«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2012 թ. |
N 34-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմը`
1) Հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի առաջին տեղակալ,
2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ,
3) Հանձնաժողովի անդամներ`
ա. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության բաժնի պետ,
բ. Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնի պետ,
գ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
ե. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բժշկական սպասարկման բաժնի պետ,
զ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ,
է. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ (համաձայնությամբ),
ը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 5-րդ բաժնի 2-րդ բաժանմունքի պետ (համաձայնությամբ),
է. Հանձնաժողովի քարտուղար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի տեղակալ:
(1-ին կետը խմբ., փոփ. 21.04.15 N 178-Ն)
2. Հաստատել Հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն Հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Թովմասյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի N 34-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Կենտրոնական մարմին) գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության ընթացակարգն ու պայմանները:
2. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս առնվազն երկու անգամ հրավիրում է նիստ դատապարտյալների` օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, հիմնարկի տեսակը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով:
3. Ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հարցով Հանձնաժողովի քննարկմանը ենթակա յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվում է միջնորդագիր և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին: Միջնորդագրում նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը (հոդվածները), որով տվյալ անձը դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը, նախկին դատվածության (ների) առկայությունը, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող նպատակահարմար այլ տեղեկատվություն:
4. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հիմնականում Կենտրոնական մարմնում: Այն կարող է անցկացվել նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
5. Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը: Ներկայացված միջնորդությունը (ները) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնում է նախագահի տեղակալը:
7. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնությամբ կարող են մասնակցել տվյալ դատապարտյալը, քրեակատարողական այլ ծառայողներ, ինչպես նաև հրավիրված այլ անձինք: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել Կենտրոնական մարմնի ղեկավարը, որը կարող է նիստի ընթացքում կամ մինչև նիստի սկսվելը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ:
8. Հանձնաժողովի նիստի ժամանակ Հանձնաժողովի անդամների կողմից կարող է պահանջվել դատապարտյալի կամ նրա վարքագծի վերաբերյալ այլ տեղեկատվություն:
9. Հանձնաժողովի նիստում քննարկված հարցի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին, այդ թվում` կարող է ընդունվել որոշում` տվյալ հարցի քննարկումը հետաձգելու մասին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը վճռորոշ է: Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայության պայմաններում: Հանձնաժողովի անդամը` քննարկվող հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմանը:
(9-րդ կետը լրաց. 13.04.16 N 126-Ն)
9.1 Եթե Հանձնաժողովը միջնորդագիրը մերժելու մասին որոշումն ընդունել է` հաշվի առնելով դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, ապա նույն հարցով կրկին միջնորդագիր ներկայացնելիս, դրան կցվում է որոշման կայացման օրվանից հետո` դատապարտված անձի «Վարքի գնահատման թերթիկում» հերթական եռամսյակի գնահատումների հիման վրա կազմված բնութագիրը:
(9.1-ին կետը լրաց. 13.04.16 N 126-Ն)
10. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը կազմվում է հանձնաժողովի քարտուղարի և ստորագրվում Հանձնաժողովի` նիստին մասնակցող անդամների կողմից:
Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համարակալվում են ըստ տարիների և հերթականության:
11. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումից Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է քաղվածք և կցվում դատապարտյալի անձնական գործին:
12. Հանձնաժողովի որոշման հիման վրա Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է դատապարտյալի` պատիժը կրելու ուղարկելու մասին կարգագիր, որը հաստատվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունումից հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
12.1 Կենտրոնական մարմնի ղեկավարը, ելնելով դատապարտյալի անվտանգության ապահովման կամ օպերատիվ նկատառումներից, կարող է կարգագրով դատապարտյալին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Դատապարտյալի տեղափոխումն իրականացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն քրեակատարողական հիմնարկի պետը, որտեղից տեղափոխվել է դատապարտյալը, համապատասխան միջնորդագիր է ներկայացնում Հանձնաժողովին: Հանձնաժողովը ներկայացված միջնորդագիրը քննարկում է սահմանված կարգով` կայացնելով որոշում դատապարտյալին այլ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ տեղափոխումը մերժելու մասին: Միջնորդագրի մերժման որոշում ընդունվելու դեպքում Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է կարգագիր, որը հաստատվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
(12.1-ին կետը լրաց. 06.05.16 N 152-Ն)
13. Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը:
(հավելվածը լրաց. 13.04.16 N 126-Ն, 06.05.16 N 152-Ն)