ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2004 թվականի N 498-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 267 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 497-Ա որոշման 17-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 267 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 2 |
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և խորհրդի որոշումների կատարման ընթացակարգերը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Հերթական նիստերը գումարվում են փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսների վերջին չորեքշաբթի օրերին` սույն աշխատակարգի III բաժնի համաձայն: Անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել արտահերթ նիստ:
Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ` սույն աշխատակարգի V բաժնի համաձայն:
3. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հիմնադրամի նախագահը:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման` հիմնադրամի նախագահի կողմից:
Խորհրդի նիստերն արձանագրվում են:
5. Խորհրդի նիստերը դռնբաց են: Դռնբաց նիստերին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Խորհրդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր:
III. ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
6. Խորհրդի հերթական նիստերն անցկացվում են խորհրդի հաստատած օրակարգով: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը և ժամը, որոնք նշվում են նրա հաստատած` խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագծում: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հարց ներկայացնելու նիստի օրակարգում ընդգրկելու համար: Խորհրդին առաջարկություն ներկայացվում է նիստի օրակարգը հաստատելու ժամանակ:
7. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`
ա) քննարկման ենթակա հարցերը,
բ) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը,
գ) նիստին հրավիրված` խորհրդի անդամ չհանդիսացող անձանց անունները, ազգանունները,
դ) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:
Խորհրդի յուրաքանչյուր հերթական նիստի օրակարգի առաջին հարցը հիմնադրամի բյուջեի նախորդ եռամսյակի կատարողականի մասին հաշվետվություն լսելն է: Հարցը ներկայացնում է հիմնադրամի նախագահը կամ նրա լիազորած անձը:
8. Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի անդամներին են ուղարկվում նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
9. Խորհրդի նիստերն արձանագրվում են` սույն աշխատակարգի IV բաժնի համաձայն:
10. Խորհրդի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումը, այդ թվում` նիստի հաստատված օրակարգի նախագծի և նիստում քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերի առաքումը խորհրդի անդամներին իրականացնում է հիմնադրամի նախագահի աշխատակազմը:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
11. Խորհրդի նիստերն արձանագրում է հիմնադրամի նախագահի աշխատակազմը:
12. Խորհրդի որոշմամբ նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել:
13. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`
ա) նիստի օրակարգը,
բ) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները,
գ) քվեարկության դրված հարցերի ճշգրիտ ձևակերպումները, յուրաքանչյուր հարցի քվեարկության արդյունքները, ինչպես նաև ընդունված որոշումները,
դ) հրավիրված անձանց ցուցակը,
ե) նիստին ներկա` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը:
Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը, այդ թվում` քվեարկության ներկայացված որոշումների նախագծերը, գրավոր զեկուցումների և ելույթների տեքստերը:
14. Նիստի արձանագրությունը կազմվում և 3 աշխատանքային օրվա ընթացքում և խորհրդի ընդունած որոշումների հետ միասին ստորագրության են ներկայացվում խորհրդի նախագահին կամ նիստը վարող անձին:
15. Խորհրդի նիստերի արձանագրությունները, քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը և ընդունված որոշումների բնօրինակները կարվում են հատուկ թղթապանակում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահվում հիմնադրամում:
16. Յուրաքանչյուր հարցի քվեարկության արդյունքները և ընդունված որոշումները նիստից հետո, 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են խորհրդի բոլոր անդամներին:
17. Խորհրդի անդամն իրավունք ունի ծանոթանալու նիստերի արձանագրություններին:
18. Նիստի արձանագրության և ելույթների, քննարկումների, քվեարկության արդյունքների, ընդունված որոշումների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում խորհրդի անդամն իրավունք ունի պահանջելու, որ արձանագրության տեքստը վերանայվի, և դրա մեջ կատարվեն համապատասխան լրացումներ ու փոփոխություններ: Նիստի տեսագրության կամ ձայնագրության բացակայության դեպքում նիստի արձանագրության տեքստում տեղ գտած անհամապատասխանությանն առնչվող վեճերը քննարկվում և լուծվում են խորհրդի նիստում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
19. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
20. Խորհրդի արտահերթ նիստը գումարվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
21. Խորհրդի արտահերթ նիստ նախաձեռնողը նիստից 5 աշխատանքային օր առաջ ապահովում է արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերին վերաբերող փաստաթղթերի տրամադրումը խորհրդի անդամներին:
22. Խորհրդի արտահերթ նիստերն արձանագրվում են հերթական նիստի արձանագրության համար սահմանված կարգով:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
23. Խորհրդի որոշումների կատարման նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամը` դրանց կատարման ընթացքի մասին պարբերաբար և խորհրդի նախագահի սահմանած ժամկետներում տեղեկատվություն տրամադրելով խորհրդի նախագահին: Հիմնադրամի նախագահը պատասխանատվություն է կրում խորհրդի որոշումները ժամանակին և ճշգրիտ կատարելու համար:
24. Խորհրդի հերթական նիստում լսվում են խորհրդի նախկին նիստում ընդունված որոշումները կատարելու մասին հաշվետվությունները:
25. Խորհրդի նիստերը լուսաբանվում են զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Վարդանյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ) |
|
|
Ֆ. Մուշեղյան |
- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ |
|
|
Բ. Սարգսյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
|
|
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
|
|
Լ. Յոլյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
|
Տ. Մուկուչյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
|
|
Ռ. Քոչարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ |
|
|
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ) |
|
|
Բ. Խառատյան |
- ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |