Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. | Զբոսաշրջության կոմիտեն |
1. Զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունն իրականացնում է Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
3. Կոմիտեն`
1) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ.
2) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը.
3) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը.
4) համապատասխան նախարարին առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ.
5) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
6) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.
7) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.
8) այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Կառավարությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերին.
9) մասնակցում է զբոսաշրջության ոլորտի ռազմավարության, զարգացման պետական ծրագրերի մշակմանը, ապահովում դրանց իրականացումը և մշտադիտարկումը.
10) վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը).
11) իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ և վերլուծություններ.
12) մշակում և համապատասխան նախարարության միջոցով իրավասու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության զարգացման հետ կապված նրանց իրավասությունների վերաբերյալ.
13) իրականացնում է սոցիալական փաթեթում ներառված հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործընթացը.
14) ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ, ապահովում զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը միջազգային համագործակցության շրջանակներում.
15) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
16) մշակում և իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.
17) համագործակցում է պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում.
18) համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող` զբոսաշրջությանն առնչվող աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ, ինչպես նաև վերահսկում է դրանց կատարման ընթացքը.
19) ապահովում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորումն ու ամրապնդումը.
20) իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաև գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումը` խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի և հասարակության հետ կապերի այլ միջոցներով.
21) իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ և շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.
22) իրականացնում և համակարգում է զբոսաշրջության ոլորտի զարգացման աշխատանքները.
23) աջակցում և մասնակցում է գործարար միջավայրի, ներդրումների, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն ու վարչարարական խոչընդոտների վերացման միջոցառումների մշակմանը.
24) մասնակցում է ներդրումային, արդյունաբերական, զբոսաշրջության և արտահանման խթանման ծրագրերի մշակմանը և իրականացնում է դրանք.
25) մշակում և իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջային երկրի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման և խթանման ծրագրեր.
26) ձևավորում և վարում է զբոսաշրջային տեղեկատվական բազան.
27) շահառուներին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.
28) համակարգում է պետական աջակցությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները և ապահովում դրանց գործունեությունը.
29) սահմանված կարգով ներկայացնում է զբոսաշրջության օրենսդրական դաշտի կիրառման պրակտիկայի ընդհանրացման, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.
30) ուսումնասիրում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրականացման համաշխարհային առաջավոր փորձը, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև իրականացնում է միջոցառումներ՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում կիրառելու համար.
31) ուսումնասիրում և վերլուծում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը և այն տրամադրում է շահառուներին.
32) աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության ոլորտում կնքված պայմանագրերի և համաձայնագրերի իրականացմանը:»:
Հոդված 2. Օրենքում «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-295-Ն |