ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 79
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերը նշված հոդվածով սահմանված դրույթները:
Այնուհանդերձ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ նշված դրույթները ստանում են տարաբնույթ մեկնաբանություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին: Գործին մասնակցող անձանց բացատրությունները ապացույցներ են, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այս տեսանկյունից կողմերի բացատրությունները հանդիսանում են ապացույցի յուրահատուկ տեսակ, որի առանձնահատկությունն այն է, որ դատարանը փաստական տվյալներ է ստանում գործի ելքով նյութաիրավական շահագրգռվածություն ունեցող անձանցից: Հետևաբար, նպատակ ունենալով ապահովել գործին մասնակցող անձանց բացատրությունների` որպես ապացույցի տեսակի պատշաճ ապացուցողական նշանակությունը, պատասխանատվություն է սահմանվել սուտ բացատրություն տալու համար:
Մինչև գործի քննության անցնելը դատարանը գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև` կողմերին, նրանց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելիս, պետք է նախազգուշացնի նաև այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ այս կամ այն դատավարական գործողությունը կատարելու կամ չկատարելու, մասնավորապես` գործի փաստական հանգամանքների մասին սուտ բացատրություն տալու հետևանքով:
Դատարանը պետք է գործով կողմերին նախազգուշացնի սուտ բացատրություն տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին և ստորագրություն վերցնի օրենքի պահանջների պարզաբանման վերաբերյալ, որը պետք է կցվի դատական նիստի արձանագրությանը: Նմանատիպ գործողություն դատարանը կատարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով` փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու, և 63-րդ հոդվածի 5-րդ մասով` վկայի կողմից ակնհայտ կեղծ ցուցմունք տալու հետևանքները պարզաբանելու դեպքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման միասնական դատական պրակտիկա ձևավորելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացիական դատավարության ընթացքում դատարանը պետք է կողմերին նախազգուշացնի գործի փաստական հանգամանքների վերաբերյալ սուտ բացատրություն տալու համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին:
2. Դատարանը պետք է կողմերից ստորագրություն վերցնի նախազգուշացման մասին և կցի դատական նիստի արձանագրությանը:
3. Հաստատել քաղաքացիական դատավարության ընթացքում կողմերին գործի փաստական հանգամանքների մասին սուտ բացատրություններ տալու համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին նախազգուշացման ձևը` համաձայն հավելվածի:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Ես` ___________________________________________________________________, հրավիրված լինելով
(անուն, ազգանուն)
Հայաստանի Հանրապետության __________________________________________ դատարան
(դատարանի անվանումը)
____________________________________________________________________________________
(քննվող գործի անվանումը)
_______________________________________________________________________________գործով,
որպես _____________________________________________, պարտավորվում եմ դատարանին տալ
դատավարական կարգավիճակը
ճշմարիտ բացատրություններ գործի փաստական հանգամանքների մասին:
Դատարանի կողմից ինձ բացատրված է, որ գործի փաստական հանգամանքների մասին սուտ բացատրություն տալու համար ենթակա եմ պատասխանատվության` ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածին համապատասխան:
__________________________________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)