Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, որոնք մասնակցում են սույն կոնվենցիային, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով միջազգային համագործակցության հետագա ամրապնդմանն ու պետության ինքնիշխանությունը հարգելու և պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա քրեական արդարադատության բնագավառում փոխօգնության ընդլայնմանը,
գիտակցելով, որ այն դատապարտյալների նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը, որոնց նկատմամբ կիրառվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցներ այն պետությունում, որի քաղաքացի են վերջիններս, նպաստում է նրանց ավելի շուտ և արդյունավետ հասարակության մեջ բնականոն կյանքին վերադարձնելուն,
հաշվի առնելով, որ դատապարտյալների կողմից պատիժն այն պետությունում կրելը, որի քաղաքացի են վերջիններս, նպաստում է պատժի կատարման նպատակներին առավել արդյունավետ հասնելուն,
համոզված լինելով, որ դատապարտյալների սոցիալական վերականգնմանը և ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցների կիրառման ընդլայնմանը կնպաստեն ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարման հնարավորությունն ապահովող միջոցները և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցներն այն պետությունում, որի քաղաքացի են վերջիններս,
ղեկավարվելով մարդասիրության սկզբունքով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կիրառման ոլորտը
1. Սույն կոնվենցիայով կարգավորվում են Պատիժը կատարող պետության քաղաքացու նկատմամբ Պատիժը նշանակող պետության դատարանի կողմից նշանակված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման մասով Պայմանավորվող կողմերի հարաբերությունները:
2. Սույն կոնվենցիայի դրույթները կիրառվում են դատարանի այն որոշումների (դատավճիռների) նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ, և (կամ) կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ, որոնք օրինական ուժի մեջ են մտել:
3. Սույն կոնվենցիան չի կիրառվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու մասին դատարանի որոշումների, ինչպես նաև այն դատավճիռների կատարման հետ կապված հարցերի նկատմամբ, որոնց համապատասխան՝ որպես պատիժ սահմանվել է տուգանք կամ գույքային բնույթի այլ պատիժ, ինչպես նաև բռնագրավում:
Հոդված 2
Սահմանումները
Սույն կոնվենցիայի նպատակներով ստորև նշված եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.
ա) «Պատիժը կատարող պետություն»` Պայմանավորվող կողմ, որը կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ այդ պատժին դատապարտված իր քաղաքացու նկատմամբ և (կամ) փոխանցված նյութերի հիման վրա կիրառում է քրեաիրավական բնույթի միջոց.
բ) «Պատիժը նշանակող պետություն»` Պայմանավորվող կողմ, որի դատարանի կողմից ընդունվել է դատական որոշում (դատավճիռ)՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց կիրառելու մասին.
գ) «օրինական ներկայացուցիչ»` անձ, որը, Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, հանդես է գալիս ի պաշտպանություն դատապարտյալի անձնական և գույքային իրավունքների ու օրինական շահերի.
դ) «իրավասու մարմին»` սույն կոնվենցիայի դրույթներն իրագործելու համար Պայմանավորվող կողմի կողմից լիազորված մարմին.
ե) «քրեաիրավական բնույթի միջոցներ»` պայմանական դատապարտում, նշանակված պատժի կրման (կատարման) հետաձգում.
զ) «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ (պատիժ)»` դատարանի կողմից նշանակված ցանկացած պատիժ` բացառությամբ դատապարտյալին հասարակությունից մեկուսացնել նախատեսող պատժի կամ մահապատժի, տուգանք կամ գույքային բնույթի այլ պատիժ.
է) «դատապարտյալ»` Պատիժը նշանակող պետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացի, որի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և (կամ) որի նկատմամբ կիրառվել է քրեաիրավական բնույթի միջոց.
ը) «պատժի կատարման փոխանցում»` Պատիժը նշանակող պետության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կատարման վերաբերյալ նյութերի ուղարկում Պատիժը կատարող պետություն.
թ) «պատիժը կատարելու համար ընդունում»` Պատիժը կատարող պետության իրավասու մարմնի կողմից դատարանի որոշման (դատավճռի) ստացում և դրա կատարման մասին որոշման կայացում.
ժ) «դատարանի որոշում (դատավճիռ)»` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց կիրառելու մասին դատարանի որոշում:
Հոդված 3
Պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությամբ դիմելու իրավունքը
1. Ցանկացած դատապարտյալ, որի նկատմամբ կարող է կիրառվել սույն կոնվենցիան, Պատիժը նշանակող պետության կողմից իրազեկվում է սույն կոնվենցիայի բովանդակության, ինչպես նաև պատժի կատարումը փոխանցելու իրավական հետևանքների մասին:
2. Դատապարտյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությամբ դիմել Պատիժը նշանակող պետություն կամ Պատիժը կատարող պետություն:
3. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որի հասցեով ստացվել է պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունը, փոխանցման մասին միջնորդությամբ դիմած դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին գրավոր հայտնում է ընդունված (պատժի կատարումը փոխանցելու մասին հարցմամբ դիմելու կամ մերժելու վերաբերյալ) որոշման մասին: Մերժելու վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված:
Հոդված 4
Հարցումները և պատասխանները
1. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը դատապարտյալի կամ նրա օրինական ներկայացուցչի միջնորդության հիման վրա պատժի կատարումը փոխանցելու մասին հարցմամբ դիմում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմին:
Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցումը կարող է ներկայացվել ինչպես Պատիժը նշանակող պետությունից, այնպես էլ Պատիժը կատարող պետությունից:
2. Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցումը և դրա պատասխանը կազմվում են գրավոր և փոխանցվում իրավասու մարմինների միջոցով:
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից սույն կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան փոխանցվող փաստաթղթերը լեգալիզացնելու կարիք չկա այն դեպքում, երբ դրանք հաստատված են հարցումն ուղարկած Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից:
Այդ փաստաթղթերը կարող են ուղարկվել ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ կապի նմանատիպ այլ տեսակով` հնարավորինս սեղմ ժամկետում դրանց բնօրինակները պարտադիր ներկայացնելու պայմանով:
3. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որին ուղարկվել է պատժի կատարումը փոխանցելու մասին հարցումը, հարցումն ուղարկած Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցում է դրա վերաբերյալ ընդունված որոշման մասին` պատժի կատարման փոխանցումը մերժելու դեպքում նշելով պատճառները:
4. Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինը պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունն ստանալիս Պատիժը կատարող պետության իրավասու մարմնին հասցեագրված հարցմանը կցում է`
ա) դատապարտյալի ինքնության մասին տեղեկություններ (ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում), ծննդյան ամսաթիվ և վայր, բնակության վայր և հնարավորության դեպքում՝ գրանցման հասցե).
բ) դատապարտյալի քաղաքացիության մասին վկայող փաստաթղթեր.
գ) դատարանի որոշման (դատավճռի) և վերադաս դատական մարմինների` գործով առկա որոշումների, դրանց օրինական ուժի մեջ մտնելու մասին փաստաթղթերի պատճեններ.
դ) ազատությունից զրկելու հետ չկապված պատժի` դատապարտյալի կրած մասի, կատարված քրեաիրավական բնույթի միջոցի և պատժի այն մասի վերաբերյալ փաստաթուղթ, որը ենթակա է հետագա կրման կամ կատարման, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու ժամանակահատվածում դատապարտյալի վարքագիծը բնութագրող փաստաթուղթ.
ե) լրացուցիչ պատժի կատարման մասին փաստաթուղթ, եթե այդպիսին նշանակվել է.
զ) քրեական օրենքի հոդվածների տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է, կամ նրա նկատմամբ սահմանվել է քրեաիրավական բնույթի միջոց.
է) պատժի կատարումը Պատիժը կատարող պետությանը փոխանցելու վերաբերյալ դատապարտյալի գրավոր համաձայնությունը.
ը) վնասի և դրա հատուցման վերաբերյալ տեղեկություններ.
թ) պատժի կատարումը Պատիժը կատարող պետությանը փոխանցելու իրավական հետևանքները և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելուց և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելուց խուսափելու պատասխանատվությունը դատապարտյալին պարզաբանված լինելը հաստատող փաստաթուղթ:
5. Եթե պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունը ներկայացվում է Պատիժը կատարող պետություն, ապա այդ պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնին հասցեագրված հարցմանը կցում է սույն հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերը:
Այդ դեպքում Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինն այդ հարցմանն իր պատասխանին կցում է սույն հոդվածի 4-րդ կետի «գ»-«ը» ենթակետերում նշված փաստաթղթերը:
6. Պատժի կատարումը փոխանցելու վերաբերյալ Պատիժը կատարող պետության համաձայնության դեպքում նրա իրավասու մարմինն իր պատասխանին կցում է`
ա) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու համար դատապարտյալին ընդունելու վերաբերյալ գրավոր համաձայնություն.
բ) դատարանի որոշումը (դատավճիռը) ճանաչելու և կատարման համար ընդունելու մասին իրավասու մարմնի կամ դատարանի որոշման հաստատված պատճեն` սահմանելով պատժի կատարումը փոխանցելուց հետո դատապարտյալի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու ժամկետը և հնարավորության դեպքում՝ կարգն ու պայմանները.
գ) հաստատված քաղվածքներ իր օրենսդրության դրույթներից, որոնց հիման վրա դատապարտյալը կրելու է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը, կամ նրա նկատմամբ սահմանվելու է քրեաիրավական բնույթի միջոց.
դ) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:
7. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են կատարել լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների հարցում:
8. Պատիժը նշանակող պետության դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից պատժի կատարումը փոխանցելու վերաբերյալ համաձայնության (մերժման) մասին որոշում ընդունելու դեպքում Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինը հնարավորինս սեղմ ժամկետում Պատիժը կատարող պետության իրավասու մարմնին ծանուցում է պատժի կատարումը փոխանցելու համաձայնության կամ մերժման մասին` սույն կոնվենցիային համապատասխան:
Հոդված 5
Հարցման կատարումը մերժելը
1. Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցման կատարումը մերժվում է, եթե`
ա) արարքը, որի առնչությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և (կամ) կիրառվել է քրեաիրավական բնույթի միջոց, զինվորական (ռազմական) ծառայության դեմ ուղղված հանցագործություն է, սակայն ընդհանուր քրեական հանցագործություն չէ` Պատիժը կատարող պետության օրենսդրության համաձայն.
բ) արարքը, որի առնչությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և (կամ) կիրառվել է քրեաիրավական բնույթի միջոց, Պատիժը կատարող պետությունում հանցագործություն չէ.
գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը Պատիժը կատարող պետության տարածքում չեն կարող կատարվել վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով կամ նրա ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքով.
դ) կատարած այն արարքի համար, որի առնչությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց, դատապարտյալը Պատիժը կատարող պետության տարածքում պատիժ է կրել կամ արդարացվել է, կամ գործը կարճվել է, կամ վերջինս պատժից ազատվել է այդ պետության լիազորված մարմնի կողմից.
ե) դատապարտյալը համաձայնություն չի տվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կրելու Պատիժը կատարող պետությունում.
զ) դատապարտյալի բնակության վայրը Պատիժը կատարող պետության կողմից չի պարզվել.
է) Պատիժը նշանակող պետությունը գտնում է, որ պատժի կատարման փոխանցումը կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերի:
2. Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցման կատարումը կարող է մերժվել, եթե`
ա) հանցագործությունը կապված է հարկային և (կամ) մաքսային օրենսդրության խախտման հետ.
բ) չի հատուցվել դատապարտյալի կատարած հանցագործությամբ պատճառված և դատարանի որոշմամբ (դատավճռով) սահմանված վնասը.
գ) հարցումն ստանալու պահի դրությամբ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կատարման ժամկետը 6 ամսից պակաս է` բացառությամբ այն պատժի, որի ժամկետը հաշվարկվում է ժամերով.
դ) ազատությունից զրկելու հետ չկապված այն պատժատեսակը, որին անձը դատապարտվել է, և (կամ) քրեաիրավական բնույթի այն միջոցը, որը վերջինիս նկատմամբ կիրառվել է, նախատեսված չեն Պատիժը կատարող պետության ազգային օրենսդրությամբ:
Հոդված 6
Պատժի կատարումը փոխանցելու կարգը
1. Պատիժը նշանակող պետության և Պատիժը կատարող պետության դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից պատժի կատարումը փոխանցելու մասին որոշումներ ընդունվելու դեպքում Պատիժը նշանակող պետության և Պատիժը կատարող պետության իրավասու մարմինները համաձայնեցնում են դատապարտյալի անձնական կամ հսկիչ գործի՝ Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենը կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ փոխանցելու կարգը:
2. Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինը դատապարտյալին տեղեկացնում է ընդունված որոշման մասին: Ընդունված որոշման մասին դատապարտյալին տեղեկացնելու անհնարինության դեպքում Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինն այդ մասին հաղորդում է Պատիժը կատարող պետությանը` նշելով պատճառները:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկացման դեպքում դատապարտյալին հաղորդվում է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կատարումը շարունակելու համար Պատիժը նշանակող պետության տարածքը լքելու և Պատիժը կատարող պետության իրավասու մարմին ժամանելու իր պարտականության մասին՝ Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալին ընդունված որոշման մասին տեղեկացնելու օրվանից ոչ ուշ, քան 45-օրյա ժամկետում:
Եթե դատապարտյալի տեղափոխումը Պատիժը կատարող պետության տարածք կապված է նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի հետ, ապա այդ տեղափոխման ժամկետը երկարաձգվում է մինչև այն պահը, երբ Պատիժը նշանակող պետության կարծիքով դատապարտյալի առողջական վիճակը թույլ է տալիս իրականացնել այդ տեղափոխումը:
4. Պատիժը նշանակող պետությունից Պատիժը կատարող պետություն դատապարտյալի ինքնուրույն տեղափոխման կարգը կարգավորվում է այդ Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ:
5. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում Պատիժը նշանակող պետության տարածքը լքելու պարտականությունը չկատարելու դեպքում դատապարտյալը կարող է վտարվել Պատիժը նշանակող պետությունից` նրա օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում Պատիժը կատարող պետության իրավասու մարմին ներկայանալու պարտականությունը չկատարելու դեպքում դատապարտյալը կարող է ենթարկվել պատասխանատվության` Պատիժը կատարող պետության օրենսդրությանը համապատասխան:
7. Պատիժը նշանակող պետությունից Պատիժը կատարող պետություն մեկնած այն դատապարտյալի բնակության վայրի մասին տեղեկությունների բացակայության դեպքում, որի առնչությամբ ստացվել է պատժի կատարումը փոխանցելու մասին հարցում, Պատիժը կատարող պետությունը պարզում է դատապարտյալի բնակության վայրը և, սույն կոնվենցիային համապատասխան, կայացնում է որոշում՝ պատիժը կատարման համար ընդունելու կամ մերժելու մասին:
Հոդված 7
Անձնական տվյալների պաշտպանությունը
Պատիժը նշանակող պետությունում և Պատիժը կատարող պետությունում ֆիզիկական անձանց անձնական տվյալների պաշտպանությունն ապահովվում է համապատասխանաբար Պատիժը նշանակող պետության կամ Պատիժը կատարող պետության օրենսդրության համաձայն:
Հոդված 8
Պատիժը նշանակող պետության համար պատժի կատարումը փոխանցելու հետևանքները
Պատիժը կատարող պետությանը պատժի կատարումը փոխանցելը Պատիժը նշանակող պետությանը զրկում է դատապարտյալի նկատմամբ նշանակված` ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի մնացած՝ չկրած մասը կատարելուն վերաբերող լիազորություններից:
Հոդված 9
Պատիժը կատարող պետության համար պատժի կատարումը փոխանցելու հետևանքները
1. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի հետագա կատարումը, այդ թվում` քրեաիրավական բնույթի միջոցի փոփոխումը, պատժի փոխարինումը և պատժի կրումից ազատումը պատժի կատարումը փոխանցելուց հետո իրականացվում են Պատիժը կատարող պետության օրենսդրությանը համապատասխան:
2. Դատապարտյալն իր նկատմամբ նշանակված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) կիրառվող քրեաիրավական բնույթի միջոցը կրում է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշումը (դատավճիռը) ճանաչելու և կատարելու մասին Պատիժը կատարող պետության դատարանի որոշման հիման վրա:
Պատիժը կատարող պետության դատարանը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ելնելով դատարանի որոշումից (դատավճռից), սահմանում է ազատությունից զրկելու հետ չկապված նույնպիսի պատիժ և (կամ) քրեաիրավական բնույթի նույնպիսի միջոց, ինչպիսին նշանակված է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշմամբ (դատավճռով):
3. Պատիժը կատարող պետության դատարանի կողմից նշանակվող` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը չպետք է լինի ավելի խիստ, քան սահմանված է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշմամբ (դատավճռով), իսկ քրեաիրավական բնույթի միջոցը չպետք է վատթարացնի դատապարտյալի վիճակը:
4. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի այն մասը, որը կատարվել է Պատիժը նշանակող պետության տարածքում, հաշվվում է Պատիժը կատարող պետության դատարանի կողմից` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելիս և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց կիրառելիս:
5. Եթե Պատիժը կատարող պետության օրենսդրությամբ համապատասխան հանցագործության համար սահմանված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի առավելագույն ժամկետը կամ չափը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը պակաս են դատարանի որոշմամբ (դատավճռով) նշանակվածից (կիրառվածից), ապա Պատիժը կատարող պետության դատարանը սահմանում է այդ պետության օրենսդրությամբ նախատեսված առավելագույն ժամկետը կամ չափը:
6. Եթե Պատիժը կատարող պետության քրեական օրենսդրությամբ նախատեսված չէ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի այնպիսի տեսակ, որը նշանակվել է Պատիժը նշանակող պետությունում, ապա կարող է նշանակվել Պատիժը կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված ավելի մեղմ պատժատեսակ:
7. Եթե դատարանի որոշումը (դատավճիռը) վերաբերում է երկու կամ ավելի արարքների, որոնցից մեկը կամ մի քանիսը հանցագործություն չեն համարվում Պատիժը կատարող պետությունում, ապա Պատիժը կատարող պետության դատարանը սահմանում է, թե ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի որ մասն է կիրառվում հանցագործություն համարվող արարքի նկատմամբ:
8. Ազատությունից զրկելու հետ չկապված լրացուցիչ պատժի կատարման մասին որոշումն ընդունվում է Պատիժը կատարող պետության դատարանի կողմից, եթե կատարված արարքի համար այդպիսի պատիժ նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ: Լրացուցիչ պատիժը կատարվում է սույն հոդվածով նախատեսված կարգով:
9. Պատիժը կատարող պետությունը դադարեցնում է դատարանի որոշման (դատավճռի) կատարումը ձեռնարկված միջոցի մասին որոշումը կամ հաղորդումը Պատիժը նշանակող պետությունից ստանալուց անմիջապես հետո, ինչի արդյունքում պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցն այլևս ենթակա չեն կատարման:
10. Պատիժը կատարող պետության տարածքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելուց և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելուց խուսափելու համար դատապարտյալի պատասխանատվությունը վրա է հասնում Պատիժը կատարող պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 10
Դատարանի որոշման (դատավճռի) վերանայումը, ներումը և համաներումը
1. Դատարանի որոշման (դատավճռի) բողոքարկման կամ վերանայման հարցերով որոշումներ ընդունելու իրավունք ունի միայն Պատիժը նշանակող պետությունը:
2. Այն անձի ներումը և համաներումը, որի նկատմամբ կայացվել է դատարանի որոշման (դատավճռի) ճանաչման և կատարման մասին որոշում, իրականացվում է ինչպես Պատիժը նշանակող պետության, այնպես էլ Պատիժը կատարող պետության կողմից` իրենց օրենսդրությանը համապատասխան:
3. Եթե պատժի կատարումը փոխանցելուց հետո Պատիժը նշանակող պետությունում դատարանի որոշումը (դատավճիռը) փոփոխվել, վերանայվել կամ բեկանվել է քրեական գործի կարճմամբ, ապա այդ մասին որոշման պատճենն անհապաղ կատարման համար ուղարկվում է Պատիժը կատարող պետության իրավասու մարմին:
4. Եթե պատժի կատարումը փոխանցելուց հետո Պատիժը նշանակող պետությունում դատարանի որոշումը (դատավճիռը) փոփոխվել կամ վերանայվել է, և նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, ապա այդ մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է Պատիժը կատարող պետության իրավասու մարմին:
Պատիժը նշանակող պետությունը և Պատիժը կատարող պետությունը ձեռնարկում են դատարանի նոր որոշման (դատավճռի) կատարումը կազմակերպելու միջոցներ` իրենց օրենսդրությանը և (կամ) միջազգային պարտավորություններին համապատասխան:
Հոդված 11
Տեղեկացումը
1. Պատիժը կատարող պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնին ծանուցում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու նպատակով ընդունված՝ դատապարտյալի նկատմամբ ներման ակտ կամ համաներման ակտ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մասին:
2. Պատիժը կատարող պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա տեղեկացնում է պատժի կատարումը փոխանցելուց հետո դատապարտյալի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կիրառելու ընթացքի մասին:
3. Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է, Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են բոլոր այն հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել Պատիժը կատարող պետության իրավասու մարմնի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կիրառումն ապահովելու վրա: Այդ նպատակներով նրանք միմյանց ուղարկում են անձին առնչվող այն գործով համապատասխան որոշումների պատճենները, որի շրջանակներում փոխանցվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կիրառումը:
4. Դատապարտյալի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելուց և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կիրառվելուց հետո Պատիժը կատարող պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմին է ուղարկում ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կիրառումն ավարտելու մասին ծանուցում:
Հոդված 12
Ծախսերը
Պատժի կատարումը փոխանցելու հետ կապված ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են իրենց տարածքների սահմաններում` իրենց օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 13
Պայմանավորվող կողմերի փոխգործակցությունը
Սույն կոնվենցիայի հարցերով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները միմյանց հետ կապ են հաստատում անմիջականորեն:
Հոդված 14
Լեզուները
1. Սույն կոնվենցիայի իրագործման շրջանակներում Պայմանավորվող կողմերի կողմից ուղարկվող փաստաթղթերը պետք է շարադրված լինեն ռուսերենով:
2. Պայմանավորվող կողմերի այլ պետական լեզուներով փաստաթղթերի կատարման դեպքում դրանց կցվում են ուղարկող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից հաստատված ռուսերեն թարգմանությունները:
Հոդված 15
Վեճերը լուծելը
Սույն կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման մասով առաջացող վեճերը լուծվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև անցկացվող խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 16
Գործողությունը ժամանակի մեջ
Սույն կոնվենցիայի դրույթները կիրառվում են կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո կայացված` դատարանի որոշումների (դատավճիռների) նկատմամբ:
Հոդված 17
Ուժի մեջ մտնելու կարգը
Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կոնվենցիան ստորագրած Պայմանավորվող կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Պայմանավորվող կողմերի համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
Հոդված 18
Կոնվենցիային միանալու կարգը
Ուժի մեջ մտնելուց հետո սույն կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների կողմից այդ միանալուն համաձայնություն տալու մասին վերջին ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
Հոդված 19
Իրավասու մարմինների մասին հաղորդելը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իր կողմից կատարվելու մասին ավանդապահին ծանուցելիս տեղեկացնում է իր իրավասու մարմինների նշանակման մասին:
Իրավասու մարմինը կամ նրա գործառույթները փոխվելու դեպքում համապատասխան Պայմանավորվող կողմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ավանդապահին:
Հոդված 20
Փոփոխություններ կատարելը
Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ սույն կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 21
Կոնվենցիայից դուրս գալը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն կոնվենցիայից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով: Այդ Պայմանավորվող կողմի համար կոնվենցիան ուժը կորցնում է դուրս գալու մասին ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 90 օրը լրանալուց հետո:
Պայմանավորվող կողմի համար սույն կոնվենցիայի գործողության դադարումը չի խոչընդոտում այն դատապարտյալների նկատմամբ պատժի կատարումը շարունակելը, որոնց նկատմամբ սույն կոնվենցիան կիրառվել է մինչև համապատասխան Պայմանավորվող կողմի համար դրա գործողությունը դադարելու օրը:
Կատարված է Աշխաբադ քաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, մեկ բնօրինակից` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենն ուղարկում է սույն կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետություն:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
Հայաստանի Հանրապետության /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի Կառավարության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի Կառավարության կողմից` |
Մոլդովայի Հանրապետության |
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայի
Ղազախստանի Հանրապետությունը հայտարարում է, որ սույն կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված «օրինական ներկայացուցիչ» եզրույթը, Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսդրությանը համապատասխան, Ղազախստանի Հանրապետության համար հասկացվելու է որպես «պաշտպան» եզրույթ:
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` |
[ստորագրություն] |
Կ.ՏՈԿԱԵՎ |