ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Թ Ի Վ
12 մայիսի 1995 թ. ք. Երևան
Խիստ ներգործող ԵՎ թունավոր նյութեր, թմրամիջոցներ հափշտակելու, ապօրինաբար պատրաստելու, ձեռք բերելու, ինչպես նաԵՎ դրանց տարածման հետ կապված ապօրինի այլ գործողություններ կատարելու վերաբերյալ օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի մասին
Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում խիստ ներգործող և թունավոր նյութեր, թմրամիջոցներ հափշտակելու, ապօրինաբար պատրաստելու, ձեռք բերելու, ինչպես նաև դրանց տարածման հետ կապված այլ ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրությունը:
Դրա հետ մեկտեղ, ամփոփման արդյունքները վկայում են, որ ոչ բոլոր դատարաններն են ճիշտ հաշվի առնում այդ հանցագործությունների հասարարական վտանգավորությունը, միջոցներ չեն ձեռնարկում թմրամիջոցները, խիստ ներգործող և թունավոր նյութերը ձեռք բերելու աղբյուրները պարզելու, հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ: Երբեմն սխալներ են թույլ տրվում արարքների որակման, պատիժների նշանակման հարցերում, պատշաճ չեն իրականացվում թմրամոլության վերացմանն ուղղված կանխարգելիչ աշխատանքները:
Չկա միասնական մոտեցում կրկնակիության, խոշոր չափերի, վաճառքի և արարքի որակյալ դարձնող մյուս հատկանիշների իրավական գնահատման հարցում: Որոշ դատարանների կողմից անտեսվում է թմրամոլների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցի կարևորությունը:
Դատական պրակտիկայում նշված բնույթի գործերով օրենսդրության ճիշտ կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Դատարանների ուշադրությունը հրավիրել թմրամիջոցների հափշտակման, ապօրինաբար թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր պատրաստելու ու տարածելու, թմրամոլության գործերով դատաքննության որակի բարձրացման վրա այն հաշվով, որպեսզի ապահովվեն գործի բոլոր հանգամանքների լրիվ և բազմակողմանի հետազոտումը, հանցագործության կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների բացահայտումը և դրանց վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
Դատարանները պարտավոր են ստուգել, թե նախաքննության մարմինները բոլոր միջոցներն են ձեռնարկել, արդյոք, թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր ձեռք բերելու աղբյուրները պարզելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ, և եթե այդ հարցերը մինչև վերջ չեն պարզվել ու բացը հնարավոր չէ լրացնել դատական նիստում, ապա գործը ենթակա է վերադարձման լրացուցիչ նախաքննության:
2. Հաշվի առնելով, որ այս կամ այն նյութի` թմրամիջոցներին, խիստ ներգործող և թունավոր նյութերին պատկանելու, դրանց տեսակները և առանձնահատկությունները որոշելու, ինչպես նաև բույսերի` թմրամիջոցներ պարունակող կուլտուրաների շարքը դասելու հարցերի պարզումը պահանջում է մասնագիտական հատուկ գիտելիքներ, ապա այդ գործերով փորձաքննությունների կատարումը պարտադիր է:
3. Խիստ ներգործող և թունավոր նյութերի, թմրամիջոցների ապօրինի վաճառքի տակ պետք է հասկանալ դրանց իրացման ցանկացած ձև (նվիրատվություն, պարտքի մարում, փոխառություն, պարտք տալը, թմրամիջոցի տիրոջ կողմից մեկ այլ անձի ներարկելը և այլն):
Պատրաստման տակ պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի շնորհիվ ստացվում են գործածման պատրաստ թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր, ինչպես նաև դրանց բաղադրության և թմրեցնող հատկության արդյունավետության բարձրացման նպատակով, առանց համապատասխան թույլտվության, վերամշակումը և զտումը, կողմնակի խառնուրդներից մաքրումը:
Թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի ձեռք բերելը համարել դրանց գնումը, այլ ապրանքների և իրերի հետ փոխանակման միջոցով ստանալը, պարտքի վճարման դիմաց կամ նվեր ստանալը, գտանքի յուրացումը, վայրի աճող կանեփի և կակաչի, ինչպես նաև թմրամիջոց պարունակող այլ բույսերի չպահպանվող ցանքսերի մնացորդների հավաքումը:
Թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի պահելու տակ պետք է հասկանալ այնպիսի դիտավորյալ գործողություն, որով դրանք անցնում են հանցավորի փաստացի տիրապետության ներքո, անկախ պահելու տեղից (իր մոտ ավտոմեքենայի մեջ, շինությունում, թաքստոցում և այլն):
Պահելու համար քրեական պատասխանատվություն առաջանում է անկախ դրա տևողությունից:
Թմրամիջոցների խիստ ներգործող և թունավոր նյութերի փոխադրում կամ առաքում համարել դրանց տեղափոխման ցանկացած եղանակ (փոստային, իբրև ծանրոց, կամ անձամբ տեղափոխում):
4. ՀՀ քր.օր. 2291 հոդվածով նախատեսված թմրամիջոցների հափշտակում պետք է դիտել ոչ միայն պետական կամ հասարակական կազմակերպությունների և հիմնարկ-ձեռնարկությունների տնօրինությունից, այլև անհատ քաղաքացիների տնօրինության տակ օրինական կամ անօրինական կարգով գտնվող թմրամիջոցները ապօրինաբար վերցնելը, ինչպես նաև պահպանվող դաշտերից թմրամիջոց պարունակող բույսերի կամ այդպիսի բույսերի մասերի (կակաչի ցողուն, կանեփի սերմացու և այլն) ապօրինի հավաքելը: Ընդ որում, այդպիսի հափշտակության առարկա կարող են համարվել նաև այնպիսի թմրամիջոցներ, որոնք չունեն պետականորեն սահմանված գներ:
5. Թմրամիջոցներ ճանաչված բույսերը կամ դրանց թմրանյութ պարունակող մասերը հափշտակելու, ապօրինաբար ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, վաճառելու նպատակով կամ առանց այդ նպատակի առաքելու և վաճառելու գործողությունները պետք է որակել համապատասխանաբար ՀՀ քր.օր. 2291 կամ 229 հոդվածներով:
6. Թմրամիջոցներ հափշտակելը, վաճառելու նպատակով կամ առանց այդ նպատակի դրանց հետագա պահելը, փոխադրելը, առաքելը և վաճառելը ենթակա են որակման այդ հանցագործությունների համակցությամբ` ՀՀ քր.օր. 2291 և 229 հոդվածներով:
Նման դեպքերում հանցավորի գործողությունները չեն առաջացնում ՀՀ քր.օր. 229 հոդ. 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված կրկնակիության հատկանիշ:
7. Նկատի ունենալով, որ վաճառելու նպատակով թմրամիջոցների հափշտակումն իր իրավական հետևանքներով (ծանր հանցագործություն համարվելու, առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու) տարբերվում է առանց վաճառելու նպատակի կատարված հափշտակումից, հետևապես յուրաքանչյուր կոնկրետ գործի քննության ընթացքում դատարանները պարտավոր են պարզել թմրամիջոցների հափշտակման կոնկրետ նպատակը:
Վաճառքի նպատակով կատարված հափշտակությունը լրացուցիչ պետք է որակել նաև որպես ՀՀ քր.օր. 229 հոդ. 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հանցագործության նախապատրաստում:
8. Ավազակային հարձակմամբ թմրամիջոցների հափշտակումը համարել ավարտված այդ միջոցներին տիրանալու նպատակով հարձակումն սկսելու պահից:
Նման դեպքերում հանցավորի գործողությունները լիովին ընդգրկվում են ՀՀ քր.օր. 2291 հոդ. 3-րդ մասի դիսպոզիցիայում և որպես ավազակություն` ՀՀ քր. օր. 88 հոդվածով լրացուցիչ որակում չեն պահանջում:
9. Դատարանները պետք է նկատի ունենան, որ անձի պատասխանատվությունը ՀՀ քր.օր. 229 հոդ. 2-րդ և 4-րդ մասերով, 2291 հոդ., 2292 հոդ. և 230 հոդ. 2-րդ մասերով` կրկնակիության հատկանիշով և դրանցում թվարկված այլ հիմքերով առաջ է գալիս անկախ այն բանից, թե հանցավորը կատարած այդ հանցագործություններից որևէ մեկի համար նախկինում դատվել է, թե ոչ:
10. Թմրամիջոցներ հափշտակելը, վաճառելու նպատակով կամ առանց այդ նպատակի դրանց ապօրինաբար ձեռք բերել, պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը և վաճառելը` խոշոր չափերով կատարված լինելու հարցը պարզելիս պետք է հիմք ընդունել առողջապահության նախարարության առընթեր թմրամիջոցների հսկողության մշտական կոմիտեի կողմից հաստատված ցանկում նշված չափերը:
Եթե ապօրինի գործողությունները կապված են տարբեր տեսակի թմրամիջոցների հետ, որոնք առանձին վերցրած խոշոր չափի չեն, ապա խոշոր չափով կատարված լինելու հարցը լուծելիս դատարանները պետք է ելնեն ոչ միայն դրանց ընդհանուր քանակից ու ծավալից, այլև թմրանյութերի տարատեսակների առանձնահատկություններից և մարդու օրգանիզմի վրա դրանց ներգործության աստիճանից:
11. Քաղաքացու դրամական միջոցներին կամ գույքին տիրանալու նպատակով թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի անվան տակ որևէ այլ նյութ վաճառող անձի արարքը պետք է որակել որպես խարդախություն:
Այդ ճանապարհով ձեռք բերված միջոցները ՀՀ քաղ.օր. 49 հոդվածի համաձայն ենթակա են բռնագանձման պետության օգտին:
Գնորդներն այդ դեպքում պատասխանատվություն են կրում թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի ապօրինի ձեռք բերման հանցափորձի համար:
12. Թմրամիջոցների գործածման հսկելու տակ պետք է հասկանալ ցանկացած դիտավորյալ գործողություն, որն ուղղված է այլ անձանց մեջ այդ նյութերը գործածելու ցանկություն առաջացնելուն (համոզել, առաջարկել, խորհուրդ տալ և այլն):
Հանցավորի այն գործողությունները, որոնք ուղղված են թմրամիջոց գործածելու ցանկության գրգռելուն երկու կամ ավելի անձանց մեջ պետք է որակել ՀՀ քր.օր. 229.2 հոդվածի 2-րդ մասով, անկախ այն բանից` դրանք միաժամանակ, թե տարբեր ժամանակներում են կատարվել:
Եթե թմրամիջոցներ գործածելուն հակող անձը միաժամանակ վաճառել է այդ թմրամիջոցները կամ էլ օժանդակել է այդպիսի միջոցների հափշտակմանը, ապօրինի պատրաստմանը, պահելուն, ձեռք բերելուն, փոխադրելուն կամ առաքելուն, ապա նրա գործողությունները, բացի ՀՀ քր.օր. 2292 հոդվածից համակցությամբ պետք է որակել նաև ՀՀ քր.օր. 229 կամ 2291 հոդվածներով:
13. Թմրամիջոցներ գործածելու, ինչպես նաև թմրամիջոցներին չպատկանող դեղային և այլ միջոցներ գործածելով ուղեղի թմրեցում առաջացնելու նպատակով շենքեր տրամադրելու համար քրեական պատասխանատվությունը վրա է հասնում անկախ այն բանից, թե հանցավորը շահադիտական նպատակ հետապնդել է, թե ոչ և նշված գործողությունը կատարել է բազմիցս, թե մեկ անգամ:
14. Թմրամիջոցներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր տրամադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու սահմանված կանոնները խախտելու համար (ՀՀ քր.օր. 2262 հոդվածի 2-րդ մաս) և ՀՀ քր.օր. 229 հոդ. 6-րդ մաս) քրեական պատասխանատվություն են կրում ինչպես պաշտոնատար, այնպես էլ այն անձինք, որոնք իրենց հանձնարարված աշխատանքի բնույթով պարտավոր են պահպանել այդ կանոնները:
Եթե կանոնների խախտում թույլ տված պաշտոնատար անձի գործողություններում առկա են պաշտոնեական այլ հանցագործություններ (պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառք, իշխանազանցություն կամ պաշտոնեական կեղծիք և այլն) կատարվածը պետք է որակել հանցագործությունների համակցությամբ:
15. Մշակումն արգելված ափիոնի խաշխաշ, ինչպես նաև հնդկական հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան, հարավային կրասնոդարյան կանեփ ցանելը և աճեցնելը, վաճառելու կամ առանց վաճառելու նպատակի, դրանցից ապօրինի թմրամիջոցներ պատրաստելը, պահելը կամ փոխադրելը, ինչպես նաև դրանց ապօրինի վաճառքը պետք է որակել համակցությամբ` ՀՀ քր.օր. 229 և 230 հոդվածներով:
Մշակումն արգելված թվարկված կուլտուրաներ ցանելու տակ պետք է հասկանալ սածիլների տնկումը կամ սերմեր ցանելը, առանց պատշաճ թույլտվության, ցանկացած հողատարածքում, այդ թվում` դատարկ հողերում:
Հանցագործությունը համարվում է ավարտված ցանքսի պահից սկսած` անկախ ցանքատարածության չափերից և բույսերի աճից:
Մշակման համար արգելված թմրամիջոցներ պարունակող կուլտուրաների աճեցման տակ պետք է հասկանալ դրանց հասունացման աստիճանի հասցնելու նպատակով ցանքերին և սածիլներին հետևելը (փխրեցնելը, ջրելը և այլն):
16. Թմրամոլի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը պետք է պարզի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը: Եթե այդ անձի նկատմամբ հարկադրական բուժումը հակացուցված է, ապա դատավճռում պետք է նշել ՀՀ քր.օր. 57 հոդվածը չկիրառելու շարժառիթները:
Եթե անձը դատապարտվում է ազատազրկման հետ կապ չունեցող պատժի, դատարանը ներքոհիշյալ անձանց կամ մարմինների ընտանիքի անդամների, արհմիութենական կամ այլ հասարակական կազմակերպությունների, դատախազի, բուժական հիմնարկի, խնամակալության և հոգաբարձության մարմինների միջնորդությամբ կարող է միաժամանակ լուծել այդ անձի գործունակության սահմանափակման հարցը: Գործունակության սահմանափակումը կարող է կիրառվել անկախ այն բանից, թե անձի նկատմամբ նշանակված է բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառում, թե ոչ:
Խնամակալություն նշանակելու համար դատավճռի պատճենը, գործունակության սահմանափակման մասին որոշման հետ մեկտեղ, ուղարկվում է խնամակալության և հոգեբերձության մարմիններին:
17. ՀՀ քր.օր. 2261, 229 հոդ. 1-ին և 2-րդ մասերով, 2291, 2292, 230 և 2301 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած լինելու հանգամանքը նույն անձի կողմից համանման նոր հանցագործություն կատարելու դեպքում որակ չի տալիս, եթե առաջին հանցագործության համար դատվածությունը մարված է կամ օրենքով սահմանված կարգով հանված կամ էլ անցել է քրեական հետապնդման վաղեմության ժամկետը:
18. Վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու , ինչպես նաև ապօրինաբար ձիթախաշխաշ, կանեփ ցանելու կամ աճեցնելու (ՀՀ քր.օր. 229 հոդ. 5-րդ մաս. կամ 2301 հոդ. 1-ին մաս) համար դատի տրված անձի գործի քննության ժամանակ դատարանը պետք է հետազոտի նաև անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հանգամանքները: Եթե կհաստատվի, որ անձը վարչական պատասխանատվության է ենթարկվել անհիմն կարգով, ապա արդարացնող դատավճիռ կայացնելու կամ գործը լրացուցիչ քննության ուղարկելու հետ մեկտեղ դատարանը պետք է հարց բարձրացնի առաջին իրավախախտման համար վարչական տույժի վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:
19. Ազատազրկման վայրերում պատիժ կրող կամ բուժական հիմնարկներում բուժման մեջ գտնվող անձանց միջև թմրամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի տարածման փաստեր բացահայտելիս դատարանը պարտավոր է մասնավոր որոշմամբ այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց:
Թմրամիջոցներ պարունակող վայրի բույսերի աճի տեղերի, քաղաքացիների այն տնամերձ և այլ հողային տարածքների (որտեղ ցանվում կամ աճեցվում են մշակման համար արգելված թմրամիջոցներ պարունակող կուլտուրաներ) օգտագործման վերաբերյալ պատշաճ հսկողության բացակայության բացահայտման դեպքում դատարանները պետք է տեղեկացնեն պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, դատախազությանը և ՆԳ բաժիններին` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: