«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2006 թվականի N 1238-Ն
50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործելով որպես բաժնետերերի ընդհանուր ժողով, պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետիրոջ լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել օրենքով սահմանված կարգով բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` այդ ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերի վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը, ելնելով սույն որոշմամբ սահմանված սահմանաչափերից ու սկզբունքներից, և դրանց մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն։
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման դրույթները տարածվում են 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման պահանջներին համապատասխան` պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել շահութաբաժիններ.
բ) սույն որոշումը սահմանում է 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից վճարման ենթակա (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) շահութաբաժնի մեծության որոշման նպատակով իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը.
գ) անկախ սույն որոշմամբ սահմանված չափաքանակներից` 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից փաստացի կատարված ծախսերն ամբողջությամբ արտացոլվում են ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում.
դ) սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո կատարված ու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի վրա:
3. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշմամբ սահմանված հիմնական հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով:
4. Սահմանել 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից շահութաբաժնի (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) մեծության որոշման նպատակով իրականացվող ծախսերի առավելագույն թույլատրելի հետևյալ սահմանաչափերը`
ա) վնասակար նյութերի` շրջակա միջավայր արտանետման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարների հետ կապված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով` 3.0 մլն դրամ.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար կատարված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով` 2.0 մլն դրամ.
ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով: Ընդ որում, գործուղվողի` գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի առավելագույն չափը սահմանվում է 50.0 հազ. դրամ.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 16.0 հազ. դրամի չափով.
է) ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը.
ը) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).
թ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների արժեքի 5.0 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով:
5. Սահմանել, որ 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետիրոջ լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինները, ելնելով իրենց համակարգի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների առանձնահատկություններից և զարգացման ծրագրերից, կարող են իրենց համակարգի այդ ընկերությունների համար սահմանել սույն որոշման 4-րդ կետով սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերից տարբերվող այլ սահմանաչափեր` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
6. Սահմանել, որ շահութաբաժինների (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) հաշվարկման նպատակով որպես ծախս չեն ընդունվում ընկերությունների կողմից իրականացվող` սույն որոշման 4-րդ կետով սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը և (կամ) 5-րդ կետով սահմանված այլ սահմանաչափերը գերազանցող, ինչպես նաև ստորև նշված ծախսերը, որոնք պետք է իրականացվեն շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին`
ա) լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ավելի ցույց տրված ծախսերի գումարների չափով.
բ) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային սանկցիաների գումարի չափով.
գ) անհատույց տրամադրած ակտիվների (այդ թվում` աշխատողների ծանր տնտեսական վիճակի, դժբախտ դեպքերում օգնության, արձակուրդ մեկնելիս դրամական օգնության կամ պարգևատրման, առանձին ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց անհատույց ֆինանսական օգնության տրամադրման և այլ համանման ծախսեր), ներառյալ պարտավորությունների արժեքը, բացառությամբ`
գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվների և ներված պարտավորությունների արժեքն ամբողջությամբ.
դ) բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմիններին և այլ մարմիններին տրամադրված հատկացումները.
ե) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում և այլն).
զ) արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներին, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակության և այլն) մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարվող ծախսերը:
7. Սահմանել, որ շահութաբաժինների (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) հաշվարկման համար հիմք ընդունվող շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո առաջացած զուտ շահույթը ենթակա է ճշգրտման` լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի գումարների չափով։
8. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ պետական մասնակցությամբ ընկերություններին թույլ չտալ իրականացնել ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես, բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատողների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեությանը չառնչվող` սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ` բացառությամբ սույն որոշման 4-րդ և (կամ) 5-րդ կետերով, ինչպես նաև 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի:
9. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն որոշման պահանջներին համապատասխան հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքերում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված դրույթները, ընդ որում, այդ գումարների մասով ընկերության նկատմամբ մեկամսյա ժամկետում պահանջը կարող է ներկայացնել ընկերության բաժնետիրոջ լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինը, իսկ նշված ժամանակահատվածում, վերջինիս կողմից պահանջ չներկայացվելու դեպքում այդ իրավասությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|