ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունվարի 2002 թվականի |
թիվ 22 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունվարի 23-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրների ցանկը հաստատելու մասին» թիվ 16 որոշման 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից անցկացված տոկոսադրույքների վերաբերյալ հարցման արդյունքների ամփոփում» տեղեկանքը (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` հարցման ամփոփման արդյունքներն ուղարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Ներածություն
ՀՀ ֆինանսական վիճակագրության կատարելագործման կարևոր ուղղություններից մեկը տոկոսադրույքների վիճակագրության որակի բարձրացումն է: Այս խնդրի լուծումն ընդգրկված է «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին ՀՀ անդամակցության շրջանակներում ԿԲ-ի խնդիրների» ցանկում: Ներկայումս առևտրային բանկերի վարկերի և ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվությունը հաշվարկվում և հրապարակվում է միջին շաբաթական և/կամ ամսական կտրվածքներով, կշռելով գործարքների ծավալներով: Մեր ֆինանսական շուկաների թերզարգացվածության պայմաններում, ժամանակաշրջանի միջին տոկոսադրույքները թույլ չեն տալիս շուկայի վերաբերյալ իրական պատկեր ստանալ, քանի որ ժամանակաշրջանի ընթացքում տոկոսադրույքների համեմատաբար մեծ տատանումներ են տեղի ունենում: Այս առումով ժամանակաշրջանի վերջի տոկոսադրույքները կարող են ավելի իրատեսական պատկեր արտահայտել: Սակայն որքանո՞վ են ամսվա կամ շաբաթվա վերջին կամ որևէ այլ օրվա տոկոսադրույքները ներկայացուցչական տվյալ գործիքի համար: Այս հարցի պարզաբանման նպատակով շատ հետաքրքրական է ՀՀ առևտրային բանկերի կարծիքը:
Այնուհանդերձ, տոկոսադրույքների վերաբերյալ իրականացված հարցումը ավելի լայն նպատակներ է հետապնդում, քան սոսկ բանկերի կարծիքը տվյալ խնդրի վերաբերյալ: Բավականին հետաքրքրական են բանկերի կողմից իրենց տոկոսադրույքների սահմանման պրակտիկաները, ֆինանսական շուկաների վերլուծության վերաբերյալ հարցերը, բանկերի կարծիքը ֆինանսական շուկան բնորոշող առանձին գործիքների վերաբերյալ, տոկոսադրույքների վերաբերյալ վերլուծությունների կատարման հարցերը: Վերջապես, տվյալ հարցման միջոցով փորձ է կատարվել հետադարձ կապ գտնել ԿԲ-ի հրապարակումների և հիմնական օգտագործողների` բանկերի միջև:
Հարցումը նախաձեռնել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի վիճակագրության վարչության դրամավարկային և բանկային վիճակագրության բաժինը: Կազմված հարցաթերթիկը պարունակում է 21 հարց, որոնք պայմանականորեն բաժանվել են չորս խմբի.
1. Ընդհանուր բնույթի հարցեր:
2. Բանկերի կողմից տոկոսադրույքների վերլուծությանը վերաբերող հարցեր:
3. Տոկոսադրույքների սահմանմանը վերաբերող հարցեր:
4. Տոկոսադրույքների վերաբերյալ ստացվող տեղեկատվության մասին հարցեր:
Հարցման պատասխաններ են ստացվել 26 բանկերից (տես կից աղյուսակը), որոնցից 4-ը խնամակալության կամ լուծարման գործընթացում են գտնվում: Հանրապետությունում գործող 23 առողջ բանկերից 22-ը արձագանքել են հարցմանը:
Հարցման արդյունքները
ՀՀ առևտրային բանկերը ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վերաբերյալ վերլուծական աշխատանքներ են կատարում: Այսպես են պատասխանել հարցմանը մասնակցած 26 բանկերից 25-ը: Տոկոսադրույքների վերլուծություն չկատարող միակ բանկը խնամակալության տակ է գտնվում:
Վերլուծություն կատարող 25 բանկերից 22-ը այն կատարում են պարբերաբար` հիմնականում ամսական (9) և շաբաթական (8) կտրվածքով (աղյուսակ 1), իսկ 3 բանկեր պատասխանել են, որ վերլուծություններ են կատարում միայն անհրաժեշտության դեպքում: Պարբերաբար վերլուծություն կատարող երկու բանկեր պատասխանել են, որ վերլուծություններ են կատարվում նաև անհրաժեշտության դեպքում: Վերլուծություն չկատարող միակ բանկը ևս անհրաժեշտության դեպքում տոկոսադրույքների վերլուծություն է կատարում: Միայն անհրաժեշտության դեպքում վերլուծություն կատարող 3 բանկերից միայն 1-ն է խնամակալության տակ: Հետաքրքրական է նաև, որ խնամակալության տակ գտնվող երկու բանկեր տոկոսադրույքների ամսական վերլուծություններ են կատարում:
Աղյուսակ 1
Ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վերլուծությունների հաճախականությունը
Հաճախականությունը |
Բանկերի քանակը |
Օրական |
2 |
Շաբաթական |
8 |
Ամսական |
9 |
Եռամսյակային |
3 |
Տարեկան |
- |
Անհրաժեշտության դեպքում, այդ թվում` |
6 |
պարբերաբար վերլուծություն չեն կատարում |
3 |
Ելնելով ՀՀ-ում գործող բանկերի վարկային ներդրումների կառուցվածքից և ծավալներից, տրամադրված վարկերի մեծ մասը (ըստ քանակի) փոքր ծավալների են` մինչև 500 դոլարին համարժեք, որոնք հիմնականում ոսկերչական իրերի գրավադրմամբ են տրամադրվում:
Հարցումների ավելի խոր վերլուծության համար մենք բանկերը բաժանել ենք երեք խմբի, ըստ նրանց կողմից տրամադրված վարկերի քանակի.
I խումբ - բանկեր, որոնք ամսական 10-ից ավելի վարկ են տրամադրում: Ըստ պատասխանների, այս խմբի մեջ մտել են 9 բանկեր:
II խումբ - բանկեր, որոնք ամսական տրամադրում են 2-ից մինչև 10 վարկ: Այս խմբի մեջ մտել են 10 բանկեր:
III խումբ - ամսական մեկ վարկ տրամադրող կամ վարկ չտրամադրող բանկեր: Այս խմբում ընդգրկվել են 7 բանկեր, որոնցից 4-ը խնամակալության տակ են գտնվում:
I խմբի բանկերի վարկավորման միջին հաճախականությունը կազմում է ամսական 34 անգամ, իսկ II խմբի բանկերինը` 5 անգամ: Այդ նույն խմբերի համար ըստ տրամադրված վարկերի քանակի մեդիանաները համապատասխանաբար կազմում են 28 և 4, իսկ հարցմանը մասնակցած բոլոր բանկերի համար` 8:
Բանկերը նման ձևով դասակարգելու անհրաժեշտությունը բխում է այն ենթադրությունից, որ տարբեր ինտենսիվությամբ վարկեր տրամադրող բանկերը պետք է տարբեր սկզբունքներով որոշեն իրենց տոկոսադրույքները: Ընդ որում, վարկերի տրամադրման հաճախականությունը որոշելիս հաշվի չեն առնվել ոսկու գրավի դիմաց տրամադրվող վարկերը և միջբանկային վարկերը:
Տոկոսադրույքների սահմանման և վերլուծության խնդիրները
Այն հարցին, թե ո՞ր գործիքները գերակշռող դեր ունեն տոկոսադրույքներ սահմանելիս, բանկերը նշել են, որ գերակշռող գործիքը պետական պարտատոմսերն են (37%). հաջորդ ամենանշանակալից գործիքներն են միջբանկային վարկերն ու ավանդները (25%) և ՀՀ ԿԲ գործիքները (19%)11 Այս տիպի հարցերի համար բանկերը կարող էին առավելագույն երեք պատասխան նշել: Բանկերը իրենց պատասխաններում որոշ կարևորություն են տվել նաև LIBOR-ին (14%), մինչդեռ այլ գործիքները միայն 5% նշանակություն ունեն տոկոսադրույքներ սահմանելիս: Ըստ բանկերի խմբերի դիտարկելիս, որոշիչ գործոնները էական փոփոխություններ չեն կրում: Այստեղ կարելի է նշել III խմբի բանկերի կողմից ՊՊ-երը հիմք ընդունելու բարձր տեսակարար կշիռը:
Աղյուսակ 2
Տոկոսադրույքներ սահմանելիս նշանակալից գործոնները
|
ՊՊ |
ԿԲ-ի գործիքներ |
Միջբանկային վարկեր և ավանդներ |
LIBOR |
Այլ |
I խումբ |
36% |
18% |
27% |
14% |
5% |
II խումբ |
33% |
26% |
26% |
15% |
0% |
III խումբ |
47% |
13% |
20% |
13% |
7% |
Ընդհանուր |
37% |
19% |
25% |
14% |
5% |
Վերլուծությունների ժամանակ որպես ուղեցույց բանկերը հիմնականում վերցնում են տարբեր տեսակի միջինացված տոկոսադրույքները (86%): Ըստ խմբերի այս հարցի դիտարկումը էական տարբերությունների չի հանգեցնում (աղյուսակ 3): Միջինացված տոկոսադրույքների մեջ բանկերը առանձնապես չեն տարբերակել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի և ավանդների միջև, շատ բանկեր միաժամանակ ընդգծել են բոլոր տեսակի միջինացված տոկոսադրույքները: Բանկերի միայն 10%-ն է հիմք ընդունում վերջին գործարքի տոկոսադրույքը:
Աղյուսակ 3
Վերլուծությունների համար իբրև ուղեցույց վերցվող տոկոսադրույքը
Վարկերի |
Վերջին |
Ավանդների |
Միջինացված տարբեր |
Տվյալների |
Այլ | |
Ընդամենը |
50% |
10% |
30% |
6% |
1% |
3% |
I խումբ |
46% |
7% |
32% |
11% |
0% |
4% |
II խումբ |
54% |
7% |
29% |
7% |
4% |
4% |
III խումբ |
52% |
13% |
30% |
4% |
0% |
0% |
Բանկերի կարծիքով ՀՀ ֆինանսական շուկայի վիճակը լավագույն ձևով արտացոլում են ՊՊ-երի, ավանդների և միջբանկային վարկերի տոկոսադրույքները (աղյուսակ 4): Հետաքրքրական է, որ բանկերը առանձնապես ուշադրություն չեն դարձնում երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքների վրա:
Աղյուսակ 4
Ֆինանսական շուկայի վիճակը արտացոլող տոկոսադրույքները
ՊՊ |
ՀՀ ԿԲ ռեպո |
ՀՀ ԿԲ լոմբար-դային |
ՀՀ բանկային տոկոսի վարկ |
Կարճաժամկետ վարկերի հաշվարկային դրույք |
Երկարա-ժամկետ վարկեր |
Ավանդ-ներ |
Միջբան-կային վարկեր |
Միջբան-կային ավանդներ | |
I խումբ |
33% |
7% |
0% |
11% |
7% |
7% |
22% |
11% |
0% |
II խումբ |
21% |
14% |
0% |
11% |
7% |
7% |
21% |
14% |
4% |
III խումբ |
29% |
5% |
10% |
0% |
10% |
0% |
24% |
24% |
0% |
Ընդամենը |
28% |
9% |
3% |
8% |
8% |
5% |
22% |
16% |
1% |
Այս հարցի հետ կապված որոշակի շեղումներ են նկատվում III խմբի բանկերի պատասխաններում: Վերջիններս ուշադրություն չեն դարձնում ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վրա և քիչ ուշադրություն են դարձնում ԿԲ ռեպո-տոկոսադրույքի վրա: Հակառակ դրան, այս խմբի բանկերը համեմատաբար մեծ ուշադրություն են դարձնում ԿԲ լոմբարդային վարկերի տոկոսադրույքների վրա, մինչդեռ մյուս խմբերի բանկերը այս տոկոսադրույքներն ընդհանրապես հաշվի չեն առնում: Հարցումներին պատասխանած խնամակալության տակ գտնվող բանկերը III խմբի մեջ են ընդգրկվել, որի պատճառը էլ հավանաբար լոմբարդային վարկերի տոկոսադրույքներին մեծ ուշադրություն դարձնելն է: Համեմատաբար ակտիվ վարկեր տրամադրող բանկերը լոմբարդային վարկերի տոկոսադրույքը ընդհանրապես հաշվի չեն առնում իբրև ֆինանսական շուկայի վիճակն արտացոլող տոկոսադրույք: I և II խմբերի բանկերը համեմատաբար մեծ ուշադրություն են դարձնում ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վրա, մինչդեռ III խմբի բանկերը դա ընդհանրապես հաշվի չեն առնում: Վերջապես պետք է շեշտել, որ III խմբի բանկերը, ավելի քան ակտիվ վարկ տրամադրողները, գտնում են, որ միջբանկային վարկերը արտացոլում են ֆինանսական շուկայի տոկոսադրույքները:
Բանկերի տոկոսադրույքների տարբերության (սպրեդի) վրա ազդող հիմնական գործոններն են տոկոսադրույքների սպասումները, ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնությունը և բանկերի զարգացման ռազմավարությունը (աղյուսակ 5): Բանկերի նման դիրքորոշումը դժվար է մեկնաբանել, առավել ևս, որ նրանք համեմատաբար քիչ կարևորություն են տվել ԿԲ-ի կողմից սահմանվող պարտադիր պահուստավորման նորմատիվին, ԿԲ-ի կողմից պարտադիր պահուստավորման միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքին և վարկային պորտֆելի որակին ու վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստներին մասհանումների չափերին, որոնք մեր կարծիքով պետք է բավականաչափ ազդեցություն ունենային տոկոսադրույքների սպրեդի վրա: Հետաքրքրական է, որ նման եզրակացությունների է հանգել նաև դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի կատարած «ՀՀ առևտրային բանկերի կողմից տեղաբաշխվող և ներգրավվող միջոցների տոկոսադրույքների տարբերության (սպրեդի) հաշվարկ և գործոնների վերլուծություն»-ը:
Աղյուսակ 5
Բանկերի կողմից տրամադրվող և ներգրավվող միջոցների տոկոսադրույքների տարբերության վրա ազդող գործոնները
Փոխ-արժեքի սպասում-ները |
Սղաճի սպասում-ները |
Տոկոսա-դրույք-ների սպասում-ները |
ԿԲ-ի կողմից սահմանվող պարտադիր պահուս-տավորման նորմատիվը |
ԿԲ-ի կողմից պարտադիր պահուս-տավորման միջոցների դիմաց վճարվող տոկոսա-դրույքը |
Վարկային պորտֆելի որակը և վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ-ների մասհա-նումների չափը |
Ներ-գրավված և տեղա-բաշխված միջոցների ժամկետայ-նությունը |
Մրցա-կիցների կողմից առա-ջարկվող տոկոսա-դրույքները |
Բանկի զար-գացման ռազմա-վարու-թյունը | |
Ընդամենը |
9% |
7% |
19% |
9% |
3% |
5% |
20% |
8% |
19% |
I խումբ |
7% |
15% |
26% |
7% |
4% |
7% |
22% |
4% |
7% |
II խումբ |
14% |
0% |
10% |
10% |
3% |
7% |
14% |
10% |
31% |
III խումբ |
3% |
3% |
14% |
7% |
0% |
0% |
17% |
7% |
10% |
Հարցմանը մասնակցած 26 բանկերից 22-ը որոշակի ճյուղին վարկեր տրամադրելիս շուկայական հետազոտություն են կատարում: Հարկ է նշել, որ շուկայական հետազոտություն չկատարող 4 բանկերից 3-ը համեմատաբար ակտիվ վարկատուներ են: Ճյուղային վերլուծություններ կատարող բանկերը հիմնականում ուշադրություն են դարձնում ճյուղի շահութաբերության, ռիսկայնության և հեռանկարային զարգացման հնարավորությունների վրա:
Հարցմանը մասնակցած բոլոր բանկերը կատարում են տոկոսադրույքների կանխատեսումներ: Դրանք կատարվում են հիմնականում ուսումնասիրելով ՀՀ տնտեսական իրավիճակը, ԿԲ-ի քաղաքականությունը և պետական բյուջեի ծրագիրը: 21 բանկեր գտնում են, որ իրենց կանխատեսումները հիմնականում համապատասխանում են իրականությանը: Այնուհանդերձ, վարկերի տոկոսադրույքները սահմանելիս բանկերը առանձնապես ուշադրություն չեն դարձնում ԿԲ-ի քաղաքականության և սղաճի սպասումների վրա, որը հակասում է տոկոսադրույքների կանխատեսման նշված ձևերին: Տոկոսադրույքների սահմանման հարցում ամենանշանակալից գործոններն են վարկի ապահովվածության տեսակը, վարկառուի ռիսկայնությունը և ներգրավված ավանդների տոկոսադրույքը (աղյուսակ 6):
Աղյուսակ 6
Վարկերի տոկոսադրույքների վրա ազդող գործոններ
|
Վարկառուի ռիսկայ-նությունը |
Վարկի ժամկետ |
Ապահով-վածու-թյան տեսակ |
Վարկա-ռուի գործու-նեության տեսակ |
Վարկա-ռուի ճյուղի շահութա-բերու-թյուն |
Ներգրավ-ված ավանդ-ների տոկոսա-դրույք |
Փոխարժեքի տատա-նումներ |
ԿԲ-ի քաղաքա-կանություն |
Սղաճի սպասում-ներ |
Միջ-ազգային շուկայի տոկոսա-դրույքներ |
Ընդամենը |
19% |
17% |
23% |
8% |
6% |
18% |
1% |
1% |
3% |
1% |
I խումբ |
19% |
19% |
22% |
11% |
4% |
26% |
0% |
0% |
0% |
0% |
II խումբ |
20% |
13% |
27% |
10% |
10% |
17% |
0% |
0% |
3% |
0% |
III խումբ |
20% |
20% |
20% |
0% |
5% |
10% |
5% |
5% |
5% |
5% |
Բանկերի կարծիքը ֆինանսական շուկայի տեղեկատվության վերաբերյալ
Հաշվի առնելով, որ ԿԲ-ն հանրապետության ֆինանսական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հիմնական տրամադրողն է, հարցման նպատակներից մեկն է պարզել բանկերի կարծիքները ստացվող տեղեկատվության քանակական և որակական ասպեկտների վերաբերյալ:
Հարցմանը մասնակցած 26 բանկերից 20-ը վստահ են, որ ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության պակաս չունեն: Տեղեկատվության հիմնական աղբյուրը ԿԲ-ի CBANet ցանցն է, որից հետո գալիս են միջբանկային համագործակցությունը և ՀՀ ԿԲ հրապարակումները: III խմբի բանկերի համար CBANet-ը տեղեկատվության ստացման համար ավելի մեծ նշանակություն ունի, քան մյուսների համար: Միաժամանակ II խմբի բանկերը ավելի մեծ նշանակություն են տալիս միջբանկային համագործակցությանը:
Ֆինանսական շուկաների վերաբերյալ տեղեկատվության պակասի մասին են նշել 5 բանկեր, որոնցից ուղղակիորեն տոկոսադրույքներին են վերաբերվում հետևյալները.
- Վիճակագրական տվյալների բազա ընթացիկ տոկոսադրույքների վերաբերյալ:
- Շաբաթական տեղեկատվություն առանձին գործիքների միջին տոկոսադրույքների վերաբերյալ:
- Ամփոփ ձևով հրապարակել թիվ 17 «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» շաբաթական հաշվետվական ձևը:
- Տեղեկատվություն բանկերի առանձին խմբերի տոկոսադրույքների վերաբերյալ:
ԿԲ-ի հրատարակություններում ներկայացված ՀՀ ֆինանսական շուկայի մասին տեղեկատվությունը բավարարում է 26 բանկերից 21-ին: ԿԲ հրատարակությունների բարելավման վերաբերյալ 4 բանկեր են առաջարկություններ ներկայացրել: Երկու բանկեր առաջարկել են ավելի մանրամասն մակրոտնտեսական ցուցանիշեր հրատարակել, որն ըստ էության ֆինանսական շուկայի մասին տեղեկատվություն չի հանդիսանում: Մեկ բանկ առաջարկել է միջին ժամանակաշրջանի ցուցանիշերի վերլուծություն կատարել և մեկ բանկի կարծիքով տվյալները ժամկետային առումով արդիական չեն, վերլուծությունը կրում է ընդհանուր, ոչ օպերատիվ բնույթ:
Եզրակացություններ
1. Հարցումը անցկացնելու սկզբի մեր հիմնական նպատակը, վարկերի և ավանդների ժամանակաշրջանի միջին տոկոսադրույքների հաշվարկից ժամանակաշրջանի վերջի տոկոսադրույքների հաշվարկին անցնելը, դեռևս չի արդարացվում: Վարկերի և ավանդների միջինացված տոկոսադրույքները, իրենց զգալի թերություններով հանդերձ, տվյալ գործիքների համար ամենաարտահայտիչն են մնում: Բանկերի վարկային գործարքների քանակներն այնքան քիչ են, որ պարզապես հնարավոր չէ դրանց ժամանակաշրջանի վերջի մակարդակները հիմք ընդունել:
2. Ֆինանսական շուկայի պատկերը արտահայտող գործիքներն են.
- Պետական պարտատոմսերը
- ԿԲ-ի գործիքները, հիմնականում ռեպոները
- Միջբանկային վարկերը և ավանդները
3. Բանկերը տոկոսադրույքների վերլուծություն և կանխատեսում են կատարում, ընդ որում իրենց կարծիքով կանխատեսումները հիմնականում համապատասխանում են իրականությանը:
4. Բանկերի կարծիքով իրենց տոկոսադրույքների տարբերության (սպրեդի) վրա ԿԲ-ի պարտադիր պահուստավորման քաղաքականությունը էական ազդեցություն չի ունենում:
5. Բանկերի մեծամասնությունը ՀՀ ֆինանսական շուկայի վերաբերյալ տեղեկատվության պակաս չունի և բավարարված է ԿԲ-ի վիճակագրական հրապարակումներից:
Հարցմանը մասնակցած բանկերի ցանկը |
||
1. | «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ | 1. «Տրաստբանկ» ՓԲԸ |
2. | Միավորված բանկ | 2. «Միավորված բանկ» ԲԲԸ |
3. | Կրեդիտ-սերվիս բանկ | 3. «Կրեդիտ-Սերվիս բանկ» ՍՊԸ |
4. | Հայկապ բանկ | 4. «Հայկապ» բանկ ՍՊԸ |
5. | «Ինեկո բանկ» ՓԲԸ | |
6. | «Կոնվերս Բանկ» ՓԲԸ | |
7. | «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ | |
8. | ԻԻՀ «Մելլաթ բանկ» դուստր բանկ ՓԲԸ | |
9. | «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» Փբը | |
10. | «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ | |
11. | «Հայխնայբանկ» ՓԲԸ | |
12. | «Արցախբանկ» ԲԲԸ | |
13. | «Հայինվեստբանկ» ՓԲԸ | |
14. | «Ադանա բանկ» ՍՊԸ | |
15. | «Անելիք բանկ» ՍՊԸ | |
16. | «Գլաձորբանկ» ՓԲԸ | |
17. | «Արդշինբանկ» ԲԲԸ | |
18. | «ԻԹԲ Միջազգային առևտրային բանկ» ՓԲԸ | |
19. | «Հայներարտբանկ» ՓԲԸ | |
20. | «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ | |
21. | «Կրեդիտ-Երևան» բանկ ԲԲԸ | |
22. | «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ |
Առաջարկություններ
ՀՀ առևտրային բանկերի գործառնությունների տոկոսադրույքների վիճակագրական ներկայացման բարելավման ուղղությամբ
Առևտրային բանկերի գործառնությունների տոկոսադրույքների վիճակագրությունը ՀՀ ֆինանսական վիճակագրության «թույլ» մասն է: Խնդիրն այստեղ տվյալների հավաստիության կամ տրամադրման ժամկետների մեջ չէ, դրանք համապատասխանում են պահանջներին: Տոկոսադրույքների վիճակագրության խնդիրը ՀՀ ֆինանսական շուկաների թերզարգացվածությունն է, որի պատճառով շուկայում գործարքների ծավալը քիչ է, իսկ տոկոսադրույքների տատանումները բավականին մեծ են: Այստեղից էլ խնդիր է առաջանում.
1) ի՞նչ տոկոսադրույքներ ընտրել ՀՀ առևտրային բանկերի վարկային և ավանդային գործարքները բնորոշելու համար,
2) ի՞նչ տեսքով ներկայացնել բանկերի գործառնությունների տոկոսադրույքները:
Ներկայումս բանկերից ստացվող թիվ 17 շաբաթական հաշվետվության ամսական ամփոփումը կատարվում է` միջինացնելով տոկոսադրույքները, դրանք գործարքների ծավալներով կշռելով: Բանկերի միանման գործարքների առավելագույն և նվազագույն տոկոսադրույքների միջև շեղումները, որպես կանոն, միևնույն ամսվա ընթացքում հասնում են 10-15 տոկոսային կետի: Բացի այդ, մեկ կամ մի քանի մեծ ծավալի գործարքներն էականորեն ազդում են միջին կշռված տոկոսադրույքների վրա: Նման դեպքերում գործարքների միջին տոկոսադրույքները գործարքները չեն բնութագրում:
Ուսումնասիրելով 1998-2001թթ. առևտրային բանկերի վարկային և ավանդային գործարքների ծավալներն ու տոկոսադրույքները` տեսնում ենք հետևյալ միտումները.
ա) բանկերի ավանդային և վարկային գործարքների տոկոսադրույքների շեղումներն աստիճանաբար նվազում են,
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և ավանդների մեջ աճում է համեմատաբար բարձր ժամկետայնության գործարքների բաժինը,
գ) միջբանկային վարկերի և ավանդների գործարքների մեծ մասի ժամկետը հիմնականում մինչև 15 օր է, ավելի բարձր ժամկետայնության գործարքներն այնքան քիչ են, որ դրանց վիճակագրության հրապարակումն իմաստ չունի,
դ) ռեպո գործարքների տոկոսադրույքները ներկայացնելիս, իմաստ ունի արտահայտել միայն միջբանկային ռեպոները, չնայած իրավաբանական անձանց հետ ռեպոները բավականին շատ են, դրանք որպես կանոն կնքվում են բանկերի և դիլերների միջև և «իրավաբանական անձանց հետ ռեպո-համաձայնագրեր» անվանումը կարող է մոլորությունների տեղիք տալ,
ե) միջբանկային վարկերի և ավանդների նման, ռեպոների համար ևս ամենաներկայացուցչականը մինչև 15-օրյա գործարքներն են:
Այսպիսով, նպատակահարմար ենք գտնում բանկերի գործարքների առանձին ժամկետայնությունների տոկոսադրույքները ներկայացնելիս կշռված միջինների հետ հրապարակել առավելագույն և նվազագույն տոկոսադրույքները: Դիտարկվող տոկոսադրույքների ստանդարտ շեղումները նպատակահարմար չէ հաշվել, քանի որ դրանք հաշվարկելու բազան բաղկացած է ընդամենը չորս-հինգ (ամսվա չորս կամ հինգ շաբաթները) թվերից, որոնք արդեն միջինացված են և հետևաբար նման ձևով հաշվված «շեղումը» լիարժեք կերպով չի արտահայտի գործարքների տոկոսադրույքների ցրվածությունը: Միջբանկային գործարքները ներկայացնելիս կարելի է ընդգրկել միայն ցպահանջ և մինչև 15-օրյա գործարքների վերաբերյալ համապատասխան տվյալները: Արդյունքում առաջարկում ենք թիվ 17 հաշվետվության ամփոփման նոր ձևը (կցվում է): Հետագայում պետք է քննարկել գործարքների տոկոսադրույքների միջինները պարզ ձևով հաշվելու հարցը, որը հնարավորություն կտա չեզոքացնել մի քանի մեծ ծավալների գործարքների ազդեցությունը: Այս հարցն, այնուհանդերձ, թիվ 17 հաշվետվական ձևի փոփոխության անհրաժեշտություն կառաջացնի, որի պատճառով այն պետք է միջինժամկետ խնդիր համարել:
Դրամավարկային և բանկային վիճակագրության բաժին