Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ*
(20 նոյեմբերի 1989 թ.)
Նախաբան
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների համաձայն, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է,
հաշվի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնարար իրավունքների և մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի նկատմամբ ու վճռել են քաջալերել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումը առավել ազատության պայմաններում,
ճանաչելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրերում հռչակել ու համաձայնել է, որ յուրաքանչյուր մարդ օժտված է դրանցում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական և այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը,
հիշելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք,
համոզված լինելով, որ ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում,
ճանաչելով, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում,
համարելով, որ երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով,
հաշվի առնելով, որ երեխային այդպիսի հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է Երեխայի իրավունքների 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (մասնավորապես 23 և 24-րդ հոդվածներում), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (մասնավորապես 10-րդ հոդվածում), ինչպես նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող հատուկ մասնագիտացված հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում և համապատասխան փաստաթղթերում,
հաշվի առնելով, որ ըստ Երեխայի իրավունքների հռչակագրի՝ «երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական և մտավոր անհասունությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության, ներառյալ՝ պատշաճ իրավական պաշտպանությունը ծնվելուց առաջ և հետո»,
վկայակոչելով Երեխաների պաշտպանության և բարեկեցության՝ հատկապես ներպետական և միջազգային մակարդակով երեխաների խնամակալության սահմանման և որդեգրման ժամանակ, սոցիալական և իրավական սկզբունքների մասին հռչակագրի, Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») և Արտակարգ իրավիճակներում ու զինված ընդհարումների ժամանակ կանանց և երեխաների պաշտպանության մասին հռչակագրի դրույթները,
ընդունելով, որ աշխարհի բոլոր երկրներում կան բացառիկ ծանր պայմաններում ապրող երեխաներ և այդ երեխաները կարիք ունեն հատուկ ուշադրության,
պատշաճ կերպով հաշվի առնելով երեխայի պաշտպանության և ներդաշնակ զարգացման համար յուրաքանչյուր ժողովրդի ավանդույթների և մշակութային արժեքների կարևորությունը,
ընդունելով յուրաքանչյուր երկրում, մասնավորապես՝ զարգացող երկրներում երեխաների կյանքի բարելավման համար միջազգային համագործակցության կարևորությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Մ ա ս 1
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:
Հ ո դ վ ա ծ 2
1. Մասնակից պետությունները հարգում և ապահովում են սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները՝ իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար, առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից կամ պատժից՝ նրա ծնողների կամ օրինական խնամակալների կամ ընտանիքի այլ անդամների կարգավիճակի, գործունեության, արտահայտած հայացքների կամ համոզմունքի հիմքով:
Հ ո դ վ ա ծ 3
1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
3. Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես, անվտանգության և առողջապահության բնագավառներում դրանց թվաքանակի և անձնակազմի պիտանիության, ինչպես նաև իրավասու հսկողություն սահմանելու իմաստով:
Հ ո դ վ ա ծ 4
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցները՝ սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ մասնակից պետություններն այդպիսի միջոցներ ձեռնարկում են իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում:
Հ ո դ վ ա ծ 5
Մասնակից պետությունները հարգում են ծնողների, համապատասխան դեպքերում նաև տեղական սովորություններով նախատեսված ընդլայնված ընտանիքի կամ համայնքի անդամների, խնամակալների կամ երեխայի համար օրենքով պատասխանատու այլ անձանց պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները՝ երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային՝ նրա կողմից սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:
Հ ո դ վ ա ծ 6
1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:
2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:
Հ ո դ վ ա ծ 7
1. Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
2. Մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա:
Հ ո դ վ ա ծ 8
1. Մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով՝ առանց անօրինական միջամտության, հարգել երեխայի իրավունքը՝ պահպանելու իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը:
2. Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 9
1. Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել քննությանը և ներկայացնել իրենց տեսակետները:
3. Մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը՝ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:
4. Այն դեպքերում, երբ այդպիսի բաժանումը հետևանք է մասնակից պետության որևէ գործողության, ինչպիսին է մեկ կամ երկու ծնողների կամ երեխայի կալանքը, ազատազրկումը, աքսորը, տեղահանությունը կամ մահը (ներառյալ տվյալ անձի՝ պետության վերահսկողության տակ գտնվելու ժամանակ ցանկացած պատճառով վրա հասած մահը), այդ մասնակից պետությունը ծնողներին, երեխային, կամ, եթե դա անհրաժեշտ է, ընտանիքի այլ անդամին, նրանց խնդրանքով տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ ընտանիքի բացակա անդամի (անդամների) գտնվելու վայրի վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվությունը վնաս չի հասցնում երեխայի բարեկեցությանը: Մասնակից պետությունները հետագայում ապահովում են, որպեսզի այդպիսի խնդրանքով դիմելն ինքնըստինքյան չհանգեցնի անբարենպաստ հետևանքների համապատասխան անձի (անձանց) համար:
Հ ո դ վ ա ծ 10
1. 9-րդ հոդվածի 1-ին կետով մասնակից պետությունների ստանձնած պարտավորության համաձայն, ընտանիքի վերամիավորման նպատակով երեխայի կամ նրա ծնողների դիմումները մասնակից պետություն ժամանելու կամ այնտեղից մեկնելու մասին մասնակից պետությունների կողմից պետք է քննարկվեն դրական, մարդասիրական և արագ կարգով: Մասնակից պետությունն այնուհետև ապահովում է, որպեսզի այդպիսի խնդրանքով դիմելը դիմողի և նրա ընտանիքի անդամների համար չհանգեցնի անբարենպաստ հետևանքների:
2. Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքների, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով և համաձայն 9-րդ հոդվածի 1-ին կետի, մասնակից պետությունների ստանձնած պարտավորության, մասնակից պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու՝ երեխայի և նրա ծնողների իրավունքը: Ցանկացած երկրից հեռանալու իրավունքը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի (ordre pսblic), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար և համատեղելի են սույն Կոնվենցիայով ճանաչված այլ իրավունքների հետ:
Հ ո դ վ ա ծ 11
1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:
2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:
Հ ո դ վ ա ծ 12
1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
1. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ սահմաններից, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով՝ երեխայի ընտրությամբ:
2. Այդ իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են.
(ա) այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու, կամ
(բ) պետական անվտանգությունը կամ հասարակական կարգը (ordre pսblic), կամ բնակչության առողջությունը, կամ բարոյականությունը պաշտպանելու համար:
Հ ո դ վ ա ծ 14
1. Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:
2. Մասնակից պետությունները հարգում են ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների իրավունքն ու պարտականությունները՝ երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս:
3. Իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության բարոյականության և առողջության կամ այլ անձանց հիմնարար իրավունքների կամ ազատությունների պաշտպանության համար:
Հ ո դ վ ա ծ 15
1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
2. Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այնպիսիներից, որոնք սահմանվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են ի շահ ազգային անվտանգության կամ հասարակական ապահովության, հասարակական կարգի (ordre pսblic), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Հ ո դ վ ա ծ 16
1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:
Հ ո դ վ ա ծ 17
Մասնակից պետություններն ընդունում են զանգվածային լրատվության միջոցների կարևոր դերը և երեխայի համար ապահովում են ներպետական և միջազգային զանազան աղբյուրների տեղեկատվության ու նյութերի մատչելիությունը, հատկապես՝ այնպիսի տեղեկատվության ու նյութերի, որոնք միտված են երեխայի սոցիալական, հոգևոր և բարոյական բարեկեցությանը, ինչպես նաև նրա ֆիզիկական ու հոգեկան առողջ զարգացմանն աջակցելուն: Այդ նպատակով մասնակից պետությունները.
(ա) խրախուսում են զանգվածային լրատվության միջոցների կողմից այնպիսի տեղեկատվության ու նյութերի տարածումը, որոնք սոցիալական ու մշակութային առումով օգտակար են երեխային և համապատասխանում են 29-րդ հոդվածի ոգուն,
(բ) խրախուսում են միջազգային համագործակցությունը զանազան մշակութային, ներպետական և միջազգային աղբյուրներից այդպիսի տեղեկատվության ու նյութերի նախապատրաստման, փոխանակման ու տարածման գործում,
(գ) խրախուսում են մանկական գրականության լույսընծայումն ու տարածումը,
(դ) խրախուսում են զանգվածային լրատվության միջոցներին՝ հատուկ ուշադրություն դարձնելու՝ ազգային փոքրամասնություններին կամ բնիկ ազգաբնակչության այս կամ այն խմբին պատկանող երեխաների լեզվական պահանջմունքներին,
(ե) հաշվի առնելով 13 և 18-րդ հոդվածների դրույթները՝ խրախուսում են երեխայի բարեկեցությանը վնասող տեղեկատվությունից և նյութերից երեխային պաշտպանելու համապատասխան ուղենիշների զարգացումը:
Հ ո դ վ ա ծ 18
1. Մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը՝ երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները կամ համապատասխան դեպքերում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:
2. Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքները երաշխավորելու և դրանց իրականացմանը նպաստելու նպատակով մասնակից պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են տրամադրում երեխայի դաստիարակության իրենց պարտականությունները կատարելու գործում և ապահովում են երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը:
3. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի աշխատող ծնողների երեխաների իրավունքը՝ օգտվելու նրանց համար նախատեսված երեխաների խնամքի ծառայություններից:
Հ ո դ վ ա ծ 19
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները պաշտպանելու երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ՝ սեռական չարաշահումը:
2. Պաշտպանության այդպիսի միջոցներն անհրաժեշտության դեպքում ներառում են սոցիալական ծրագրերի մշակման արդյունավետ ընթացակարգեր՝ նպատակ ունենալով անհրաժեշտ աջակցություն տրամադրել երեխային և այն անձանց, ովքեր հոգ են տանում նրա մասին, ինչպես նաև երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ վերը նշված դեպքերը կանխարգելելու և բացահայտելու, դրանց մասին տեղեկացնելու, քննարկման հանձնելու, հետաքննելու, բուժելու, և այդ առթիվ հետագա միջոցներ ձեռնարկելու այլ ձևերի իրականացման, այդ թվում, ըստ անհրաժեշտության՝ դատական գործ հարուցելու համար:
Հ ո դ վ ա ծ 20
1. Ժամանակավորապես կամ մշտապես իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդպիսի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի:
2. Մասնակից պետություններն իրենց ներպետական օրենքներին համապատասխան ապահովում են այլընտրանքային խնամք այդպիսի երեխայի համար:
3. Այդպիսի խնամքը կարող է ներառել, ի թիվս այլ միջոցների, խնամակալության սահմանումը, «ղաֆալան»՝ ըստ իսլամական իրավունքի, որդեգրումը կամ, անհրաժեշտության դեպքում, երեխաների խնամքի համար նախատեսված համապատասխան հաստատություններում տեղավորելը: Այս կամ այն լուծումն ընտրելիս պատշաճ կերպով հաշվի է առնվում երեխայի դաստիարակության հաջորդայնությունն ապահովելու ցանկալիությունն ու նրա էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը և մայրենի լեզուն:
Հ ո դ վ ա ծ 21
Որդեգրման համակարգն ընդունող և/կամ թույլատրող մասնակից պետություններն ապահովում են, որ երեխայի լավագույն շահերը հաշվի առնվեն առաջնահերթ կերպով, և նրանք.
(ա) ապահովում են, որ երեխայի որդեգրումը թույլատրվի միայն իրավասու մարմինների կողմից, որոնք կիրառվող օրենքի և ընթացակարգի համաձայն և գործին առնչվող ողջ հավաստի տեղեկատվության հիման վրա որոշում են որդեգրման թույլատրելիությունը՝ ելնելով երեխայի կարգավիճակից՝ կապված ծնողների, հարազատների և օրինական խնամակալների հետ, և այն, որ անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ անձինք տվել են որդեգրման վերաբերյալ իրենց համաձայնությունը հնարավոր անհրաժեշտ խորհրդատվության հիման վրա,
(բ) ընդունում են, որ այլ երկրում որդեգրումը կարող է դիտվել որպես երեխայի նկատմամբ խնամքի այլընտրանքային միջոց, եթե երեխայի նկատմամբ չի կարող խնամակալություն սահմանվել կամ երեխան չի կարող տեղավորվել որդեգրող ընտանիքում, և եթե երեխայի ծագման երկրում որևէ պատշաճ կերպով խնամքի ապահովումն անհնար է,
(գ) երաշխավորում են, որ այլ երկրում որդեգրվող երեխան օգտվի այնպիսի պաշտպանությունից ու ստանդարտներից, որոնք համարժեք են ներպետական որդեգրման դեպքում գործող պաշտպանությանը և չափանիշներին,
(դ) ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի այլ երկրում որդեգրման դեպքում երեխայի տեղավորումն ընտանիքում չհանգեցնի դրա հետ կապված անձանց համար չարդարացված ֆինանսական օգուտներ ստանալուն,
(ե) անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի նպատակներին նպաստում են երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների և համաձայնագրերի կնքման միջոցով և դրա շրջանակներում ձգտում են երաշխավորել, որ երեխային այլ երկրում տեղավորելն իրականացվի իրավասու իշխանությունների կամ մարմինների կողմից:
Հ ո դ վ ա ծ 22
1. Մասնակից պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի փախստականի կարգավիճակ հայցող կամ գործող միջազգային կամ ներպետական իրավունքի ու ընթացակարգի համաձայն փախստական համարվող երեխային, ինչպես ծնողների կամ ցանկացած այլ անձանց կողմից ուղեկցվելու, այնպես էլ չուղեկցվելու դեպքում, ապահովվի պատշաճ պաշտպանություն և մարդասիրական օգնություն՝ սույն Կոնվենցիայում և տվյալ պետությունների մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային կամ մարդասիրական փաստաթղթերում ամրագրված կիրառելի իրավունքներից օգտվելիս:
2. Այդ նպատակով մասնակից պետությունները, երբ իրենք դա անհրաժեշտ են համարում, համագործակցում են Միավորված ազգերի կազմակերպության և այլ իրավասու միջկառավարական կազմակերպությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցող այլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ նման երեխային պաշտպանելու և նրան օգնություն ցույց տալու և ցանկացած այլ փախստական երեխայի ծնողների կամ ընտանիքի այլ անդամների որոնումների գործում՝ իր ընտանիքի հետ միանալու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Եթե ծնողները և ընտանիքի մյուս անդամները չեն գտնվում, այդպիսի երեխային տրամադրվում է այնպիսի պաշտպանություն, ինչպիսին տրամադրվում է այս կամ այն պատճառով իր ընտանեկան միջավայրից մշտապես կամ ժամանակավորապես զրկված ցանկացած այլ երեխայի, ինչպես դա նախատեսված է սույն Կոնվենցիայով:
Հ ո դ վ ա ծ 23
1. Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:
2. Մասնակից պետությունները ճանաչում են խեղումներով երեխայի՝ հատուկ խնամքի իրավունքը, խրախուսում և, ռեսուրսների առկայության դեպքում, դրա իրավունքն ունեցող երեխային և նրա խնամքի համար պատասխանատու անձանց ցույց են տալիս օգնություն, եթե այդ առթիվ խնդրանք է ներկայացվել և եթե դա համապատասխանում է երեխայի վիճակին, ծնողների կամ նրա նկատմամբ խնամք տանող այլ անձանց դրությանը:
3. Ճանաչելով խեղումներով երեխայի հատուկ կարիքները՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված օգնությունը տրամադրվում է ըստ հնարավորին անվճար՝ հաշվի առնելով ծնողների կամ երեխային խնամող այլ անձանց ֆինանսական միջոցները, և նպատակ ունի խեղումներով երեխայի համար ապահովել կրթության, մասնագիտական պատրաստության, առողջապահական ծառայությունների, առողջության վերականգնման ծառայությունների, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու հնարավորության մատչելիությունը, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ մշակութային և հոգևոր զարգացմանը:
4. Մասնակից պետությունները միջազգային համագործակցության ոգով նպաստում են խեղումներով երեխաների կանխարգելիչ առողջապահական, բժշկական, հոգեբանական և ֆունկցիոնալ բուժման բնագավառներում համապատասխան տեղեկատվության փոխանակմանը, ներառյալ՝ վերականգնման, հանրակրթական և մասնագիտական պատրաստության մեթոդների մասին տեղեկատվության տարածումը և դրանց մատչելիությունը՝ այս բնագավառներում մասնակից պետություններին իրենց կարողություններն ու հմտությունները կատարելագործելու և փորձն ընդլայնելու հնարավորություն տալու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների պահանջմունքներին:
Հ ո դ վ ա ծ 24
1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ առողջապահության առավել կատարյալ ստանդարտներից և հիվանդությունների բուժման ու առողջության վերականգնման ծառայություններից օգտվելու իրավունքը: Մասնակից պետությունները ձգտում են ապահովել, որպեսզի ոչ մի երեխա չզրկվի առողջապահական համակարգի նման ծառայություններից օգտվելու իր իրավունքից:
2. Մասնակից պետությունները ձգտում են տվյալ իրավունքի լիարժեք իրականացմանը և, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում.
(ա) նորածինների և մանկական մահացության մակարդակն իջեցնելու համար,
(բ) բոլոր երեխաներին անհրաժեշտ բժշկական օգնության և բժշկական սպասարկման տրամադրումն ապահովելու համար՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով առաջնային առողջապահությանը,
(գ) հիվանդությունների և թերսնման դեմ պայքարելու համար, այդ թվում առաջնային առողջապահության շրջանակներում, ի թիվս այլ բաների՝ մատչելի տեխնոլոգիաների և բավականաչափ սննդարար մթերքների և խմելու մաքուր ջրի տրամադրման միջոցով՝ ուշադրության առնելով շրջակա միջավայրի աղտոտման վտանգավորությունն ու ռիսկը,
(դ) մայրերի համար նախածննդյան և հետծննդյան շրջանում պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար,
(ե) երաշխավորելու համար, որ հասարակության բոլոր տարրերը, մասնավորապես, ծնողներն ու երեխաները տեղեկացված են երեխաների առողջության և սնման, կրծքով կերակրելու առավելությունների, հիգիենայի և շրջակա միջավայրի սանիտարիայի և դժբախտ պատահարները կանխելու մասին հիմնական գիտելիքներին, ինչպես նաև ապահովված է կրթության մատչելիությունը և այդ գիտելիքները կիրառելիս տրամադրվող աջակցությունը,
(զ) զարգացնելու կանխարգելիչ բժշկական սպասարկումը, ծնողների համար ուղեցույցները և ընտանիքի պլանավորման վերաբերյալ կրթությունն ու ծառայությունները:
3. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր արդյունավետ և անհրաժեշտ միջոցները երեխայի առողջության վրա բացասաբար ազդող ավանդական սովորությունների վերացման նպատակով:
4. Մասնակից պետությունները պարտավորվում են խթանել և խրախուսել միջազգային համագործակցությունը՝ նպատակ ունենալով աստիճանաբար հասնել սույն հոդվածում ճանաչված իրավունքների լիակատար իրականացմանը: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների կարիքներին:
Հ ո դ վ ա ծ 25
Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:
Հ ո դ վ ա ծ 26
1. Մասնակից պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, ներառյալ՝ սոցիալական ապահովագրության նպաստներից օգտվելու յուրաքանչյուր երեխայի իրավունքը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքի լիակատար իրականացմանը հասնելու համար՝ համաձայն իրենց ներպետական օրենսդրության:
2. Այդ նպաստները, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են՝ հաշվի առնելով երեխայի ու այն անձանց միջոցներն ու հնարավորությունները, որոնք պատասխանատու են երեխային պահելու համար, ինչպես նաև երեխայի կողմից կամ նրա անունից նպաստներ ստանալու հետ կապված այլ նկատառումներ:
Հ ո դ վ ա ծ 27
1. Մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուր երեխայի՝ իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքը:
2. Ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական պատասխանատվությունը:
3. Մասնակից պետությունները, ազգային պայմաններին համապատասխան և իրենց հնարավորությունների շրջանակներում, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքի իրականացման գործում ծնողներին և երեխայի համար պատասխանատու այլ անձանց աջակցելու համար և անհրաժեշտության դեպքում տրամադրում են նյութական աջակցություն ու օժանդակող ծրագրեր, մասնավորապես, կապված սննդի, հագուստի և բնակարանով ապահովելու հետ:
4. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն ինչպես պետության ներսում, այնպես էլ արտասահմանում՝ ծնողների կամ երեխայի համար ֆինանսական պատասխանատվություն կրող այլ անձանց կողմից երեխայի խնամքի վերահաստատումն ապահովելու համար: Մասնավորապես, եթե երեխան և նրա համար ֆինանսական պատասխանատվություն կրող անձինք բնակվում են տարբեր պետություններում, մասնակից պետությունները նպաստում են միջազգային համաձայնագրերին միանալուն կամ այդպիսի համաձայնագրեր կնքելուն, ինչպես նաև համապատասխան այլ պայմանավորվածություններ ձեռք բերելուն:
Հ ո դ վ ա ծ 28
1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես.
(ա) մտցնում են պարտադիր և անվճար տարրական կրթություն,
(բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր ձևերի, ներառյալ՝ ընդհանուր և մասնագիտական կրթության զարգացումը, ապահովում են դրանց մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն տրամադրելը և կարիքի դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,
(գ) բոլոր համապատասխան միջոցներով ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,
(դ) ապահովում են կրթական և մասնագիտական տեղեկատվության և ուղեցույցների մատչելիությունը բոլոր երեխաների համար,
(ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երաշխավորելու համար, որ դպրոցական կարգապահությունն իրականացվում է երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և սույն Կոնվենցիային համապատասխան:
3. Մասնակից պետությունները խթանում և խրախուսում են միջազգային համագործակցությունը կրթությանը վերաբերող հարցերով, մասնավորապես, ամբողջ աշխարհում տգիտության և անգրագիտության վերացմանը և գիտատեխնիկական գիտելիքների և ուսուցման ժամանակակից մեթոդների մատչելիության հեշտացմանը նպաստելու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվում զարգացող երկրների կարիքներին:
Հ ո դ վ ա ծ 29
1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.
(ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,
(բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,
(գ) երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,
(դ) երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու կյանքով ապրելուն նախապատրաստելը,
(ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:
2. Սույն հոդվածի կամ 28-րդ հոդվածի որևէ հատված չի կարող մեկնաբանվել որպես առանձին անձանց և մարմինների իրավունքների սահմանափակում՝ ստեղծելու և ղեկավարելու ուսումնական հաստատություններ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքները մշտապես պահպանելու և այդպիսի ուսումնական հաստատություններում տարվող կրթությունն այն նվազագույն նորմերին համապատասխանեցնելու պահանջները կատարելու պայմանով, որոնք կարող են սահմանվել պետության կողմից:
Հ ո դ վ ա ծ 30
Այն պետություններում, ուր գոյություն ունեն էթնիկական, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններ, կամ բնիկ ազգաբնակչության թվին պատկանող անձինք, այդպիսի փոքրամասնություններին կամ բնիկ ազգաբնակչությանը պատկանող երեխային չի կարող մերժվել իր խմբի մյուս անդամների հետ իր մշակույթից օգտվելու, իր կրոնը դավանելու և նրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզուն գործածելու իրավունքը:
Հ ո դ վ ա ծ 31
1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին ու զվարճալի միջոցառումներին և մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունքը:
2. Մասնակից պետությունները հարգում և խրախուսում են երեխայի՝ մշակութային և ստեղծագործական կյանքին բազմակողմանիորեն մասնակցելու իրավունքը և նպաստում են մշակութային ու ստեղծագործական գործունեության, հանգստի և ժամանցի համար համապատասխան և հավասար հնարավորությունների տրամադրմանը:
Հ ո դ վ ա ծ 32
1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանվելու իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել երեխայի կրթությանը կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցառումներ՝ սույն հոդվածի իրականացումն ապահովելու համար: Այդ նպատակով և, հաշվի առնելով այլ միջազգային փաստաթղթերի համապատասխան դրույթները, մասնակից պետությունները, մասնավորապես՝
(ա) սահմանում են աշխատանքի ընդունելու նվազագույն տարիք կամ նվազագույն տարիքներ,
(բ) նախատեսում են աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնակարգում,
(գ) սույն հոդվածի արդյունավետ իրականացումն ապահովելու համար նախատեսում են համապատասխան պատժամիջոցներ կամ այլ պատասխանատվության ձևեր:
Հ ո դ վ ա ծ 33
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները, որպեսզի երեխաներին պաշտպանեն թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք սահմանված են միջազգային փաստաթղթերում, և կանխեն երեխաների ներգրավումն այդպիսի նյութերի ապօրինի արտադրության ու առևտրի մեջ:
Հ ո դ վ ա ծ 34
Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով մասնակից պետությունները, մասնավորապես, ներպետական, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն.
(ա) երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
(բ) շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը,
(գ) շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:
Հ ո դ վ ա ծ 35
Մասնակից պետություններն ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների առևանգումը, նրանց վաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց առուվաճառքը կանխելու համար:
Հ ո դ վ ա ծ 36
Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից:
Հ ո դ վ ա ծ 37
Մասնակից պետություններն ապահովում են, որ.
(ա) ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մահապատիժ, ոչ ցմահ բանտարկություն, որն ազատման հնարավորություն չի նախատեսում, չի սահմանվում տասնութ տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար,
(բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում են միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է՝ կարճ ժամանակամիջոցով,
(գ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա օգտվի մարդասիրական վերաբերմունքից և մարդկային անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքից՝ հաշվի առնելով նրա տարիքի անձանց պահանջմունքները: Մասնավորապես, ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է առանձնացվի մեծահասակներից, եթե միայն չի համարվում, որ երեխայի լավագույն շահերից ելնելով, հարկավոր չէ այդ անել և պետք է իրավունք ունենա կապ պահպանել իր ընտանիքի հետ՝ նամակագրության և տեսակցությունների միջոցով, բացառությամբ հատուկ հանգամանքների,
(դ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք ունենա անհապաղ օգտվելու համապատասխան իրավական և այլ օգնությունից, ինչպես նաև դատարանի կամ այլ իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի առաջ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու օրինականությունը և անհապաղ որոշում ակնկալելու նման ցանկացած գործողության կապակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 38
1. Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց նկատմամբ հարգանքը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու, որպեսզի տասնհինգ տարին չլրացած անձինք ուղղակի մասնակցություն չունենան մարտական գործողություններին:
3. Մասնակից պետությունները ձեռնպահ են մնում տասնհինգ տարին չլրացած ցանկացած անձի՝ իրենց զինված ուժերում ծառայության զորակոչելուց: Տասնհինգ տարին լրացած, բայց դեռ տասնութ տարին չլրացած անձանց թվից զորակոչելիս՝ մասնակից պետությունները ձգտում են նախապատվություն տալ ավելի բարձր տարիք ունեցողներին:
4. Զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության առթիվ միջազգային մարդասիրական իրավունքով, իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ զինված ընդհարումից տուժող երեխաների պաշտպանությունն ու խնամքն ապահովելու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 39
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նպաստելու համար դաժան վերաբերմունքի, շահագործման կամ չարաշահման ցանկացած ձևի, խոշտանգումների կամ ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, զինված ընդհարումների զոհ դարձած երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերաինտեգրացմանը: Նման վերականգնումը և վերաինտեգրացումն իրականացվում են երեխայի առողջությունը, ինքնահարգանքը և արժանապատվությունն ապահովող պայմաններում:
Հ ո դ վ ա ծ 40
1. Մասնակից պետությունները ճանաչում են մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող յուրաքանչյուր երեխայի իրավունքը՝ արժանանալու այնպիսի վերաբերմունքի, որը նպաստում է նրա արժանապատվության և նշանակալիության զգացումի զարգացմանը, երեխայի մեջ ամրապնդում է հարգանքը մարդու իրավունքների և ուրիշների հիմնարար ազատությունների նկատմամբ, և որի դեպքում հաշվի է առնվում երեխայի տարիքը և հասարակության մեջ նրա վերաինտեգրացման և հետագա դրական դեր խաղալուն նպաստելու ցանկալիությունը:
2. Այդ նպատակով և ուշադրության առնելով համապատասխան միջազգային փաստաթղթերի դրույթները՝ մասնակից պետությունները, մասնավորապես, ապահովում են, որ.
(ա) ոչ մի երեխա չմեղադրվի կամ չճանաչվի որպես քրեական օրենսդրությունը խախտող այն գործողությունների կամ անգործության պատճառով, որոնք դրանք կատարելու պահին արգելված չեն եղել ներպետական կամ միջազգային իրավունքով,
(բ) մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող յուրաքանչյուր երեխա ունենա առնվազն հետևյալ երաշխիքները.
(i) համարվի անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել համաձայն օրենքի,
(ii) անհապաղ և անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ծնողների կամ օրինական խնամակալների միջոցով տեղեկացվի իր դեմ ներկայացված մեղադրանքների մասին և ստանա իրավաբանական կամ այլ համապատասխան օգնություն՝ իր պաշտպանությունը նախապատրաստելիս և իրականացնելիս,
(iii) իր գործի կապակցությամբ որոշում կայացվի իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից արդար քննության ընթացքում օրենքի համաձայն փաստաբանի կամ համապատասխան այլ անձի և, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարիքը կամ վիճակը, ծնողների կամ օրինական խնամակալների ներկայությամբ,
(iv) չհարկադրվի վկայություն տալու կամ մեղքը խոստովանելու, ինքնուրույն կամ այլ անձանց օգնությամբ հարցաքննելու մեղադրող կողմի վկաներին և հավասարության պայմաններում ապահովելու պաշտպանության կողմի վկաների մասնակցությունը և նրանց հարցաքննումը,
(v) քրեական օրենսդրությունը խախտած համարվելու դեպքում հնարավորություն ունենա այդ որոշման և դրա արդյունքում կիրառված ցանկացած միջոցի վերանայման՝ վերադաս իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից՝ օրենքի համաձայն,
(vi) ստանալու թարգմանչի անվճար օգնություն, եթե երեխան չի հասկանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով,
(vii) լիովին հարգվի նրա անձնական կյանքի անձեռնմխելիությունը քննության բոլոր փուլերում:
3. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող երեխաների նկատմամբ հատկապես կիրառելի օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հաստատությունների ստեղծմանը, մասնավորապես.
(ա) այն նվազագույն տարիքի սահմանմանը, որից ցածր երեխաները համարվում են անընդունակ խախտելու քրեական օրենսդրությունը,
(բ) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում նման երեխաների նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով:
4. Անհրաժեշտ է այնպիսի բազմազան միջոցառումների առկայությունը, ինչպիսիք են խնամքի, խնամակալության և հսկողության մասին հրամանները, խորհրդատվական ծառայությունները, փորձաշրջանի նշանակումը, դաստիարակությունը, կրթական և մասնագիտական պատրաստության ծրագրերը և առանձին հաստատություններում խնամքի այլընտրանքային այլ ձևեր, որոնք ապահովում են երեխայի նկատմամբ նրա բարեկեցությանը, ինչպես նաև դրությանն ու հանցագործության բնույթին համապատասխանող վերաբերմունք:
Հ ո դ վ ա ծ 41
Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող անդրադառնալ որևէ դրույթի վրա, որն առավել մեծ չափով է նպաստում երեխայի իրավունքների իրագործմանը և պարունակվում է.
ա) մասնակից պետության օրենքում, կամ
բ) տվյալ պետության համար գործող միջազգային իրավունքի այլ նորմերում:
Մ ա ս 2
Հ ո դ վ ա ծ 42
Մասնակից պետությունները պարտավորվում են պատշաճ և գործուն միջոցների գործադրմամբ Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին լայնորեն տեղեկացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:
Հ ո դ վ ա ծ 43
1. Սույն Կոնվենցիայով մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման գործում ձեռք բերված առաջընթացն ուսումնասիրելու նպատակով հիմնվում է Երեխայի իրավունքների կոմիտե, որը կատարում է ստորև նախատեսվող գործառույթները:
2. Կոմիտեն բաղկացած է բարոյական բարձր հատկանիշներ ունեցող և սույն Կոնվենցիայի ընդգրկած բնագավառում ճանաչված տասը փորձագետներից: Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից՝ իրենց քաղաքացիների թվից և հանդես են գալիս անձնապես, ընդ որում, հաշվի է առնվում արդարացի աշխարհագրական բաշխումը, ինչպես նաև հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչությունը:
3. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ մասնակից պետությունների առաջադրած թեկնածուների ցուցակից: Յուրաքանչյուր մասնակից պետություն իր քաղաքացիներից կարող է առաջադրել մեկ անձի:
4. Կոմիտեի կազմի առաջին ընտրություններն անց են կացվում ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, իսկ հետագայում՝ երկու տարին մեկ: Յուրաքանչյուր ընտրության օրվանից առնվազն չորս ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նամակով դիմում է մասնակից պետություններին՝ առաջարկելով երկու ամսվա ընթացքում ներկայացնել իրենց թեկնածուներին: Այնուհետև, Գլխավոր քարտուղարն այբբենական կարգով կազմում է նման ձևով առաջադրված անձանց ցուցակը՝ նշելով առաջադրող մասնակից պետությունները, և այդ ցուցակը ներկայացնում սույն Կոնվենցիայի մասնակից պետություններին:
5. Ընտրություններն անց են կացվում մասնակից պետությունների նիստերում, որոնք հրավիրում է Գլխավոր քարտուղարը՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում: Այդ նիստերում, որտեղ քվորում է կազմում մասնակից պետությունների երկու երրորդը, ընտրված են համարվում այն թեկնածուները, ովքեր ստացել են ամենաշատ ձայները և ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:
6. Կոմիտեի անդամներն ընտրվում են չորս տարի ժամանակով: Իրենց թեկնածության կրկնակի առաջադրման դեպքում նրանք ունեն վերընտրվելու իրավունք: Առաջին ընտրությունների ժամանակ ընտրված հինգ անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկամյա ժամանակահատվածի ավարտին. այդ հինգ անդամների անուններն առաջին ընտրություններից անմիջապես հետո վիճակահանությամբ որոշվում են նիստը նախագահողի կողմից:
7. Կոմիտեի որևէ անդամի մահվան կամ պաշտոնաթողության դեպքում, կամ եթե նա որևէ այլ պատճառով այլևս չի կարող կատարել Կոմիտեի անդամի պարտականությունները, Կոմիտեի անդամին առաջադրած մասնակից պետությունն իր քաղաքացիների թվից մնացած ժամանակի համար, Կոմիտեի հավանությամբ, նշանակում է այլ փորձագետ:
8. Կոմիտեն սահմանում է իր ընթացակարգի կանոնները:
9. Կոմիտեն ընտրում է իր պաշտոնատար անձանց երկու տարի ժամանակով:
10. Կոմիտեի նիստերը սովորաբար գումարվում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում կամ Կոմիտեի որոշած ցանկացած այլ հարմար վայրում: Կոմիտեի նիստերը սովորաբար գումարվում են ամեն տարի: Կոմիտեի նիստերի տևողությունը որոշվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների նիստում՝ Գլխավոր ասամբլեայի հաստատմամբ:
11. Սույն Կոնվենցիայի համաձայն իր գործառույթներն արդյունավետ կատարելու համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոմիտեին տրամադրում է անհրաժեշտ աշխատակազմ և նյութական միջոցներ:
12. Սույն Կոնվենցիայի համաձայն հիմնված Կոմիտեի անդամները Գլխավոր ասամբլեայի հաստատմամբ Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից ստանում են պարգևավճար՝ Գլխավոր ասամբլեայի սահմանած կարգով և պայմաններով:
Հ ո դ վ ա ծ 44
1. Մասնակից պետությունները պարտավորվում են Միավորված ազգերի կազմակերպության
Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնել զեկույցներ սույն Կոնվենցիայում ամրագրված իրավունքների կատարման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցառումների և այդ իրավունքների իրականացման գործում ձեռք բերած առաջընթացի մասին.
(ա) համապատասխան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում,
(բ) այնուհետև՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
2. Սույն հոդվածի համաձայն ներկայացվող զեկույցներում նշվում են այն գործոններն ու դժվարությունները, եթե այդպիսիք կան, որոնք ազդում են սույն Կոնվենցիայով պարտավորությունների կատարման մակարդակի վրա: Զեկույցները պարունակում են նաև բավականաչափ տեղեկատվություն, որպեսզի Կոմիտեն լիարժեք պատկերացում ունենա տվյալ պետությունում Կոնվենցիայի գործադրման մասին:
3. Մասնակից պետությունը, որը Կոմիտեին ներկայացրել է առաջին բազմակողմանի զեկույցը, հարկ չկա, որ սույն հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետի համաձայն ներկայացվելիք իր հետագա զեկույցներում կրկնի նախկինում տրամադրված հիմնական տեղեկատվությունը:
4. Կոմիտեն մասնակից պետություններից կարող է պահանջել սույն Կոնվենցիայի կատարմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն:
5. Կոմիտեն յուրաքանչյուր երկու տարին մեկ Տնտեսական և սոցիալական խորհրդի միջոցով Գլխավոր ասամբլեային է ներկայացնում իր գործունեության մասին զեկույց:
6. Մասնակից պետություններն իրենց զեկույցները հանրամատչելի են դարձնում իրենց երկրներում:
Հ ո դ վ ա ծ 45
Կոնվենցիայի իրականացման արդյունավետությանը նպաստելու և նրա ընդգրկած բնագավառներում միջազգային համագործակցությունը խրախուսելու նպատակով.
(ա) մասնագիտացված հաստատությունները, Միավորված ազգերի կազմակերպության Երեխաների հիմնադրամը և Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններ իրավունք ունեն ներկայացված լինելու սույն Կոնվենցիայի այն դրույթների իրականացման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ, որոնք մտնում են նրանց լիազորությունների ոլորտի մեջ: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններին, Մանկական հիմնադրամին և այլ իրավասու մարմիններին, երբ ինքը դա նպատակահարմար կհամարի, ներկայացնել փորձագետների եզրակացություն Կոնվենցիայի իրականացման այն բնագավառների վերաբերյալ, որոնք մտնում են նրանց համապատասխան լիազորությունների ոլորտի մեջ: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններին, Մանկական հիմնադրամին և Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմինների՝ ներկայացնել զեկուցագրեր սույն Կոնվենցիայի իրականացման այն բնագավառների մասին, որոնք մտնում են նրանց լիազորությունների ոլորտի մեջ,
(բ) Կոմիտեն, երբ նպատակահարմար է համարում, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններին, Երեխաների հիմնադրամին և այլ իրավասու մարմիններին է փոխանցում մասնակից պետությունների ցանկացած զեկույց, որում պարունակվում է տեխնիկական խորհրդատվության կամ օգնության խնդրանք, կամ նշվում է նման կարիքի մասին, ինչպես նաև այդ խնդրանքների կամ նշումների վերաբերյալ Կոմիտեի դիտողություններն ու առաջարկությունները, եթե կան այդպիսիք,
(գ) Կոմիտեն կարող է Գլխավոր ասամբլեային առաջարկել, որպեսզի վերջինս Գլխավոր քարտուղարից պահանջի իր անունից կատարել հետազոտություններ երեխայի իրավունքներին վերաբերող առանձին հարցերով,
(դ) Կոմիտեն կարող է կատարել առաջարկություններ և ընդունել ընդհանուր հանձնարարականներ սույն Կոնվենցիայի 44 և 45-րդ հոդվածների համաձայն ստացած տեղեկատվության հիման վրա: Նման առաջարկություններն ու հանձնարարականները փոխանցվում են ցանկացած շահագրգիռ մասնակից պետության և հաղորդվում են Գլխավոր ասամբլեային՝ մասնակից պետության դիտողությունների հետ միասին, եթե այդպիսիք կան:
Մ ա ս 3
Հ ո դ վ ա ծ 46
Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար:
Հ ո դ վ ա ծ 47
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հ ո դ վ ա ծ 48
Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հ ո դ վ ա ծ 49
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուն օր անց:
2. Քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:
Հ ո դ վ ա ծ 50
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է առաջարկել փոփոխություններ և լրացումներ և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարն այնուհետև առաջարկած փոփոխություններն ու լրացումներն ուղարկում է մասնակից պետություններին, խնդրելով նշել՝ արտահայտվում են արդյոք նրանք այդ առաջարկությունը քննարկելու և այդ առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով մասնակից պետությունների խորհրդաժողով հրավիրելու օգտին: Եթե դրանից հետո չորս ամսվա ընթացքում մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվում է հօգուտ նման խորհրդաժողովի, Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո հրավիրում է այդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովին ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած պետությունների մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն և լրացում ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված փոփոխությունը և լրացումն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության կողմից հաստատվելու և մասնակից պետությունների երկու երրորդի կողմից ընդունվելու դեպքում:
3. Ուժի մեջ մտնելուց հետո փոփոխությունն ու լրացումը պարտադիր է դառնում այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են այն, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Կոնվենցիայի դրույթները և նախորդ այն բոլոր փոփոխություններն ու լրացումները, որ իրենք ընդունել են:
Հ ո դ վ ա ծ 51
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն ստանում և բոլոր պետություններին է ուղարկում վավերացման կամ միանալու ժամանակ պետությունների կատարած վերապահումների տեքստը:
2. Սույն Կոնվենցիայի նպատակներին ու խնդիրներին անհամատեղելի վերապահումներ չեն թույլատրվում:
3. Վերապահումները կարող են հանվել ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով, որն այնուհետև այդ մասին հայտնում է բոլոր պետություններին: Այդպիսի ծանուցագիրն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այն ստանալու օրը:
Հ ո դ վ ա ծ 52
Ցանկացած մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդ մասին ծանուցագիր ստանալուց հետո մեկ տարի անց:
Հ ո դ վ ա ծ 53
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նշանակվում է սույն Կոնվենցիայի ավանդապահ:
Հ ո դ վ ա ծ 54
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարարժեք են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչներն իրենց կառավարությունների կողմից պատշաճորեն և համապատասխան կերպով լիազորված լինելով՝ ստորագրեցին սույն Կոնվենցիան:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից: