ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 1996 թվականի թիվ 123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Վարկային և դեպոզիտային քաղաքականության նպատակների ու սկզբունքների մասին» ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և ներքին ֆինանսական շուկայում գործառնությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից և «Վարկային և դեպոզիտային քաղաքականության նպատակների ու սկզբունքների մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարությունից բխող կարգերի նախագծեր:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով ԿԲ-ն մշակում և իրականացնում է վարկային և դեպոզիտային քաղաքականություն:
Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթներով և, հաշվի առնելով անցման շրջանի առանձնահատկությունները, կենտրոնական բանկն իր վարկային և դեպոզիտային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ հիմնական սկզբունքներով.
1. Վարկային և դեպոզիտային քաղաքականության նպատակներն ամբողջությամբ բխում են ԿԲ-ի հիմնական խնդրից և ուղղված են դրա կենսագործմանը:
2. ՀՀ տարածքում գործող բանկերի համար Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես վերջին ատյանի վարկատու, ինքն է սահմանում վարկավորման պայմաններն ու վարկերի տրամադրման տոկոսադրույքները: Որպես կանոն, Կենտրոնական բանկը տրամադրում է կարճաժամկետ վարկեր` շուկայականից բարձր տոկոսադրույքներով:
3. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարկերը, որպես կանոն, բանկերին տրամադրվում են ՀՀ դրամով բարձր իրացվելի ակտիվների, մասնավորապես, պետական պարտատոմսերի գրավադրմամբ:
4. ՀՀ ԿԲ-ն իրականացնում է բաց շուկայական գործառնություններ:
ՀՀ տարածքում գործող բանկերի վարկավորումն իրականացվում է հետևյալ ձևերով.
1. Բանկային համակարգի իրացվելիության կարգավորմանն ուղղված վարկեր`
ա) վարկերի տրամադրում սակարկությունների միջոցով,
բ) լոմբարդային վարկեր,
գ) «ռեպո» համաձայնագրերի կնքում:
2. Բանկային համակարգի զարգացման և վճարահաշվարկային հարաբերությունների կարգավորմանն ուղղված վարկեր`
ա) օվերդրաֆտի տրամադրում,
բ) տեխնիկական վերազինման և զարգացման վարկեր:
Վարկային սակարկությունները, որպես շուկայական կարգավորման լծակ, հանդիսանում են բանկային համակարգի իրացվելիության կարգավորման և վարկային ռեսուրսների տեղաբաշխման հիմնական ուղղորդիչ մեխանիզմ և կօգտագործվեն, որպես կանոն, կարճաժամկետ և միջնաժամկետ վարկերի տրամադրման նպատակով:
Վարկային սակարկությունների կազմակերպման և վարկերի մարումների ժամկետները կհամապատասխանեցվեն պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման և մարման ժամկետների` նպատակ ունենալով աշխուժացնել պետական պարտատոմսերի շուկան և նախադրյալներ ստեղծել դրամավարկային կարգավորման հիմնական գործիքներից մեկի` բաց շուկայական գործառնությունների իրականացման համար: Լոմբարդային վարկերի տրամադրումը Կենտրոնական բանկի վարկային քաղաքականության իրականացման մյուս կարևոր գործիքն է:
Լոմբարդային վարկերը բանկերին կտրամադրվեն ավտոմատ կարգաձևով, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված գրավի առկայության պայմաններում, շուկայականից բարձր տոկոսադրույքով, կարճաժամկետ իրացվելիության նպատակով:
«Ռեպո» համաձայնագրերի կնքումը (repurchase agreements) այն լծակն է, որի մեջ համադրված են բաց շուկայական գործառնությունների և ուղղակի վարկավորման տարրեր, և մինչև ՀՀ ԿԲ-ի կողմից բաց շուկայական գործառնությունների լիարժեք կիրառումը կհանդիսանա բանկերի ակտիվների կարգավորման հիմնական լծակը:
Բանկային համակարգի վճարումների հստակությունն ապահովելու նպատակով ՀՀ ԿԲ-ն հաշվի առնելով բանկերի ֆինանսական ցուցանիշները, նրանց կտրամադրի կարճաժամկետ` մինչև 7 օր մարման ժամկետով օվերդրաֆտի թույլտվություն:
Բանկային համակարգի զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ կենտրոնական բանկը կտրամադրի նաև նպատակային վարկեր` բանկերի տեխնիկական վերազինման աջակցության, բանկային առաջավոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով:
Առանձին դեպքերում, ամբողջությամբ վերցրած երկրի բանկային համակարգի կայունության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը կտրամադրի նաև այլ վարկեր, որոնց ժամկետայնությունը (ոչ ավելի քան մեկ տարի) և տրամադրման պայմանները կսահմանվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի առանձին որոշումներով: ԿԲ կողմից իրականացվող դեպոզիտների ներգրավումը նպատակ ունի կլանել տնտեսությունում ավելցուկային իրացվելիությունը: Դեպոզիտները կենտրոնական բանկի կողմից կներգրավվեն կարճ ժամկետներով, սակարկությունների միջոցով: ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտները բանկերի կողմից կարող են օգտագործվել որպես գրավ` Կենտրոնական բանկից վարկեր ստանալու համար:
ՀՀ միջազգային պահուստների արդյունավետ կառավարման նպատակով Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա և միջազգային բանկերից ու ֆինանսական հաստատություններից ներգրավել դեպոզիտներ, ստանալ վարկեր, ինչպես նաև վերջիններիս տրամադրել վարկեր և նրանցում տեղաբաշխել դեպոզիտներ:
Պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը դրանց անվտանգությունը, իրացվելիությունը և պահպանումն է այն մակարդակի վրա, որը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության իրականացմանը և ապահովում է պետության միջազգային պարտավորությունների անարգել կատարումը:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող վարկերի և ներգրավվող դեպոզիտների ծավալները որոշվում են դրամավարկային քաղաքականության նպատակներին համապատասխան` առաջնորդվելով ծրագրային ցուցանիշներով:
քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|