«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2003 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
31 հուլիսի 2003 թվականի N 988-Ն
ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին»- Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել կայունացման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Յ ՈՒ Ն Ա Ց Մ Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
(օրինակելի ձև)
քաղ. Երևան |
____ _____________200 թ. |
Հայաստանի Հանրապետության _______________________նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ ի դեմս նախարար _________________ -ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, մի կողմից, և _________________________ ________________________________ ընկերությունը (այսուհետ՝ լիցենզառու)՝ ի դեմս ____________________ -ի, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ կոնցեսիայի օրենք) 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 385-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու նպատակով լիցենզառուի 200 թ. _______________ _____-ի գրավոր դիմումը, ինչպես նաև դրա վերաբերյալ ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի 200 թ. _____________ ______-ի N ____ դրական եզրակացությունը` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն են՝
լիազոր մարմին՝ կոնցեսիայի օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին.
լիցենզիա՝ կոնցեսիայի օրենքով սահմանված կարգով լիցենզառուին 200 թ. _____ ___ -ին տրված N ___ ուսումնասիրության հատուկ լիցենզիա.
երաշխավոր՝ կազմակերպություն կամ անձ, որը լիցենզառուի հետ կնքված երաշխավորության պայմանագրով կամ այլ եղանակով երաշխավորում է լիցենզառուի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող ֆինանսական կարողությունը։ Երաշխավորության առկայության դեպքում երաշխավորությունը հավաստող փաստաթուղթը կցվում է պայմանագրին և դրա անբաժանելի մասն է.
պարտատեր՝ ուսումնասիրության ծրագրի շրջանակներում լիցենզառուին ֆինանսավորում ապահովող բանկեր, վարկային և (կամ) այլ ֆինանսական կազմակերպություններ, այլ փոխատուներ, որոնք լիցենզառուի հայեցողությամբ ներկայացված և լիազոր մարմնի կողմից գրանցված են համապատասխան գրանցամատյանում.
վերահսկողության իրավունք՝ պարտատերերի և (կամ) երաշխավորի կողմից, լիցենզիայի շրջանակներում, լիցենզառուի գործունեության նկատմամբ կոնցեսիայի օրենքի 67-րդ հոդվածի համաձայն վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, որը ձեռք է բերվել լիցենզառուի հետ կնքված լիցենզիայի գրավի, այլ պայմանագրի կամ այլ համաձայնության ուժով:
II. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
2. Լիցենզառուի և լիազոր մարմնի միջև 200 թ. __________ ____-ին կնքված լիցենզային պայմանագիրը հանդիսանում է պայմանագրի մասը: Պայմանագրի դրույթները մեկնաբանվում են լիցենզային պայմանագրով կողմերի իրավունքների և ստանձնած պարտավորությունների համադրմամբ:
3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում լիցենզիայի հետ միաժամանակ և գործում է՝
ա) լիցենզիայի համաձայն ուսումնասիրված օգտակար հանածոների արդյունաբերական արդյունահանման սկզբից _______ տարի (ոչ ավելի, քան 12 տարի) ժամկետով.
բ) կողմերի միջև կոնցեսիոն պայմանագիր կնքվելու դեպքում՝ մինչև այդ կոնցեսիոն պայմանագիրն ուժի մեջ մտնելը:
4. Պայմանագիրը գործում է նաև լիցենզիայի ժամկետի կամ լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի հնարավոր փոփոխության դեպքում։
III. ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
5. Լիազոր մարմինը պարտավորվում և երաշխավորում է՝
ա) լիցենզառուին հանքարդյունահանման հատուկ լիցենզիա տրամադրելու պահին, լիցենզառուի ցանկության դեպքում, կոնցեսիայի օրենքով սահմանված կարգով նրա հետ կնքել կոնցեսիոն պայմանագիր` ի լրումն պայմանագրի կամ դրա փոխարեն.
բ) կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դրույքաչափերի հետագա փոփոխության դեպքում փոխհատուցել կոնցեսիոն պայմանագրի շրջանակում իրականացվող գործունեության մասով լիցենզառուի կրած բոլոր հավելյալ ծախսերը, որոնք կառաջանան ավելացված արժեքի հարկի և շահութահարկի բարձրացման հետևանքով։
Սույն կետով սահմանված փոխհատուցումները լիցենզառուին կվճարվեն յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում։
IV. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
6. Լիազոր մարմինը պարտավոր է գրանցել այն պարտատերերին, որոնց լիցենզառուն իր հայեցողությամբ ներկայացրել է գրանցման համար և գրանցման պահից 5 օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցել լիցենզառուին:
V. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելիս լիցենզառուն պարտավոր է ղեկավարվել բնապահպանության ոլորտը կանոնակարգող օրենքներով և այլ իրավական ակտերով, սահմանված կարգով ու ժամկետներում իրականացնել ուսումնասիրության նախագծերով հաստատված շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները, օգտագործել արդիական տեխնիկական սարքավորումներ և կիրառել մեթոդներ՝ նպատակաուղղված շրջակա միջավայրին վնաս պատճառելը կանխելուն, արտանետումների, արտահոսքերի և արտադրական թափոնների կրճատմանը, բնական ռեսուրսների չնախատեսված կորստից կամ վնասից խուսափելուն և բնապահպանական սահմանափակումների, նորմերի ու կանոնների պահպանության նկատմամբ հսկողության իրականացմանը:
8. Բացի լիցենզիայով և պայմանագրի 7-րդ կետով լիցենզառուի ստանձնած՝ շրջակա միջավայրի պահպանության պարտավորություններից՝ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից 12 տարվա ընթացքում լիազոր մարմինը լիցենզառուին չի պարտավորեցնում ստանձնել շրջակա միջավայրին առնչվող լրացուցիչ պարտավորություններ, եթե՝
ա) գիտական նորույթը, որը բացահայտում է լիցենզիայով նախատեսված ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում վտանգի առկայությունը կամ վնասակար հետևանքները, հայտնի է դարձել լիցենզիայի տրամադրումից հետո.
բ) ուսումնասիրության աշխատանքների ընթացքում ընդունվել են շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող նոր օրենքներ, և տեղի է ունեցել անկանխատեսելի բնական աղետ, կամ բացահայտվել են լրացուցիչ բնապահպանական ռիսկեր, տեխնիկական նորույթ։
Անկախ պայմանագրի 8-րդ կետով նախատեսված պայմանից՝ լիցենզառուն երաշխավորում է, որ իր կողմից կձեռնարկվեն առավելագույն հնարավոր միջոցներ՝ ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում ներդնելու լիցենզիայի տրամադրումից հետո բացահայտված շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցնող առաջադեմ տեխնոլոգիաները։
9. Լիցենզառուի նկատմամբ կիրառվում են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հետևյալ սահմանափակումները՝
____________________________________________
____________________________________________
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Լիցենզառուն լիցենզիայի համաձայն ուսումնասիրության աշխատանքներն իրականացնում է անվտանգ և ուսումնասիրության աշխատանքների ծրագրին համապատասխան, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումները:
11. Լիցենզառուն պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում (ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները գործունեության առավել վտանգավորության աղբյուր են) ուսումնասիրության աշխատանքների ընթացքում պարտավոր է ապահովագրել հետևյալ ռիսկերը՝
ա) ուսումնասիրության աշխատանքների ընթացքում կամ դրա հետևանքով երրորդ անձանց գույքին հասցված վնաս.
բ) ուսումնասիրության աշխատանքների ընթացքում կամ դրա հետևանքով իր աշխատողների և (կամ) աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս.
գ) ուսումնասիրության աշխատանքների ընթացքում կամ դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնաս.
դ) ուսումնասիրության աշխատանքների ընթացքում կամ դրա հետևանքով իր կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի արդյունքում երրորդ անձանց գույքին, կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս:
12. Լիցենզառուն պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունը բոլոր գործողություններից, պահանջներից, վնասներից, կորուստներից, ներառյալ սեփականության կորստին կամ վնասին կամ անձանց վնաս պատճառելուն կամ մահվանն առնչվող պահանջները, որոնք առաջացել են լիցենզառուի կողմից կամ նրա անունից, կամ պայմանագրի, լիցենզիայի համաձայն իրականացված ուսումնասիրության աշխատանքների կապակցությամբ որևէ գործողության կամ անգործության հետևանքով:
Սույն կետով սահմանված երաշխիքը չի կիրառվում, եթե այդ գործողությունը, պահանջը, կորուստը կամ վնասը Հայաստանի Հանրապետության կողմից տրված ցուցումների կամ նրա անունից տրված՝ օրենքին հակասող ակտի հետևանք է։
VII. ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
13. Կոնցեսիայի օրենքի 31-րդ հոդվածի համաձայն լիցենզառուին գրավոր զգուշացում (այսուհետ` զգուշացում) ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա պատճենն ուղարկում է լիցենզառուի պարտատերերին, իսկ երաշխավորության առկայության դեպքում՝ նաև երաշխավորին՝ զգուշացման մեջ նշելով զգուշացման պատճառները վերացնելու ժամկետը:
14. Զգուշացումը ներկայացվելուց հետո 5 օրվա ընթացքում լիցենզառուն իրավունք ունի դիմելու ___________________ մասնագիտացված կազմակերպությանը (այսուհետ՝ փորձագետ)՝ զգուշացման պատճառները վերացնելու ժամկետի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով՝ դրա մասին գրավոր ծանուցելով լիազոր մարմնին։
15. Եթե զգուշացումը ներկայացվելուց հետո 40 օրվա ընթացքում լիցենզառուն լիազոր մարմին է ներկայացնում փորձագետի եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է տվյալ խախտումը վերացնելու համար այլ ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը, քան սահմանված է լիազոր մարմնի կողմից, ապա լիազոր մարմինը 5 օրվա ընթացքում, փորձագետի եզրակացության հիման վրա, սահմանում է զգուշացման պատճառների վերացման նոր ժամկետ` դրա մասին գրավոր ծանուցելով լիցենզառուին։ Ընդ որում, զգուշացման պատճառների վերացման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել զգուշացման օրվանից 180 օրը:
16. Լիցենզառուի կողմից պայմանագրի 14-րդ կետով սահմանված ժամկետում փորձագետին դիմելու վերաբերյալ լիազոր մարմնին չծանուցելու դեպքում զգուշացման պատճառները վերացնելու համար լիազոր մարմնի սահմանած ժամկետը մնում է անփոփոխ։
17. Փորձագիտական եզրակացություն ստանալու հետ կապված բոլոր ծախսերը կրում է լիցենզառուն։
18. Եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում լիցենզառուն չի վերացրել զգուշացման պատճառները, ապա լիազոր մարմինը դրա մասին ծանուցում է պարտատերերին:
19. Եթե պայմանագրի 18-րդ կետով նախատեսված ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում պարտատիրոջ (իսկ երաշխավորության առկայության դեպքում` նաև երաշխավորի) անունից գործելու համար նշանակված կառավարիչը կամ գործակալը (այսուհետ՝ կառավարիչ) և լիազոր մարմինը կնքում են համաձայնագիր կառավարչի կողմից զգուշացման պատճառները վերացնելու կամ, եթե զգուշացման պատճառները հնարավոր չէ վերացնել, դրա դիմաց համարժեք փոխհատուցում վճարելու մասին (այսուհետ` համաձայնագիր), ապա լիազոր մարմինը համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում չի դադարեցնում լիցենզիայի գործողությունը: Ընդ որում, համաձայնագրի ժամկետը սահմանվում է զգուշացման պատճառները վերացնելու համար սահմանված ժամկետի չափով:
20. Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում կառավարիչը կարող է՝
ա) վերացնել զգուշացման պատճառները կամ վճարել դրա դիմաց առաջարկված փոխհատուցումը.
բ) վաճառել, կամ այլ կերպ օտարել վերահսկողության իրավունքը երրորդ անձի, որը կպարտավորվի այդ ընթացքում վերացնել զգուշացման պատճառները կամ վճարել համապատասխան փոխհատուցում։
21. Համաձայնագիրը չկնքվելու կամ համաձայնագրով զգուշացման պատճառները վերացնելու համար սահմանված ժամկետում զգուշացման պատճառները կառավարչի կամ նրանից վերահսկողության իրավունքը ձեռք բերած անձի կողմից չվերացվելու կամ համարժեք փոխհատուցումը չվճարելու դեպքերը կարող են հիմք հանդիսանալ լիազոր մարմնի որոշմամբ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար:
22. Զգուշացումից հետո նոր զգուշացման համար հիմք հանդիսացող որևէ գործողության կամ անգործության փաստի առկայության դեպքում պայմանագրի 19-րդ կետն ուժը կորցնում է:
23. Պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է լիցենզային պայմանագրի գործողության ժամկետի դադարեցմանը համապատասխան:
VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
24. Լիցենզառուն կարող է ցանկացած ժամանակ լուծել պայմանագիրը՝ դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով լիազոր մարմնին։
25. Լիազոր մարմնի կողմից լիցենզիան ու հանքարդյունահանման հատուկ լիցենզիան կոնցեսիայի օրենքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագրի գործողությունը համարվում է դադարած։
IX. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՓՈԽԱՆՑԵԼԸ
26. Կոնցեսիայի օրենքով սահմանված կարգով լիցենզիան այլ անձի փոխանցվելու դեպքում նրան են անցնում լիցենզառուի՝ պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները։
X. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
27. Պայմանագրի իմաստով՝ «վեճ» հասկացությունը նշանակում է ցանկացած անհամաձայնություն, որն առաջանում է կողմերի միջև պայմանագրի կամ լիցենզիայի շրջանակներում, այդ թվում՝ անհամաձայնություն՝ կապված լիցենզառուի՝ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի համար դիմումի և նման լիցենզիա ստանալու իրավունքի հետ:
28. Պայմանագրով վեճերը ենթակա են լուծման՝ համաձայն հետևյալ ընթացակարգի՝
ա) բանակցությունների միջոցով.
բ) անկախ փորձագետի (այսուհետ` փորձագետ) միջոցով, որը նշանակվում է կողմերի համաձայնությամբ.
գ) դատական կարգով`
կողմերի համաձայնության դեպքում վեճի լուծումը կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության դատարաններին: Այս դեպքում հայցվոր կողմը նախապես ծանուցում է պատասխանողին՝ վեճը Հայաստանի Հանրապետության դատարաններին հանձնելու մասին: Ծանուցումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում ծանուցմանը չառարկելու դեպքում ծանուցումը համարվում է ընդունված, համաձայնությունը` տրված,
այն դեպքում, երբ կողմերի միջև չկա վեճը Հայաստանի Հանրապետության դատարաններին հանձնելու համաձայնություն, վեճը ենթակա է լուծման Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի (այսուհետ` ՆՎԼՄԿ) կողմից:
29. Պայմանագրի 28-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված կարգով վեճերի լուծման դեպքում կողմերը համաձայնում են, որ՝
ա) 1965 թվականի մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրված «Պետությունների և այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 25(1)-րդ կետի հիման վրա պայմանագրի հետ կապված կամ դրանից բխող յուրաքանչյուր վեճ համարվում է ներդրումներից ուղղակիորեն բխող իրավական վեճ.
բ) կոնվենցիայի 25(2)-րդ կետի հիման վրա լիցենզառուն կոնվենցիան ստորագրած և վավերացրած երկրի տնտեսավարող սուբյեկտ է.
գ) վեճը ՆՎԼՄԿ-ի միջնորդ դատարան ուղղելու՝ լիցենզառուի իրավունքի վրա չպետք է ազդի այն փաստը, որ լիցենզառուն երրորդ կողմից ստացել է վեճի առարկա հանդիսացող որևէ կորստի կամ վնասի դիմաց լրիվ կամ մասնակի փոխհատուցում` պայմանով, որ լիազոր մարմինը պահանջում է ապացույց, որ այդ երրորդ կողմը համաձայն է լիցենզառուի կողմից նման իրավունքի իրականացմանը.
դ) 1984 թվականի սեպտեմբերի 26-ի ՆՎԼՄԿ-ի միջնորդ դատավարության կանոններն իրենց բոլոր փոփոխություններով հանդերձ կիրառվում են պայմանագրին համապատասխան վարվող բոլոր միջնորդ դատավարությունների նկատմամբ.
ե) պայմանագրին համապատասխան վարվող միջնորդ դատավարությունները տեղի են ունենում Լոնդոնում.
զ) պայմանագրին համապատասխան ստեղծված ՆՎԼՄԿ-ի միջնորդ դատարանը կազմված է 3 միջնորդ դատավորից։ Միջնորդ դատավորներից մեկը նշանակվում է լիազոր մարմնի կողմից, երկրորդ միջնորդ դատավորը՝ լիցենզառուի կողմից, և երրորդը, որը պետք է լինի միջնորդ դատարանի նախագահը, նշանակվում է կողմերի համաձայնությամբ կամ, եթե կողմերը համաձայնության չեն գալիս, ապա նշանակվում է ՆՎԼՄԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Միջնորդ դատավորներից ոչ մեկը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության կամ այն պետության քաղաքացի, որի քաղաքացին վիճող կողմերից մեկն է:
XI. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
30. Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած կողմն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ դրանց իրականացմանը խոչընդոտել են անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորային) հանգամանքները: Պայմանագրի շրջանակներում պարտավորությունների կատարման ժամկետը կարող է երկարաձգվել այն ժամկետով, որի ընթացքում առկա է անհաղթահարելի ուժի ազդեցությունը:
31. Պայմանագրի շրջանակներում անհաղթահարելի ուժեր են համարվում խոշոր ջրհեղեղները, երկրաշարժերը և մյուս բնական աղետները, ռազմական գործողությունները կամ այլ գործողություններ ու հանգամանքներ, որոնք ենթակա չեն կողմերի հսկողությանը և ծագել են պայմանագրի կնքումից հետո ու նյութական տեսակետից բացասաբար են ազդում կողմերի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորության վրա:
32. Անհաղթահարելի ուժ ներկայացնող հանգամանքի ծագումից հետո 14 օրվա ընթացքում այն կողմը, որը նման հանգամանքի պատճառով ի վիճակի չէ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պետք է մյուս կողմին նման հանգամանքի մասին տեղեկացնող գրավոր ծանուցում ներկայացնի: Ծանուցման մեջ պետք է պատճառաբանվի, թե որքանով է ստեղծված իրավիճակը խոչընդոտում տվյալ կողմի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը:
Հակառակ կողմի պահանջով՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պետք է նման հանգամանքները հավաստող բավարար ապացույցներ ներկայացնի: Անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտից հետո անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պարտավոր է դրա մասին անհապաղ գրավոր ծանուցել մյուս կողմին: Ընդ որում, ծանուցման մեջ պետք է նշվի, թե, արդյոք, անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտը հնարավորություն ստեղծու՞մ է գործունեությունը շարունակելու համար:
33. Եթե կողմը չուղարկի կամ ոչ ժամանակին ուղարկի պայմանագրի 32-րդ կետում նշված ծանուցումները, ապա նա պարտավոր է մյուս կողմին փոխհատուցել դրա մասին չծանուցման կամ ոչ ժամանակին ծանուցման հետ կապված վնասները։
34. Պարտավորությունների կատարումը հնարավոր դառնալուն պես՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պետք է ձեռնամուխ լինի իր այն պարտավորությունների կատարմանը, որոնց իրագործումն ընդհատվել կամ դադարեցվել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:
Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 6 ամսվանից ավելի (կամ, երբ ակնհայտ է դառնում, որ նման իրավիճակը կամ դրա հետևանքները կշարունակվեն 6 ամսվանից ավելի), ապա կողմերը պետք է բանակցություններ սկսեն՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմի համար հնարավոր ելք գտնելու նպատակով, ինչը վերջինիս թույլ կտա կատարել պայմանագրի համաձայն ստանձնած իր պարտավորությունները։
XII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
35. Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել կողմերի ստորագրած գրավոր փաստաթղթի միջոցով։
36. Եթե պայմանագրի որևէ դրույթ ճանաչվի օրենքին հակասող կամ ուժը կորցրած, ապա պայմանագրի մնացած դրույթները կմնան ուժի մեջ:
37. Պայմանագիրը կնքված է հայերենով և _______________ լեզվով (եթե լիցենզառուն օտարերկրյա իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է)։ Հայերեն և _________ տարբերակների միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին։
XIII. ԿԻՐԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
38. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
XIV. ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
39. Կողմերից յուրաքանչյուրը հավաստում ու երաշխավորում է, որ իրենց անունից պայմանագիրն ստորագրող անձինք պատշաճ ձևով լիազորված են, և, որ պայմանագիրը կնքվել է պատշաճ ձևով, և դրանով կողմերը ձեռք են բերել իրավունքներ ու ստանձնել համապատասխան պարտավորություններ։
40. Լիազոր մարմինը հավաստում և երաշխավորում է, որ`
ա) ձեռք է բերել բոլոր իրավասությունները և լիազորությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկվել են նաև օրենսդրական գործողություններ, որպեսզի պայմանագիրը լինի վավեր և ունենա իրավաբանական ուժ.
բ) լիցենզառուին ամբողջ ներդրումների և այլ գույքի սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով սահմանված դեպքերում: Հասարակության և պետության կարիքների համար լիցենզառուի սեփականությունը կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
գ) լիցենզառուի նկատմամբ չի կիրառի որևէ փոխանցման սահմանափակում (այն իմաստով, ինչպես որ սահմանված է Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության կողմից).
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կտրամադրի արտոնագրեր, կընդունի որոշումներ (եթե այդպիսիք պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ), որպեսզի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզառուին ընձեռվի հնարավորություն՝ օգտվելու Հայաստանի Հանրապետության կողմից կնքված կամ կնքվելիք՝ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ առևտրին, ներդրումներին վերաբերող միջազգային համաձայնագրերի դրույթներից` պայմանով, որ լիցենզառուն տրամադրի բոլոր անհրաժեշտ կամ օրենքով նախատեսված հայտերը, տվյալները և նյութերը.
ե) լիցենզիայի գործողության ընթացքում լիցենզառուի կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում կոնցեսիայի օրենքով սահմանված կարգով կտրամադրի`
ուսումնասիրված օգտակար հանածոյի հանքարդյունահանման հատուկ լիցենզիա, ընդերքի իրեն հատկացված տեղամասում՝ լիցենզիայում չնշված օգտակար հանածոների հայտնաբերման դեպքում` համապատասխան հանքարդյունահանման լիցենզիաներ:
41. Կողմերն ընդունում են, որ, առանց որևէ սահմանափակման, նշված հավաստիացումների և երաշխիքների խախտումը կդիտվի որպես պայմանագրի դրույթների խախտում։
42. Լիցենզառուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները (ներառյալ լիազոր մարմինը) իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են առանց անհիմն հետաձգումների լիցենզառուին տրամադրել թույլտվություններ, լիցենզիաներ և այլ փաստաթղթեր, եթե դրանք լիցենզառուին անհրաժեշտ են պայմանագրով և լիցենզիայով լիցենզառուի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար։
43. Եթե լիցենզառուն որևէ պետության կառավարությունից կամ որևէ միջազգային և օտարերկրյա պետական ու մասնավոր հաստատություններից ձեռք կբերի ապահովագրական պոլիսներ, վարկեր, շնորհներ և (կամ) այլ ծրագրեր, որոնք կարող են լիցենզառուի կողմից դիտվել որպես լիցենզառուի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարրեր, ապա նման հաստատություններ դիմելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կտրամադրի լիցենզառուի դիմումին օժանդակող գրություններ՝ առանց ֆինանսական պարտավորություններ ստանձնելու։
XV. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
44. Հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե տրված է գրավոր կամ ուղարկված է էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով (յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցված լինել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով) կողմի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով՝
Լիազոր մարմնին՝
հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, ________________,
ֆաքսի համարը՝ ________________________________________:
Լիցենզառուին՝
հասցեն՝ _____________________________________________,
ֆաքսի համարը՝ ________________________________________:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |