ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին` ամբողջությամբ կամ համապատասխան ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում` վերջին դեպքում չբավարարող մասով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաև այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:»:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:»:
Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ֆոնդի կառավարչի լուծարման դեպքում նրա կողմից կառավարվող և նրա սեփականությունը համարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին բավարարվում են միայն տվյալ ֆոնդի կառավարման հետ կապված այն պարտավորություններով պարտատերերի պահանջները, որոնք օրենքի համաձայն ենթակա են կատարման ֆոնդի ակտիվների հաշվին: Ֆոնդի մնացորդային ակտիվները օրենքով սահմանված կարգով փոխանցվում են այլ ֆոնդի կառավարչի:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-67-Ն |