ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1991թ. N 161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ազատ ձեռներեցության և շուկայական էկոնոմիկայի անցնելու, ձեռնարկությունների տնտեսական գործունեությունը կարգավորելու, հանրապետության ազգային հարստությունը և պետական շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունները և տնտեսավարող մյուս սուբյեկտները ազատ են զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք պետության մենաշնորհ են հանդիսանում, համաձայն թիվ-1 ցանկի, կամ որոնցով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան պետական կառավարման մարմինների լիցենզիան (թույլտվությունը), համաձայն թիվ-2 ցանկի:
(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգը (կցվում է):
3. Բոլոր տեսակի ձեռնարկությունները կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեություն միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից թույլտվություն ստանալուց հետո:
Մինչև սույն որոշման ընդունվելը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով արդեն զբաղվող ձեռնարկությունները (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ համապատասխան լիցենզիա:
Գործող պետական ձեռնարկությունները լիցենզավորման ենթակա գործունեության նոր` ոչ պրոֆիլային տեսակներով զբաղվելու համար պարտավոր են ստանալ սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված մարմնի (վերադասի` նախարարության, գերատեսչության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) թույլտվությունը` համաձայնեցնելով լիցենզավորող մարմնի հետ: Այս կարգը գործում է նաև պետական փոքր ձեռնարկություն ստեղծելու ժամանակ:
(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)
4. Առանց պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվության, լիցենզավորման ենթակա գործունեությամբ ձեռնարկությունների զբաղվելու դեպքում, ստացված ամբողջ հասույթը գանձվում է հանրապետության այն բյուջե, ուր մուտք է արվում տվյալ ձեռնարկության շահույթից (եկամտից) գանձվող հարկը:
5. Սույն որոշումը կիրարկել հրապարակման պահից:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի մարտի 5-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 29-ի «Կոոպերացիայի մասին ԽՍՀՄ օրենքի համաձայն կոոպերատիվների առանձին տեսակի գործունեության կարգավորման մասին» թիվ-103 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թ. մայիսի 31-ի «Գործունեության տեսակների լրացուցիչ ցանկի մասին, որոնցով կոոպերատիվները իրավասու չեն զբաղվելու» թիվ-540 որոշումը» թիվ-305 որոշումը.
(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական կոմիտեներին և գերատեսչություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել լիցենզիաների տրամադրման չափանիշներ, լիցենզիա ստանալու համար հայտի ձև, լիցենզիայի տրամադրումը մերժելու ձևը:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության կոնկրետ տեսակներով զբաղվելու հարցում ձեռնարկությունների և պետության հարաբերություններն ու պարտադիր է սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար (բացի գործող պետական ձեռնարկություններից):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակները, կախված ձեռնարկությունների դրանցով զբաղվելու իրավասության աստիճանից, դասվում են հետևյալ խմբերի`
ա) արգելված գործունեության տեսակներ.
բ) պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ.
դ) հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներ.
ե) ազատ գործունեության տեսակներ:
3. Արգելված գործունեության տեսակների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Պետության մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներով (ցանկ 1) զբաղվելու թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` բացառապես պետական ձեռնարկություններին:
5. Պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով (ցանկ 2) կարող են զբաղվել սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված տարբեր տեսակի ձեռնարկությունները (պետական ձեռնարկությունների համար նման թույլտվություն չի պահանջվում)` պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվությունը ստանալուց հետո:
6. Սույն կարգի 1 և 2 ցանկերում չնախատեսված տնտեսական գործունեության մյուս տեսակներով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկություններն իրավունք ունեն զբաղվելու առանց որևէ թույլտվության:
7. Սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի, կենցաղային քիմիայի ապրանքների, թմրամիջոցների, թունավոր և ուժեղ ներգործության նյութերի, դեղամիջոցների, օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրության համար թույլտվություն տալու հիմք են ծառայում այդ արտադրանքների մասին փորձաքննական վերլուծություններով հաստատված եզրակացությունները:
Արտադրողը պարտավոր է սույն կետում նշված ապրանքների արտադրության համար թույլտվության ամբողջ ժամանակահատվածում խստորեն պահպանել փորձաքննական վերլուծությունների ներկայացված նմուշները և որակական բոլոր հատկանիշները:
8. Որևէ գործունեության լիցենզիա ստանալու նպատակով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունները և անհատները ներկայացնում են հայտ պետական կառավարման համապատասխան մարմիններին, որին կցում են տվյալ գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)
9. Պետական կառավարման համապատասխան մարմինները ներկայացված հայտի վերաբերյալ պարտավոր են որոշում կայացնել 15 օրվա ընթացքում, իսկ փորձագետների եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունը ստանալուց հետո, 10 օրվա ընթացքում:
10. Թույլտվությունը (ձևը կցվում է) կամ մերժման մասին որոշումը հայտ ներկայացնողին հանձնվում է որոշում կայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում:
11. Բացասական պատասխանի դեպքում լիցենզիա ստացող հայցվորն իրավունք ունի 30 օրվա ընթացքում դիմել դատարան` մերժման մասին կայացրած որոշումը վերանայելու և նրան հասցված վնասը փոխհատուցելու համար:
Գործունեությունների համար լիցենզիա հատկացնողը իրականացնում է այդ լիցենզիաների հաշվառում:
12. Գործունեության թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով, որի համար գանձվում է վճար: Վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեն` համաձայնացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
13. Ձեռնարկության գործունեության դադարեցման դեպքում նրան տրված թույլտվությունը կորցնում է ուժը:
14. Գործունեության թույլտվության համար հայտը կարող է մերժվել`
ա) հաստատված սանիտարահիգիենիկ նորմաներին արտադրության, առևտրի և գործունեության մյուս ձևերի անհամապատասխանության դեպքում.
բ) պետական ստանդարտներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում.
գ) համապատասխան որակավորման բացակայության դեպքում.
դ) գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների բացակայության դեպքում:
Աննպատակահարմարության շարժառիթներով թույլտվության մերժումն արգելվում է:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:
15. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկել դատարանում:
16. Գործունեության թույլտվություն տվող մարմինը իրականացնում է դրա հաշվառում` գրանցման մատյանում:
17. Թույլտվությունը չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում թույլտվություն տված համապատասխան մարմինը սահմանում է ժամկետ` ձեռնարկության կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:
18. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել այն տված մարմնի կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հետևյալ հիմքերով`
ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
բ) եթե ձեռնարկության գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը.
գ) եթե ձեռնարկությունը չի կատարում թույլտվության մեջ նշված հատուկ պահանջները:
19. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշումը 3 օրվա ընթացքում ուղարկվում է ձեռնարկությանը:
20. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկելու դատարանում:
Ց Ա Ն Կ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Քաղաքացիներին, իրավաբանական անձանց ու նրանց մարմիններին, պետություններին, միջազգային կազմակերպություններին ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի, թմրամիջոցների, պայթուցիկ, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի վաճառք և նշված սուբյեկտներից այդպիսի առարկաների, միջոցների ու նյութերի ձեռքբերումը:
2. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն ու նորոգում:
3. Թմրացուցիչների, թունավոր, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի արտադրություն:
4. Դատական փորձաքննության անցկացում:
5. Քաղաքացիների հոգեկան վիճակի ախտորոշում:
6. Գյուտերի, հայտնագործությունների և գիտական մշակումների պատենտավորում (արտոնագրում) և հեղինակային իրավունքի շնորհում:
7. Դրամահատում, պետական շքանշանների, կնիքներ, դրոշմակնիքների պատրաստում:
8. Ոսկու, մոլիբդենի և այլ թանկարժեք ու ռազմական նշանակություն ունեցող նյութերի պետական պաշարների ստեղծում, պահպանում և օգտագործում:
9. Պետական սեփականություն հանդիսացող արխիվների արխիվային ծառայություններ:
(փոփ. 20.06.91 թ. N 415, 13.02.92 թ. N37, 30.04.97 N 108 որոշումներ)
Ց Ա Ն Կ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Լիցենզավորող մարմնի անվանումը |
Գործունեության տեսակը |
1 |
2 |
Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն | օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպում |
Անդրերկաթուղու Երևանի բաժանմունք | երկաթուղային տրանսպորտի (բացի ներտնտեսայինից) աշխատանքի կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն | կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում |
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե | հեռուստահաղորդումների տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում, այդ թվում կաբելային հեռուստատեսություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն | ջրամբարների կառուցում և շահագործում, սերմնաբուծության և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութի և տնկանյութի իրացում, սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի արտադրություն |
«Հայարդշինանյութեր» ԱՄ (էկոնոմպետլոմի քվոտաների սահմաններում ՀՀ էկոնոմպետկոմ*) | բնական շինանյութերի արդյունահանում և շահագործում |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | գրավատների կազմակերպում |
վիճակախաղերի կազմակերպում և անցկացում, վիճակախաղերի տոմսերի պատրաստում, վիճակախաղերի տոմսերի ներկրում | |
շահումներով խաղերի անցկացում և խաղատների (կազինոյի) կազմակերպում | |
Հայստանի Հանրապետության մաքսային վարչություն | մաքսային պահեստների կազմակերպման լիցենզավորում |
ՀՀ կենտրոնական բանկ | բանկային գործի կազմակերպում, և արժութային աճուրդների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության կոմիտե | պայթեցման աշխատանքների իրականացում |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն | անվտանգության, պահնորդային և խուզարկուական ծառայություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | ցանկացած տեսակի բժշկական օգնություն, բացի ոչ տեխնիկական միջոցներով կատարվող ախտորոշումից |
դեղամիջոցների և թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների արտադրություն և պատրաստում, առուծախ | |
օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրություն | |
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն | աշխատանքի տեղավորման ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն | թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք |
կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն | |
ապրանքային բորսաների կազմակերպում | |
ապրանքային բորսաներում միջնորդային ծառայություններ | |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն | հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպում |
ԽՍՀՄ պետստանդարտի հայկական հանրեպետության վարչություն | չափիչ սարքերի արտադրություն, ստուգում, նորոգում և կարգավորում |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն | քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներային հետազննում, նախագծում և փորձաքննություն), շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքների և որակի տեխնիկական հսկողություն) |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն | օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակում և բազմացում |
անվճարունակության գործերով կառավարչի լիազորությունների իրականացումը | |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչություն | արխիվային ծառայություններ |
ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն (Հայպետատոմհսկողություն) | ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ու թաղման օբյեկտների հրապարակների ընտրություն, նախագծում, վերակառուցում (այդ թվում կատարելագործում և վերանորոգում), շահագործումից հանում |
միջուկային և ռադիոակտիվ նյութերի, թափոնների պահպանում, վերամշակում, տեղափոխում, օգտագործում թաղում | |
ատոմային էներգիայի և (կամ) միջուկային ու ռադիոակտիվ նյութերի օգտագործմամ իրականացվող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ | |
ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի հետազոտում ու փորձաքննության անցկացում կապված միջուկային և ռադիացիոն անվտանգության հետ | |
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի տեխնոլոգիաների, սարքավորումների, ծառայությունների, միջուկային ու ռադիոակտիվ թափոնների ներմուծում և արտահանում | |
ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների պահպանման ու թաղման օբյեկտների համար տեղակայանքների, սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում և պատրաստում | |
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի համար նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի (բացառությամբ սանիտարահիգիենիկ նորմերի) մշակում | |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն | Սևանա լճում արդյունագործական ձկնորսություն |
ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն | |
ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում | |
ՀՀ տրանսպորտի նախարարություն | ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (բացի ներմարզայինից և ներքաղաքայինից) |
ՀՀ մարզպետներ | ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (միայն Երևան քաղաքի տարածքում) |
Երևանի քաղաքապետ | ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (միայն Երևան քաղաքի տարածքում) |
Տարածքային կառավարման մարմիններ (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) | հանրային սննդի կազմակերպում և իրացում |
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն | Անշարժ գույքի չափագրում, գնահատում, կադաստրային քարտեզագրում և ռիելտորական գործունեություն |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջնորդությամբ) |
ինկասացիոն գործունեություն (ծառայություն) |
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն | Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով | արժեթղթերի ձևաթղթերի պատրաստում արժեթղթերի ձևաթղթերի ներկրում իրացման նպատակով |
*) Գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործունեության թույլտվությունը (լիցենզիան) տրվում է «Հայարդշինանյութեր» ԱՄ-ի կողմից, նոր ստեղծվող ձեռնարկություններին և կազմակերպություններին` ՀՀ էկոնոմպետկոմի կողմից:
(փոփոխվել է. 20.06.91 N 415, 16.06.92 N 352, 13.02.93 N 37, 11.06.93 N 300, 21.04.94 N 193, 10.12.94 N568, 04.07.95 N 401, 22.08.95 N 5, 26.01.96 N 23, 13.03.97 N 43, 31.07.97 N 313, 19.08.97 N 347, 03.11.97 N 483, 10.12.97 N 571, 15.04.98 N 237, 15.04.98 N 240, 22.04.98 N 249, 30.04.98 N 267, 25.06.98 N 396, 25.08.98 N 527, 24.11.98 N 733, 03.12.98 N 762, 22.12.98 N 815, 14.01.99 N 10, 15.04.99 N 227, 25.05.99 N 345, 22.10.99 N 659, 13.12.99 N 750, 09.03.01 N 179 որոշումներ)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ