ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 77
«ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «Դատավորի վարքագծի կանոնագրքի» նախագիծը և կարևորելով վարքագծի կանոնների էական դերը դատարանների անկախության ապահովման, դատավորի պատասխանատվության բարձրացման և դրանով իսկ դատարանի ու արդարադատության նկատմամբ հասարակության հավատի ամրապնդման և հեղինակության բարձրացման հարցերում, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Դատավորի վարքագծի կանոնագիրքը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 27.12.2001 թ. թիվ 45 որոշումը:
ՀՀ դատարանների |
Հ. Մանուկյան |
|
| |
Կանոն 1 - Դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Կանոն 2 - Դատավորը պարտավոր է իր վարքագծով ինչպես դատարանում, այնպես էլ նրանից դուրս ամրացնել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և արդարադատության մարմինների անկողմնակալության, անկախության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է իրականացվի տեսանելի, համոզիչ և ընկալվի իբրև արդարության հաստատում: Կանոն 3 - Արդարադատության իրականացմանն ուղղված պարտականությունների կատարումը դատավորի համար պետք է առաջնային լինի օրենքով նրան թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ: Կանոն 4 - Դատավորը պարտավոր է զերծ մնալ իր կոչմանն անհարիր կապերից, օրենսդիր, գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների ազդեցությունից, ինչպես նաև ամեն տեսակի միջամտություններից, անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ: Կանոն 5 - Որպես հասարակության սևեռուն ուշադրության օբյեկտ` դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել այնպիսի անձնական սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա բարեկրթության, հավասարակշռվածության, արդարամտության հասարակական ընկալումը: Կանոն 6 - Դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո վերապատրաստման բոլոր հնարավորությունները:
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԾԱՌԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Կանոն 7 - Դատավորն իր ծառայական պարտականությունները կատարելիս պետք է գործի անկախ ու անաչառ, ազատ լինի կողմնակի ազդեցություններից, շարժառիթներից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտություններից: Այն որոշումների կայացման ժամանակ, որոնք դատավորը պարտավոր է կայացնել ինքնուրույն, նա պետք է անկախ լինի նաև դատավոր գործընկերներից: Սա չի բացառում բարդ գործերի վերաբերյալ իրավաբանական հարցերի շուրջ խորհուրդ ստանալ դատավոր գործընկերներից` պայմանով, որ վերջնական որոշում կայացնի ինքը` դատավորը: Կանոն 8 - Արդարադատություն իրականացնելիս` դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից: Կանոն 9 - Դատավորն իր պարտականությունները պետք է կատարի ողջամիտ ժամկետներում և այն հաշվով, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ: Կանոն 10 - Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար ու բարեկիրթ: Նա պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել գործով կողմերի, վկաների, այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի անձնակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, որոնց հետ առնչվում է դատարանում: Դատավորը նման վարքագիծ պետք է պահանջի նաև դատավարության մասնակից բոլոր անձանցից: Կանոն 11 - Դատական նիստից դուրս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ կողմերի, դատավարության մասնակիցների հետ առանձին շփումից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է դատարանի աշխատանքի կազմակերպման համար: Կանոն 12 - Դատավորն իրավունք չունի ծառայական պարտականությունների կատարմանը չվերաբերող նպատակներով օգտագործել, հրապարակել կամ այլ կերպ մատչելի դարձնել իր պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացած գաղտնի տեղեկատվությունը: Կանոն 13 - Դատավորը պետք է տեղյակ լինի միջազգային իրավունքի զարգացման միտումներին և այդ ուղղությամբ ձեռք բերած գիտելիքները դրանց կիրառելիության ոլորտում մշտապես օգտագործի` իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Կանոն 14 - Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի գործի քննությունից իր հեռացման անհրաժեշտություն առաջացնող դեպքերը: Կանոն 15 - Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել: Նման հիմքեր կարող են լինել, երբ` ա) դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ, կամ նախօրոք անձամբ ծանոթ է գործով ապացույց հանդիսացող վիճարկվող փաստական տվյալներին և դրանց վերաբերյալ ունի կանխակալ կարծիք, բ) դատավորը նախկինում տվյալ գործով եղել է փաստաբան և պաշտպանել կողմերից մեկի շահերը, գ) դատավորը տվյալ գործով հանդիսացել է վկա, որի ցուցմունքներն էական նշանակություն են ունեցել գործի հանգամանքները պարզելու համար, դ) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ազգականները, ընկերներն ու ծանոթները) դատավարության մասնակիցներ են կամ ունեն տնտեսական կամ այլ շահագրգռվածություն վեճի ելքով: Դատավորի ինքնաբացարկ չի պահանջվում, եթե գործով որոշում կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է դատական լուրջ սխալների հանգեցնել: Կանոն 16 - Մինչև գործի քննության ավարտը դատավորը պարտավոր է՝ ա) ձեռնպահ մնալ փաստերի կամ օրենքների այնպիսի մեկնաբանությունից, որը կարող է գործի լուծման կանխորոշվածության տպավորություն ստեղծել, բ) չարտահայտել իր դրական կամ բացասական վերաբերմունքը դատավարության կողմերի հանդեպ, գ) չցուցաբերել այնպիսի վարքագիծ (միմիկա, ժեստիկուլյացիա, հեգնանք, ծաղր և այլն), որը դատավարության մասնակիցների կողմից կարող է ընկալվել որպես նախատրամադրվածության դրսևորում, դ) խուսափել գործի հանգամանքների վերաբերյալ հայտարարություններից, հրապարակային ելույթներից ու մեկնաբանություններից: Կանոն 17 - Դատավորը չպետք է պահանջի կամ ընդունի որևէ նվեր, վարկ կամ այլ ծառայություն ի հատուցումն այն բանի, որ արվել է, կարվի, չի արվել կամ չի արվի իր կողմից` ծառայական պարտականությունները կատարելիս: Նույնը դատավորը չպետք է թույլատրի իր ընտանիքի անդամներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնվում են իր ազդեցության, իշխանության կամ ղեկավարության ներքո: Կանոն 18 - Իրավական պահանջների պահպանմամբ և հրապարակայնության ապահովման պայմանով դատավորը կարող է ստանալ հիշարժան նվեր, պարգև կամ արտոնություն, եթե դա չի կարող գնահատվել իբրև իր պարտականությունները կատարող դատավորի վրա ազդելու դիտավորություն կամ նրա անաչառությունը կասկածի տակ դնելու հիմք ստեղծել:
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՐՏԱԾԱՌԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Կանոն 19 - Դատավորը չպետք է օգտագործի դատական մարմնի ներկայացուցչի հեղինակությունն անձնական, ընտանեկան կամ իր հետ կապված այլ շահեր իրականացնելու նպատակով: Կանոն 20 - Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումը վերջիններիս կողմից ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով: Կանոն 21 - Դատավորն իրավունք չունի մասնագիտական գործունեությունից դուրս հրապարակայնորեն կասկածի տակ առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և իր գործընկերների գործողությունները: Կանոն 22 - Արդարադատության իրականացման իր գործունեությանը չվնասելու նպատակով դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում ջանք գործադրել իր և իր ընտանիքի անդամների ֆինանսական շահերի մասին տեղեկացված լինելու համար: Կանոն 23 - Ինչպես ամեն մի այլ քաղաքացի, դատավորն իրավունք ունի ինքնարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի արդարադատության մարմինների անկախության ու անաչառության նկատմամբ: Կանոն 24 - Դատավորը կարող է անդամակցել դատավորների միությանը կամ դատավորների շահերը ներկայացնող այլ կազմակերպությունների` ազատորեն կատարելով դրանց կանոնադրությունից բխող գործողություններ: Կանոն 25 - Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ դատավորը կարող է` ա) հանդես գալ ելույթներով, զեկույցներով, գրել, կարդալ դասախոսություններ և մասնակցել օրենքին, իրավական համակարգին, իրավունքի նորմերի կիրառմանը և նման այլ հարցերին վերաբերող միջոցառումներին, բ) հանդես գալ պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների պաշտոնատար անձանց` նրանց խնդրանքով հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների և փորձի օգտագործում, գ) լինել պաշտոնական մարմնի, պետական հաստատության կամ խորհրդատվական մարմնի անդամ, եթե դա չի հակասում դատավորի անկախության, անաչառության և քաղաքական չեզոքության սկզբունքներին, դ) մասնակցել դատաիրավական համակարգին վերաբերող օրենսդրության զարգացմանն ուղղված գործընթացին, ե) զբաղվել գործունեության այլ տեսակներով, եթե դա չի նսեմացնում դատական մարմնի կամ դատավորի արժանապատվությունը: Կանոն 26 - Դատավորն իրավունք ունի առանց սահմանափակման զբաղվել մանկավարժական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեությամբ` դրա դիմաց ստանալով համապատասխան վարձատրություն: Դատավորի նման գործունեությունը, որքանով այն նպաստում է նրա մասնագիտական որակավորման բարձրացմանը, պետք է աջակցվի և խրախուսվի:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնագիրքը ընդունված է ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի 10.10.2005 թ. թիվ 2 որոշմամբ: Օրենքով նախատեսված դեպքերում դատավորի կողմից դատական էթիկայի նորմերի խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: |