«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1286-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԱԽԻՐՆԵՐԻ, ՀՈՏԵՐԻ ՈՒ ԵՐԱՄԱԿՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԱԽԻՐՆԵՐԻ, ՀՈՏԵՐԻ ՈՒ ԵՐԱՄԱԿՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գրքերի (այսուհետ` տոհմային գրքեր) և տոհմային կենդանիների նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի (այսուհետ՝ տոհմային կենդանիների կադաստր) վարման գործընթացը` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
2. Սույն կարգի նպատակն է`
ա) տոհմային գրքերի և տոհմային կենդանիների կադաստրի վարման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող` տարբեր տեսակի և ցեղերի պատկանող բարձրարժեք տոհմային կենդանիների մասին տվյալների հավաքագրումը.
գ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու տոհմամթերատու հատկությունների կատարելագործմանը նպաստելը.
դ) տոհմային կենդանիների ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների և ծրագրերի մշակումն ու իրականացումը:
II. ՏՈՀՄԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Տոհմային գրքերը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
4. Տոհմային գրքերը վարվում են ըստ Հայաստանի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների ցեղերի:
5. Տոհմային գրքերում գրանցվում են միայն տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիա ունեցող տնտեսությունների կենդանիները:
6. Տարբեր տեսակների և ցեղերի պատկանող կենդանիներին տոհմային գրքերում գրանցելու պահանջները սահմանում է լիազորված մարմինը:
7. Տոհմային գրքերում գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 15-Ն որոշմամբ հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման կարգի համաձայն անցկացված բոնիտավորման և լիազորված մարմնի կողմից հաստատված անասնաբուծական և տոհմային հաշվառման գրանցամատյաններում ու գյուղատնտեսական կենդանիների տոհմային քարտերում գրանցված տվյալները:
8. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիա ունեցող անձինք բոնիտավորման արդյունքները լիազորված մարմին ներկայացնելու հետ միաժամանակ տոհմային գրքերում գրանցելու համար ներկայացնում են նաև լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող կենդանիների տոհմային քարտերի ստորագրված և կնքված կրկնօրինակները:
9. Լիազորված մարմինն ուսումնասիրում է տոհմային քարտերում գրանցված տվյալները, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին (անհրաժեշտության դեպքում ստուգում է տնտեսություններում ներկայացված տվյալների հավաստիությունը) և 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կենդանիներին տոհմային գրքերում գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:
10. Տոհմային գրքերում կենդանիների գրանցման մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում` լիազորված մարմինը դրա մասին տեղեկացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց:
11. Տոհմային գրքում կենդանու գրանցման տարեթիվը, լիազորված մարմնի կողմից կենդանու տոհմային գրքում գրանցման մասին որոշման համարը, տարեթիվը և տոհմային գրքով տրված համարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 15-Ն որոշմամբ հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման կարգին համապատասխան լրացվում են լիազորված մարմնի կողմից հաստատված գյուղատնտեսական կենդանիների տոհմային քարտերում:
12. Տոհմային գրքերում գրանցվող արուներն ու էգերը և մաքրացեղ ու խառնացեղ կենդանիները համարակալվում են առանձին:
13. Լիազորված մարմինը վարում է տոհմային գրքերում գրանցված կենդանիների քարտադարան, որում յուրաքանչյուր տարի լրացվում են տվյալներ գրանցված կենդանիների տեղաշարժի, վերարտադրության նպատակով օգտագործման և մթերատվության մասին:
14. Անասնատերը տոհմային գրքերում գրանցված կենդանիների անկման կամ օտարման մասին տեղեկացնում է լիազորված մարմնին: Լիազորված մարմինը կենդանիների անհատական քարտերում կատարում է համապատասխան նշումներ:
15. Տոհմային գրքերը հրատարակում է լիազորված մարմինը:
16. Տոհմային գրքերի պահպանման ժամկետ չի սահմանվում:
III. ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Տոհմային կենդանիների կադաստրը (հաշվառում և հաշվառման գրանցամատյանների վարում) վարում է լիազորված մարմինը:
18. Տոհմային կենդանիները հաշվառվում ու գրանցվում են լիազորված մարմնի կողմից սահմանված ձևերի հաշվառման գրանցամատյաններում, որոնք համարակալում, կարում և կնքում է լիազորված մարմինը:
19. Հայաստանի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների յուրաքանչյուր տեսակի համար վարվում է առանձին հաշվառման գրանցամատյան:
20. Հաշվառման գրանցամատյաններում գրանցվում են միայն տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիա ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նախիրները, հոտերը և երամակները:
21. Տոհմային կենդանիները համարակալվում, հաշվառվում և գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգի պահանջներին համապատասխան:
22. Տոհմային կենդանիների հաշվառված և գրանցված նախիրներ, հոտեր ու երամակներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք յուրաքանչյուր տարի լիազորված մարմին են ներկայացնում տեղեկատվություն դրանց օտարման կամ լուծարման և կենդանիների գլխաքանակի, մթերատվության ու վաճառքի մասին:
23. Լիազորված մարմինը տոհմային կենդանիների նախիրների, հոտերի և երամակների օտարման կամ լուծարման և կենդանիների գլխաքանակի, մթերատվության ու վաճառքի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված տեղեկատվության հիման վրա համապատասխան նշումներ է կատարում հաշվառման գրանցամատյանում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |