«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2306-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման աշխատանքների նպատակները, դրանց իրականացման հիմնական սկզբունքներն ու դեպքերը և կատարման իրավական հիմքերը:
2. Օգտակար հանածոների հանքավայրերի կամ դրա առանձին տեղամասի (այսուհետ` հանքավայր) երկրաբանատնտեսագիտական (արդյունաբերական) գնահատումը (այսուհետ` գնահատում) կոնկրետ հանքավայրի արդյունաբերական նշանակության որոշման և դրա սահմաններում պարփակված օգտակար հանածոների պաշարների հաշվարկման համար անհրաժեշտ կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմանն ուղղված դաշտային և (կամ) աշխատանոցային աշխատանքների համալիր է:
3. Հանքավայրի գնահատումը կատարվում է դրա շահագործման առավել արդյունավետ եղանակների, տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ընտրության, կապիտալ ներդրումների, շահագործական ծախսերի, եկամուտների, շահույթի և այլ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսման միջոցով: Նշված խնդիրները լուծվում են հանքավայրի վերաբերյալ գնահատման պահին կուտակված ամբողջ երկրաբանական տեղեկատվության և հանրապետությունում սոցիալ-տնտեսական արդի պայմանների, շուկայի ընթացիկ վիճակի, գիտության ու տեխնիկայի նվաճումների հաշվառմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 9-ի N 80 որոշմամբ հաստատված պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման (այսուհետ` դասակարգում) դրույթներին համահունչ:
4. Հանքավայրի գնահատումն իրականացվում է դրա երկրաբանական ուսումնասիրության և շահագործման ընթացքում, իսկ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերում` նաև հանքարդյունահանման լիցենզիայի (հատուկ լիցենզիայի) տրամադրման ու լիցենզային պայմանագրի կնքման միջև ընկած ժամանակահատվածում:
5. Հանքավայրի գնահատումը երկրաբանական ուսումնասիրության արդյունքներով եզրափակում է դրա մանրազնին հետախուզման փուլը, և կատարվում է ուսումնասիրություն գործող լիցենզիայի (հատուկ լիցենզիայի) շրջանակներում:
Հանքավայրի գնահատումն ընդերքօգտագործողի ցանկությամբ, անարդյունավետ ծախսերի ռիսկը նվազեցնելու նպատակով, կարող է իրականացվել նաև դրա որոնողագնահատման և (կամ) նախնական հետախուզման փուլերում: Այդ աշխատանքները նույնպես կատարվում են տվյալ հանքավայրի ուսումնասիրության լիցենզիայի (հատուկ լիցենզիայի) շրջանակներում:
6. Շահագործվող հանքավայրի գնահատումն իրականացվում է դրա արդյունաբերական գնահատականը և կոնդիցիաների պարամետրերը` լրահետախուզմամբ և շահագործական հետախուզմամբ համալրված ու ճշգրտված երկրաբանական տեղեկատվությանը, ինչպես նաև հանրապետության սոցիալ-տնտեսական և շուկայի արդի պայմաններին, գիտության ու տեխնիկայի ներկայիս մակարդակին համապատասխանեցնելու նպատակով (այսուհետ` վերագնահատում):
Այս աշխատանքները շարունակական են և մշտապես ուղեկցում են հանքավայրի շահագործման գործընթացը: Դրանք պետք է նախատեսվեն հանքավայրի շահագործման նախագծում և իրականացվեն հանքարդյունահանման լիցենզիայի (հատուկ լիցենզիայի) շրջանակներում:
Շահագործվող հանքավայրի վերագնահատման արդյունքները պարտադիր ենթակա են ամփոփման և պետական ընդերքաբանական փորձաքննության` դասակարգման 32-րդ կետով նախատեսված ժամկետներում և դեպքերում:
7. Հանքարդյունահանման լիցենզիայի (հատուկ լիցենզիայի) տրամադրման ու լիցենզային պայմանագրի կնքման միջև ընկած ժամանակահատվածում հանքավայրի վերագնահատումը կատարվում է, եթե փոփոխվել են հանքահումքի որակին ստանդարտներով կամ տեխնիկական կանոնակարգերով ներկայացվող պահանջները և (կամ) բացահայտված է հանքավայրի նախկինում տրված գնահատականի անհամապատասխանությունը երկրի սոցիալ-տնտեսական և շուկայի արդի պայմաններին, գիտության և տեխնիկայի ներկայիս մակարդակներին:
Սույն կետում նշված աշխատանքները կարող են իրականացվել ինչպես լիազոր մարմնի, այնպես էլ ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ և պահանջում են օրենքով սահմանված կարգով ուսումնասիրության լիցենզիայի ձևակերպում:
8. Հանքավայրերի գնահատման կամ վերագնահատման նյութերը լիազորված մարմնի կողմից ենթակա են ընդերքաբանական փորձաքննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1784-Ն որոշմամբ հաստատված հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |