«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2006 թվականի N 614-Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել ժամանակավոր օթևան տրամադրող կազմակերպության օրինակելի կանոնադրությունը և օթևան տրամադրող կազմակերպություն ընդունված անօթևան անձի հաշվառման քարտի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են 18 տարին լրացած` մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (այսուհետ՝ հաճախորդ) ժամանակավոր կացարան տրամադրելու, ինչպես նաև նրանց սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ժամանակավոր օթևանի տրամադրումը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից մեկն է:
3. Ժամանակավոր օթևան (այսուհետ` օթևան) տրամադրվում է սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից (այսուհետ՝ կազմակերպություն):
4. Կազմակերպություն ընդունված հաճախորդն ստանում է սոցիալական, հոգեբանական, բժշկական և իրավական օգնություն:
5. Կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններ:
6. Կազմակերպության ներքին կարգապահական կանոնները հաստատում է կազմակերպության ղեկավարը:
7. Օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ:
II. ՕԹԵՎԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Հաճախորդին օթևան տրամադրվում է նրա փաստացի գտնվելու վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) որոշման հիման վրա:
9. Գործակալությունը հաճախորդին ժամանակավոր օթևան տրամադրելու մասին որոշումն ընդունում է`
ա) հաճախորդի դիմումի հիման վրա,
բ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից ստացված տեղեկությունների դեպքում:
10. Հրատապ օգնություն պահանջող դեպքերում հաճախորդին օթևան տրամադրվում է կազմակերպություն ներկայացված նրա դիմումի հիման վրա:
11. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից տեղեկություններ ստանալու նույն օրը գործակալությունը կազմակերպում է իրավիճակի ուսումնասիրություն` տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում անձի հայտնաբերման և անհրաժեշտ օգնության տրամադրման համար:
12. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից տեղեկություններ ստանալու դեպքում գործակալությունն անհապաղ ընդունում է որոշում և, հաճախորդի համաձայնության դեպքում, կազմակերպում նրա տեղափոխումը կազմակերպություն:
13. Կազմակերպության ղեկավարը կազմակերպություն ընդունված հաճախորդի մասին մեկ օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմին, գործակալություն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
14. Օթևան տրամադրելուց անձի հրաժարվելու դեպքում գործակալությունը դրա մասին կազմում է արձանագրություն:
15. Հաճախորդին կազմակերպություն ընդունելը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:
16. Կազմակերպություն ընդունված հաճախորդի համար լրացվում է հաշվառման քարտ, որտեղ գրանցվում են տվյալ հաճախորդին վերաբերող հետևյալ տեղեկությունները՝
ա) անունը, հայրանունը, ազգանունը,
բ) ծննդյան տարեթիվը,
գ) սեռը,
դ) նրա վերջին կամ նախկին բնակության վայրը,
ե) մինչև օթևանի տրամադրումը հաճախորդի հայտնաբերման կամ գտնվելու վայրը,
զ) ընտանեկան դրությունը,
է) կազմակերպություն ընդունման և դուրսգրման ամսաթվերը,
ը) օթևանի կարիք ունեցող հաճախորդի մասին տեղեկատվություն տված իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները:
17. Հաճախորդի մասին տվյալները քարտում լրացվում են անձը հաստատող փաստաթղթի կամ, դրա բացակայության դեպքում, հաճախորդի բանավոր հայտարարության համաձայն: Հաճախորդի մասին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տեղեկությունների աղբյուրը:
18. Հաճախորդի մասին տվյալների` նրա բանավոր հայտարարության հիման վրա գրանցման դեպքում նշվում են նաև հաճախորդի անհատականացման հնարավոր նշանները` սեռը, մոտավոր տարիքը, մազերի և աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:
19. Կրկին նույն կազմակերպություն ընդունվելու դեպքում հաճախորդի հաշվառման քարտում կատարվում է համապատասխան լրացում:
20. Կազմակերպություն ընդունվող հաճախորդի համար կազմվում է անձնական գործ, որը ներառում է հաճախորդի դիմումը, գործակալության որոշումը, հաճախորդի լուսանկարը, սույն կարգի 15-րդ կետում նշված անձնական տվյալները, կցվում են նրա մոտ առկա բոլոր փաստաթղթերի պատճենները, տեղեկատվություն տված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասին տվյալները: Անձնական գործում նշվում է հաճախորդին տրամադրվող անհրաժեշտ սոցիալական աջակցության տեսակը:
21. Կազմակերպություն ընդունված և դուրս գրված հաճախորդի` սույն կարգի 15-րդ կետով սահմանված հաշվառման քարտը պահվում է քարտարանում: Հաճախորդի` կազմակերպություն ընդունման մասին հրամանները գրանցվում են հաշվառման մատյանում:
22. Կազմակերպություն ընդունված հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ, որտեղ գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված առաջին բժշկական զննության հիման վրա իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը:
III. ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23. Հաճախորդը կազմակերպություն ընդունվելու առաջին 2 ժամվա ընթացքում ենթարկվում է սանիտարական մշակման, 1-3 օր պահվում կարանտինի պայմանում` հատուկ առանձնացված սենյակում` մինչև համապատասխան բուժհաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացություն ստանալը:
24. Կազմակերպությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում հաճախորդի նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն և տրամադրվում համապատասխան բժշկական օգնություն` դրա կարիքն առաջանալու դեպքում:
25. Կազմակերպությունում գտնվող հաճախորդի բժշկական սպասարկումն իրականացնում է կազմակերպության գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը:
26. Կազմակերպությունում հաճախորդին տրամադրվում է ժամանակավոր կացարան, օրական 3 անգամ սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ, կոշիկ:
27. Կազմակերպության բժիշկը, սոցիալական աշխատողը, իրավաբանը և հոգեբանը, յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, աջակցում են`
ա) անձը հաստատող փաստաթուղթ չունեցող հաճախորդին` անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու,
բ) ստացիոնար բուժման կարիք ունեցողներին` համապատասխան բուժհաստատություն ուղեգրելու,
գ) կենսաթոշակի իրավունք ունեցող հաճախորդին` կենսաթոշակ նշանակելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, տուն-ինտերնատ ընդունվելու համար համապատասխան փաստաթղթերը կազմելու և ընդունելությունը կազմակերպելու,
դ) հաճախորդի ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելու (եթե այդպիսիք կան) և, հնարավորության դեպքում, նրանց կորցրած սոցիալական կապերը վերականգնելու,
ե) անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և այլ վերականգնողական միջոցներով ապահովելու,
զ) խախտված իրավունքները վերականգնելու և շահերը պաշտպանելու,
է) աշխատունակ տարիքի հաճախորդին` աշխատանքի տեղավորելու,
ը) բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու հարցերում:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
28. Կազմակերպությունից հաճախորդը դուրս է գրվում`
ա) իր դիմումի հիման վրա,
բ) կազմակերպությունում մնալու համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում,
գ) տուն-ինտերնատ ընդունվելու դեպքում,
դ) ընտանիք վերադառնալու դեպքում` ընտանիքի անդամի դիմումի հիման վրա,
ե) ստացիոնար բուժհաստատությունում տեղավորվելու դեպքում,
զ) կազմակերպության ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում,
այդ թվում`
ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործելու դեպքում,
քրեորեն հետապնդելի արարքի կատարման մասին համապատասխան մարմիններից տեղեկատվություն ստանալու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |