ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության ֆինանսավարկային կազմակերպությունների մասին» օրենսդրական ակտերի ընդունումը, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆինանսավարկային կազմակերպություններ են համարվում կենսաթոշակային ֆոնդերը ինվեստիցիոն և ֆինանսական ընկերությունները (ֆոնդերը) ապահովագրական (կյանքի) ընկերությունները, գրավատները:
1.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆինանսավարկային կազմակերպություններին թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հետևյալ բանկային գործառնությունները.
Կենսաթոշակային ֆոնդերի, ինվեստիցիոն և ֆինանսական ընկերությունների (ֆոնդերի), ապահովագրական (կյանքի) ընկերությունների համար`
ա) ներգրավել և տեղաբաշխել իրավաբանական անձանց դեպոզիտներ և տրամադրել վարկեր.
բ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).
գ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել արժեթղթեր (բաժնետոմսեր, պարտատոմսեր, մուրհակներ և այլն).
դ) մատուցել խորհրդատվական ծառայություններ:
Գրավատների համար`
ա) գրավով տրամադրել վարկեր.
բ) վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ:
1.3. Բանկային գործառնություններ իրականացնելու համար ֆինանսավարկային կազմակերպությունների համար սահմանվում են կանոնադրական կապիտալի հետևյալ նվազագույն չափերը`
կենսաթոշակային ֆոնդերի, ինվեստիցիոն ու ֆինանսական ընկերությունների (ֆոնդերի), ապահովագրական (կյանքի) ընկերությունների համար` 50,0 մլն ռուբլի.
գրավատների համար` 10,0 մլն ռուբլի:
Գործող ֆինանսավարկային կազմակերպությունները կանոնադրական կապիտալի նշված նվազագույն չափերը չապահովելու դեպքում պարտավոր են մինչև 1994թ. հուլիսի 1-ը լրացնել այն:
Նոր ստեղծվող ֆինանսավարկային կազմակերպությունները բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագիր ստանալու պահին պարտավոր են ապահովել սույն կետում սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափերը:
1.4. Ֆինանսավարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի համաձայն:
2. ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
2.1. Ֆինանսավարկային կազմակերպությունները բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
միջնորդագիր բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագիր ստանալու համար` ստորագրված ֆինանսավարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի նախագահի ղեկավարի կողմից.
ֆինանսավարկային կազմակերպության կանոնադրության պատճենը` հաստատված և գրանցված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
տեղեկանք ֆինանսավարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազագույն չափի մուծման մասին:
Գործող ֆինանսավարկային կազմակերպությունները ներկայացնում են նաև`
Ֆինանսավարկային կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռ` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.
Ֆինանսավարկային կազմակերպության օգուտների և վնասների հաշվետվությունը` կազմված վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ:
2.2. Արտոնագիր ստանալու միջնորդագիրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից քննարկվում է միջնորդագիրը և սահմանված փաստաթղթերի ամբողջ փաթեթը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
Նշված ժամկետում միջնորդագիրը չքննարկվելու դեպքում, ֆինանսավարկային կազմակերպությունների պահանջով, ժամկետանց յուրաքանչյուր օրվա դիմաց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վճարում է տույժ` հայտարարված կանոնադրական կապիտալի 0,01 տոկոսի չափով:
2.3. Ֆինանսավարկային կազմակերպություններին բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագիր տալու համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը գանձում է տուրք` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5-ապատիկի չափով:
3. ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ԿԱՄ ԱՅՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագիր տալը կարող է մերժել կամ տրված արտոնագիրը անվավեր ճանաչել այն դեպքում, երբ առկա են հետևյալ հիմքերը.
Ֆինանսավարկային կազմակերպության կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում գործող օրենսդրությանը.
արտոնագիր տալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անարժանահավատության բացահայտման դեպքում.
ներկայացված տվյալները, վիճակագրական հաշվետվությունները և այլ տեղեկությունները անարժանահավատ են կամ չեն ներկայացվել պահանջվող տեղեկությունները.
իրականացվում են արտոնագրով չնախատեսված բանկային գործառնություններ.
արտոնագրի տրման օրվանից ավելի քան մեկ տարի բանկային գործառնություններ չեն իրականացվում: