվ տարրերի, ծանր մետաղների, պեստիցիդների մնացորդային քանակների և այլ վտանգավոր ու թունավոր միացությունների այնպիսի քանակություններ, որոնք գերազանցում են հողում դրանց համար սահմանված սահմանային թույլատրելի չափաքանակները:

29. Հողի բերրի շերտը չպետք է աղտոտված և աղբոտված լինի արդյունաբերական և կենցաղային թափոններով, կոշտ առարկաներով, քարերով, խճով ու շինարարական աղբով, ինչպես նաև պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Հողի բերրի շերտի հանման, օգտագործման և պահման պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

31. Հողում պարունակվող նյութերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.11.2017, N 1404-Ն 02.12.2017, N 1026-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան