«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1897-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման մասին հայտի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության բնագավառում արտադրվող և օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը՝ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» և «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան: 2. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին): Տոհմանյութի հավաստագրում (այսուհետ` հավաստագիր) նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝ տոհմանյութի (կենդանու) տեսակը, ցեղը, համարը, սեռը, ծննդյան տարեթիվն ու վայրը, կենդանի զանգվածը, արտակազմվածքի գնահատականը, ծագումնաբանությունը՝ նշելով 1-2 սերնդի նախնիների մթերատվությունը, տավարի, խոզերի, ոչխարների և ձիերի ծագման գենետիկական վերահսկողության և անոմալիաների տվյալները: 3. Սույն կարգի համաձայն տրվող հավաստագրի ձևը հաստատվում է լիազորված մարմնի կողմից: 4. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի հավաստագրման համար կարող է դիմել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այսուհետ` հայտատու)` սույն կարգին համապատասխան: II. ԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ 5. Սույն կարգի հիմնական նպատակներն ու խնդիրներն են` ա) Հայաստանի Հանրապետությունում որակյալ, բարձրարժեք տոհմանյութի արտադրությանն ու օգտագործմանը նպաստելը, բ) անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությանը նպաստելը` ապրանքային շուկայում, միջազգային առևտրի և միջազգային տնտեսական գիտատեխնիկական համագործակցության բնագավառում, գ) սպառողներին տոհմանյութի ընտրության գործում աջակցելը, դ) տոհմանյութի զանազանումն ապահովելը, ե) տոհմանյութի` հայտարարագրված որակի ցուցանիշներին համապատասխանությունը հաստատելը, զ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող կենդանիների, թռչունների, մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու կատարելագործմանը նպաստելը: III. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ 6. Հայաստանի Հանրապետությունում որպես տոհմանյութ հավաստագրվում է տոհմային տարբեր կենդանատեսակներից և ցեղերից ստացված տոհմանյութը: 7. Կենդանիների գենոֆոնդը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութն արտադրվում է տոհմային կենդանիների մաքրացեղ բուծման արդյունքում ստացված կենդանիներից, որոնք բոնիտավորման տվյալներով ճանաչվել են մաքրացեղ և օգտագործման են երաշխավորվել հոտի (նախրի, երամակի) վերարտադրության և տոհմանյութի արտադրության համար: 8. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրվում է` ա) արտադրության և իրացման, բ) ներմուծման և արտահանման, գ) գիտափորձնական աշխատանքների կատարման նպատակներով: 9. Տոհմային կենդանիների տոհմային արժեքը որոշում, ինչպես նաև դրանցից ստացված տոհմանյութի որակն ստուգում է լիազորված մարմինը: 10. Հավաստագիրը տրվում է յուրաքանչյուր կենդանու համար` 6 ամիս ժամկետով, իսկ մեկ կենդանու սերմնահեղուկի (սպերմա) չափաբաժինների խմբաքանակի և սաղմերի (զիգոտա) համար՝ 12 ամիս ժամկետով: 11. Տոհմանյութի յուրաքանչյուր ապրանքախմբի համար տրված հավաստագիրը միանվագ է: 12. Հավաստագիր տալու համար ստուգվում է տոհմանյութի համապատասխանությունը՝ փաստաթղթային ուսումնասիրության և (կամ) լաբորատոր փորձաքննության միջոցով: IV. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 13. Տոհմանյութի հավաստագրման համար հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ ա) լիազորված մարմնի կողմից սահմանված ձևի հայտ, բ) տոհմային քարտի պատճենը, գ) տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիայի պատճենը, դ) արտադրողի կողմից տրված լաբորատոր հետազոտության մասին տեղեկանք: 14. Հավաստագրված տոհմանյութ արտադրողը, ներկրողը, արտահանողը և սպառողն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար: V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 15. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրվում է փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա: 16. Տոհմանյութի հավաստագրման մասին հայտը, տոհմանյութի նմուշը և տոհմանյութի փորձաքննության արդյունքները ներկայացվելուց հետո 5 օրվա ընթացքում ընդունվում է որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին: 17. Հայտատուին կամ նրա ներկայացուցիչներին, նրանց գրավոր խնդրանքով, կարող է տրվել փորձաքննության կատարման պայմաններին և ընթացքին ծանոթանալու հնարավորություն: 18. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի հավաստագրումը մերժվում է, եթե՝ ա) ներկայացված փաստաթղթերը թերի կամ կեղծ են, կամ չեն համապատասխանում տոհմանյութի իրական և ներկայացված փաստաթղթերի տվյալներին, բ) իր որակական ցուցանիշներով չի համապատասխանում տվյալ տեսակի տոհմանյութի համար լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին, գ) տոհմանյութը ժամկետանց է: 19. Հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն հանձնվում է հայտատուին: 20. Տոհմանյութի հավաստագրման մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել` օրենքով սահմանված կարգով: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |