ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2001 թվականի թիվ 207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 80 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգում» կատարել հետևյալ լրացումը.
1.1. կարգի 5-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Այլ արտարժույթների նկատմամբ, բացի ԱՀՄ-ի հատուկ փոխառության իրավունքներից (SDR), ՀՀ դրամի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում են քրոս-փոխարժեքի միջոցով` հիմք ընդունելով Reuters ինֆորմացիոն համակարգից վերցված ԱՄՆ դոլարի նկատմամբ համապատասխան արտարժույթների փոխարժեքները և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքը: Reuters ինֆորմացիոն համակարգի խափանման դեպքում արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում են` հիմք ընդունելով Internet տեղեկատվական համակարգից վերցված ԱՄՆ դոլարի նկատմամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան արտարժույթների փոխարժեքները (http://www.ecb.int/http:www.ecb.int/) և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքը: Ընդ որում, այն երկրներից, որտեղ գործում է պաշտոնական փոխարժեքի ինստիտուտը, վերցվում են այդ երկրների կենտրոնական բանկերի սահմանած պաշտոնական փոխարժեքները, իսկ այն երկրներից, որտեղ գործում է ընթացիկ փոխարժեքի հաստատագրումը (ֆիքսինգ)` բորսայական փոխարժեքը ժամը 16:00-ի դրությամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: