ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1998 թվականի N 469
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բյուջետային բարեփոխումների գործընթացը խթանելու, բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը և արդյունավետությունը բարձրացնելու, կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել բյուջետային հարաբերությունների կարգավորման աշխատանքային խումբ:
2. Հաստատել բյուջետային հարաբերությունների կարգավորման աշխատանքային խմբի կազմը և կանոնադրությունը (կցվում են):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 469 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Զ Մ
բյուջետային հարաբերությունների կարգավորման աշխատանքային խմբի
Ա. Ասլիկյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Դարբինյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Թոփուզյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Տ. Պետրոսյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - | ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ |
Ա. Գևորգյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական |
Մ. Պետրոսյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական |
Հ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության պետ-գլխավոր իրավախորհրդական |
Մ. Երանոսյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ |
Ս. Եղիազարյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 469 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ Խմբի
Բ ա ժ ի ն I
Աշխատանքային խմբի կարգավիճակը
1. Բյուջետային հարաբերությունների կարգավորման աշխատանքային խումբը (այսուհետև` աշխատանքային խումբ) ստեղծվում է բյուջետային համակարգի կազմակերպական կառուցվածքը բարելավելու, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ նախապատրաստելու և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:
2. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
Բ ա ժ ի ն II
Աշխատանքային խմբի խնդիրները
3. Աշխատանքային խմբի խնդիրներն են`
ա) գործադիր իշխանության պետական մարմինների (այսուհետև` պետական մարմիններ), դրանց ենթակա համակարգերի կազմակերպական կառուցվածքի, հաստիքների թվի, բյուջետային հատկացումների չափերի և ուղղությունների վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելն ու դրանց հիման վրա համակարգի գործունեությունը բարելավելու նպատակով առաջարկություններ պատրաստելը.
բ) ըստ առանձին բյուջետային հիմնարկների գործունեության ուղղությունների ընդհանրության և փոխկապվածության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա դրանց վերակազմավորման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը.
գ) ըստ գործունեության առանձին բնագավառների, բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը.
դ) կառավարման ապարատի պահպանման ծախսերի կրճատման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը:
Բ ա ժ ի ն III
Աշխատանքային խմբի իրավասությունները
4. Աշխատանքային խումբն իրավասու է`
ա) ուսումնասիրել պետական մարմինների (կենտրոնական ապարատի և համակարգի) կազմակերպական կառուցվածքը, աշխատողների փաստացի և սահմանված թիվը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և փաստացի կատարված ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
բ) ուսումնասիրել բյուջետային հիմնարկների կանոնադրական գործառույթների իրականացման ձևերն ու կիրառվող մեթոդները, դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) պետական մարմիններից, դրանց ենթակա հիմնարկներից և կազմակերպություններից իր խնդիրների շրջանակներում պահանջել անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր:
5. Աշխատանքային խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունն ընդգրկում է համապատասխան օրենքներին, իրավական այլ ակտերի, պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների ֆինանսատնտեսական փաստաթղթերին ծանոթանալը:
6. Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությանը սահմանված կարգով կարող են ներգավվել ուսումնասիրվող պետական մարմնի, հիմնարկի մասնագետները:
7. Աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվում են համապատասխան առաջարկություններում:
8. Աշխատանքային խմբի ուսումնասիրություններից բխող առաջարկությունները կազմվում և սահմանված կարգով ներկայացվում են համապատասխան օրենքների, որոշումների նախագծերի տեսքով:
Բ ա ժ ի ն IV
Աշխատանքային խմբի անդամների ԵՎ ուսումնասիրության ենթակա պետական մամինների պաշտոնատար անձանց պարտականությունները
9. Ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի անդամը պարտավոր է`
ա) համակողմանիորեն ուսումնասիրել աշխատանքային խմբի խնդիրներին առնչվող տեղեկատվությունը, տեղեկանքները, այլ փաստաթղթերը և ուսումնասիրության արդյունքներով կազմել եզրակացություն.
բ) պահպանել ուսումնասիրվող մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և օրինական շահերը.
գ) չխոչընդոտել ուսումնասիրվող մարմնի բնականոն աշխատանքը.
դ) ուսումնասիրվող մարմնի ղեկավարին ծանոթացնել ուսումնասիրության արդյունքներին:
10. Պետական մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են ըստ պահանջի աշխատանքային խմբին ներկայացնել համապատասխան տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ինչպես նաև աջակցել աշխատանքային խմբի անդամներին իրենց պարտականությունները կատարելիս:
Բ ա ժ ի ն V
Կազմակերպական դրույթներ
11. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրին համապատասխան: Աշխատանքային ծրագիրը, աշխատանքային խմբի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
12. Աշխատանքային խմբի գործուղման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի նախահաշվով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն աշխատանքային խմբին պարտավոր են ցույց տալ կազմակերպական, տեխնիկական և այլ աջակցություն:
13. Աշխատանքային խմբի ղեկավարը կազմակերպում և համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը:
Աշխատանքային խմբի ղեկավարը`
ա) ներկայացնում է աշխատանքային խումբը պետական կառավարման մարմինների, բյուջետային հիմնարկներին կազմակերպությունների հետ հարաբերություններում.
բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում աշխատանքային խմբում անդամ (անդամներ) ներգրավելու և (կամ) դրա կազմից անդամին ազատելու վերաբերյալ.
գ) կազմակերպում է աշխատանքային խմբի խորհրդակցությունները, ստորագրում է ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվող օրենքների, որոշումների նախագծերը.
դ) պատասխանատվություն է կրում աշխատանքային խմբի կանոնադրական խնդիրների լրիվ և ժամանակին կատարման համար:
Բ ա ժ ի ն VI
Աշխատանքային խմբի գործունեության դադարեցումը
Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: