Գլխավոր տեղեկություն
Номер
N 449-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2005-31.07.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.11/27(399) Հոդ.537
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.2005
Дата вступления в силу
12.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2005 թվականի N 449-Ն

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1079-Ն որոշումը` բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մասով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ


 

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 18
Երևան


            

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 14-ի N 449-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ) ձևավորվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության յուրաքանչյուր մասնագիտության (դրա մեջ մտնող մասնագիտացումների հաշվառմամբ) համար:

2. Չափորոշչի պահանջների ապահովումը պարտադիր է տվյալ մասնագիտությամբ (մասնագիտացմամբ) ուսուցում իրականացնող հաստատության համար:

3. Յուրաքանչյուր մասնագիտության (մասնագիտացման) համար հաստատվում է մեկ չափորոշիչ:

II. ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

4. Չափորոշիչն ապահովում է`

ա) բարձրագույն մասնագիտական կրթության որակը.

բ) բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը.

գ) եվրոպական և այլ օտարերկրյա պետությունների կրթական չափորոշիչների հետ համեմատելիության հնարավորությունները.

դ) եվրոպական և այլ օտարերկրյա պետությունների բարձրագույն մասնագիտական ու հետբուհական կրթության մասնագիտական որակավորումների և փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքությունը:

5. Չափորոշիչը ներառում է`

ա) բարձրագույն մասնագիտական կրթության և հետբուհական հիմնական կրթական ծրագրերին վերաբերող ընդհանուր պահանջները.

բ) բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, իրականացման պայմանների, այդ թվում` պրակտիկաների, սովորողների ամփոփիչ ատեստավորման ձևերի, շրջանավարտների պատրաստման մակարդակին վերաբերող պահանջները.

գ) բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները և կրեդիտային միավորների քանակը:

6. Չափորոշիչն ընդգրկում է հետևյալ բաղադրիչները`

ա) մասնագիտության (մասնագիտացման) անվանումը.

բ) մասնագիտության (մասնագիտացման) ընդհանուր բնութագիրը.

գ) մասնագիտության (մասնագիտացման) կրթության ձևերը.

դ) մասնագիտության (մասնագիտացման) յուրացման ժամկետներն ըստ կրթության հիմքի.

ե) շրջանավարտին շնորհվող մասնագիտական որակավորումը.

զ) շրջանավարտի մասնագիտական որակավորման բնութագիրը.

է) բարձրագույն մասնագիտական կրթությամբ շրջանավարտի հետագա կրթության հնարավորությունը.

ը) պահանջներ մասնագետի պատրաստման նկատմամբ`

ընդհանուր պահանջներ,

պահանջներ` հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր մասնագիտական, հատուկ մասնագիտական առարկաների գծով,

բարձրագույն մասնագիտական կրթության պրակտիկաների կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող պահանջներ,

պահանջներ` մասնագիտության (մասնագիտացման) ամփոփիչ ատեստավորման գծով,

պահանջներ մասնագիտության (մասնագիտացման) հիմնական կրթական ծրագրի բովանդակության նվազագույն ծավալի նկատմամբ` ըստ առարկայախմբերի ու առարկաների` դրանց ուսուցման համար առավելագույն և անհրաժեշտ ժամաքանակներով.

թ) պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման ու ապահովման նկատմամբ.

ժ) պահանջներ միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նկատմամբ:

III. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՄԸ

7. Չափորոշչի նախագիծն ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների (բակալավր, մագիստրոս, հետազոտող), պետական կառավարման լիազորված մարմնի հանձնարարությամբ, մշակում է բարձրագույն ուսումնական հաստատության (հաստատությունների), գիտական կազմակերպության (կազմակերպությունների) աշխատողների ընդգրկմամբ ստեղծված համատեղ աշխատանքային խումբը, որի կազմը, բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

Աշխատանքային խումբն ընդգրկում է տվյալ ոլորտի զարգացման համար պատասխանատու քաղաքացիական ծառայողների, բնագավառի առաջատար մասնագետների, գործատուների: Դրա կազմում կարող են ընդգրկվել նաև գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ մասնագետներ:

8. Չափորոշչի նախագիծը ներկայացվում է փորձագիտական հանձնաժողովին, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

Փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ ոլորտի զարգացման համար պատասխանատու քաղաքացիական ծառայողներ, բնագավառի առաջատար մասնագետներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ մասնագետներ:

IV. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

9. Չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար



Մ. Թոփուզյան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2010, N 909-Ն 31.07.2010, N 449-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան